ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայստանում իր գործունեության 25-ամյակը․ պատմում են աշխատակիցները

Հարցազրույց Արմինե Տեր-Ղևոնդյանի հետ, ով արդեն 24 տարի աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ում

Ժաննա Ուլիխանյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի օգնական Արմինե Տեր-Ղեվոնդյանը։
UNICEF Armenia/2016/Publicis

06 Դեկտեմբեր 2019

Ինչպե՞ս սկսեցիք աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ում։

Արմինե - 1995թ-ի սեպտեմբերն էր, դասավանդում էի Երևանի պետական համալսարանում: Անգլերենի դասագրքերն այն ժամանակների համար նոր էին և դրանց մեջ կային նյութեր միջազգային կազմակերպությունների, նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին: Հետաքրքրվեցի, իմացա, որ Հայաստանում արդեն բացվել էր ՄԱԿ-ի գրասենյակ: Այդ տարիներին Հայաստանում դեռ համացանց չկար, նորմալ հոսանք չկար, ու լուրերը, տեղեկատվությունը հիմնականում մարդկային շփման միջոցով էին տարածվում։ Այդպես՝ ընկերներիցս մեկը ինձ ասաց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ադմինիստրացիայում թափուր պաշտոն կա՝ արժե դիմել: Դիմեցի ու սկսեցի աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ում: Հիմնական ակնկալիքս նոր, նախկինից տարբեր բաներ սովորելն էր:

Երբ եկա ՅՈՒՆԻՍԵՖ, շատ ոգևորված էի: Այն օրերի մեր հայաստանյան իրականության համեմատ, այստեղ լրիվ ուրիշ մոլորակ էր՝ աշխատանքը եռում էր, անընդհատ ստանում էինք արկղներով առաջին անհրաժեշտության իրեր բաշխելու համար, նաև բազմաթիվ գրքույկներ, պաստառներ աշխարհի շատ երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության մասին։ Սկզբում գրասենյակում աշխատում էր մոտ 12-13 հոգի։ Այսօր համարյա երեք անգամ ավելի շատ ենք։ Եթե այն ժամանակ հիմնականում կրթության ու առողջապահության ծրագրեր էինք անում, այսօր շատ ավելի բազմաբնույթ խնդիրների շուրջ ենք աշխատում։ Այն տարիներին ՄԱԿ-ի չափանիշներով Հայաստանը գտնվում էր արտակարգ իրավիճակում, այդ պատճառով էլ շատ մեծ էր մատկարարման բաղադրիչը։ Մինչև վերջին սարի գլխի գյուղ հասնում էին մերոնք ու առաջնահերթ իրեր էին մատակարարում դպրոցներին և բուժհիմնարկներին։

Հստակ հիշում եմ, որ 1998թ-ին մեր նոր ղեկավարը հավաքեց բոլորիս ու հայտնեց , որ այսուհետ Հայաստանը թևակոխում է զարգացման նոր փուլ ու սկսելու ենք աշխատել զարգացման ծրագրերի ուղղությամբ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ում 24-ամյա աշխատանքի ընթացում ամենաշատը հպարտ եք, որ․․․

Արմինե – Ես արդեն վաղուց համակարգում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերը, և թեկուզ առողջապահության ծրագրում չեմ աշխատել, բայց ինձ համար պատվաստման ծրագիրը եղել է չափազանց հրատապ ու առաջնային կարևորության մի բան։ Իննսունական, նույնիսկ երկուհազարական թվերի սկզբներին, երբ ինձ հարցնում էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերից, միանգամից վրա էի բերում՝ «պատվաստումները»։

Ես ինձ այնքան լավ էի զգում, որ իմ կազմակերպությունը այդ կենսական կարևոր հարցը լուծում է, որ մեր երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ երեխաները գոնե պատվաստումների առումով պաշտպանված են:

Ինչու՞մն է կայանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներդրումը ձեր գործունեության ոլորտում։

Արմինե – Ես գործնական մի օրինակով կարող եմ հրաշալի նկարագրել մեր գործելաոճը։

20 տարի առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջինն էր, որ խոսեց ներառականության մասին։ Մենք այդ գաղափարախոսությունը ներդրեցինք Հայաստանում ՝ սկզբում փորձնական ծրագրեր իրականացրինք, միջազգային փորձագետներ հրավիրեցինք վերապատրաստումների համար։ Տասնամյակներ են անցել, այդ ոլորտում կա առաջընթաց, նաև՝ բազմաթիվ խնդիրներ։ Հենց այսօր ամփոփեցինք մի ծրագիր, որ «Դասավանդիր Հայաստանի» հետ միասին էինք անում։ Մշակեցինք նոր հայեցակարգ, այսօրվա պահանջներից բխող, արդիականացված գործիքակազմով վերապատրաստման նոր մոդուլներ: Ընտրվեցին 60 վերապատրաստող-մենթորներ, ովքեր Հայաստանի երեք մարզերում կօգնեն ուսուցիչներին հզորացնել իրենց  ներառական կրթության մասնագիտական կարողությունները։ Սրանով նաև կլուծվի ուսուցիչիների շարունակական մասնագիտական զարգացման հարցը: Փաստորեն, այսքան տարի հետո կրկին ՅՈՒՆԻՍԵՖ-ն է, որ ներառական կրթության ոլորտում որոշիչ դերակատարություն է ունենում՝ ճիշտ պահին կատարելով ճիշտ միջամտություն: Իսկ ամենակարևորն այն է, որ հաջորդ մարզերում ծրագիրը կիրականացվի արդեն պետական ֆինանսավորմամբ։

Սա է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործելաոճը. մշակել նոր մոդել, փորձարկել, արդյունավետությունը գնահատել և փոխանցել կառավարությանը՝ պետական միջոցներով շարունակականությունը ապահովելու համար: Ահա հիմնականում այս ձևով ենք ապահովում խնդիրների կայուն ու երկարաժամկետ լուծումները:

Ձեր ամենասիրած ծրագիրը։

Արմինե – Նախորդ պատասխանում պատմում էի մի հրաշալի ծրագրի մասին, որի հաջողությունից, ճի՛շտ է, գոհունակություն եմ զգում, բայց որն այնքան էմոցիա չի տալիս, որքան այլընտրանքային կարճօրյա նախակրթարանների մեր ծրագիրը։ Վերջինս փոքր համայնքների համար մշակված մոդել է, որը նման է ավանդական մանկապարտեզին, բայց այստեղ երեխաները մնում են մոտ 4 ժամ, չեն քնում, սակայն ստանում են այն գիտելիքն ու շփումը, որն անհրաժեշտ է վաղ մանկական տարիքում երեխայի կարողությունների զարգացման համար։ Հայաստանի շատ գյուղերում մանկապարտեզներ չկան, ու փաստորեն խախտվում է երեխայի կրթության իրավունքը։ Եղել է գյուղ, որ այս կենտրոնը ստեղծել ենք երեք-չորս երեխայի համար, նույնիսկ մե՛կ երեխայի համար. Գորիս համայնքի Բարձրավան գյուղում կենտրոնը հիմնելիս, գիտեինք, որ այդ տարի երեքից վեց տարեկան միայն մեկ երեխա կար։ Բայց այդ մե՛կ երեխան էլ կրթություն ստանալու իրավունք ունի, չէ՞։ Եվ պատկերացեք, որ երկու տարի հետո այցելեցինք նույն կետրոն, տեսանք՝ արդեն 5 երեխա է հաճախում։

Սա իսկական համայնքային զարգացման ծրագիր է՝ բնակիչները ակտիվորեն աջակցում են ծրագրին՝ գիտակցում են, որ իրենց երեխաների համար է, իսկ դաստիարակները ընտրվում են հենց համայնքի միջից: Երբ գյուղում կա նախադպրոցական ծառայություն, գյուղը մի տեսակ ծաղկում է, բնակչությունը ավելանում, եղել են ծնողներ, որ այս առթիվ հրաժարվել են արտագաղթելու գաղափարից: Արժէ ապրել այս ծրագիրը տարածելու ու Հայաստանում բոլոր երեխաների համար կրթության, զարգացման ճիշտ հիմք ձևավորելու համար։

Ի՞նչ եք ցանկանում Հայաստանի յուրաքանչուր երեխայի համար

Արմինե - Ախր դժվար է մի բան ցանկանալ։ Առաջինը, որ մտքովս անցնում է՝ որ լինի առողջ․․․նաև կրթված․․․ հետո մտածում եմ, որ դա էլ է քիչ՝ կուզեմ որ լինի ինքնահատաստված, երջանիկ։ Բայց այդքանն էլ ինձ չի բավարարում: Ուզում եմ որ ամեն երեխա լա՛վ ճանաչի Հայաստանը, իսկ եթե ճանաչի՝ վստա՛հ եմ՝ ամբողջ կյանքում կսիրի իր երկիրը։