Յուրաքանչյուր երեխային՝ իրավունքներից յուրաքանչյուրը. Մարիամ Պապոյան, կրթական հարցերով առաջամարտիկ

«Եթե ուզում ենք, որ կրթության գործընթացը չօտարվի կյանքից, պետք է կյանքը բերենք դպրոց»

Անջելա Հոուք
Մարիամը կանգնած է Երևանի պետական համալսարանի հիմնական շենքի միջանցքում։
UNICEF Armenia/2019/Anush Babajanyan

27 Նոյեմբեր 2019

Այս պատմությունը երիտասարդ առաջամարտիկների մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ստեղծած պատմությունների շարքի մի մասն է։ Պատմություններ, որոնք պատրաստել ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի առթիվ և որոնք ներկայացնում են երիտասարդների ձայներ՝ հանուն այլ երիտասարդների իրավունքների պաշտպանության։


«Ինձ տանը միշտ ասում էին, որ սովորելով շատ բանի կարող եմ հասնել և կարող եմ անգամ մեր երկիրը ավելի լավը դարձնել», -ասում է Մարիամ Պապոյանը՝ շեշտելով, որ միշտ աշխատել է լավ սովորել։

Եվ դա նրան հաջողվել է, թեև ոչ այնպես, ինչպես ցանկանում էր: Իրականում, ոչ թե դասարանում նրա ձեռքբերումները, այլ դպրոցական տարիների խնդիրներն ու դժվարությունները նրան ստիպեցին խորհել կրթության մասին ու իր համար բացահայտումներ անել։ Կամաց-կամաց Մարիամը դարձավ կրթության կրքոտ ջատագով: Այսօր նա բարձրաձայնում է այնպիսի կրթության կարևորության մասին, որը աշակերտներին կպատրաստի 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին՝ համոզված լինելով, որ այն կենսական նշանակություն ունի ժողովրդավար և բարգավաճ հասարակության համար:

Այսօր արդեն 18-ամյա Մարիամը նրանցից է, ով հանգիստ չի նստում և ընդունում աշխարհն այնպես, ինչպիսին այն կա: Եթե կա խնդիր, ապա նա փնտրում է լուծումներ: Իսկ խնդիրը ծագեց այն պահից, երբ նա զգաց, որ ավագ դպրոցում կորցնում է հետաքրքրությունն ու սովորելու ձգտումը:

Մարիամը նստած է Հանրապետության հրապարակում։
UNICEF Armenia/2019/Anush Babajanyan

«Այնպես չէր, որ մի օր ես արթնացա և ասացի, որ պիտի փոխեմ կրթական համակարգը: Ամեն անգամ, երբ զգում էի, որ այլևս սովորելու ձգտում չկա, որ հոգնում եմ դասի ժամին, չեմ ուզում լսել, դպրոցը համարում էի մի վայր, որտեղ ազատություններս սահմանափակվում են՝ ինձ ներքուստ պատասխանատու էի համարում դրա համար: Ես ուզում էի ինչ-որ բան փոխել այն աշակերտների համար, ովքեր դեռ նոր են հաճախելու դպրոց»:

Մարիամի համար դժվար էր կենտրոնանալ այն դասերի վրա, որոնք պետք էր սովորել անգիրի և կրկնության օգնությամբ՝ բոլորի՝ թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների համար պարտադիր ծրագրով, որը այնքան էլ կապ չուներ իրական աշխարհի հետ: Ըստ նրա՝ «Շատ հաճախ մենք ստանում էինք գիտելիք, որը, իմ կարծիքով, բոլորովին անհրաժեշտ չէր»:

«Ինձ համար իրոք դժվար էր նույն բանը լսել 15-ից 20 անգամ։ Ես զգում էի, որ րոպեներն եմ հաշվում մինչև հաջորդ զանգը՝ զննելով ինձ շրջապատող երեխաների հագուստի կոճակները: 15-ից 20 աշակերտից կազմված դասարան, այսինքն՝ 15-ից 20 մարդ՝ տարբեր ընտանիքներից, տարբեր մտածողությամբ, կենսափորձով ու հետաքրքրություններով: Բոլորին նույն ձևով վերաբերվելը և բոլորից նույն արդյունքները պահանջելը նույնն է, ինչ «ձկան և փղի կարողությունները ծառ մագլցելու նրանց ունակությամբ ստուգելը», - հավելեց նա:

Մարիամը հասկանում և ընդունում է, որ նույն խնդրին բախվում են ուսուցիչները ևս: «Աշակերտներին ուսուցիչը տալիս է այն գիտելիքը, որը նախատեսված է տվյալ օրվա դասացուցակով: Իսկ այդ պարտադրանքի ճնշող զգացողությունը ուսուցչից աշակերտին է փոխանցվում»:

Ելույթ, որը կյանքում շրջադարձային եղավ

Իրավիճակին համակերպվելու փոխարեն Մարիամը վճռեց ավելին իմանալ երեխաների իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի և երեխաներին վերաբերող որոշումների կայացմանը նրանց մասնակցելու իրավունքի մասին: Ըստ նրա՝ «Շատ դժվար է համաձայնել արդեն իսկ կայացված որոշումների հետ, եթե չես մասնակցել դրանց կայացմանը»:

Նա սկսեց իր մտքերը թղթին հանձնել: Դեռևս 11-րդ դասարանում նա կրթության մասին հոդված գրեց երիտասարդ թղթակիցների համար նախատեսված կայքէջում: Ըստ նրա՝ գրելու փորձի կատարելագործմանը զուգընթաց՝ ավելանում էր իր գրածին արձագանքող մարդկանց թիվը: Դրանից հետո TEDx-ը դիմեց նրան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ելույթ ունենալու առաջարկով:

Երեխայի իրավունքների համաշխարհային օրը՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ին, Մարիամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ հայտնվեց ՀՀ Նախագահին, կրթության և գիտության նախարարին, ինչպես նաև՝ առաջատար ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեններին ու 100-ից ավելի երեխաներին դեմառդեմ: Նա իր մտահոգությունները հայտնեց կրթության որակի և դպրոցների ուսումնական ծրագրում 21-րդ դարի հմտությունների բացակայության վերաբերյալ՝ առաջարկելով ներկայիս կրթությունը կատարելագործելու սեփական լուծումները:

Մարիամը առաջ քաշեց կրթական այնպիսի համակարգի գաղափարը, որում կխրախուսվեն աշակերտների կողմից հարցերի առաջադրումը և ավանդական տեսակետների վիճարկումը, և որի պայմաններում կրթությունը կապված կլինի տնտեսական զարգացման հետ: Նա ներկայացրեց Աշակերտների գնահատման միջազգային ծրագրի տվյալներ, համաձայն որոնց՝ աշխատուժի քննադատական մտածողությունը և խնդիրներ լուծելու կարողությունը կարող են բացատրել ամենաբարձր և ամենացածր տնտեսական ցուցանիշներ ունեցող երկրների միջև տարբերությունը: «Բացի այդ, - նշեց նա իր խոսքում, - Fortune 500 վարկանիշային ցուցակում ընդգրկված ընկերությունների տվյալներով՝ գործատուների կողմից պահանջվող ավանդական «գրելու, կարդալու, հաշվելու» հմտությունները տեղը զիջում են թիմային աշխատանքին, ներաձնային և բարդ խնդիրների լուծման հմտություններին»:

Մարիամը նաև մտահոգություններ հայտնեց կրթության համար պետական բյուջեից հատկացվող միջոցների կրճատման կապակցությամբ՝ կրթությունը համարելով «ոլորտ, որը պատասխանատու է երկրի զարգացման համար»:

Մարիամի դպրոցի արձագանքը չուշացավ, և այդ արձագանքը դրական էր: Դպրոցի տնօրենը նրան խնդրեց հարցաշար մշակել բոլոր աշակերտների համար՝ հարցնելով նրանց տեսակետներն ու գաղափարները իրենց կրթության վերաբերյալ: Դրանում տեղ գտավ առաջարկությունների համար նախատեսված «Փոխի՛ր կամ համակերպվի՛ր» արկղիկ, որպեսզի աշակերտները կարողանան անանուն կերպով խնդիրներ բարձրաձայնել, լուծումներ առաջարկել, ինչպես նաև՝ քննարկում ծավալել:

«Ես շատ ուրախ եմ, որ սա հիմա արդեն իրականացվում է իմ դպրոցում», - ասաց Մարիամը: «Այն, ինչ ինձ չէր հաջողվում այդքան երկար ժամանակ, հաջողվեց այդ ելույթի շնորհիվ»:

Մարիամը նստած է երևանի պետական համալսարանի գրադարանում։
UNICEF Armenia/2019/Anush Babajanyan

 

 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ելույթ ունենալը կյանքիս վճռորոշ պահերից մեկն էր: Ես ունեի ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած հարթակը, սակայն հազարավոր աշակերտներ կան, ովքեր կուզեին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, բայց, այ, հարթակ չունեն»:

Կրթություն, որը կխթանի ժողովրդավարությունը և երեխայի իրավունքները

Մարիամի անցած ճանապարհը ստիպեց նրան դպրոցում ունեցած սեփական խնդիրները վերածել կրթության հետ կապված ընդհանուր մարտահրավերների, կրթության դերի և երեխայի իրավունքների կարևորության շուրջ քննարկման:

«Կրթության համակարգը, անշուշտ, կբարելավվի, եթե գործի դրվեն ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնց հիմքում ընկած կլինեն աշակերտակենտրոն մոտեցումները: Դուք ստիպված չեք լինի համոզել ձեր երեխաներին, որ դպրոց գնան, և մենք, ի վերջո, կդադարենք մեր ժամանակը սպանել դասարանների պատերի ճաքերն ու ճեղքերն ուսումնասիրելով»:

Մարիամն իր ընկերների հետ նստած այգում զրուցում է։
UNICEF Armenia/2019/Anush Babajanyan

«Եկե՛ք դառնանք այնպիսի հասարակություն, որտեղ երեխաները կիմանան, թե ինչ իրավունքներ ունեն և կիրացնեն իրենց իրավունքները, իսկ եթե այդ իրավունքները խախտվեն, նրանք կբարձրաձայնեն այդ մասին»:

Կրթության մասին նրա պատկերացումների համաձայն, ժողովրդավարությունն ու պատասխանատվության զգացումը պետք է սկսվեն դպրոցում: «Մենք պետք է ժողովրդավարությունը ամրապնդենք դպրոցներում, եթե ուզում ենք ժողովրդավարական հասարակություն ունենալ: Ես թույլ կտայի, որ յուրաքանչյուր աշակերտ իր համար ընտրեր ցանկացած առարկա և, հնարավորության դեպքում, ուսուցիչներին: Որովհետև այդ ժամանակ նրանք կհասկանային, որ դասընթացի ավարտին իրենց առջև ծառացած խնդիրները իրե՛նց խնդիրներն են, քանի որ իրե՛նք են ընտրություն կատարել և իրե՛նք են պատասխանատու դրանց համար»:

Մարիամը այժմ քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրում Երևանի պետական համալսարանում՝ նպատակ ունենալով իր կարիերան նվիրել զարգացմանն ուղղված քաղաքականությանը: Սակայն նա շարունակում է սովորել սովորելու մասին՝ խորապես հետաքրքրվելով կրթական և գիտական նյարդաբանությամբ, ինչպես նաև՝ այն հարցով, թե ինչպես կարելի է կատարելագործել ստեղծարար մտածողությունը: «Ես սկսեցի մտորել ամենակարևոր հարցի շուրջ. ինչպե՞ս եմ ես սովորում»:

Մարիամը Երևանի պետական համալսարանի գրադարանում։
UNICEF Armenia/2019/Anush Babajanyan

 «Չափազանց կարևոր է սիրել կրթվելու գործընթացը»: