Պայթուցիկ զինամթերքի իրազեկման ծրագիր Լեռնային Ղարաբաղից ժամանած երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կարմիր Խաչի՝ 10 մարզերում հիմնադրած ժամանակավոր կրթական և ժամանցային կենտրոններում լրացուցիչ կրթություն է ստանում 380 երեխա

Լուսին Մկրտչյան
Davit is learning how to stay safe when you came across to mine.
UNICEF Armenia/2021/Azat Gevorgyan
10 Օգոստոս 2021

«Սա շատ լուրջ հարց է, ուշադիր լսեք, որ հանկարծ չվախենաք, - բղավում է 8 տարեկան Դավիթն ու բարձրաձայն ընթերցում, - «ականին չի կարելի ձեռքով դիպչել։ Ճիշտ է, չէ՞, ընկեր Ստեփանյան, չի կարելի դիպչել»։

Ականներ, առաջին անգամ, Դավիթը մոտ տարածությունից տեսել է Լեռնային Ղարաբաղի իր հայրենի գյուղում։ Ընկերներին պատմում է, որ երեխաների հետ խաղալիս անզգուշաբար շատ է հեռացել բակի տարածքից ու հայտնվել մի շինության մոտ, որտեղ չպայթած արկեր են եղել։ Սկզբում կարծել է, թե խաղալիքներ են․

«Բախտս բերեց, հայրս վազելով մոտեցավ ու բռնեց թևիցս», - հիշում է Դավիթը, որ պատերազմի օրերին Ջերմուկ քաղաք է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից։

Two boys are doing their homework in the safe learning centres established by UNICEF.
UNICEF Armenia/2021/Azat Gevorgyan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Ջերմուկում հաստատված բազմաթիվ երեխաներ են Դավիթի կողքին՝ այն դասասենյակում, որտեղ տեղաբնակ երեխաները հետ միասին արդեն մի քանի շաբաթ է, սովորում են պայթուցիկ զինամթերքից և վտանգավոր իրավիճակներից ինքնապաշտպանվելու մեխանիզմներ։

«Պայթուցիկ զինամթերքի իրազեկման ծրագրի» արտաժամյա դասընթացն անցկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Հայկական Կարմիր խաչ ընկերության հետ համատեղ: Գաղափարը ծագել է զինված հակամարտությունների թեժ փուլի ավարտից հետո, երբ երեխաները սկսել են Ջերմուկի դպրոցներ հաճախել:

 

Teacher is playing a basketball with children.
UNICEF Armenia/2021/Azat Gevorgyan

«Այս դասընթացների հիմնական շեշտադրումը իրազեկվածությունն է՝ ինքնապաշտպանությունը ու ճիշտ վարքագիծը, երբ երեխան կարող է հայտնվել ականապատ տարածքում կամ պայթուցիկ զինամթերքին դեմ դիմաց։ Տեղաբնակ երեխաները ծրագրում ընդգրկվել են ժամանած երեխաների ինտեգրումը հեշտացնելու համար։ Այն, հետպատերազմյան վտանգների մասին իրազեկելուց զատ, նաև սոցիալ-հոգեբանական խնդիրների հաղթահարմանն է ուղղվել, քանի որ որոշ երեխաներ պատերազմի ընթացքում կորցրել են ոչ միայն իրենց տունն, այլ նաև ընտանիքի անդամի կամ հարազատի։ Դասընթացի ընթացքում նաև փորձել են հաղթահարել պատերազմի վերսկսման վախի հոգեբանական խնդիրները»։

մանրամասնում է դասընթացավար և Ջերմուկի թիվ մեկ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Ստեփանյանը:
Girl is playing duduk.
UNICEF Armenia/2021/Azat Gevorgyan

«Ես շատ շփվող ու կեսնուրախ աղջիկ եմ, բայց երբ նոր էինք տեղափոխվել, որևէ բան չէի ուզում անել, չէի ուզում խոսել որևէ մեկի հետ։ Ամեն ինչ շատ տխուր էր։ Հիմա՝ էլ չէ։ Այս դասերը շատ օգնեցին ինձ, շա՜տ։ Կամավորական աշխատանքի մասին լսել էի, բայց երբեք չէի պատկերացնում, թե ինչ է դա։ Հետո հասկացա, որ չափազանց կարևոր գործ է ու հիմա ես շատ եմ ուզում ավելին իմանալ ու ինձ շրջապատող երեխաներին էլ կարևոր տեղեկատվություն փոխանցել՝ թեկուզ՝ որպես կամավոր․ գուցե այդպես կարողանա՞մ կյանքեր փրկել», -

կարծես ինքն իրեն հարց է հղում 15-ամյա Անահիտ Գևորգյանը։

«Նպատակ սահմանեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստանի համայնքներում հաստատված երեխաներին, ինչպես նաև՝ սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաներին սովորեցնել անվտանգ վարքագծի կանոններն ու նպաստել նրանց ինտեգրմանն ու շփմանը: 10 մարզերում հիմնեցինք ժամանակավոր կրթական կենտրոններ՝ տրամադրելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատուկ մշակված ժամանցային և կրթական պարագաներ՝ արտակարգ իրավիճակներում երեխաների առօրյան կազմակերպելու համար: Ի սկզբանե ժամանակավոր կրթական կենտրոնները ստեղծվեցին տեղահանված երեխաների կրթության շարունակականությունը ապահովելու նպատակով, որովհետև ակնկալվում էր, որ նրանք, կարճ ժամանակ անց՝ պատերազմի ավարտից հետո, պետք է վերադառանան իրենց բնակավայրեր։ Հետո պարզ դարձավ, որ որոշ երեխաներ չեն վերադառնալու և այդ կենտրոնները սկսեցին ծառայել որպես լրացուցչ կրթության և ժամանացային կենտրոններ, որոնք նաև միտված էին ապահովելու տեղահանված երեխաների սոցիալական ներառումը»:

