Սպիտակի ամենագունավոր անկյունը. խաղ ու մանկություն յուրաքանչյուր երեխայի համար

Սպիտակում ներառական խաղահրապարակ ստեղծելու գաղափարի շուրջ համախմբվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Արգենտինայի հայ համայնքը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Լոռու մարզպետարանն ու Սպիտակի համայնքապետարանը

Թեհմինե Հայրումյան
Սյուզաննան ու Գևորգը միասին խաղում են Սպիտակի խաղահրապարակում:
UNICEF Armenia/2019/Publicis

23 Օգոստոս 2019

Բոլոր մեծահասակներն իրենց հետ «մեծ» կյանք են տանում մանկության գունավոր երանգներն ու հուշերը: Սպիտակի ու հարակից համայնքների բոլոր երեխաների համար մանկության երանգներն արդեն ավելի վառ են ու ավելի գունագեղ:

Արդեն երկու ամիս է, ինչ Սպիտակի «Հաղթանակ» քաղաքային զբոսայգին դիմավորում է երեխաներին ու նրանց ընտանիքներին գեղեցիկ ու բարեկարգ ներառական խաղահրապարակով: Սպիտակում ներառական խաղահրապարակ ստեղծելու գաղափարի շուրջ, որը «ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սպիտակի համար» ծրագրի մաս է կազմում, համախմբվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Արգենտինայի հայ համայնքը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Լոռու մարզպետարանն ու Սպիտակի համայնքապետարանը: Այս գեղեցիկ գաղափարը կյանքի է կոչվել Արգենտինայի հայ համայնքի ֆինանսական աջակցությամբ:

Դեռևս 2018թ. օգոստոսին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը համաձայնության էին եկել Սպիտակի քաղաքային զբոսայգում կառուցել ներառական խաղահրապարակ: 2019թ. մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրը, խաղահրապարակն արդեն իրականություն էր:

Սայլակի վրա նստած աղջնակը Սպիտակի խաղահրապարակում:
UNICEF Armenia/2019/Publicis

Արտաքնապես այն գրեթե չի տարբերվում երեխաների համար ստեղծված բազմաթիվ խաղահրապարակներից: Սակայն այն կառուցելու ընթացքում հաշվի են առնվել այն բոլոր կարիքներն ու առանձնահատկությունները, որոնք կարող են ունենալ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները: Այս խաղահրապարակը ստեղծվել է 0-18 տարեկան, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այն կահավորված է վառ ու երփներանգ սահուղիներով, ճոճանակներով, երեխաների ֆիզիկական կարողությունները զարգացնելու, խաղալու ու հաշվելու, մանր ու խոշոր շարժողական հմտությունները զարգացնելու նպատակով ստեղծված սարքավորումներով:

Այսպիսի խաղահրապարակի կարիք Սպիտակն իսկապես ուներ: Հատկապես փոքր քաղաքներում ու համայնքներում, որտեղ երեխաների ժամանցի համար ստեղծված սակավ վայրեր կան, խաղահրապարակներն իսկապես անհրաժեշտություն են:

Աղջնակը խաղում է Սպիտակի խաղահրապարակում տեղադրված բրայլյան այբուբենով ցուցատախտակի հետ:
UNICEF Armenia/2019/Publicis

«Խաղը երեխայի իրավունքն է ու այն էական նշանակություն ունի երեխայի զարգացման համար»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյան

«Մինչդեռ, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում գրեթե յուրաքանչյուր 2-րդ երեխա զրկված է ժամանցի հնարավորությունից: Այս խաղահրապարակը քաղաքային զբոսայգում է կառուցվել, որպեսզի հասանելի լինի Սպիտակի բոլոր երեխաների համար: Մեզ համար սա իսկապես չափազանց կարևոր է»,- շարունակում է տկն Պողոսյանը:

Սպիտակի համայնքապետարանը խաղահրապարակի տարածքն ապահովել է լուսավորության նոր, էներգախնայող համակարգով:

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը Խաղահրապարակում հարցազրույց տալիս:
UNICEF Armenia/2019/Publicis

«Մինչ այս գեղեցիկ խաղահրապարակը կառուցելը մեր զբոսայգին ամայացած էր: Իսկ այժմ հատկապես հանգստյան օրերին այն մարդաշատ է ու լավ իմաստով աղմկոտ»:

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյան

«Մենք՝ Սպիտակի բնակիչներս, շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Արգենտինայի հայ համայնքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որոնք ամեն ինչ արեցին, որ Սպիտակն ունենա մանկության այս վառ անկյունը: Սա հասանելի ու հարմարավետ վայր է, որը ստեղծվել է բոլոր երեխաների համար, որպեսզի նրանք ինտեգրվեն ու իրենց հասարակության լիիրավ անդամ զգան»,- շարունակում է Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը:

Ժամանակին դատարկ զբոսայգին այսօր վերածվել է երեխաների ժպիտներով ու ուրախ ձայներով լեցուն խաղահրապարակի, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ տարիքից ու ներուժից, կարող է խաղալ, շփվել հասակակիցների հետ ու իր հետ «մեծ» կյանք տանել մանկության այս վառ պատառիկը:

Դիտե՛ք այսքան դրական հույզեր առաջացնող տեսանյութը

Տեսանյութը սկզբնաղբյուր կայքում
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Բոլոր երեխաների համար խաղը անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն: Հաշմանդամություն ունեցող երեխաները շատ հաճախ հոգեպես ու ֆիզիկապես մեկուսացվում են հասարակությունից ու իրենց շրջապատող աշխարհից, քանի որ համապատասխան հարմարանքներ չկան: Մինչդեռ խաղի ժամանակ երեխաների միջև ջնջվում ու վերանում են բոլոր սահմանները, կարծրատիպերը, բարդույթներն ու պատնեշները: Մայիսին Սպիտակում բացվեց մեծ ներառական խաղահրապարակը: Սա առանց սահմանների մանկություն կերտելու ևս մի քայլ է, որը կյանքի է կոչվել Յունիսեֆի, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով: