Վաղ մանկական ուսումնառությունը, դրա բացակայությունը և դրա կարևորությունը ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում

Զրուցել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանի հետ

Ժաննա Ուլիխանյան
Մայան շփվում է փոքրիկ տղայի հետ, ով հաճախում է Ալավերդի քաղաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրած վերականգնողական կենտրոն։
UNICEF Armenia/2020/Margaryan
25 Մայիս 2020
Հարց։ Ինչպես եք դուք համատեղում տնից աշխատանքը, տնային գործերը, երեխաների առցանց դասերը, մնացած ամենը։ Ի՞նչ արդյունավետ միջոց եք կիրառում, որ կարող է օգտակար հուշում լինել մյուս ընտանիքների համար։

Մայա։ Անկեղծ ասած՝ սկզբում իսկապես դժվար էր, սակայն երկրորդ շաբաթվա ընթացքում արդեն մի փոքր հարմարվել էինք։ Իհարկե շատ անսովոր էր առցանց կրթությանն անցնելը, քանի որ երկու երեխաներս էլ դպրոցահասակ են, և երբեմն շատ լարվում էին, քանի որ դասերի ժամերին մեկ կապը լավը չէր, մեկ հոսանքն էր անջատվում, և բացի այդ տանը մեր տեղը չէինք գտնում մի քանի ժամ շարունակ առցանց սովորելու կամ աշխատելու համար։ Հետո  կազմակերպեցինք մեր առօրյան, յուրաքանչյուրիս  համար հստակ տեղ առանձնացրեցինք, և ամեն մեկն առավոտյան արթնանալիս արդեն գիտեր՝ որն է իր անկյունը։ Օրվա ընթացքում բոլորս մեր գործերով ենք զբաղվում, երեխաներն էլ օրվա մեջ մի քանի ժամ նստած են համակարգչի առջև, հետևաբար՝ փորձեցինք գոնե տնային աշխատանքները միասին անել ու հետաքրքիր դարձնել գործընթացը։

Իմ փոքր դուստրը միջին դպրոցում է սովորում, երկար նստում է դասաժամերի և դասապատրաստման ընթացքում ու շատ է հոգնում։ Դրա համար մենք որոշ առարկաների, օրինակ՝ մաթեմատիկայի տնային աշխատանքները կատարելիս օգտագործում ենք մեր տան պատուհանը։ Պատուհանը դարձրինք մեր գրատախտակը։ Նկատեցի, որ երեխային շատ դուր եկավ այս գաղափարը և սկսեցինք բավականին հաճախ օգտագործել պատուհան-գրատախտակը։ Դասը նկարում էր պատուհանին ու ինձ բացատրում։ Ստացվում էր՝ և՛ դաս էինք սովորում և՛ շփվում միմյանց հետ։

Ժամանակ ենք տրամադրում միասին կարդալու համար: Կա՛մ աղջիկս բարձրաձայն կարդում է, ես լսում եմ, հետո միասին քննարկում ենք, կա՛մ եթե հոգնում է, մի փոքր ես եմ կարդում կամ էլ քույրիկն է օգնում։ Փորձում ենք գտնել և բաց չթողնել համատեղ ժամանակ անցկացնելու բոլոր հնարավոր պահերը։

Մի բան էլ, որ կարծում եմ կարևոր է թե՛ երեխաների և թե՛ մեզ՝ ծնողներիս համար․ հստակ պայմանավորվածություն ունենք առ այն, որ բոլոր գործերն ավարտում ենք մինչ երեկոյան ժամը 19:00-ը, հետո միասին կամ սեղանի խաղեր ենք խաղում կամ հետաքրքիր ֆիլմ, ուսուցողական հաղորդում դիտում։ Սա կարևոր է օրը դրական էմոցիաներով ավարտելու համար, ինչպես նաև՝ մոտիվացիա է, որ հնարավորինս կազմակերպված անենք մյուս աշխատանքները, որպեսզի շուտ ավարտենք։

Մայայի դուստրը դաս է սովորում՝ օգտագործելով տան պատուհանը՝ որպես գրատախտակ։
Private archive
Հարց։ Այսօր մանկապարտեզները և նախադպրոցական հաստատությունները փակ են։ Զբաղվածության, առաջնահերթությունների և բազմազան խնդիրների կողքին` ավելի փոքր երեխաները մեծամասամբ մնացել են առանց ուսումնառության։ Ինչո՞ւ է կարևոր 3-6 տարեկան երեխաների համար բաց չթողնել այս պահը։

Մայա։ Երեխաները սկսում են զարգանալ՝ կյանքի առաջին վայրկյաններից սկսած։ Վաղ մանկական տարիքում՝ մինչև 5 տարեկանը, ամեն վայրկյան երեխայի գլխուղեղում նյարդային բջիջների միջև 700 հարյուր կապ է ստեղծվում։ Արդեն հասուն տարիքում մեծահասակների գլխուղեղում տրիլիոնավոր նմանատիպ կապեր են ստեղծվում, բայց շատ կարևոր է, որ այդ կապերը սկսեն ստեղծվել հենց վաղ հասակում։

Եթե գլխուղեղի զարգացման գրաֆիկը պատկերացնենք, ապա մինչև հինգ տարեկան շրջանում գիծը սրընթաց վերև է բարձրանում, այն շարունակում է վեր բարձրանալ մինչև երեխայի ութ տարեկանը լրանալը, հետո գիծը ավելի մեղմ է աճում՝ նույնիսկ կարելի է ասել՝ հաստատուն է մնում։ Դա ցույց է տալիս, որ գլխուղեղի զարգացման կարևորագույն ընթացքը կյանքի առաջին տարիներն են։ Նշանակում է, որ երեխայի և՛ առողջության, և՛ ուսման, և՛ ընդհանրապես հետագա կյանքի հիմքը դրվում է կյանքի առաջին տարիներին։

Բազմաթիվ երկարաժամկետ հետազոտություններ ցույց են տվել, որ անգամ առողջական խնդիրների ակունքը մանկական տարիքից է սկիզբ առնում։ Մանուկ հասակում տարած սթրեսը, ոչ ճիշտ սնուցումը, ոչ ճիշտ զարգացման ուղին կամ դրա հնարավորության սահմանափակումը հետք են թողնում երեխայի հետագա ամբողջ կյանքի վրա։

Երեխան զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝ մտավոր, ֆիզիկական, հոգեկան։ Պետք է այս երեք ուղղություններով էլ ապահովել երեխայի զարգացումը և կարևոր է հիշել, որ երեխայի զարգացման գործընթացը կանգ չի առնում։ 

Չկա մի դադար, որ կարող ենք սեղմել այդ կոճակը մեկ-երկու ամսով և հետո երկու ամսից կրկին սեղմել ու շարունակել։

Երեխայի զարգացումը շարունակվում է՝ անկախ խնդիրներից, ինքնամեկուսացումից, համավարակից, անկախ ամեն ինչից։ Մենք պետք է մեր ներուժը հավաքենք ու նպաստենք երեխայի ճիշտ զարգացմանն ու նրա շարունակական կրթմանը՝ հիշելով, որ մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է։

Հարց։ Եկե՛ք հիմա խմբավորենք ու առանձին գործողություններ առաջարկենք ծնողներին, որոնք կխթանեն երեխայի մտավոր, ֆիզիկական և հոգեկան զարգացումը։ Ծնողները ստիպված չեն լինի անձամբ որոնումներ անել։

Մայա։ Աշխատեք ամեն ինչ անել և օրական առնվազն մի քանի ժամ երեխայի հետ որակյալ ժամանակ անցկացնել։ Կարող եք անել այս գործողություններից մի քանիսը և դուք ձեզնից գոհունակություն կզգաք և երեխաները և մենք:

Խաղի ժամ։

  • Պահեք խաղալիքների կեսը։ Քանի որ չգիտենք, թե որքան այս ամենը կտևի, առաջարկում ենք հենց այսօր պահել երեխայի խաղալիքների կեսը՝ որոշ ժամանակ անց երեխային դրանք որպես «նոր» խաղալիք ներկայացնելով։
  • Թափթփելը նորմալ է։ Երեխաները մեկ-մեկ կամ հաճախ կարող են թափթփել տունը, հոգ չէ։ Գիտեք, որ նրանք պետք է հանգիստ խաղան ու չմտածեն, որ թափել չի կարելի։ Փորձե՛ք ուղղակի սովորություն դարձնել խաղի ավարտին խաղալիքները միասին տեղավորել։
  • Նույն խաղալիքով տարբեր խաղեր խաղացեք։ Մեքենաները միայն քշելու համար չեն, դրանց կարող եք նաև դասակարգել՝ ըստ մեծության կամ ըստ գույնի, կամ կարելի է տանել ավտոլվացման կետ։

Աղմկե՛ք։ Երեխաները սիրում են երգել ու պարել, հատկապես, երբ ծնողները միանում են նրանց։

  • Ուղղակի երաժշտություն միացրե՛ք ու միասին պարե՛ք։ Համացանցում կարող եք գտնել ավանդական պարերի դասեր և միասին սովորել։
  • Հերթով նմանակե՛ք կենդանիների ու գուշակեք, թե ինչ կենդանի էր դա։ Կրկնօրինակե՛ք ամեն ինչ՝ շարժում, ձայն։
  • Օգտագործե՛ք խոհանոցում ձեռքի տակ եղած ամեն ինչը ու մի մեծ երաժշտական անսամբլ ստեղծեք։ Թույլ տվեք, որ երեխան վերցնի կաթսաներ,  գդալներն ու նվագի: Ստեղծագործ եղե՛ք ու աղմկե՛ք։

Մի որոշ ժամանակ լուռ մնացե՛ք։ Ինչպես դուք, այդպես էլ երեխաները լռության կարիք են ունենում, գուցե ավելի հազվադեպ, գուցե շատ ավելի կարճ, բայց՝ ունեն։

  • Միմյանցից անկախ կարող եք կարդալ, գրքեր նայել։
  • Նկարները ներկե՛ք կամ փազլ հավաքե՛ք։
  • Կարող եք գունավոր թղթերից պատկերներ կտրտել, իսկ երեխան կարող է դրանք սոսնձել մեկ այլ թղթի վրա։ Գուցե ձանձրալի է թվում, բայց երեխաները սիրում են նմանատիպ զբաղմունք։

Միասին մարզվե՛ք։ Երեխաները սովոր են ու սիրում են շարժվել, չէ՞ որ պետք է նաև ֆիզիակապես զարգանան։

  • Բարձեր դրեք հատակին, ու մագլցեք դրանց վրայով, պետք է հատակին չկպչել, քանի որ այն շատ «տաք է» կամ «ջուր է» ։
  • Բարձերով և սավաններով սեղանների ու կահույքի օգնությամբ տնակ պատրաստեք։ Բայց խաղով չընկնեք հա՜, թողե՛ք երեխաները գործն անեն։
  • Իրականում երեխաները սիրում են մարտահրավերներ, օրինակ՝ «կարո՞ղ ես ոտքդ այստեղ բարձրացնել, կարո՞ղ ես ձեռքերով ծնկներիդ դիպչել, կարո՞ղ ես բարձր ցատկել, իսկ ավելի՞ բարձր»։

Ստեղծագործե՛ք։

  • Պլաստիլինը հրաշալի բան է։ Եթե անգամ տանը չկա, համացանցում մի շարք բաղադրատոմսեր կան, ինքներդ պատրաստե՛ք։
  • Զարդեր պատրաստե՛ք։ Եթե տանը ուլունքներ չկան, կարող եք օգտագործել փոքր անցքերով մակարոնները, կարող եք անգամ ներկել մակարոններն ու թելի մեջ անցկացնելով դրանք՝ բնական թևնոց ստանալ։
  • Դերերով թատրոն կազմակերպեք՝ կերպարանափոխվեք և տարբեր զգեստներ հագե՛ք:։

Երեխային ներգրավե՛ք տնային գործերում։ Ամենալավ բաներից մեկն է, քանի որ թե՛ դուք օգնական կունենաք, թե՛ երեխան կսովորի գործ անել։

  • Միասին ճաշ, նախաճաշ, ընթրիք պատրաստե՛ք։
  • Իրերը դասավորելիս երեխաներին խնդրեք օգնել։
  • Երեխայի հետ կարող եք նաև փոշիները հավաքել կամ միասին լվանալ նրա խաղալիքները։

Աշխատեք ամեն ինչ անել և օրական առնվազն մի քանի ժամ երեխայի հետ որակյալ ժամանակ անցկացնել։ 

Փոքր տանը փոքրիկը դաստիարակի հետ ցույց է տալիս ձեռքի աշխատանքները։
UNICEF Armenia/2019/Margaryan
Հարց։ Այսօր ծնողների ուսերին իսկապես շատ ավելի բան է ընկել՝ աշխատանք, տնային գործեր, առցանց դասեր, եթե տանը դպրոցական երեխա կա՝ լարվածություն, անհանգստություն և այլն, և այլն։ Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին։

Մայա։ Իսկապես միայն ասել, թե բարդ ժամանակներ են, կնշանակի ոչինչ չասել։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր ծնողներին, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի այս օրերին ընտանիքում բարօրրություն, ընկերական միջավայր ու ջերմություն տիրի։ Սա իսկապես հեշտ չէ, բայց սա երեխայի զարգացմանը նպաստող կարևոր գործոններից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը։

Երեք ընդհանուր բան նշեմ, որ այս համավարակի պայմաններում պարտադիր եմ համարում թե՛ ծնողի և թե՛ երեխայի համար։

Առաջինը վերաբերում է երեխաներին նախադպրոցականներին և, ինչու ոչ, նաև միջին և ավագ դասարաններում սովորող դպրոցականներին։ Երեխան պետք է զգա, որ միայնակ չէ, որ ունի մտերիմ ծնող կամ խնամակալ, ում հետ ջերմ շփումը շարունակվում է։ Գիտենք, որ այս ջերմությունը փոխադարձ օգտակար է և ծնողների և երեխաների համար։

Երկրորդ։ Չնայած ֆիզիկական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությանը՝ կարևոր է, որ երեխան և ծնողը պահպանեն իրենց սոցիալական կապերը։ Այս իրավիճակը սթրեսային է ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների համար։ Դրան գումարվում է երեխային ապահովելու ծնողների մտահոգությունը, իսկ եկամուտի նվազեցման պարագայում՝ ծնողը կարող է կրկնակի սթրես ապրել։ Ծնողներին հորդորում եմ շարունակել շփվել ընկերների, բարեկամների հետ առցանց կամ հեռախոսով հետևել, որ երեխաները նույնպես շփվեն իրենց ընկերների հետ։

Երրորդ։ Ծնողը կամ խնամակալը պետք է կարողանա դադար վերցնել։ Մի անկյուն գտեք, առանձնացեք, փակեք ձեր աչքերը, խորը շունչ քաշեք։ Իհարկե, խնդիրները շատ են, բայց դուք միայնակ չեք․ եթե հնարավոր է, փորձեք որևէ մեկից աջակցություն ստանալ։ Հիշե՛ք՝ ծնողի էմոցիոնալ վիճակն անմիջապես ադրադառնում է երեխայի վրա, հետևաբար՝ պետք է այն կայուն պահել, որ երեխան չտուժի։

Վերջում, ուզում եմ անպայման նշել, որ ՅՈՒՆԻՍՖ-ը մշակել է հատուկ խաղ-մարտահրավերների շարք, որին մասնակցելու համար պետք է տանը փորձեք խաղերից որևէ մեկը, լուսանկարեք կամ տեսագրեք և տեղադրեք Ֆեյսբուքում կամ Ինստագրամում #LearnAtHome կամ #ՏանըՀավեսԷ հեշթեգներով։ Այնպես որ, մայիսի 6-ից բոլոր սուպեր հայրիկներին ու բոլոր քաջ մայրիկներին հրավիրում ենք մասնակցել այս «մրցույթին»։ Առաջիկայում ամեն չորեքշաբթի և ուրբաթ գրեթե կեսօրին՝ ժամը 11:30-ին նոր մարտահրավեր ենք տարածելու մեր Ֆեյսբուքյան էջում և Ինստագրամում։ Հետևե՛ք և մասնակցե՛ք։ Խոստանում ենք՝ «հավես» է լինելու։