 

ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանը

Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 20 ուսուցիչներ, որոնք պետք է աշխատեն երեխաների հետ և նրանց անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերեն։ Այսօր ժամանակավոր կրթական կենտրոններ են հաճախում ավելի քան 380 երեխա։ Զուգահեռ` ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները միասին պատրաստել և լայնորեն տարածել են կրթական ու իրազեկման նյութեր, ինչպիսիք են օրինակ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն․ ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ» ուսուցողական գրքույկն ու «Զգուշացի՛ր, ականներ են» պաստառները։

«Մեր երեխաներին պաշտպանելու համար պետք է նրանց սովորեցնենք անվտանգ վարքագծի կանոնները․ ինչ անել բնական աղետների, պատերազմների և մնացած հնարավոր վտանգների ժամանակ։ Ցավոք, արդեն սերտել ենք, որ նման աղետները գալիս են առանց նախազգուշացման, ուստի պետք է հենց այսօրվանից նախապատրաստվենք »,- ամփոփեց Ալվարդ Պողոսյանը։

Վեց տարեկան Միլենա Շելունցը հաճույքով է գալիս կենտրոն․ հատկապես տպավորվել է պայթուցիկ նյութերից պաշտպանվելու խաղերից, բայց դասերին ամենաշատը սիրում է պատմել իր երազանքների մասին։

Milena is playing a ball.
UNICEF Armenia/2021/Azat Gevorgyan

«Իմ տունը մնացել է Լեռնային Ղարաբաղում, շատ եմ կարոտում։ Մենք մեր գյուղից ամենավերջինն ենք դուրս եկել։ Հավես է այստեղ։ Երեխաներն են լավը, շատ ենք խաղում։ Երբ խաղում ենք, այդ պահերին մեր տան մասին չեմ մտածում։ Այստեղ ինչ նոր բան սովորում եմ, գնում եմ տուն ու քուրիկիս, եղբորս եմ սովորեցնում։ Ապերս այս աշուն բանակ է գնալու, իր համար շատ կարևոր է ականների, պայթուցիկ նյութերի մասին իմ սովորածներն ու պատմածները», -

ժպտալով պատմում է Միլենան։

«2020թ-ի իրադարձություններով պայմանավորված, Լեռնային Ղարաբաղից մեծ թվով բնակչություն տեղափոխվեց Հայաստան։ Նրանց մեծ մասը պլանավորում է հետ վերադառնալ, բայց պատերազմական իրադրությամբ պայմանավորված, այդ տարածքներում պայթուցիկ զինամթերքի առկայության մեծ ռիսկ կա։ Շեշտադրելով Լեռնային Ղարաբաղից տեղափոխվածների անվտանգության հարցերը, նաև երեխաների կարիքներին արագ արձագանքելու խնդիրը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ շատ արագ կյանքի կոչեցինք այս ծրագիր, որը կարևոր է ոչ միայն անվտագության և ռիսկերի կանխարգելման տեսակետից, այլև՝ հոգեբանական տեսանկյունից, որովհետև տեղահանվածների մեծ մասին նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ», - պատմում է Դավիթ Հակոբյանը՝ Հայկական Կարմիր Խաչի աղետների կառավարման բաժնի աշխատակիցը։

Davit Hakobyan is working with a child at safe learning centres established by UNICEF.
UNICEF Armenia/2021/Azat Gevorgyan

Ծրագրի մասնակիցներից 6 տարեկան Անի Արսենյանին մշտապես ուղեկցում է մայրը՝ Նարինե Խանոյանը։ Նշում է, որ երեխայի ազատ ժամանակը լրացնելու ավելի լավ տարբերակ այս պահին դժվար թե գտներ։

Նրա դստեր, Անիի համար դասերը տպավորիչ են․ հատկապես՝ սիրում է զանազան խաղերը։ «Ուրախ եմ, որ շատ ենք խաղում այստեղ, համ էլ՝ լիքը կարևոր բաներ ենք սովորում», ասում է Անին։

Mother and daughter in the safe learning centres established by UNICEF.
UNICEF Armenia/2021/Azat Gevorgyan

«Երեխաներն այստեղ նախ չշփվելու բարդույթներից են ազատվում։ Շատ ռացիոնալ են օգտագործում ժամանակը, ականներից զգուշանալ ու տարրական անվտանգության կանոններն են սովորում, ինչը իսկապես կարևոր է։ Այստեղ նաև սովորում են թիմային աշխատանք, սովորում են կարգապահություն ու այնքան բան գիտեն, որ նույնիսկ ես, այս տարիքում, չգիտեմ», -

ոգևորված պատմում է Նարինեն։

Մասնակիցներից՝ 12 տարեկան Միքայել Հովհաննիսյանն էլ պակաս ոգևորված չէ։ Շարունակ պատմում է ճարտարապետ դառնալու պլաններից։

Mikayel is playing with a ball together other children in the group.
UNICEF Armenia/2021/Azat Gevorgyan

«Կարող եք մտածել, որ այս դասերը «չի կարելիների» մասին է, բայց այդպես չէ։ Մենք այստեղ հաճախ խոսում ենք նաև մեր երազանքներից, սովորում օգնել մարդկանց:Ես ուզում եմ ճարտարապետ դառնալ։ Տատիկս ասում է, որ ինձ համար կարևոր է հասկանալ ականների աշխատանքը, որ իմ շենքերը գեղեցիկ լինելուց բացի, նաև անվտանգ լինեն »,-

պատմեց Միքայելը։