Մի պտղունց աղ
Աղը հաստատուն կերպով յոդով հարստացնելով՝ Հայաստանն արդեն մեկ տասնամյակ է՝ հաղթահարել է օրգանիզմում յոդի անբավարար քանակի խնդիրը

- Հայերեն
- English
«Ես միշտ մայրիկիս օգնում եմ կերակուր պատրաստելիս. ես աղն եմ ավելացնում»,- ասում է 4-ամյա Ավետը՝ նշելով, որ ուտել շատ է սիրում: «Մայրիկս միշտ ինձ ասում է, որ մենք շատ քիչ աղի կարիք ունենք, ընդամենը մեկ պտղունց»:
Ավետին հանդիպեցինք մանկապարտեզում, ուր գնացել էինք՝ պարզելու՝ ինչ գիտեն երեխաներն աղի մասին: Նա ինձ զարմացրեց. չնայած իր տարիքին՝ նա բավականին տեղեկացված էր ու անգամ գիտեր, որ իր մեկամյա քրոջ ճաշիկներում աղ չպետք է ավելացնի:
Պատկերացնու՞մ եք՝ մի պտղունց աղը կարող է օգնել կարևոր խնդիրներ լուծելու հարցում: Աղը հաստատուն կերպով յոդով հարստացնելով՝ Հայաստանն արդեն մեկ տասնամյակ է՝ հաղթահարել է օրգանիզմում յոդի անբավարար քանակի խնդիրը՝ պաշտպանելով նորածիններին ուղեղի հնարավոր վնասներից և IQ-ի նվազումից:
Յոդացված աղ
Քսան տարի առաջ Հայատանում յոդի անբավարարության խնդիր կար: 1995թ.-ին Առողջապահության նախարարությունը, համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, հետազոտություն իրականացրեց, որը ցույց տվեց, որ լեռնային շրջաններում հղի կանանց 50%-ը և դպրոցահասակ երեխաների 40%-ը վահանաձև գեղձի խնդիրներ ունեն: Պարզվեց նաև, որ ազգային մակարդակում յուրաքանչյուր երրորդ հղի նույնպես այդ խնդիրն ունի:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության նախարարության՝ աղը յոդով հարստացնելու աշխատանքները սկսվեցին 1997թ-ից:

Ազգային արտադրողը՝ «Ավան աղ»-ը, յոդացված աղը պարտադիր դարձնելու կառավարության որոշումից նույնիսկ ավելի շուտ սկսեց յոդով հարստացնել հասարակության սպառման իր ողջ արտադրանքը: Ութ տարի անց՝ 2005թ-ին Առողջապահության նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Յոդի գլոբալ ցանցի հետ Հայաստանի բոլոր մարզերում, բացառությամբ Վայոց ձորի, կրկին ազգային հետազոտություն իրականցրեց: Հետազոտությունը փաստեց, որ Հայաստանում յոդի յուրացումը կրկին բավարար մակարդակ ունի, և արդեն 2006թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ Հայաստանում յոդի անբավարարության խնդիր այլևս չկա:
Տասը տարի անց՝ 2016-2017 թթ-ներին Առողջապահության նախարարությունը ազգային հետազոտություն իրականացրեց Հայաստանի 13 քաղաքներում: Արդյունքները նույնպես փաստեցին, որ յոդի անբավարարության խնդիրն այսուհետ կարելի է լուծված համարել:
Յոդի անբավարարությունը կանխարգվող մտավոր հետընթացի հիմնական պատճառն է:
Յոդի անբավարարություն
Այն հիմնականում վտանգավոր է հղիության ժամանակ և վաղ մանկական տարիքում: Ավելին, յոդի նույնիսկ աննշան անբավարարությունը կարող է հանգեցնել սովորելու կարողության նշանակալի նվազման:
Այս ամենն իմանալով՝ իսկապես ուրախ ենք, որ Ավետը և Հայաստանում բոլոր երեխաներն օգտագործում են յոդացված աղ: Երբ մանկապարտեզում հետքրքրվում էինք աղի օգտագործման մասին, պարզվեց, որ տկն Հասմիկը, ով արդեն 28 տարի մանկապարտեզում խոհարար է աշխատում, օրական 200 երեխայի համար կերակուր է պատրաստում: Ի դեպ, Ավետն արդեն ասել էր, որ տկն Հասմիկը շատ համեղ է պատրաստում: Որոշեցինք մանկապարտեզում աղի օգտագործման մասին հարցնել տկն Հասմիկին:
«Հիշում եմ՝ երբ դեռ նոր էի սկսել մանկապարտեզում խոհարարի աշխատանքս, մենք սովորական աղ էինք օգտագործում: Բայց արդեն 20 տարի կլինի, ինչ միայն յոդացված աղ ենք գնում: Ուրախ եմ, որ ինձ հայտնեցիք երեխաների առողջության համար յոդացված աղի կարևորության մասին»:

Ծրագրի հաջողությունը և տարածելու արժանի փորձը
Յոդի գլոբալ ցանցը Աղը յոդով հարստացնելու հայաստանյան ծրագիրը հայտարարել է որպես հաջողված ծրագիր և տարածելու արժանի փորձ: «Այս ծրագիրը հաջողվեց կազմակերպությունների և Հայաստանի ղեկավարության արդյունավետ համագործակցության շնորհիվ»,- նշված է Յոդի գլոբալ ցանցի 45-րդ պարբերականում:
Բացի վերը նշվածից՝ Յոդի գլոբալ ցանցը Հայաստանյան փորձից առանձնացրել է նաև հետևյալ դասերը՝
- Հայաստանը տվյալների հասանելի և արդյունավետ արձանագրման կարիք ունի,
- Աղը յոդով հարստացման հաջողված փորձն ավելի լավ զննելով՝ կարելի է այն պրոյեկտել այնպիսի միկրոտարրերի անբավարարությունը թիրախավորող ծրագրերի վրա, ինչպիսիք են ֆոլաթթուն, երկաթն ու Ա վիտամինը:
- Հետազոտական հիմք ունեցող ծրագիրը պետք է որպես լավագույն փորձ վերլուծել և հաղորդել բնակչությանը՝ բուժական համայնքի/բուժ հիմնարկների միջոցով: