Նախադպրոցական կրթությունը Շամուտ գյուղում այլևս երազանք չէ
Շամուտը մեկն է այն 12 բնակավայրերից, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ բացվել են այլընտրանքային նախադպրոցական կենտրոններ
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Լոռու մարզի անտառածածկ լեռներով շրջապատված Շամուտում, ինչպես Հայաստանի մի շարք գյուղերում, արդեն քանի-քանի տարի էր մանկապարտեզ չկար։
«Մանկապարտեզ եղել է 80-ականներին, բայց ֆինանսների բացակայության պատճառով փակվել է. միայն այս գյուղում չի, շատ տեղերում են փակել»,- ասում է հազիվ մոտ երեք հարյուր բնակիչ ունեցող Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը։
Գյուղի չորսամյա բնակիչ Մերին և նրա տարեկիցներին հազիվ թե բախտ վիճակվեր մանկապարտեզ հաճախել, եթե նկատի ունենանք, որ մոտակա մանկապարտեզը գտնվում է ոտքով մի ժամվա հեռավորության վրա, իսկ տրանսպորտը ոչ միշտ է հասանելի։
«Մեծս նախադպրոցական կրթություն չի ստացել, ու արդեն զգում եմ, թե ինչքան բան ա կորցրել. էն ժամանակ մանկապարտեզ չկար մեր գյուղում», - ասում է Մերիի մայր Նուշիկը՝ նկատի ունենալով Մերիի ավագ քրոջը։

Մերին ու իր տարեկիցներն ավելի բախտավոր են։ Շամուտը մեկն է այն տասներկու բնակավայրերից, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ բացվել են այլընտրանքային նախադպրոցական կենտրոններ 3-6 տարեկան երեխաների համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի փոքր գյուղերի երեխաները ևս կարողանան ստանալ նախադպրոցական կրթություն, բայց դեռ շատ ջանք ու ներդրում է պահանջվում, որպեսզի այն իրական ու հասանելի դառնա Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար:
Ինչպես ցույց են տալիս բազմաթիվ ուսումնասիրություններ, կյանքի առաջին հինգ տարիները որոշիչ են երեխայի հետագա զարգացման համար։
Այս շրջանում մարդը մտավոր և էմոցիոնալ առումով զարգանում է անհամեմատ արագ, և բաց թողնված ժամանակը հետագայում հնարավոր չէ վերականգնել: Այս շրջանում նախադպրոցական կրթությունը բացառիկ կարևորություն ունի. այն փոքրուց ուսման հանդեպ ձգտում է սերմանում, օգնում է դպրոցում ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել և հետագայում ավելի մեծ հաջողությունների հասնել աշխատանքում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր ստանում են նախադպրոցական կրթություն, 25 տոկոսով ավելի շատ եկամուտ կունենան հետագա կյանքում՝ այդպիսով նպաստելով աղքատության նվազմանը մոտ 13 տոկոսով և փաստորեն, ավելի բարեկեցիկ հասարակության ձևավորմանը:
«Մեծս առաջին դասարանում էր սովորում էն, ինչ փոքրս արդեն գիտի չորս տարեկանում: Այս շրջանում նա շատ է փոխվել` գիտելիքը, նիստուկացը։ Սովորել է հաշվել, ոտանավորներ է սովորել»,- նախադպրոցական կրթության կենտրոնից և դրա գործունեությունից տպավորված՝ ասում է Նուշիկը:
Երեխայի մտավոր և հոգեբանական զարգացման համար, անշուշտ, կարևոր է շփումը հասակակիցների հետ, սեփական եսի և շրջակա աշխարհի ընկալումը, բազմազան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելը։ Ուշադրություն, հիշողություն, կենտրոնացում, երևակայություն. մանկապարտեզներն ու նախադպրոցական կրթության կենտրոններն օգնում են մանուկներին այս հմտություններն ավելի արագ զարգացնել շփման, պարապմունքների, խաղերի և վարժությունների միջոցով։
«Նախադպրոցական կրթությունը Հայաստանում բավական դժվարամատչելի է՝ հատկապես հեռավոր գյուղերում, որոնցից շուրջ 400-ը իսպառ զրկված են այդ հնարավորությունից»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։
«Իրականացվող ծրագրի շնորհիվ ներկայումս նախադպրոցական կրթության կենտրոններ կան 12 բնակավայրում, որոնցից 8-ը Սյունիքում են, իսկ 4-ը՝ Լոռու մարզում. ավելի քան 120 երեխա արդեն հաճախում է այդ կենտրոններ»
Շամուտի դպրոցում գործող կենտրոնը նպաստում է, որպեսզի համայնքի փոքրիկներն իրենց կյանքը սկսեն զարգացմանն առավել նպաստող պայմաններում։
Նուշիկը կարծում է, որ նախադպրոցական կրթության կենտրոններում ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները լավ հիմք են դպրոցի համար։
«Առաջին դասարանին լավ պատրաստ կլինեն երեխեքը. մինչև էդ աղջիկս ոտանավոր չգիտեր, հիմա արդեն արտասանում ա, հինգ տարեկան չկա, բայց մինչև երեսունը հաշվում ա, այնինչ առաջին դասարանի երեխեք կան՝ էդքանը չգիտեն»,- ասում է Նուշիկը:
«Ծնողները սկզբում մտածում էին՝ երեխաներն առանց իրենց չեն ցանկանա մնալ այդ կենտրոններում. միջավայրը նոր էր, բայց հետո սովորեցին ու հիմա հաճույքով են գալիս»,- սկզբնական դժվարությունների մասին իր փորձառությամբ է կիսվում նախադպրոցական կրթության կենտրոնի դաստիարակը` Մանեն։
Ոգևորությունն աստիճանաբար փոխանցվել է նաև ծնողներին։ Ըստ դաստիարակի` ծնողները վստահ են, որ իրենց երեխաները հանգիստ են ու վստահելի ձեռքերում են։
«Նույնիսկ նրանք, ում երեխաները երեք տարեկանից փոքր են, ուզում են իրենց փոքրիկներին բերել մեզ մոտ», - ասում է նա։ «Ծնողներն ուրախ են, որ առաջին հերթին երեխաները շփվում են հասակակիցների հետ։ Դպրոցում իրենց հեշտ կլինի, որովհետև արդեն ընկերներ ունեն: Բացի այդ, այստեղ շատ բան են սովորում, տանն այդքան ժամանակ չի մնում երեխաներով զբաղվելու համար», - ասում է Մանեն, ով նույնպես ոգևորված է ծրագրից և նրա արդյունքներից։
Համայնքի նախադպրոցական կրթության կենտրոնում երեխաները մնում են մինչև ցերեկվա ժամը երկուսը: Այս ընթացքում խաղում են, տարբեր պարապմունքների են մասնակցում՝ մաթեմատիկա, գրաճանաչություն, բանաստեղծություններ ու երգեր են սովորում, հեքիաթներ լսում, պարում և տարբեր զարգացնող խաղերով զբաղվում:
Ի դեպ, այս կենտրոնի բացումը դրական է ազդել ոչ միայն երեխաների ու նրանց ծնողների, այլև ողջ համայնքի կյանքի վրա։
«Գյուղի կյանքում առաջընթաց կա: Առաջ հաճախ էի լսում ծնողներից` այստեղ երեխաները նորմալ կյանք չունեն, իսկ հիմա նման խոսակցություններ այլևս չկան, այսինքն ինչ-որ բան փոխվել է: Հիմա մտածում են, որ երեխաները նորմալ մանկություն ու ապագա կունենան այստեղ»:
Գյուղապետ Վանյանը համակարծիք է։ «Նախադպրոցական կրթության կենտրոնը լավ բան է. երեխաներին զարգացման հնարավորություն է տալիս, իսկ մայրերն էլ այդ ընթացքում կարողանում են այլ գործերով զբաղվել։ Հույս է առաջանում վաղվա օրվա նկատմամբ», - ասում է նա և ափսոսանքով նշում՝ «Այ որ սենց բան լիներ մի 10-15 տարի առաջ, շատ ավելի լավ կլիներ»։
Մատուցվող ծառայության որակը գտնվում է ֆինանսավորող կազմակերպության ուշադրություն կենտրոնում։ «Պարբերաբար մշտադիրակում ենք իրականցնում՝ վստահ լինելու համար, որ մատուցվող ծառայության որակը համապատասխանում է պետականորեն սահմանված չափորոշիչներին։ Ծրագրի շրջանակում մշակվել է նաև ձեռնարկ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների նախադպրոցական կրթությունը կազակերպելու համար»,- ասում է Ալվարդը։
Շամուտի նախադպրոցական կրթության կենտրոնի մոդելը, ավանդական մանկապարտեզի համեմատ, աչքի է ընկնում իր բարձր ծախսարդյունավետությամբ:
Շամուտի նախադպրոցական կրթության կենտրոնի մոդելը, ավանդական մանկապարտեզի համեմատ, աչքի է ընկնում իր բարձր ծախսարդյունավետությամբ: Նախ, մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ երեխայի զարգացման համար ավելի կարևոր է նախադպրոցական հաստատութուն հաճախելու տևողությունը տարեկան կտրվածքով, քան այն, թե քանի ժամ է երեխան անցկացնում այնտեղ։ Այսպիսով, հաճախման ժամերի սակավությունը հնարավորություն է տալիս քիչ ծախսով ապահովել ցանկալի արդյունք։
Աշխատուժի առումով մոդելը հինգ անգամ ավելի քիչ ծախս է պահանջում: Քանի որ երեխաների թիվը փոքր համայնքներում քիչ է, այս կենտրոններում աշխատում է ընդամենը 1-2 դաստիարակ: Ամբողջ ներուժով աշխատելու դեպքում մոդելը ստեղծելու համար մեկ երեխայի հաշվով 320,000 դրամ ներդրում է պահանջում, ինչը 27%-ով ավելի քիչ է, քան օրինակ, գնահատվել էր Լոռու մարզի մեկ այլ գյուղում՝ Մարցում, ավանդական մանկապարտեզ հիմնելու ծախսը: Նախադպրոցական հաստատության ծախսերը նվազում են նաև արևային համակարգերի շնորհիվ, որոնք տեղադրվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ։ Այս համակարգերը նաև նվազեցնում են ծառայությունների՝ շրջակա միջավայրի և կլիմայի վրա հնարավոր ազդեցությունը ու ապահովում են կենտրոնների գործունեության կայունությունը:

Գյուղական բնակավայրերում նախադպրոցական կրթության խնդրի լուծումն ամենափոքր բնակիչներին հնարավորություն է տալիս լիարժեք մանկություն ու բարեկեցիկ ապագա ունենալ, իսկ նրանց ծնողներին հույս է ներշնչում ապագայի նկատմամբ։
Սակայն, ցավոք, այս մոդելը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գործում է Հայաստանի ընդամենը 12 գյուղական բնակավայրերում, և շատ փոքրիկներ դեռ չունեն նախադպրոցական կրթություն սռանալու հնարավորություն։
Եթե մենք բոլորս մեր ուժերի չափով ջանք և նյութական ներդրում ունենանք այս գործում, ապա Հայաստանի բոլոր՝ այդ թվում և հեռավոր ու փոքր գյուղերում, նախադպրոցական կրթությունը կլինի իրական և հասանելի, ինչպես Շամուտում: