Սերունդ առանց սահմանների, սերունդ լիքը գաղափարներով և նպատակներով
Մայիսի 28-29 Դիլիջանում մոտ 50 դեռահաս և երիտասարդ մասնակցեցին «Սերունդ առանց սահմանների» մրցույթի բութքեմփին: Ահա, թե ինչ ասացին երիտասարդները:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Մայիսի 28-ին առաջին հանրապետության օրը տոնելու յուրահատուկ մոտեցում էինք գտել. համախմբվել էինք Հայաստանի 6 մարզից 14-24 տարեկան ավելի քան 50 դեռահասների և երիտասարդների հետ՝ քննարկելու իրենց մեծ ու փոքր գաղափարները: ՄԱԿ-ի մի խումբ գործակալությունների մասնակցությամբ նպատակադրվել էինք օգնել ապագա սերունդին զարգացնել իրենց հուզող հարցերին լուծում տվող նախագծերն ու երկու օրվա ընթացքում փոխանցել այնպիսի հիմնական հմտություններ, որոնց կարիքը նրանք կունենան ողջ կյանքում:
Հայաստանում երիտասարդների 1/3-ը չի աշխատում և չի սովորում: Թերևս «Սերունդ առանց սահմանների միջազգային ծրագրի շարունակական աշխատանքի շնորհիվ հնարավորություն կա նվազեցնելու այս թիվը և նպաստելու երիտասարդների ներուժի զարգացմանը և այդ ներուժը հանուն Հայաստանի իրացնելուն»:
Զրուցել ենք մի խումբ մասնակիցների հետ, ովքեր պատմում են երկօրյա բութքեմփի և իրենց նպատակների մասին:

«Մասնակցելով նման ծրագրի՝ հնարավորություն ստացա ներկայացնել իմ ծրագիրը փորձառու մասնագետների, ստանալ նրանցից խորհուրդներ ու և նոր մտքերով զարգացնել այն ծրագիրը, որն իմ կյանքի նպատակն է: Այս ամենը նպաստում է, որ նպատակադրվեմ ապագաս կառուցել հենց Հայաստանում: Եթե երիտասարդները գտնում են իրենց գործը մեր երկրում, չեն մտածում արտագաղթելու մասին և իրենց ներուժով արդեն կնպաստեն երկրի զարգացմանը»:
«Ես առաջին անգամ լսեցի elevator pitch-ի (վերելակային ներկայացման) մասին, որ պետք է նախագիծը այնպես ներկայացնել, որ հասցնես վերելակով մի քանի հարկ բարձրանալու ընթացքում ձեռք բերել նոր գործընկեր: Սկզբում չէինք էլ պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր անել, բայց լավ պատրաստվեցինք, ահագին գիտելիքներ ձեռք բերեցինք ծրագրերի ներկայացման, համ էլ դրանց իրականացման մասին: Ընդհանրապես, նման հնարավորությունը շատ կարևոր է հատկապես ՔՈՎԻԴ-ից հետո, քանի որ ՔՈՎԻԴ-ի ժամանակ միանգամից շփումը նվազեց, իսկ այսպիսի առիթները հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր ընկերներ, նոր շփումներ, նոր կապեր»:


«Այս օրերին ահագին նոր բան սովորեցի մարքեթինգի մասին. ինչպես ներկայացնել վերջնական պրոդուկտը, ինչպես ավելի գրավիչ սահիկաշար պատրաստել: Հասկացա, թե որքան կարևոր է հաշվի առնել, թե ով է քո հաճախորդը, և թե ինչով ես դու տարբերվում մրցակիցներից, որ հաղորդակցությունը կառուցենք՝ շեշտը դնելով հենց այդ յուրահատկության վրա: Մասնակցելով այս նախագծին՝ սկսեցինք նաև այլ բաներով հետաքրքրվել, օրինակ՝ մենք թիմով այնքան նոր բան սովորեցինք կլիմայի փոփոխության մասին, իսկականից հավես է»:
«Այստեղ սովորել եմ նոր բաներ, որ ոչ մի տեղ չէի լսել՝ ինչպես ճիշտ ներկայացնել գաղափարս, ինչպես ճիշտ ելույթ ունենալ, ինչի մասին խոսել ելույթում: Ծրագրերը, որ նպաստում են երիտասարդների ակտիվությանը, հաստատ պետք են: Մարզերում ակտիվ երիտասարդություն շատ կա, միայն համապատասխան հնարավորություններ պետք է լինեն, որ նրանք իրենց ուժով փոփոխություն բերեն»:


«Ես առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի ծրագրի: Ընդհանրապես մեր գյուղում նման հնարավորությունները քիչ են, ավելի ճիշտ՝ գրեթե չկան: Մեր դպրոցում առաջինն էինք, և ես ուրախ եմ, որ սա նաև օրինակ կծառայի դպրոցի մյուս երիտասարդների համար, որ բաց չթողնեն հնարավորությունը, մասնակցեն, նոր բաներ սովորեն: Եթե ես հետագայում որոշեմ որևէ բիզնես հիմնել գյուղում, կարծում եմ հիմա ավելի պատրաստված եմ»:
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ լսեցի մասնագետների և երիտասարդների կարծիքը, հասկացա պրոյեկտի խնդիրները, առավելությունները և թե ինչի վրա պետք է կենտրոնանամ, որ պրոյեկտս ավելի լավը լինի: Հետաքրքիր փորձառություն էր, որ հնարավորություն է տալիս երիտասարդներին մտածել ավելի լայն և ստեղծել հայկականը, ներկայանալ հայկական մտքի արտադրանքով»:


«Արդեն երեք տարի է՝ մի շարք դասեր առցանց եմ անցել, ահագին ձանձրացել եմ, իսկապես կարևոր է օֆլայն ուսուցումը, նման հնարավորությունը: Բացի այդ, ասեմ, որ այսպիսի ծրագրերը ստիպում են մեզ՝ երիտասարդներիս, դուրս գալ կոնֆորտ զոնայից՝ դրդելով աճել և զարգանալ»:
«Նորություններ շատ կային, բայց ամենաշատը դասընթացներից տպավորվել է խնդիրների ծառը: Կյանքում խնդրի նման վերլուծություն չէի արել. պետք է խնդիրը գրում ես մեջտեղում, պատճառները՝ արմատներին, հետևանքները՝ ճյուղերի մեջ: Դա շատ է օգնում հասկանալ խնդիրը և առաջարկել հետագա լուծումներ: Այս կարճ ընթացքում սովորեցի ավելի լավ արտահայտել իմ մտքերը, և տեսնել՝ ինչ են մտածում այլ մարզերում ապրող իմ հասակակիցները»:


«109 դիմումներից ընտրվել են 12 նախագիծ՝ 6 տարբեր մարզերից՝ Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Երևան, Տավուշ, Սյունիք: Շատ ուրախ եմ, որ հենց երիտասարդների նախաձեռնողականությունն է այստեղ ցուցաբերվում և իրենք հենց իրենց համար իրենց համայնքում կոնկրետ խնդրին կոնկրետ լուծում են առաջարկում: Կարևոր է, որ երիտասարդները տարբեր համայնքներից են ներկայացված, նրանք ծանոթանում են միմյանց, ծանոթանում են Հայաստանի այլ համայքների խնդիրներին: Մեր նպատակն էր նաև, որ այստեղից նրանք գնան մեկ ամբողջական մեծ համայնք դարձած և մտածեն համատեղ լուծումների մասին թե՛ իրենց փոքր համայնքի և թե՛ ամբողջ Հայաստանի համար»:

Երկօրյա բութքեմփի արդյունքում ժյուրիի և երիտասարդների ընտրությամբ 8 նախագիծ հաղթահարեց երկրորդ փուլը: Ստանալով 1000 ԱՄՆ դոլար՝ այս թիմերը հնարավորություն ստացան մասնագետների օգնությամբ շարունակելու զարգացնել իրերնց նախագծերը: Հաջորդ փուլը հաղթահարող երկու նախագիծ կկարողանա նաև մրցել «Սերունդ առանց սահմանների» գլոբալ մրցույթում և ստանալ հավելյալ ֆինանսավորում՝ ամբողջությամբ իրականացնելու իր գաղափարը՝ հանուն իր և մեր երկրի ապագայի: