Սովորելով կոդավորում՝ ապակոդավորելու մասնագիտական կարծրատիպերը

2021թ-ին մինչև 15 տարեկան 150 երեխա, մասնակցելով Աքսելերատոր #5 ծրագրին, ստացել է կոդավորման «սուպեր» ուժը:

Լուսին Մկրտչյան
Աղջնակը նստած է այգում նստարանին և աշխատում է իր համակարգչով։
UNICEF Armenia/2021/Galstyan
20 Հոկտեմբեր 2021

Կոդավորումը` որպես ապագայի «ոսկե» հմտություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Աշխատանքն ապագայում» զեկույցի տվյալներով՝ մինչև 2025թ-ը աշխատակիցների ավելի քան 50% ը պետք է վերապատրաստվեն նոր հմտություններ ձեռք բերելու համար։ Քննադատական մտածողությունն ու խնդիրները լուծելու կարողությունն այն հմտություններից  են, որոնք, ըստ գործատուների, առաջնային կլինեն։ Գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և մաթեմատիկան` STEM կրթությունը, ավելի ու ավելի է կարևորվում։ Այն հնարավորություն է տալիս աշակերտներին զարգացնել խնդիրների լուծման, քննադատական մտածողության, հաղորդակցության և թիմային աշխատանքի հմտությունները՝ նրանց տարբեր ոլորտներում հաջողությունների հասնելու հնարավորություն ընձեռելով։ Եվ այն երկրներում, որտեղ ավելի հավանական է, որ տղաներն ընտրեն STEM ուղղություն, վերջինս պետք է հատկապես կարևորվի աղջիկների համար, քանի որ դրա շնորհիվ ձեռք են բերվում առկա խնդիրներին իրենց լուծումներն առաջարկելու վստահություն, ազատություն և գործիքներ։

Նվարդ Մանասյանը վկայական է տալիս աղջնակին։
UNICEF Armenia/2021/Galstyan

«Կոդավորումը կյանքի համար կարևոր հմտություններ է տալիս երիտասարդներին։ Կոդավորման շնորհիվ նրանց առջև բացվում են խնդիրներ լուծելու հնարավորությունն ու քայլերի անհրաժեշտ հերթականությունը։ Երբ տղաները և աղջիկները հավասարապես են ներգրավված լինում բոլոր ոլորտներում, հասարակությունն ավելի արդար վերաբաշխված ռեսուրսներ է ունենում, ավելի զարգացած անհատներ և ավելի շատ համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)»,-

ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը։

Աքսելերատոր #5 ծրագրի մասնակից Նարեն, Եվա Ա-ն և Եվա Ս-ն պատմում են՝ ինչու սկսեցին հետաքրքրվել կոդավորմամբ և ինչ տվեց դա նրանց։

Եվան նստած  համակարգչով աշխատում է։
UNICEF Armenia/2021/Galstyan

Ամեն ինչի հիմքում մաթեմատիկան է, հետաքրքրասիրությունն ու համառությունը. Եվա Արտաշեսյան

«Քույրիկս՝ Անին, ինձնից մեծ է 7 տարով։ Այս տարի սկսեց ծրագրավորում սովորել ու ես հասկացա, որ ես էլ եմ ուզում նրա պես համակարգչից օգտվել կարողանալ։ Ինձ թվում էր, ծրագրավորումն աշխարհի ամենահավես, բայց ամենաբարդ բանն է, և ես չսխալվեցի», - համակարգիչը միացնելով՝ ոգևորված պատմում է Աքսելերատոր #5 ծրագրի 12-ամյա շրջանավարտ Եվա Արտաշեսյանը։

Դասընթացի մասին պատահաբար է իմացել, ասում է՝ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին է տեսել ծրագրավորման դասընթացների այս հայտարարությունը։

«Շատ փոքր տարիքից սիրել եմ մաթեմատիկան ու համակարգչային խաղերը։ Եթե ունեմ գոնե մի փոքր ազատ ժամանակ, ապա այն լցնում եմ կամ համակարգչային խաղերով, կամ մաթեմատիկայով։ Մաթեմատիկան իմ աշխարհն է, և դասարանում ես լավագույններից մեկն եմ»,- հպարտորեն ասում է Եվան։ «Ամենաաշխույժն եմ ու ամենաակտիվը՝ ի տարբերություն մյուս դասաժամերի»։

Ամենից շատ Եվային հետաքրքրում էր ծրագրերի կոդավորումը։ Ասում է՝ ամեն անգամ համակարգչին նայելիս միշտ նույն բանն էր մտածում, ի վերջո, ինչպե՞ս են ստեղծվում այս ծրագրերը ու խաղերը։ Երբ առաջին անգամ դասընթացի է մասնակցել, միանգամից հասկացել է՝ ամեն ինչի հիմքում մաթեմատիկան է ու հետաքրքրասիրությունը։

եվան ընկերուհուն ցույց է տալիս համակարգչի աշխատանքը։
UNICEF Armenia/2021/Galstyan

«Այս ծրագրի ընթացքում կարողացա մեկ անիմացիա ստեղծել՝ առակի տեսքով և մեկ խաղ հնարել։ Հորինել եմ մաթեմատիկական խաղ՝ բազմապատկման աղյուսակը ամրապնդելու համար։ Այդ խաղը կարող են խաղալ բոլորը, այն տեղադրված է Scratch ծրագրում։ Այնքան հետաքրիր էր հասկանալը, որ հնարավոր է ինչ-որ բան ինքուրույն ստեղծել, որից կարող են օգտվել նաև մյուսները», -

ուրախ-ուրախ պատմում է Եվան։

Եվային շատ է օգնել նաև ծնողների արձագանքը՝ ոգևորել են և ուրախացել, որ կրտսեր դուստրն էլ ծրագրավորմամբ է հետաքրքրվում, հավանել են իր ստեղծած առակ-խաղը՝ պատմություն հմուտ ոզնու մասին։ Փոքր-ինչ նեղացած է ընկերներից՝ ասում է, երբ նոր էր սկսել դասընթացների հաճախել, բոլորը միաբերան պնդել են, որ դա տղաների համար նախատեսված մասնագիտություն է։

«Բայց ես շատ համառ եմ, տեսնում ե՞ք, կարողացա ընկերներիս համոզել, որ չկան տղաների և աղջիկների համար նախատեսված առանձին մասնագիտություններ։ Ես իմ հասակակից բոլոր աղջիկներին կոչ եմ անում չհավատալ և չվախենալ ընկերների կարծիքին հակառակվելուց, եթե շատ են ուզում սովորել ինչ-որ բան, պետք է սովորեն՝ անկախ սեռից»։

Աղջնակը թռնում է ջրափոսի մեջ։
UNICEF Armenia/2021/Galstyan

Կախարդանքի է նման, երբ դու ուղղակի քեզ համար նկարում ես ու դա սկսում է շարժվել. Եվա Ստեփանյան

Աքսելերատոր #5-ի ամենակրտսեր ու ամենաշխույժ մասնակիցը կապուտաչյա Եվա Ստեփանյանն է, 7 տարեկան։ Ռեզինե կիսաճտքավոր կոշիկները հագին, ձեռքին՝ ծրագրի ավարտական սերտիֆիկատը, ցեխաջրերում ցատկոտելով ուրախ-ուրախ պատմում է, թե ինչպես է կարողացել Aghues ծրագրով իր ամենասիրելի հեքիաթները վերածել անիմացիայի։

«Մի օր պապաս եկավ ու ասաց՝ Եվա, արի գնանք՝ ծրագրավորում սովորենք։ Իմ պապան էլ է ծրագրավորող, միշտ կոմպի դիմաց ինչ-որ գործեր է անում։ Ես մի քիչ լռեցի, մտածեցի, մտածեցի ու ասացի՝ դե լավ, գնանք», - պատմում է Եվան ։

Դասընթացների ժամանակ ամենաշատը Եվային գրավել են շարունակ նոր հեքիաթներ կարդալու և դրանք մուլտֆիլմերի, անիմացիաների վերածելու հնարավորությունները։ Օգտվել են Paint ու Aghues ծրագրերից։ Սկզբում նախագծել են իրենց սիրելի հեքիաթը՝ մատիտով թղթին են այն նկարել, հետո վերածել են հանելուկների, հետո առակների ու այդ ամենը վերածել են խաղի կամ էլ անիմացիայի։

 

Աղջնակը ուշադիր նայում է և ժպտում։
UNICEF Armenia/2021/Galstyan

«Ոնց որ կախարդություն լինի, երբ դու քեզ համար նկարում ես ու մեկ էլ հոպ՝ նկարածդ սկսում է շարժվել։ Հիմա արդեն համակարգչի բոլոր «կնոպկաները» գիտեմ։ Հիմնականում ամեն ինչ մենակ եմ արել, պապաս օգնել է երաժշտությունը դնել։ Տանը միշտ ստուգում էր դասերի ժամանակ իմ արած գործերը։ Շատ գոհ էր, չէ՞, մամ»։

Եվան պնդում է, որ խաղեր ստեղծելն իրեն օգնել է ավելի ինքնուրույն դառնալ ու որոշել է հայրիկին խնդրել, որ էլի նույն դասընթացներից գտնի, ուզում է կարողանա ավելին անել։ Դեռ չի կողմնորոշվել մասնագիտության հարցում՝ չգիտի, հայրիկի նման ծրագրավորո՞ղ է ուզում դառնալ, թե՝ ոչ։

«Բայց խոհարար հաստատ դառնալու եմ, որ համեղ բաներ պատրաստեմ, չնայած բոլոր խոհարարները մեծ տղաներ են կամ պապիկներ։ Այդ դեպքում հնարավոր է, խոհարարության խաղ ստեղծեմ, որովհետև աշխարհում արդեն համը հասկացող ռոբոտներ են ստեղծում, այդ խաղն իրենց էլ պետք կգա։ Մամաս ասում ա, որ պիտի մի քիչ կազմակերպված լինեմ ու կենտրոնանամ։ Բայց ես կենտրոնանում եմ, ուղղակի աշխարհն է շատ հետաքրքիր», - ծիծաղում է Եվան։

Աղջնակը նստած է այգու նստարանին։
UNICEF Armenia/2021/Galstyan

Կարելի է ամեն ինչ ինքնուրույն սովորել և սովորեցնել ընկերներին. Նարե Դավթյան

120 դպրոցի աշակերտուհի Նարե Դավթյանին դպրոցում ճանաչում են իր հայտնի տեսահոլովակով։ 12 տարեկան Նարեն, նախորդ տարի «Bella ciao»-ի իտալերեն իր տարբերակն է երգել, տեսահոլովակ նկարահանել, տեղադրել YouTube-ում ու 24 միլիոն դիտում է գրանցել։ Մինչև 2021-ի ամռանը վստահ էր, որ երգչուհի է դառնալու, հիմա արդեն սկսել է տատանվել։

«Երգն իմ տարերքն է, բայց ծրագրավորումն էլ շատ սիրեցի։ 4 տարեկանից կարողանում եմ համակարգչից օգտվել, հիմա արդեն սովորել եմ նաև Scretch, Paint ու Aghues ծրագրերը։ Առակներ եմ հնարում ու դրանք խաղի վերածում։ Իմ ամենասիրելի առակը ոզնու մասին է այն եսասիրությունը մի կողմ դնելու մասին է», - պատմում է Նարեն։

Թե ինչու՞ է սիրում ծրագրավորումը, ինքն էլ չգիտի։ Դպրոցում ուսուցիչներն են խորհուրդ տվել մասնակցել Աքսելերատոր #5-ին։ Ծածուկ ասում է՝ ուսուցիչները թող չիմանան, բայց այս դասընթացներն ավելի հետաքրքիր են, քան դպրոցի դասերի մեծ մասը։

Աղջիկը համակարգչով աշխատում է՝ նստած այգու նստարանին։
UNICEF Armenia/2021/Galstyan

«Երբ ծրագրավորում սկսեցի սովորել, ավելի ինքնավստահ դարձա, սկսեցի հասկանալ, համակարգչով ինչն եմ սխալ անում, ինչը՝ ճիշտ, ինչի վրա պետք է աշխատեմ, ինչը՝ շտկեմ։ Երբեմն մտածում եմ, որ գուցե արժե ծրագրավորող դառնալ ու միաժամանակ նաև երգչուհի ու կոտրել այն կարծրատիպը, թե հնարավոր չէ երկու տարբեր մասնագիտություններ համատեղելը։ Բացի դա՝ ես ուզում եմ օրինակ ծառայել ընկերներիս համար, ցույց տալ, որ կարելի է ամեն ինչ ինքնուրույն սովորել ու գլուխ հանել, դեռ մի բան էլ մյուսներին սովորեցնել», -

ընկերուհիներին կոդավորում սովորելու կոչ է անում Նարեն։