Միֆեր և փաստեր՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ

Անդրադառնում ենք ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ առավել տարածված ապատեղեկատվությանը և ներկայացնում հերքող փաստեր

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոններ
Nurse holding disposable vaccine syringe
UNICEF/UNI77059/Holmes
03 Օգոստոս 2022

Պատվաստման մասին ճշգրիտ տեղեկատվություն ունենալն անչափ կարևոր է. այն կարող է օգնել վերջ դնելու տարածված միֆերին ու ապատեղեկատվությանը: Սակայն հաճախ դժվար է հասկանալ, թե տեղեկատվության ո՞ր աղբյուրներն են վստահելի: Ստորև ձեզ ենք ներկայացնում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ միֆեր և փաստեր, որոնք կօգնեն ստանալ մի շարք հարցերի պատասխանները։

Իմացեք ավելին պատվաստանյութերի մասին:

ՄԻՖ․ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը պարունակում են վտանգավոր բաղադրիչներ։

ՓԱՍՏ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի գրեթե բոլոր բաղադրիչները նաև մի շարք սննդամթերքի բաղադրիչներ են՝ ճարպեր, շաքարներ և աղեր:

Պատվաստանյութերի բաղադրիչները տարբերվում են՝ կախված արտադրողից: ՔՈՎԻԴ-19-ի դեմ Պֆայզեր (Pfizer-BioNTech) և Մոդեռնա (Moderna) պատվաստանյութերը պարունակում են ինֆորմացիոն ՌՆԹ (mRNA), իսկ Յանսեն (Johnson & Johnson/Janssen) պատվաստանյութը պարունակում է վիրուսի անվնաս տարբերակը, որը կապված չէ ՔՈՎԻԴ-19 հարուցող վիրուսի հետ: Սինոֆարմ (Sinopharm) պատվաստանյութն օգտագործում է ՔՈՎԻԴ-19 հարուցող ապաակտիվացված պաթոգեններ, հետևաբար դրանք չեն կարող վարակել բջիջները և բազմանալ, բայց առաջացնում են իմունային պատասխան: Նովավաքս (Novavax) պատվաստանյութը ներառում է ՔՈՎԻԴ-19 հարուցող վիրուսի անվնաս բաղադրիչներ (սպիտակուցներ), այդ բաղադրիչները հաճախ կոչում են «Սպայկ սպիտակուցներ»։ Այս սպիտակուցները հրահանգում են մեր օրգանիզմի բջիջներին իմունիտետ ձևավորել, որի շնորհիվ՝ ապագայում մենք պաշտպանվում ենք ՔՈՎԻԴ-19-ից։ Երբ օրգանիզմը իմունիտետ է ձևավորում, այն «դեն է նետում» պատվաստանյութի բոլոր բաղադրիչները, ճիշտ այնպես, ինչպես «դեն է նետում» ցանկացած տեղեկատվություն, որի կարիքը բջիջներն այլևս չունեն։ Այս գործընթացը մարմնի բնականոն գործունեության մի մասն է:

ՄԻՖ․ Իմունիտետը, որ ձեռք եմ բերում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդանալուց հետո, ավելի ամուր է, քան պատվաստման միջոցով ձևավորվող իմունիտետը:

ՓԱՍՏ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելը ՔՈՎԻԴ-19-ի նկատմամբ իմունիտետ ձևավորելու ավելի անվտանգ և հուսալի միջոց է, քան ՔՈՎԻԴ-19-ով հիվանդանալը։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումն առաջացնում է ավելի կանխատեսելի իմունային պատասխան, քան ՔՈՎԻԴ-19-ով վարակվելը։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելով՝ մարդկանց մեծամասնության մոտ ձևավորվում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ ամուր պաշտպանություն և կարող է լրացուցիչ պաշտպանություն ապահովել այն մարդկանց համար, ովքեր արդեն հիվանդացել են ՔՈՎԻԴ-19-ով: Համաձայն հետազոտության տվյալների՝ այն անձանց շրջանում, ովքեր ՔՈՎԻԴ-19-ով հիվանդանալուց և առողջանալուց հետո չեն պատվաստվում, ավելի քան 2 անգամ մեծանում է կրկնակի հիվանդանալու հավանականությունը, քան նրանց շրջանում, ովքեր առողջանալուց հետո ստանում են ամբողջական պատվաստում։

