Պատվաստանյութեր՝ հարցեր և պատասխաններ
Պատվաստանյութերի մասին ծնողներին ամենաշատը հուզող հարցերը

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ի՞նչ է պատվաստանյութը
Դրանք այն նյութերն են, որոնք վաղ մանկության ընթացքում, սովորաբար, տրվում են երեխային՝ պաշտպանելու նրան լուրջ՝ հաճախ մահացու, հիվանդություններից։ Խթանելով օրգանիզմի բնատուր պաշտպանական համակարգը, դրանք օրգանիզմը նախապատրաստում են հիվանդության դեմ ավելի արագ և արդյունավետ պայքարի։
Ինչպե՞ս է գործում պատվաստանյութը
Պատվաստանյութերն օգնում են իմունային համակարգին ավելի արդյունավետ պայքարել վարակների դեմ, խթանելով իմունային համակարգի արձագանքը կոնկրետ հիվանդության հանդեպ։ Դրանից հետո, եթե վիրուսը կամ բակտերիան երբևէ հայտնվի օրգանիզմ, ապա իմունային համակարգն արդեն տեղյակ կլինի, թե ինչպես դրա դեմ պայքարել։
Որքանո՞վ են պատվաստանյութերն ապահով
Պատվաստանյութերը շատ ապահով են։ Շատ ավելի մեծ է հավանականությունը, որ երեխան տուժի պատվաստանյութով կանխելի հիվանդությունից, քան հենց պատվաստանյութից։ Նախքան օգտագործման հավանություն ստանալը, բոլոր պատվաստանյութերի անվտանգությունը ստուգվում է կլինիկական եռափուլ փորձարկումների միջոցով։ Ամեն երկիր գրանցում և կիրառում է բացառապես այն պատվաստանյութերը, որոնք համապատասխանում են որակի և անվտանգության խիստ չափանիշներին։
Ինչո՞ւ պիտի պատվաստվի իմ երեխան
Պատվաստանյութերը կյանքեր են փրկում։ Հաշվարկված է, որ 2000-2018թթ ընկած ժամանակահատվածում, միայն կարմրուկի պատվաստանյութը 23 միլիոն մահ է կանխել։ Պատվաստանյութերը կօգնեն երեխային պաշտպանել հիվանդություններից, որոնք կարող են հանգեցնել առողջության լուրջ վնասի կամ մահվան, հատկապես նոր զարգացող իմունային համակարգի դեպքում՝ ինչպիսին մանուկներինն է։ Պատվաստումը երեխայի համար շատ կարևոր է։ Հակառակ դեպքում սուր վարակիչ հիվանդությունները, ինչպես օրինակ՝ կարմրուկը, դիֆթերիան և պոլիոմիելիտը, որոնք արդեն իսկ վերացել են շատ երկրներում, կրկին կվերադառնան։
Ինչպե՞ս կդիմանա երեխան բոլոր այդ պատվաստանյութերին
Շատ ծնողներ մտահոգված են, որ պատվաստանյութերի քանակը կարող է գերբեռնել երեխայի իմունային համակարգը։ Սակայն, առօրյա կյանքում, երեխաները ենթարկվում են հարյուրավոր մանրէների ազդեցության։ Իրականում, մրսածությունը կամ կոկորդի ցավն ավելի շատ կվնասեն երեխայի իմունային համակարգին, քան պատվաստանյութերը։
Ինչու՞ պատվաստել երեխային, եթե մեր միջավայրում այդ հիվանդությունները չկան։
Թեև ձեր երկրում կամ տարածաշրջանում այդ հիվանդությունները կարող են վերացած լինել, այնուամենայնիվ, փոխկապակցված մեր աշխարհում, դրանք ամեն պահի կարող են ներթափանցել այն վայրերից, որտեղ դեռ պահպանվել են։
Ի՞նչ է կոլեկտիվ իմունիտետը
Այն դեպքում, երբ ձեր շրջապատում բավականաչափ մարդիկ արդեն պատվաստված են որոշակի հիվանդության դեմ, կարող է առաջանալ կոլեկտիվ իմունիտետ կոչվող երևույթը։ Այդ դեպքում հիվանդությունն այլևս անկարող է հեշտորեն փոխանցվել մեկից մյուսին, քանի որ մարդկանց մեծ մասն անխոցելի են։ Սա հիվանդությունից պաշտպանում է անգամ նրանց, ում պատվաստել չի կարելի, օրինակ՝ նորածիններին։ Կոլեկտիվ իմունիտետը նաև կանխում է վարակի բռնկումները, խոչընդոտելով հիվանդության տարածմանը։ Հիվանդությունն, այդպիսով, ավելի հազվադեպ է դառնում, երբեմն, անգամ, հիմնահատակ վերանալով։
Կարո՞ղ է երեխաս հիվանդանալ պատվաստանյութից
Պատվաստանյութերը չափազանց ապահով են, և լուրջ կողմնակի ազդեցությունները հազվադեպ են։ Պատվաստմանը հետևած վատառողջության կամ տհաճ զգացողության համարյա բոլոր դրսևորումներն աննշան են և ժամանակավոր, ինչպես, օրինակ, սրսկման տեղի զգայունությունը կամ թեթևակի ջերմելը։ Դրանք, հաճախ, հնարավոր է հաղթահարել բժշկի ցուցումով պարզ ցավազրկող ընդունելով, կամ սառը թրջոց դնելով սրսկման տեղին։ Մտահոգված ծնողներին խորհուրդ է տրվում դիմել բուժող բժշկին: Հանգամանալից ուսումնասիրությունները և հետազոտությունները հավաստել են, որ պատվաստանյութերի և աուտիզմի միջև կապի գոյության ապացույց չկա։
Ո՞ր հիվանդություններն են կանխում պատվաստանյութերը
Պատվաստանյութերը երեխային պաշտպանում են այնպիսի ծանր հիվանդություններից, ինչպիսիք են պոլիոմիելիտը, որը կարող է հանգեցնել կաթվածի, կարմրուկը, որը կարող է ուղեղի այտուց և կուրություն առաջացնել, փայտախտը, որից առաջանում են մկանների ցավագին կծկումներ, ուտելու և շնչելու դժվարություն, հատկապես՝ նորածինների մոտ։
Կարո՞ղ եմ հետաձգել պատվաստումը
Լավագույն միջոցներից մեկը, որով կարող եք պաշտպանել երեխային, ձեր երկրի պատվաստումների ազգային գրաֆիկով առաջնորդվելն է։ Ամեն անգամ պատվաստումը հետաձգելով, դուք նպաստում եք հիվանդության առջև երեխայի խոցելիությանը։
Ո՞րն է պատվաստման պարտադիր գրաֆիկը
Իմունիզացիայի գրաֆիկը յուրաքանչյուր երկրում կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ տարածաշրջանում առավել տարածված հիվանդություններից։ Հայաստանում խորհուրդ տրվող պատվաստումների ամբողջական ժամանակացույցին ծանոթանալու համար դիմեք ձեր բժշկին, առողջապահական համապատասխան ծառայություն կամ առողջապահության նախարարություն: