16 -ամյա Արարատի պատմությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա որակյալ կրթություն ստանալու և վերականգնողական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենա

Զառա Սարգսյան
Արարատը Անահիտի հետ ներկում է կուժը զարգացման կենտրոնում:
UNICEF Armenia/2016/Pirozzi
04 Ապրիլ 2019

Արարատը ստեղծագործել է սիրում` նկարել, սպորտով զբաղվել և օգնել իր փոքրիկ քրոջը՝ տնային աշխատանքները կատարելիս: Դպրոց նա առավոտյան է գնում իր դայակի հետ, իսկ կեսօրին Արարատը այցելում է աուտիզմ ունեցող երեխաների և երիտասարդների կրթական վերականգնողական կենտրոն: 

Անահիտն Արարատին շատ լավ է ճանաչում, քանի որ Արարատի հետ աշխատում է նրա` կենտրոն այցելելու առաջին իսկ օրվանից: Ահա, թե ինչ է Անահիտը հիշում նրա մասին. «Երբ Արարատը եկավ կենտրոն, նա ընդամենը վեց տարեկան էր. դժվարանում էր շփվել այլ երեխաների հետ:  Անհամբեր էր. չէր կարողանում սպասել իր հերթին թիմային աշխատանքներում»: Հետագա 10 տարիների ընթացքում Անահիտը և այլ մասնագետներ աշխատում էին Արարատի հետ` իրենց առջև ունենալով երկու հստակ նպատակ՝ խրախուսել շփվել այլոց հետ և  ինքնուրույն դարձնել առօրյա կյանքում: «Այսօր Արարատը կարողանում է մատնանշել այն, ինչ ուզում է և կարողանում է բացատրել իր ցանկությունները»,- նշում է կենտրոնի սոցիալական ծրագրի համակարգող՝ Սյուզի Պետրոսյանը:

Այս տարիների ընթացքում մասնագետները նաև օգնել են Արարատին հաղթահարել իր առօրյա կյանքի դժվարությունները: Արարատի մայրն ասում է, որ նա շատ ավելի ինքնուրույն է այսօր և ավելացնում «Այժմ Արարատը կարողանում է ինքնուրույն նախաճաշ պատրաստել , իսկ  երբեմն նաև ճաշ: Նա սիրում է  տապակված կարտոֆիլ, և ընդհանրապես, կարտոֆիլը Արարատի սիրելի բանջարեղենն է»: Արարատը իր խմբի երեխաների հետ թատրոն է այցելում, առևտրի կենտրոն և սրճարան: Նրանք նույնիսկ կարաոկե բար են գնացել՝ իրենց պատրաստած ձեռագործ բացիկների վաճառքից գոյացած գումարով:

Արարատն Աստղիկի օգնությամբ պատրաստում է կավից կուժ:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Այս բոլոր իրավիճակներում, չափահասները սովորել են երեխաներին զուգահեռ: Սյուզին հիշում է. «Երբ մենք առաջին անգամ երեխաների հետ  գնացել էինք սրճարան, մատուցողները չգիտեին` ինչպես մոտենալ նրանց և ինչպես խոսել նրանց հետ: Իսկ հաջորդ անգամ նրանք արդեն գիտեին երեխաներին և կարողանում էին հեշտությամբ նրանց հետ շփվել: Դա մե՜ծ ձեռքբերում էր: Մտածելակերպ փոխելը բավականին բարդ է, բայց հնարավոր է»:

Սա վկայում է այն մասին, որ ոչ միայն Արարատն էր փոխել իր պահվածքը, այլ նաև փոխվել է հասարակության վերաբերմունքը: Ճիշտ է Հայաստանում վերջին տարիներին առաջընթաց է գրացվել ու եթե 2015թ-ին Հայաստանում հարցվածների 51%-ն էր ընդունում, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հաճախեն պետական դպրոց, ապա 2018-ին արդեն 69%-ն է համաձայն այս պնդման հետ: Մտավոր հաշմանդամության դեպքում առաջընթացն ավելի ակնհայտ է. եթե 2015-ին հարցվածների 13% է համաձայնվել, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հաճախեն սովորական դպրոց, ապա 2018-ին արդեն հարցվածների 44%-ն է համաձայն այս պնդման հետ:

Արարատի պատմությունն ընդամենը օրինակներից մեկն է: Սակայն Հայաստանում կան ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող շատ այլ երեխաներ, ովքեր դպրոց չեն հաճախում և հնարավորություն չունեն օգտվելու վերականգնողական ծառայություններից՝ հասարակության մեջ ներգրավվելու համար: Դրական է  այն փաստը, որ Հայաստանը բարեփոխման ճանապարհին է, և մինչև 2021 թ.-ը, բոլոր հանրային դպրոցները ներառական են դառնալու, իսկ հատուկ դպրոցները վերածվելու են ամենօրյա խնամքի համայնքային կենտրոնների՝ երեխաներին վերականգնողական ծառայություններ մատուցելու, ընտանիքի անդամներին աջակցելու և հանրային դպրոցների ուսուցիչներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է կառավարությանը` Արարատի նման յուրաքանչյուր երեխայի հնարավորություն ընձեռելու որակյալ կրթություն ստանալ և օգտվել վերականգնողական ծառայություններից: Գործընկերների հետ միասին, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին` նպատակ ունենալով որակյալ ներառական կրթության ապահովել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև ներառականության դասընթացներ է անցկացնում ծնողնողների և ուոուցիչների հետ` բարձրացնելու նրանց իրազեկվածությունը հաշմանդամության մասին, ինչպես նաև` օգնելու նրանց ձեռք բերել  համապատասխան հմտություններ և գիտելիքներ, որպեսզի խթանվի ներառականությունը տանը և դպրոցում` իրենց երեխաներին հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար:

Արարատի ու Աստղիկի կավոտ ձեռքերը կուժ պատրաստման ժամանակ:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Յուրաքանչյուր երեխա որակյալ կրթություն ստանալու և վերականգնողական ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություններ պետք է ունենա: