Մի լոգոյի պատմություն
Կաթ խմող երեխայից մինչև երեխային վեր բարձրացնող ծնող․ ահա թե ինչպիսի լոգոներ ենք ունեցել տարբեր տարիներին

1946 թվական
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպության թիվ 57(I) բանաձևի հիման վրա՝ Երկրորդ աշխարհամարտից հետո երեխաներին օգնություն տրամադրելու նպատակով։ Ի սկզբանե այն կոչվում էր Միավորված ազգերի կազմակերպության արտակարգ իրավիճակում հայտված երեխաների հիմնադրամ և գործում էր որպես ՄԱԿ-ի՝ ժամանակավոր աջակցություն տրամադրող հիմնադրամ։ Որպես այդպիսին, այն իրավունք ուներ կիրառել ՄԱԿ-ի տարբերանշանը (լոգո)։
1953 թվական
1953 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անորոշ ժամանակահատվածով երկարացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը՝ խոցելի երեխաներին աջակցություն տրամադրելու նպատակով։ Արդեն որպես ՄԱԿ-ի առանձին գործակալություն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծում է իր ուրույն տեսողական ինքնությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին լոգոյի վրա պատկերված է մեկ բաժակ կաթ խմող երեխա, որը ցույց է տալիս կազմակերպության այդ ժամանակաշրջանի հիմնական գործունեությունը, այն է՝ երեխաներին կաթ տրամադրել/մատակարարել։ Այս լոգոյի վրա շարունակում են երևալ ՄԱԿ-ի լոգոյի որոշ տարրեր, այն է՝ ձիթենու ճյուղեր երկրագնդի ֆոնին՝ խորհրդանշելով այն կազմակերպությունը, որի վրա հիմնված է/ (մայր կազմակերպությունը) «Կաթ խմող երեխան» դառնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհրդանիշը։
1960-ական թվականներ
Քանի որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրության կենտրոնում հայտնվում են երեխաների ավելի մեծ կարիքներ, փոխվում է նաև կազմակերպության լոգոն։ 1960-ականներին «կաթ խմող երեխա»-ին գալիս է փոխարինելու «երեխային վեր բարձրացնող մայրը»։ Սա նաև կապված է 1959 թվականին «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման հետ, որը բացի առողջ սնուցումից, ամրագրում է նաև երեխայի պաշտպանության, կրթության, առողջապահության, ապաստան ունենալու իրավունքները։
Երեխային վեր բարձրացնող մոր այս շարժումը խորհրդանշում է այն հույսը, ապահովությունը և ուրախությունը, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը տալիս է ծնողներին և նրանց երեխաներին։ Այս շարժումը խորհրդանշում է էներգիա և ոգևորություն՝ արտացոլելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի լավատեսությունն ու յուրաքանչյուր երեխայի համար մատուցվող արդյունքները։
1975 թվական
1975 թվականին լույս է տեսնում ստանդարտ գլոբալ լոգո, որը պահպանում է « մոր և մանկան» խորհրդանիշը, որպես «unicef» հապավման «i» տառի կետ։ Սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին լոգոն, որ գրանցվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում։
1978 թվական
Թեև պահպանվում են 1975 թվականի լոգոյի հիմնական տարրերը, վերանայվում է տառատեսակը՝ ժամանակի որոշ գերկշռող թրենդերին համապատասխանեցնելու համար։
1986 թվական
1986 թվականին, համընկնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի 40-ամյակի հետ, տարբերանշանը կրկին փոփոխության է ենթարկվում։ Տառատեսակը դառնում է Futura bold, իսկ գույնը՝ PMS Reflex Blue կապույտ` սևի փոխարեն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը թողարկում է Նույնականացման գրաֆիկական չափորոշիչների ձեռնարկը՝ բրենդի վերաբերյալ կազմակերպության առաջին ուղեցույցը։ Լոգոն ՅՈՒՆԻՍԵՖ-ի անվանումն է փոքրատառերով և հաստ տառատեսակով, ինչպես նաև «մոր և մանկան» խորհրդանիշը։ Դիզայնի մոտեցումը համահունչ է տվյալ ժամանակաշրջանի շվեցարական ոճին՝ մինիմալիստական։ Ի տարբերություն նախորդների, այս լոգոն ավելի ցայտուն է և հստակ՝ դրան տալով համընդհանուր ճանաչելիություն և պարզություն։
2001 թվական
2001 թվականին ստեղծվում է մեզ այսօր ծանոթ լոգոն՝ տարբեր հարթակներում գործածելու ուղեցույցով։ Գույնը PMS Reflex Blue-ից դառնում է PMS Process Cyan/ցիան։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բրենդի նոր գունային պալիտրան ներառում է նաև այլ չեզոք գույներ՝ ցիան, դեղին, վարդագույն, մանուշակագույն՝ նպատակ ունենալով փոխանցել/ներկայացնել երեխաների աշխուժությունը։ Լոգոն ավելի ոճային և պարզեցված է։ «Մոր և մանկան»
խորհրդանիշն արդիականցվում է՝ արտացոլելու ավելի ընդհանրական կերպար։
2008 թվական
ՅՈՒՆԻՍԵՖ-ի թեգլայնը դառնում է «Միավորվե՛նք հանուն երեխաների»։ Նախկինում գործողության այս կոչը կիրառվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արշավների համար՝ ի լրումն «Միավորվե՛նք ընդդեմ ՁԻԱՀ-ի» և «Միավորվե՛նք հանուն խաղաղության» կոչերի։ «Միավորվե՛նք հանուն երեխաների» արշավների համար կիրառվող գործողության կոչից բրենդի ստորագրություն դառնալը շեշտադրում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի շահերի պաշտպան լինելու դերը՝ ի աջակցություն Հազարամյակի զարգացման նպատակների և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի։ «Միավորվե՛նք հանուն երեխաների» կոչը ցույց է տալիս, թե ինչպես է կազմակերպությունը համախմբում տարբեր ոլորտենրի գործընկերներին՝ երեխաների համար արդյունքների հասնելու համար։
2016 թվական
2016 թվականին «յուրաքանչյուր երեխայի համար»-ը դառնում է բրենդի ռազմավարությունն ու լոգոյի մաս դառնում։ «Յուրաքանչյուր երեխայի համար»-ը կապված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համընդհանուր մանդատի հետ, այն է՝ պաշտպանել երեխայի իրավունքներն ամենուր, ինչպես նաև՝ ներառում կազմակերպության առաքելությունը՝ առավելություն տալ ամենախոցելի երեխաներին։
Մոդուլարությունն այս լոգոյի առանցքային բաղադրիչներից է։ «Յուրաքանչյուր երեխայի համար»-ը բրենդի մի մասն է միայն։ Երկրորդ մասը ներառում է բառեր, որ ցույց են տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի շրջանակը։ Օրինակ՝ «յուրաքանչյուր երեխայի համար հույս», «յուրաքանչյուր երեխայի համար հնարարավորություն», «յուրաքանչյուր երեխայի համար արժանապատվություն»։ Այս լոգոն մեզ հնարավորություն է ընձեռում ընդգծել երեխաների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև՝ այն հույսը, որ մենք ունենք նրանց ապագայի համար։