Հայաստանում COVID-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքը, բարդությունները, մահվան դեպքերը։ ՔՈՎԻԴ-19-ով հիվանդանալը կարող է որոշակի պաշտպանություն ապահովել ապագայում վարակվելուց, ինչը հաճախ կոչվում է «բնական իմունիտետ», սակայն այդ իմունիտետի պաշտպանության մակարդակը կարող է տարբեր լինել՝ կախված նրանից, թե որքան թեթև կամ ծանր է եղել հիվանդության ընթացքը, վարակվելուց հետո անցած ժամանակահատվածը և մարդու տարիքը։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումը հիվանդությունից պաշտպանություն ձևավորելու ավելի անվտանգ միջոց է, քան ՔՈՎԻԴ-19-ով հիվանդանալը: ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումն օգնում է օրգանիզմին պաշտպանվել՝ ստեղծելով հակամարմիններ՝ առանց հիվանդանալու: Պատվաստվելը կարող է նաև պաշտպանել ձեզ շրջապատող մարդկանց, մասնավորապես՝ նրանց, ովքեր ՔՈՎԻԴ-19-ի հիվանդության ծանր ընթացքի զարգացման բարձր վտանգի տակ են: ՔՈՎԻԴ-19-ով հիվանդանալը կարող է հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի կամ մահվան, և մենք չենք կարող վստահորեն կանխատեսել, թե ում մոտ հիվանդությունը ինչ ընթացք կունենա՝ մեղմ, թե՝ ծանր: Բացի այդ, հիվանդանալով դուք կարող եք նաև ուրիշներին վարակել։ Անգամ ապաքինվելուց հետո ձեզ մոտ կարող է ձևավորվել երկարատև ՔՈՎԻԴ։

ՄԻՖ․ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը առաջացնում են վարակի նոր տարբերակներ։

ՓԱՍՏ։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը չեն ստեղծում վարակի նոր տարբերակներ։ Ընդհակառակը, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը օգնում են կանխարգելել վարակի նոր տարբերակների առաջացումը։

Վիրուսի նոր տարբերակներ առաջանում են, քանի որ ՔՈՎԻԴ-19 հարուցող վիրուսը մշտապես փոխվում է մուտացիայի (փոփոխության) շարունակական բնական գործընթացի արդյունքում: Երբ վիրուսը շարունակում է տարածվել, այն փոխվելու ավելի շատ հնարավորություններ է ունենում։ Բնակչության շրջանում պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակը նվազեցնում է վիրուսի տարածումը և օգնում կանխել նոր տարբերակների առաջացումը:

ՄԻՖ․ Հաղորդված բոլոր ծանր կողմնակի ազդեցությունները պայմանավորված են պատվաստումներով:

ՓԱՍՏ Ծանր կողմնակի ազդեցությունների մասին հաղորդվում է, նույնիսկ եթե պարզ չէ՝ արդյոք պատվաստումն է առաջացրել խնդիրը, թե ոչ: Ուստի միայն հաղորդման տվյալները չեն կարող վկայել, որ ծանր կողմնակի ազդեցությունն առաջացել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հետևանքով:

Հետպատվաստումային դեպքերի մասին որոշ հաղորդումներ կարող են պարունակել տեղեկատվություն, որը թերի է, ոչ ճշգրիտ, պատահական կամ չստուգելի: Պատվաստանյութերի անվտանգությամբ զբաղվող փորձագետները ուսումնասիրում են հաղորդված ծանր կողմնակի ազդեցությունները և պատվաստված անձանց շրջանում առավելագույն թվով հաղորդված դեպքերը: Պատվաստումից հետո հաղորդված ծանր կողմնակի ազդեցությունները, այդ թվում ծանր երևույթները և մահերը, պարտադիր չէ, որ պատճառահետևանքային կապ ունենան պատվաստման հետ:

>> Հետպատվաստումային ծանր կողմնակի ազդեցություններ։

ՄԻՖ․ մՌՆԹ տեսակի պատվաստանյութերը պատվաստանյութ չեն համարվում։

ՓԱՍՏ մՌՆԹ պատվաստանյութերը, ինչպիսիք են Պֆայզերը (Pfizer-BioNTech) և Մոդեռնան (Moderna) օրգանիզմում այլ կերպ են աշխատում, քան մյուս տեսակի պատվաստանյութերը, սակայն նրանք նույնպես իմունային պատասխան են խթանում օրգանիզմում ։

