Վերադարձ մանկապարտեզ՝ թեկուզ համավարակի օրերին

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վերաբացվեց նաև Ջիլիզայի այլընտրանքային նախակրթարանը և Ալվարդը, Նարեկը, Էլինան, Մհերն ու Անահիտը նորից եկան մանկապարտեզ

Ժաննա Ուլիխանյան
Չորս երեխա նստած են մանկապարտեզի հատակին գորգի վրա և ժպտում են։
UNICEF Armenia/2020/Margaryan
16 Սեպտեմբեր 2020

Երևանից մեքենայով գրեթե հինգ ժամ հեռավորության վրա է գտնվում Ջիլիզը։ Երկար ճանապարհ, անծայրածիր դաշտեր, քարքարոտ կտրուկ վերելքներ, ոլորաններով վերև, ոլորաններով ներքև, նորից վերև, նորից ներքև ու հասանք Ջիլիզա։ Գյուղ, որտեղ հազիվ թե 100 բնակիչ է ապրում, գյուղ, որ ավելի քան 100 տարեկան է, սակայն մինչ այս մանկապարտեզ չուներ։

Մեքենայից իջանք ու մտանք դպրոցի շենք, որի սենյակներից մեկում փետրվար ամսին ՅՈՒՆԻՍԵֆ-ը հիմնադրել էր այլընտրանքային մոդելով նախակրթարան։ Բացեցինք նախակրթարանի դուռն ու տեսանք` սեղանի շուրջ նստած Ալվարդը, Խաչիկը, Նարեկը, Էլինան, Մհերն ու Անահիտը նկարում են։

Խաչիկը գիրք է կարդում Ջիլիզայի մանկապարտեզում։
UNICEF Armenia/2020/Margaryan

Սկսեցինք զրուցել երեխաների հետ ու Խաչիկը, որ երեխաներից ամենամեծն է, ամենահամարձակն էր, սկսեց ներկայացնել երեխաներին, պատմել պարտեզի մասին։ Ասաց, որ ինքն էլ է մասնակցել պարտեզի շինարարությանը․ «Այ էս պատը պապայիս հետ միասին ենք ներկել, գալիս էինք, օգնում, սիրուն ա, չէ՞»։

Խաչիկը մանկապարտեզ հաճախում է իրենից երկու տարի փոքր քրոջ՝ Ալվարդի հետ։ Երբ նրանց մայրը՝ Մելինեն եկավ երեխաներին տուն ուղեկցելու, պատմեց, որ երեխաներն այս կարճ շրջանում պարտեզի շնորհիվ ինքնուրույնություն են սովորել։ Ընդհանրապես Մելինեն, որ չորս երեխաների մայր է, շատ է կարևորում իրենց համայնքում նախակրթարան ունենալու փաստը։ Ցավով է ասում, որ իր մեծերը՝ տասնամյա Հասմիկը և ութամյա Արամը մանկապարտեզ չեն հաճախել՝ նստելով միանգամից դպրոցի գրասեղանին։

Ասում է, որ շինարարությանը բոլորն են օգնել․ «Մեկը խելքով, մեկը ուժով, մեկը քաջալերելով, մեկը՝ ներկելով, ով ինչով կարողացել, մասնակցել է պարտեզի շինարարությանը։ Նույնիսկ պապիկ ունենք, որ ոչ թոռ ունի այստեղ, ոչ երեխա, միևնույն է ամեն օր գալիս էր ու օգնում։ Մեր գյուղի, մեր երեխեքի համար են արել»։ Իրոք, որ ժողովրդական խոսքը չի ստում․ «գյուղ կանգնի, գերան կկտրի»։

Մանկապարտեզի դաստիարակը խաղում է երեխաների հետ։
UNICEF Armenia/2020/Margaryan
Մանկապարտեզի դաստիարակը հետևում է, թե ինչպես են նկարում երկու աղջիկները։
UNICEF Armenia/2020/Margaryan

Հայ-վրացական սահմանին գտնվող այս գյուղի բնակիչը երեխային մանկապարտեզ տանելու, մանկաբույժի այցելության գնալու կամ ուղղակի խանութից առևտուր անելու համար պետք է Ալավերդի գնա, որ գյուղից նվազագույնը մեկ ժամ մեքենայի վատ ճանապարհ է։ «Անգամ նվերներ առնելու համար երեխաները հաճախ հրաժարվում են Ալավերդի գնալ»,- ասում է պարտեզի սան Նարեկի մայրը՝ Տաթևը։

Շաբաթը հինգ օր առավոտյան 9:30-12:30 երեխաները գալիս են նախակրթարան։ Օրական այս երեք-չորս ժամում նրանք զբաղվում են նկարչությամբ, երաժշտությամբ, ուսումնասիրում են շրջակա միջավայրն ու տարրական գիտելիքներ ստանում էկոլոգիայի, թվաբանության մասին։ Մտնում են հեքիաթների կախարդական աշխարհ ու զարգացնում իրենց խոսքը։

Նախակրթարանի այս մոդելը ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնել է նման փոքր համայնքների համար, որպեսզի Հայաստանում բոլոր երեխաները հավասար հնարավորություններ ունենան կրթվելու և իրենց ողջ ներուժը զարգացնելու համար։ Ապացուցված է, որ վաղ տարիքում երեխայի ուղեղը զարգանում է անասելի ու այլևս չկրկնվող արագությամբ ու վաղ ուսումնառությունը չափազանց կարևոր է բոլոր երեխաների ներկայի, առավելևս՝ ապագայի համար։

Մանկապարտեզում երեխաները գնացք են խաղում․ ամեն մեկը բռնել է մյուսի զգեստից և շարք կազմած խաղում են։
UNICEF Armenia/2020/Margaryan

Մայրիկները պատմում են, որ եթե մանկապարտեզը չլիներ, երեխաները ամբողջ օրը անդադար մուլտֆիլմ էին նայելու։ «Եթե պարտեզն էլ չլիներ, առավոտյան արթնանալու էին, տուն, հեռախոս, դուրս, տուն, հեռախոս, դուրս։ Ու ոչ մի կրթական բան չէր լինելու։ Մեր երեխեքը շատ են կտրված․ չկա պարի խմբակ, չկա սպորտի խմբակ, ոչինչ չկա։ Այս պարտեզը, որ ստեղծվեց, մեզ համար շատ մեծ բան էր»։

Սարի գլխին բազմած, Երևանի իրականությունից այդքան դուրս գտնվող այս հեռավոր ու փոքրիկ գյուղում երեխաներն այսօր ունեն գունավոր, լուսավոր, տաքուկ ու զարգացնող անկյուն, իրենց անկյունը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցը զրուցում է Անահիտի հետ։
UNICEF Armenia/2020/Margaryan

Երկար զրուցեցի չորսամյա, բայց շատ գործունյա Անահիտի հետ, ով տանն օգնում է մայրիկին սեղան գցել, հայրիկին՝ փայտ բերել, իսկ պարտեզում ընկեր Անուշի աջ ձեռքն է․ դասավորում է աթոռները, հավաքում խաղալիքները․չէ՞ որ ամեն ինչ իր տեղում պիտի լինի։ Անահիտն ասաց, որ շատ է սիրում պարտեզ գալ, նախ գործեր ունի անելու, հետո այստեղ շատ խաղալիքներ կան ու ինքն է որոշում՝ ինչով ու ինչ խաղալ։ Վերջում ավելացրեց․ «Ուզում եմ իմ պուճուր քույրիկ Նանեն էլ գա մեր պարտեզ ու արջուկներով խաղա, ընկեր Անուշն էլ նրա համար հեքիաթներ կպատմի․ դե տանը բոլորը շատ գործ ունեն, կարդալու ժամանակ չկա»։

Մարտի սկզբին մեր այցից ընդամենը երկու շաբաթ անց կորոնավիրուսը հասավ Հայաստան և նոր բացված այս նախակրթարանը երկրի մյուս բոլոր մանկապարտեզների և կենտրոնների նման փակեց իր դռները։ Երեխաները բոլորի նման մնացին տանը, իսկ նրանց մտավոր, ֆիզիկական և հուզական զարգացմանը նպաստելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրեց #LearningAtHome բազմազան խաղերով լի թվային արշավը։

Օգոստոսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը անհրաժեշտ հիգիենայի նյութեր մատակարարեց Ալավերդու շրջանի 9 և Ալավերդու և Ամասիայի շրջանի 4 այլընտրանքային մանկապարտեզներ, որպեսզի թե՛ Ջիլիզայի նախակրթարանը, և թե՛ հարակից մանկապարտեզները վերաբացմանն ընդառաջ հնարավորինս անվտանգ լինեն երեխաների և նրանց ընտանիքների համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ջիլիզա է մատակարարել հիգիենայի պարագաներ, որպեսզի վերաբացումը անվտանգ կազմակերպվի։
UNICEF Armenia/2020/Margaryan

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դպրոցների վերաբացմանը զուգընթաց, վերաբացվեց նաև Ջիլիզայի նախակրթարանը և Ալվարդը, Նարեկը, Էլինան, Մհերն ու Անահիտը նորից եկան մանկապարտեզ, բայց այսօր արդեն առանց Խաչիկի․ նա այսօրվանից առաջին դասարանի սան է։

Կրթություն և հավասար հնարավորություններ՝ յուրաքանչյուր երեխայի համար, որտեղ էլ՝ նա ապրի։