Վաղ տարիքից ներառական կրթություն Ալավերդու համայնքում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Լոռու մարզպետարանի ու Ալավերդու համայնքապետարանի միջև կնքվել է համագործակցության համաձայանագիր

- Հայերեն
- English
Ապրիլի 30-ին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Ալավերդու համայնքապետ Սասուն Խեմչյանը համագործակցության համաձայնագիր են կնքել՝ պայմանավորվելով համատեղել իրենց ջանքերը երեխաների կրթության, սոցիալական պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում:
«Փոքր տարիքի երեխաներին ուղղված ներդրումներն ամենաարդյունավետ ներդրումներից են: Վաղ մանկությունը երեխայի ձևավորման համար անփոխարինելի մի շրջան է: Յուրաքանչյուր հաշմանդամություն չունեցող և ունեցող երեխա պետք է նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ունենա, և յուրաքանչյուր ընտանիքի համար հենց իրենց համայնքում պետք է աջակցող ծառայությունները հասանելի լինեն»,-ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
2019-2020թթ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցելու է Ալավերդու խոշորացված համայնքին նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել թե՛ հաշմանդամություն ունեցող և թե՛ չունեցող երեխաներին: Գործընկերները մասամբ կվերանորոգեն գործող թիվ 6 մանկապարտեզը և այն մատչելի կդարձնեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Միաժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կվերապատրաստի համայնքի ծնողներին ու խնամակալներին, ինչպես նաև մանկապարտեզի ողջ աշխատակազմին՝ փոխանցելով հաշմանդամություն ունեցող ու չունեցող երեխաների հետ աշխատելու նոր հմտություններ:

Ալավերդու մանկապարտեզը նաև մայր կենտրոն կդառնա այն 3 ալտերնատիվ նախադպրոցական կենտրոնների համար, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնադրելու է խոշորացված համայնքի Ջիլիզա, Ծաղկաշատ ու Կաճաճկուտ փոքր համայնքներում: Այժմ այս երեք համայնքներում էլ երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստանում, քանի որ համապատասխան կենտրոններ չկան: Աշխատանքներից հետո այս համայնքներում ապրող 3-6 տարեկան երեխաներն արդեն կկարողանան հաճախել հիմնադրվող կենտրոններ ու ստանալ իրենց անհրաժեշտ կրթություն:

2019-2020թթ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Ալավերդու համայնքը աշխատելու են նաև համայնքի դպրոցների ու մանկապարտեզների աղետների հանդեպ դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ: Ներկայացվելու է աղետների ռիսկի կառավարման մեթոդաբանությունը: Սկզբում կգնահատվի համայնքի բոլոր դպրոցական շենքերի սեյսմիկ անվտանգությունը և կբացահայտվեն բոլոր խոցելի կողմերը: Այնուհետև ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի դպրոցներին ստեղծել աղետների ռիսկերի կառավարման խմբեր, ովքեր արդեն իրենց դպրոցների համար կստեղծեն ռիսկերի կառավարման համապատասխան պլանները: Ուսուցիչները կվերապատրաստվեն և դպրոցներին կտրամադրվեն համապատասխան գրքեր ու գրականություն, ինչպես նաև պարբերաբար էվակուացոն վարժանքներ կկազմակերպվեն ու կնվազեցվեն ոչ կառուցվածքային ռիսկերը (պահարանների ամրացում, առաջին հարկի պատուհանների ճաղավանդակների հեռացում, տարհանման ճանապարհներին խոչընդոտների հեռացում և այլն):