Մտքեր ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ Հայաստանի տարբեր մարզերում ապրող երիտասարդների մտորումներից

Այս արտասովոր ժամանակներում երիտասարդները շարունակում են կրթություն ստանալ և շփվել ընկերների հետ, բայց՝ առցանց

ՅՈՒՆԻՍԵֆ Հայաստան
Երիտասարդների մեկնաբանություններով գրված նշումներ են, որոնք ամրացրած են ցիան պատին։
UNICEF Armenia
14 Մայիս 2020

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում դպրոցների և կրթական հաստատությունների փակ լինելու պատճառով Հայաստանում ավելի քան 391,143 երիտասարդ անցել է հեռավար կրթության։ Մենք խնդրել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի UPSHIFT և Առողջամարտիկ ծրագրերի մասնակիցներին պատմել, թե ինչպես են իրենց գործերն ընթանում այս օրերին։

UPSHIFT-ի շնորհիվ երիտասարդները ստանում են 21-րդ դարի հմտություններ, իսկ Առողջամարտիկի շնորհիվ Հայաստանում ավելի քան 3000 6-15 տարեկան աշակերտ սովորել է առողջ սնուցման և առողջ ապրելակերպի կարևորությունն ու գաղտնիքները։

 

Ռիտան Գյումրիում մասնակցում է ԱՓՇԻՖՏ ծրագրի բութքեմթին, նա սեղանի շուրջ իր թիմի հետ քննարկում է իրենց ծրագիրը։
UNICEF Armenia/2019/Ghazaryan
Տետրի թղթի վրա Ռիտայի մեկնաբանությունն է համավարակի ժամանակ դասերից հետ չմնալու մասին։
UNICEF Armenia

Ռիտա, 17 տարեկան, Գյումրի` Շիրակ։ 

Զարթուցիչս արդեն մի ամիս է, ինչ չի զնգում։ Ինձ համար սովորական դարձած ժամին արդեն արթուն եմ, բայց չեմ շտապում։ Արդեն սովորական դարձած առօրյան փոխարինել եմ ձանձրալի ու միատոն, բայց և անվտանգ առօրյայով։ Արթնանալուց հետո առաջինն, ինչ անում եմ լվացվելն է․ մի բան, որ պարտադիր է մեր իսկ անվտանգության համար։ Հետո կարճ մարզանք եմ անում, ինչով էլ պայքարում եմ նստակյացության դեմ։ Երբ Հայաստանում փակվեցին բոլոր դպրոցները, մեր դպրոցը անմիջապես անցավ հեռավար ուսուցման։ Ճիշտ է` դպրոցն ընդմիշտ օնլայն դասերով փոխարինելու մասին չեմ էլ ուզի մտածել, բայց դա կրթություն ստանալու միակ տարբերակն է։ Առնվազն՝ այսօր։ Դասերի ավարտից հետո սովորաբար մաքրում եմ սենյակս ու օգնում մայրիկիս։ Չնայած հագեցած գրաֆիկիս՝ չեմ մոռանում համեղ ու օգտակար սնվելու մասին։ Իմիջիայլոց, հիմա ավելի շատ ժամանակ ունեմ հոբբիներիս համար: Ես սերիալների և ֆիլմերի մեծ երկրպագու եմ և հիմա ունեմ հնարավորություն դիտել ֆիլմերիս ամբողջ ցուցակը։ Մոռացա նշել ամենակարևորի՝ ընկերներիս մասին, ում տեսնելու հնարավորություն չունեմ, բայց ում հետ շփվում ենք թե՛ տեսազանգերի և թե՛ զանգերի միջոցով։ Այս ժամանակահատվածն ինձ տվեց հնարավորություն գնահատելու այն ամենն, ինչ ունեմ։ Վերջում ուզում եմ հիշեցնել․ մնացե՛ք տանը, պահպանե՛ք անվտանգության կանոնները և առողջ եղե՛ք:

 

 

Արմանը տանը համակարգչի առջև նստած մասնակցում է առցանց դասին։
Personal archive
Արմանի մեկնաբանությունն է կարծես տետրի վրա ձեռագիր գրված, որտեղ նա նշում է, որ օրը հետաքրքրացնելու համար ամեն օր մի նոր զբաղմունք է գտնում։
UNICEF Armenia

Արման, 12 տարեկան։ Ջերմուկ՝ Վայոց ձոր

Դժվարին իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Մարդիկ պարտադրաբար զրկվել են ազատ տեղաշարժման իրավունքից՝ հանուն իրենց և իրենց մտերիմների առողջության։ Ճիշտ է ,գարնանային այս արևոտ օրերին դժվար է ամբողջ օրն անցկացնել տանը, սակայն ես ամեն օր փորձում եմ գտնել որևէ նոր զբաղմունք։ Օրվա մի քանի ժամը հատկացնում եմ հեռավար ուսուցմանը։ Մեր օնլայն դասերն անցնում են հետաքրքիր, երբեմն էլ զավեշտալի պահեր են լինում։ Բայց դրանք շատ նման են մեր սովորական դասերին։ Օրվա մի մասն էլ հատկացնում եմ համակարգչային խաղերին։ Զբաղվում եմ երաժշտությամբ։ Նվագում եմ փողային գործիքներ։ Մտքիցս դուրս չեն գալիս դպրոցական օլիմպիադաները, որոնք մնացին անավարտ, սակայն հուսով եմ՝ կշարունակվեն։

 

 

Լարիսան տանը իր գրասեղանին նստած գրում է իր տնայի աշխատանքները։
Personal archive
Լարիսայի մեկնաբանությունն է, որտեղ նա կոչ է անում բոլորին մնալ տանը։
UNICEF Armenia

Լարիսա, 15 տարեկան։ Արարատ՝ Արարատ  

Բոլորս հիմա գտնվում ենք շատ բարդ իրավիճակում։ Մնալով տանը` ես փորձում եմ կանխել վիրուսի տարածումը։ Իմ կարանտինը ես անցկացնում եմ տատիկիս հետ` գյուղում։ Մտահոգվելով նրա առողջության մասին` նրա փոխարեն ես եմ կատարում գնումները և հնարավորինս փոքրացնում եմ իր շփումը մարդկանց հետ։ Առավոտյան 1 ժամ տրամադրում եմ սպորտին, վարժություններ անում և տատիկիս նույնպես խրախուսում եմ անել նույնը։ Աշխատում ենք ճիշտ սնվել` օգտագործելով բազմատեսակ բանջարեղեն։

Սովորելով քննական դասարանում` այս ժամանակը անցկացնում եմ քննություններին պատրաստվելու համար։ Մշտական կապի մեջ եմ ուսուցիչներից մի քանիսի հետ, ովքեր օգնում են ինձ յուրացնել դասը։ Համադասարանցուս հետ կատարում ենք ֆիզիկայի, մաթեմատիկայի առաջադրանքները։ Մասնակցում եմ դպրոցի օնլայն դասերին, որոնք հիմնականում սկսվում են 11 ին կամ 12-ին, բայց հաճախ, ինտերնետային վատ կապի պատճառով, չեղարկվում են։ Անկեղծ ասած՝ ինձ մոտ ավելի լավ է ստացվում ինքնուրույն դաս անելը, քան` օնլայն դասերին մասնակցելը։ Հաճելին և օգտակարը համատեղելով` կարդում եմ արկածային գրքեր: Շաբաթական 2 անգամ կատարում եմ աշխատանքներ #Թումոտնից-ի միջոցով։ Օրվա մեջ նաև ֆիլմեր եմ դիտում։ «Կինոմանների և գրքասերների» անդամներին խրախուսում եմ դիտել հետաքրքիր ֆիլմեր, որոնք կքննարկենք, երբ ամեն ինչ իր հունի մեջ ընկնի։

Անցկացնելով համեմատաբար շատ ժամանակ տանը` հարազատներիս հետ, և դիտելով ամբողջ աշխարհում կատարվող իրավիճակը` ես սկսեցի ավելի շատ գնահատել այն, ինչ ունեմ՝ ընկերներիս, նրանց հետ անցկացրած ամեն մի պահը, ազատ շարժվելուս իրավունքը։

 

 

Գոռն իր կենսաբանության դասն է անում առցանց։ Միայն այդ գիրքն է, որ բրայիլով է բոլոր դասագրքերից;
Personal archive
Գոռի մեկնաբանությունն է, որտեղ նա խոսում է դպրոցում անցկացվող և առցանց անցկացվող դասերի նույն խնդիրներից։
UNICEF Armenia

Գոռ, 13 տարեկան, Երևան

Կարանտինի օրերին օրվա մեծ մասը դաս եմ անում։ Արդեն հարմարվել եմ հեռավար կրթությանը, բայց հաստատ նախընտրում եմ իրական կյանքն ու իրական դպրոցը։ Իրականում դասարանում դասս ավելի հեշտ էի սովորում։ Ուսուցչի բացատրածի մեծ մասը մտաբերում էի, հիմա մայրիկի ուսերին ավելի շատ բան է ընկած, նա ինձ շատ է օգնում։ Բայց պետք է ասեմ, որ թե՛ դպրոցում, թե՛ առցանց դասերի ժամանակ նույն խնդիրներն են․ ամբողջ գրքերիցս միայն կենսաբանության գիրքն է, որ բրայիլով է։ Դրա համար կամ պետք է սերտել ուսուցչի պատմածը կամ կրկին մայրիկին խնդրել կարդա դասը, որպեսզի կարողանամ սովորել այն։ 

Իհարկե, կարանտինն իր դրական կողմն էլ ունի, օրինակ՝ հեռավար դաս անել սովորեցինք, սկսեցինք բացահայտել մեզ ու մեր ընտանիքի անդամներին։ Ես միշտ էլ հետաքրքրասեր էի, բայց քանի որ ժամանակս շատացել է, սկսել եմ ավելի շատ բաներով հետաքրքվել։ Կարանտինի շնորհիվ հասկացա, որ ամեն վայրկյան կյանքում ամեն ինչ կարող է փախվել ու կրկին համոզվեցի, որ պետք է գնահատել այն, ինչ ունես, ու ամեն վայրկյանն ապրել։

Այս օրերին ավելի շատ եմ անում այն, ինչ սիրում եմ, կարդում եմ և դաշնամուր եմ նվագում։ Հիմա կարդում եմ Մուսալեռան 40 օրը՝ աուդիո տարբերակով։ Մինչ այդ Արմեն Մալխասյանի «Լամասարի գեղեցկուհին» էի կարդում՝ արդեն բրայիլյանով։ Շա՜տ հետաքրքիր գիրք է, խորհուրդ եմ տալիս առիթից օգտվել ու կարդալ։

Շատ եմ կարոտել դասընկերներիս, Երևանի աղմուկը, Երևանի հոտը։ Կարոտում եմ նաև լողիս դասերը։ Անհամբեր սպասում եմ՝ երբ է այս ամենն ավարտվելու, որպեսզի նորից լողալու գնամ։

Ուզում եմ բարձրաձայն ասել կարգախոսս, գուցե ոմանց ոգեշնչի․ «Շարժվել միշտ առաջ, ու ինչ էլ որ լինի, չվախենալ խոչընդոտներից, նույնիսկ կորոնայի նման մեծ խոչընդոտներից»։

 

 

Մանեն տանը դաշնամուր է նվագում։
Personal archive
Տետրի թղթի վրա Մանեի մեկնաբանությունն է, որտեղ նա կոչ է անում բոլորին մնալ տանը։
UNICEF Armenia

Մանե, 11 տարեկան։ Սիսիան՝ Սյունիք

Անկեղծ ասած՝ այս օրերը ամենևին ինձ համար տարօրինակ չեն, քանի որ ես իմ օրերը փորձում եմ ավելի հետաքրքիր և հագեցած դարձնել՝ գրքերով, դասերով, ինչպես նաև՝ երաժշտությամբ և պարերով:☺️

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ես առաջին հերթին փորձում եմ զերծ մնալ սուր շնչառական վարակներով մարդկանցից, պահպանում եմ հիգիենայի կանոնները: Փորձում եմ առողջ սնվել, մասնակցում եմ հեռավար դասերին, ինչպես նաև՝ շարունակում եմ իմ հիմնական հոբբին՝ սպորտով զբաղվելը: Ժամանակս օգտագործում եմ արդյունավետ․հա՛մ հանգստանում եմ, հա՛մ զբաղվում եմ սպորտով, հա՛մ դասերս եմ անում: Այս ընթացքում հասկացա, որ առողջության համար պետք է պայքարել և պետք է տանը մնալ։ ՄՆԱ՛ ՏԱՆԸ: 😷😷😷

 

 

Դրսում խոտերի վրա նստած աղջիկը գրում է մատիտով տետրի մեջ։
UNICEF/Anush Babajanyan VII
Աննայի մեկնաբանությունն է՝ գրված թղթի վրա, որտեղ նա բոլորին հույս է տալիս, որ լավ է լինելու։
UNICEF Armenia

Աննա, 14 տարեկան։ Մեծամոր՝ Արմավիր  

Այս իրականությունն իմ կյանքում շատ բան չի փոխել, բայց օգնել է հասկանալ կարևոր մի բան։ Հիմա ավելի շատ եմ սիրում ընկերներիս, հարազատներիս, ավելի եմ կարևորում միասին անցկացրած օրերն ու ուղին: Այս օրերին ես ինքնակրթությամբ եմ զբաղվում: Զարգացնում եմ անգլերենս և ուսումնասիրում հայոց լեզու: Հետևում եմ սննդակարգիս՝ աշխատելով առողջ սնվել: Մասնակցում եմ հեռավար դասերին, որպեսզի ծրագրից հետ չընկնեմ: Ցավոք, տնից տուրս չեմ գալիս, որպեսզի զբոսնեմ, գնումներ կատարեմ, օգնեմ մարդկանց: Իրականությունը մեզ դեռ շատ բան կստիպի հասկանալ ու ըմբռնումով մոտենալ կյանքի ամեն քայլին։ Մեկս մյուսին  մեղադրելու փոխարեն, եկե՛ք հետևենք պարզ կանոններին՝ հաճախակի լվանանք ձեռքերը և պահպանե՛նք ֆիզիկական հեռավորություն։ Ամեն բան ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ, սիրելինե՛րս։