Տանը խաղալու 15 տարբերակ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար
Ուրախ և խաղային պահեր երեխաների զարգացման համար

- Հայերեն
- English
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում շատերն են աշխատում տանը մնալ, որպեսզի պաշտպանեն իրենց ընտանիքի անդամներին: Այս օրերին առավել կարևոր է երեխաների հետ ուրախ և ուսուցողական խաղեր խաղալը, որը կնպաստի նրանց զարգացմանը և տանը ներդաշնակ մթնոլորտ կստեղծի: Իհարկե, փոքրիկներին զբաղեցնելը հաճախ ամբողջ դրույքով աշխատանք է թվում, բայցևայնպես կարևոր է բաց չթողել նրանց համար այդքան կարևոր տարիքային զարգացման այս շրջանը:
Սկզբում պարզե՛ք ձեր երեխայի հետաքրքրությունները, այնուհետև կառուցե՛ք խաղերը դրանց շուրջ։ Կախված երեխայի կարողություններից և բնավորությունից՝ ընտրությունը տարբեր կլինի։ Ահա 15 տարբերակ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։
Եվ հիշե՛ք, երբեմն ամենապարզ գաղափարներն ամենից լավ են աշխատում։ Համբերատար եղե՛ք, լսե՛ք երեխային և վայելեք այն ժամանակը, որ միասին եք անցկացնում։
1. Բազմազան խաղալիքներ դրեք սեղանին, որպեսզի դրանք լինեն երեխայի աչքի առջև։ Կարող եք ընտրել սպունգանման, շոշափելու կամ կպչուն մաս ունեցող խաղալիքներ, որոնց շնորհիվ երեխան կհանգստանա և կկենտրոնանա։
2. Գնդակով մի խաղ հորինեք։ Գտեք այն ամենահարմար խաղը՝ հաշվի առնելով երեխայի՝ ձեռքերը և ոտքերը շարժելու ունակությունը։
3. Տեսանկարահանեք Ձեր երեխայի ուրախ պահերը և միասին դիտեք, թե ինչպես է նա խաղում, երգում, ծիծաղում կամ այլ հաճելի բանով զբաղվում։
4. Երեխային խոհանոց տարեք և թողեք՝ նա ձեզ օգնի սնունդ պատրաստել։ Կախված նրանից, թե ինչ եք անում և որքանով է ձեր երեխան հետաքրքրված դրանով, կարող եք կամ երեխային թողնել ձեզ օգնի, կամ նրան տալ առանձին տարա և գդալ, որպեսզի նա կրկնի ձեր գործողությունները։
5. Հնարավորություն տվեք նրանց զբաղվել արվեստով, նկարել և ներկել։ Կան հատուկ վրձիններ, որոնք հարմարեցված են շարժունակության խնդիր ունեցող երեխաների համար։ Ի դեպ մատիկներով նկարելը նույնպես լավ տարբերակ է։

6. Միասին գրքեր կարդացեք նստած կամ կանգնած, ինչպես որ երեխային է հարմար։ Կարող եք նաև միասին դիտել ընտանեկան ալբոմն ու ցույց տալ ընտանիքի անդամներին։ Բարձերի միջոցով կամ հատուկ աթոռներ օգտագործելով՝ գտեք երեխային հարմար դիրքը և նա ավելի հանգիստ կզգա իրեն ու կփորձի գլուխը վերև պահել։ Այս տեսանյութում շարժունակության գծով փորձագետ Միշել Թըրները ցույց է տալիս, թե ինչպես կարելի է երեխայի գիրքն էլ ավելի հետաքրքիր ու օգտակար դարձնել շոշափելու տեսանկյունից:
Ի դեպ, գրքերը հրաշալի տարբերակ են երեխային սեփական խնդիրները լուծելու տարբերակներ ցույց տալու համար։ Հատկապես, եթե ընտրում եք այնպիսի գրքեր, որոնց մեջ կոնֆլիկտ կա, փորձեք երեխայի հետ քննարկել այդ կոնֆլիկտը։ Կարող եք միասին պատասխանել այս հարցերին․ ի՞նչը դարձավ կոնֆլիկտի պատճառ, ի՞նչ ես կարծում հաջորդիվ ինչ կպատահի, դու ինքդ ինչպե՞ս կվարվեիր, և այլն։ Այսպիսով երեխային կօգնեք նաև մտածել և լուծել իր կոնֆլիկտները։
7. Ջրով կամ ավազով լի տարա պատրաստեք, որպեսզի երեխան տարբեր տեսակի նյութեր շոշափի։ Կարող եք նաև որևէ համապատասխան խաղալիք դնել տարայի մեջ։
8. Խաղացեք պլաստիլինով։ Կարող եք նաև տանը պատրաստել այն, և երեխայի հետ միասին տարբեր կերպարներ կերտել։ Ի դեպ երեխայի համար գուցե ավելի հեշտ լինի թխվածքաբլիթների համար նախատեսված գործիքներ կամ սովորական բաժակ օգտագործել պլաստիլինից շրջան, քառակուսի, արջուկ կամ սրտիկ ստանալու համար։
9. Հանգիստ ժամանակ անցկացրեք միասին՝ խաղալով որևէ պարզ փազլ կամ քարտային խաղ։ Հարթ մակերես օգտագործելը կօգնի գործին։
10. Երգեք, պարեք կամ ուղղակի աղմկեք միասին։ Ձեր երեխան որպես երաժշտական գործիք կարող է թավա և գդալներ օգտագործել։
Մկանները հանգստացնելու համար առաջարկում ենք հարմար տեղավորվել երեխայի հետ միասին և ձեռքերը ձգելով փորձել «սառչել» այդ դիրքում։ Հետո խնդրենք նրան աստիճանաբար «հալվել»՝ թուլացնելով ձեռքերը և պատկերացնելով, որ ջղայինությունն ու սթրեսը նույնպես հալչում ու կորչում են։ Այս նույն վարժությունը կարող եք կրկնել մարմնի տարբեր մասերի համար, օրինակ՝ բարձրացնել ուսերը, հետո իջեցնել, ձգել ոտքերը, հետո թուլացնել դրանք և այլն։
11. Միասին երեխայի սիրած ֆիլմերը կամ մուլտֆիլմերը դիտեք։ Կամ կարող եք մանկական հաղորդում նայել, որի մեջ առկա գույներն ու խաղերը երեխային շատ են գրավում։
12. Տարբեր ռիթմերի երաժշտություն լսեք, որպեսզի երեխաները կարողանան տարբերել ռիթմերն ու ընտրել իրենց սիրած ռիթմը։ Եթե, իհարկե, ձեր երեխան լսողության խնդիրներ ունի, կարող եք ռիթմեր ստեղծել քայլերով կամ թռիչքներով։ Իսկ ժեշտերի լեզուն լի է ռիթմերով, այնպես որ նրանք կարող են նոր բառեր, արտահայտություններ սովորել։

13. Մանկական ներկայացում բեմադրեք՝ օգտագործելով գուլպաներ կամ ձեռնոցներ։ Կարող եք մեծ ստվարաթղթյա արկղից իսկական բեմ պատրաստել և հիմնել սեփական տիկնիկային թատրոնը։
14. Երեխային հեռախոս կամ ուղղակի լուսանկարչական սարք տվեք։ Թողեք նա լուսանկարի ձեզ, ընտանիքի այլ անդամներին, իրենց սիրած իրերը։ Հետո հաճույքով միասին կդիտեք այդ նկարները։ Եթե սա հնարավոր չի անել, ապա դուք լուսանկարեք և հետո միասին դիտեք նկարները։
15. Տարբեր պատկերներ պատրաստեք՝ կտրելով ու այլ թղթին փակցնելով գունավոր պատկերներ կամ երեխայի ձեռքի կամ ոտքի հետքը։ Կարող եք նաև օգտագործել տանն առկա իրերը՝ մակարոնեղեն, ոսպ, կոճակներ և այլն։
Ամեն մի խաղից հետո լավ կլինի նաև վերականգնողական վարժություններից մեկն անել, այնուհետև ձգվելու կամ շնչելու վարժություններ անել, որոնք ձեզ և երեխային կօգնեն թոթափել հոգսերն ու հոգնածությունը և հանգստանալ։
Կարող եք նստել հատակին ձեռքերը դնել փորին և դանդաղ շնչել։ Պետք է խորը շնչել՝ հաշվելով մինչև 5 և հետո արտաշնչել՝ հետ հաշվարկ անելով մինչև 1։ Այսպես 4 անգամ կրկնեք և հարցրեք ձեր երեխային, թե ինչպես է իրեն զգում վարժությունից հետո։