Պատվաստանյութերի այս տեսակը նոր է, սակայն դրանց հետազոտություններն ու մշակումներն իրականացվել են տասնամյակներ շարունակ: մՌՆԹ պատվաստանյութերը կենդանի վիրուս չեն պարունակում: Փոխարենը, նրանք սովորեցնում են մեր օրգանիզմի բջիջներին «Սպայկ» սպիտակուցի անվնաս մասնիկ ստեղծել, որը հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19-ը հարուցող վիրուսի մակերեսին:

Մարդու օրգանիզմում սպիտակուցային մասնիկները առաջացնելուց հետո, բջիջներն այն տեղակայում են իրենց մակերեսին: Այնուհետև իմունային համակարգը սկսում է գիտակցել, որ դա «օտարածին մարմին» է և ցանկանում է դրանցից ազատվել: Այսինքն սկսվում է իմունային պատասխանը՝ արտադրվում են հակամարմիններ՝ ստեղծելով նույն արձագանքը, որը տեղի է ունենում բնական վարակի դեպքում:

Ի տարբերություն մՌՆԹ պատվաստանյութերի՝ այլ տեսակի պատվաստանյութերն օգտագործում են վիրուսից մի մասնիկ կամ դրա թուլացրած տարբերակը, որից պատվաստանյութը պաշտպանում է: Հենց այդ մեթոդով են աշխատում կարմրուկի և գրիպի դեմ պատվաստանյութերը։ Երբ վիրուսի թուլացած կամ փոքր մասնիկը ներարկվում է մեր օրգանիզմ, սկսում են հակամարմիններ արտադրվել, որոնք ապագայում օգնում են պաշտպանվել վարակից:

>>ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերի տարբերությունները:

ՄԻՖ․ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը չիպեր են պարունակում։

ՓԱՍՏ․ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը չիպեր չեն պարունակում։ Պատվաստանյութերը մշակվում են հիվանդության դեմ պայքարելու, այլ ոչ թե մարդկանց տեղաշարժին հետևելու համար։

Պատվաստանյութերն աշխատում են՝ խթանելով մեր իմունային համակարգը արտադրելու հակամարմիններ, ճիշտ այնպես, ինչպես տեղի կունենար հիվանդության ընթացքում։ Պատվաստվելուց հետո վարակի հանդեպ իմունիտետ ենք ձեռք բերում՝ առանց հիվանդանալու։

ՄԻՖ․ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելը կարող է քեզ մագնիսականություն հաղորդել։

ՓԱՍՏ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելը ոչ ձեր օրգանիզմում կամ ներարկման տեղում մագնիսական դաշտ չի առաջացնի։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը չեն պարունակում բաղադրիչներ, որոնք կարող են էլեկտրամագնիսական դաշտ առաջացնել մարմնում կամ ներարկման տեղում։

ՄԻՖ․ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը կարող են փոխել իմ ԴՆԹ-ն։

ՓԱՍՏ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը ոչ մի ձևով չեն փոխում կամ առնչվում մեր ԴՆԹ-ի հետ։

Թե՛ ինֆորմացիոն ՌՆԹ (մՌՆԹ), թե՛ վիրուսի վեկտորային պատվաստանյութերն աշխատում են մեր բջիջներին հրահանգներ (գենետիկական նյութ) տրամադրել, որպեսզի նրանք սկսեն պաշտպանություն ձևավորել ՔՈՎԻԴ-19 հարուցող վիրուսի դեմ։ Այն բանից հետո, երբ օրգանիզմն իմունային պատասխան է ձևավորում, այն ազատվում է պատվաստանյութի բոլոր բաղադրիչներից, ճիշտ այնպես, ինչպես ազատվում է բջիջներին այլևս չպահանջվող տեղեկատվությունից: Այս գործընթացը օրգանիզմի բնականոն գործունեության մի մասն է։

մՌՆԹ պատվաստանյութերի կողմից ներմուծվող գենետիկական նյութը երբևէ չի ներթափանցում մեր օրգանիզմի բջիջների կորիզի մեջ, որտեղ էլ հենց գտնվում է մեր ԴՆԹ-ն: Վիրուսի վեկտորային պատվաստանյութերը գենետիկ նյութ են փոխանցում բջիջի միջուկին՝ թույլ տալու համար մեր բջիջներին պաշտպանություն ձևավորել ՔՈՎԻԴ-19-ի դեմ: Սակայն, վիրուսի վեկտորային պատվաստանյութը չունի այն մեխանիզմը, որն անհրաժեշտ է իր գենետիկ նյութը մեր ԴՆԹ-ի մեջ ինտեգրելու համար, ուստի այն չի կարող փոխել մեր ԴՆԹ-ն: