ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման գործում
Երեխայի իրավունքները ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության սիրտն են

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի կազմակերպություն է, որը պարտավորվել է ամենուրեք պաշտպանել յուրաքանչյուր, հատկապես՝ առավել խոցելի երեխաների իրավունքները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը միակ կազմակերպությունն է, որը նշված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում՝ որպես մասնագիտական աջակցության և խորհրդատվության աղբյուր:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջնորդվում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և ձգտում է հաստատել երեխաների իրավունքները որպես կայուն բարոյական սկզբունքներ և սահմանել երեխաների նկատմամբ վարքագծի միջազգային չափանիշներ:
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ներկայացուցչության շնորհիվ` ՅՈՒՆԻՍԵՖ-ն ի վիճակի է հասնել այնպիսի վայրեր, որոնք անհասանելի են ուրիշներին, և այդպիսով մենք երեխաների կյանքը բարելավելու առանձնահատուկ հնարավորություն ունենք:
Մենք ունենք երեխաների հետ աշխատելու և երեխաների իրավունքները պաշտպանելու ավելի քան 70 տարվա փորձ:
Մասնակից պետությունների հետ մեր համագործակցության, համաշխարհային վստահության և բարի համբավի, բազմաթիվ պետություններին տրամադրած նշանակալի մասնագիտական և ֆինանսական աջակցության շնորհիվ՝ այսօր մենք յուրահատուկ կարգավիճակ ունենք երեխաների իրավունքների պաշտպանության հարցում՝ ապահովելով իրավունքների մշտադիտարկումն ու Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը:
Խթանելով Երեխայի իրավունքների կոնվենցիայի վավերացումը և աջակցելով Կոնվենցիայի ու դրան կից արձանագրությունների իրականացմանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում է բարելավել օրենքներն ու ընթացակարգերը և իրազեկել երեխաների իրավունքների մասին հասարակության բոլոր շերտերին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝
• Աջակցում է կառավարություններին արտացոլել Կոնվենցիայի սկզբունքները երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մեջ, ձևավորել անհրաժեշտ օրենսդրություն, զարգացնել համապատասխան ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունները:
• Մասնակցում է վերահսկողության գործընթացի տարբեր փուլերին՝ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելով կառավարություններին՝ կարևոր ազգային զեկույցները նախապատրաստելուց առաջ:
• Աջակցում է Երեխայի իրավունքների կոմիտեին ՝ մասնակցելով կոմիտեի կողմից ներկայացված հաշվետվությունների դիտարկմանը:
• Համագործակցում է կառավարությունների հետ` Կոմիտեի դիտարկումների վերաբերյալ ռազմավարությունների մշակմանն ու գործողությունների կատարմանն աջակցելով:
• Երաշխավորում է, որ այն ձայները, որոնք հաճախ մնում են չլսված, արտացոլվեն Կոմիտեին ներկայացվող տեղեկատվության մեջ: Օրինակ՝ հասարակության բոլոր մակարդակներում կազմակերպելով լայնաշերտ խորհրդակցություններ, կանանց և երեխաների իրավիճակի վերաբերյալ գրավոր զեկույցներ ներկայացնելով Կոմիտեին և խրախուսելով հասարակական այլ կազմակերպություններին Կոմիտեին ներկայացնել նաև իրենց զեկույցները: