Պատվաստանյութերի հանդեպ վստահություն ձևավորելու երեք եղանակ՝ բիզնեսների համար

Բիզնես ընկերությունները կենսական դեր ունեն իրենց աշխատակիցներին ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու հարցում

ՅՈՒՆԻՍԵՖ
Բուժքույրը պատվաստում է տիկնոջը՝ Քովիդ-19-ի դեմ։
UNICEF Armenia/2021/Galstyan
19 Մայիս 2021

Անցած տարին սթափեցնող հարված հասցրեց վարակիչ հիվանդություններից տանջվող աշխարհին: Կյանքը, տնային ու համայնքային տնտեսությունները կանգնեցին լուրջ խնդիրների առջև՝ արագորեն ընդլայնվող գլոբալ համավարակի պատճառով:

Բայց տարին նաև ընդգծեց պատվաստանյութերի կարիքն ու հզորությունը: Պատվաստանյութերը ոչ միայն ժամանակակից բժշկության ամենամեծ ձեռքբերումներից են, այլ նաև արտացոլում են այս համավարակը դադարեցնելու, տնտեսությունները վերականգնելու և աճ ապահովելու աշխարհի հույսը:

ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի արագ և արդարացի տարածումը կարևոր նշանակություն ունի տնտեսության կայուն վերականգնման համար: Բիզնես ընկերությունները դա ավելի լավ են հասկանում, քան որևէ մեկը:

Բայց նրանք, ինչպես նաև կառավարությունները, քաջ գիտակցում են, որ ցանկացած վերականգնում կարճատև կլինի, եթե չօգտվենք այս հնարավորությունից և առաջիկա տարիներին չկարողանանք ավելի ուժեղ առողջապահական համակարգեր և ծառայություններ կառուցել:

ՔՈՎԻԴ-19-ի պատճառով առողջապահական ծառայությունների խափանումները ցույց տվեցին, թե որքան աշխատանք ունենք անելու: Օրինակ՝ այլ հիվանդությունների պատվաստանյութերի առաքման ընդհատումները կանխարգելվող հիվանդությունների և երեխաների մահացության կործանարար աճի վտանգ են ստեղծում: Հատկապես, երբ աշխարհում տարեկան շուրջ 14 միլիոն երեխա կանխարգելվող հիվանդությունների դեմ որևէ պատվաստում չի ստանում:

Այս երեխաների դեպքում կյանքը չպետք է վերադառնա նախաքովիդյան վիճակին, քանի որ իրենց համար «նորմալը» երբեք բավարար չի եղել: Փոխարենը, օգտվելով հնարավորությունից, պետք է ծրագրենք՝ ինչպես մատուցել պատվաստումային ծառայություններն ու ներդրումներ անել առողջապահական այնպիսի ծառայություններում, որոնք հասանելի կլինեն երեխաներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք կամ որտեղ են ապրում:

Ավելի հուսալի առողջապահական համակարգեր կառուցելու և, ընդհանուր առմամբ, առողջապահության արդյունավետության բարձրացման կարևորագույն գործոն է վստահությունը պատվաստանյութերի նկատմամբ: Առանց վստահության, պատվաստանյութերը ոչ այլ ինչ են, քան հիվանդանոցի սառնարանում գտնվող սրվակներ:

Ցավոք, ամբողջ համավարակի ընթացքում մենք տեսել ենք ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության տարածում: Եթե այս ապատեղեկատվությունը և դրա արդյունքում առաջացող անվստահությունը տարածվի առկա և նոր մանկական պլանային պատվաստումների վրա, մենք կարող ենք ականատես լինել, թե ինչպես է հետընթաց ապրում տասնամյակներ շարունակ կյանքեր փրկող գործընթացը:

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարը պահանջում է, որ մեզանից յուրաքանչյուրը` բիզնեսը, աշխատակիցները և սպառողները, կատարենք մեր դերը, որպեսզի բոլորը պաշտպանված և անվտանգ լինեն:

Բայց դա նաև պահանջում է, որպեսզի մենք կարողանանք ֆիլտրել տեղեկատվությունը, այն դարձնել մատչելի և արագ ու ճշգրիտ պատասխաններ տալ ցանկացած հարցի ու մտահոգության: Թե՛ ընկերությունների ներսում, թե՛ սպառողների հետ, և թե՛ համայնքներում, գործարար հատվածն առանցքային դեր ունի:

1. Պատվաստանյութերի նկատմամբ վստահությու՛ն սերմանեք և նպաստե՛ք գիտահեն տեղեկատվության հաղորդմանը:

Հավասարումը հստակ է. եթե աշխարհը չպատվաստվի, ՔՈՎԻԴ-19-ը կշարունակի փոփոխվել և տարածվել՝ հետաձգելով ինչպես ընտանիքների, այնպես էլ համայնքների տնտեսական վերականգնումն ու աճը: Միաժամանակ, որքան շատ պատվաստումներ կատարեն մարդիկ, այնքան ավելի հակված կլինեն վերսկսել տնտեսական գործունեությունը, որը հնարավոր չէր համավարակի ընթացքում: Ամենամեծ տնտեսական խթանն այն կլինի, որ հնարավորինս արագ ամենամեծ թվով մարդիկ պատվաստվեն:

2. Խրախուսեք աշխատակիցներին՝ հնարավորինս շուտ պատվաստվել:

Համոզվեք, որ նրանք պատվաստանյութերի օգուտների մասին ստացել են ամբողջ անհրաժեշտ փաստացի տեղեկատվությունը: Կարևոր է պարբերաբար թարմացումներ ուղարկել աշխատակիցներին: Ձեր հաղորդագրությունների համար կարող եք օգտվել ՀՀ առողջապահության նախարարության, բժիշկների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կամ ԱՀԿ-ի տրամադրած տեղեկություններից:

3. Միավորվեք գործընկերների հետ:

Կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և բիզնես ասոցիացիաների հետ և միջոցով նախաձեռնեք համագործակցություն` ոչ միայն ՔՈՎԻԴ-19-ի, այլ բոլոր պատվաստանյութերի անվտանգության շուրջ լավագույն փորձով կիսվելու և տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելու համար: Այս աշխատանքի շրջանակներում, և Իմունականխարգելման համաշխարհային շաբաթվան զուգահեռ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրականացնում է #VaccinesWork (պատվաստանյութերն աշխատում են) արշավը: ԱՀԿ-ի և GAVI պատվաստանյութերի դաշինքի նման կարևոր գործընկերների հետ մեկտեղ, մենք նաև աջակցում ենք Պատվաստման օրակարգ 2030-ին` հաջորդ տասնամյակում գլոբալ պատվաստումների հավաքական տեսլականին:

Միացեք մեզ, որպեսզի միասին օգտվենք այս պատմական հնարավորությունից՝ ոչ միայն վերջ դնելու այս համավարակին, այլև շարունակելու մեր կարևոր գործը՝ կանխարգելվող հիվանդություններին վերջ տալու համար վստահություն հաստատել տասնամյակների ընթացքում տասնյակ միլիոնավոր կյանքեր փրկած պատվաստանյութերի նկատմամբ:


Լրագիրը գրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի կողմից, որն ի սկզբանե հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումում 2021 թվականի ապրիլի 21-ին. Պատվաստանյութերի հանդեպ վստահություն ձևավորելու երեք եղանակ՝ բիզնեսների համար| Համաշխարհային տնտեսական ֆորում (weforum.org)