Մեկ օր փոքր խմբային տանը
Հայաստանում փոքր խմբային տների այս մոդելը ներկայացվել է որպես մեծ հաստատությունների այլընտրանք կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի համար

Օրը փոքր տանը շատ վաղ է սկսվում՝ առավոտյան 6:15, երբ արթնանում է երեխաներից մեկը՝ Ալբերտը: Ընկեր Աիդան նույնպես այդ ժամին է արթնանում Ալբերտի հետ ժամանակ անցկացնելու համար, որպեսզի նա չաղմկի ու թողնի տան մյուս երեխաներին՝ մեկ ժամ ավելի քնել: Բոլորը ուզած-չուզած արթնանում են արդեն ժամը 7:15-ին, լվացում են ու հագնվում: Այս կամ այն հագուստը հագնել-չհագնելու խնդիր, որպես կանոն, չի առաջանում, քանի որ երեխաները քնելուց առաջ միշտ որոշում են, թե ինչ են հագնելու վաղը: Ընկեր Աիդան ընդամենը հետևում է, որ երեխաները եղանակին ու այդ օրվա օրակարգին հարիր հագուստ ընտրած լինեն:
Հայաստանում փոքր խմբային տների այս մոդելը ներկայացվել է որպես մեծ հաստատությունների այլընտրանք կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի համար՝ հիշյալ մեծ հաստատությունների վերակազմակերպման ընթացքում:
Առավոտյան 7:30 բոլորը հավաքվում են տան փոքրիկ, բայց գունեղ խոհանոցում՝ նախաճաշելու: Այնուհետև ընկեր Արմինեն ու ընկեր Էրիկը երեխաներին ուղեկցում են դպրոց: Ու թեկուզ այն շատ մոտիկ է գտնվում՝ հինգ րոպե քայլելու հեռավորության վրա, փոքր երեխաներին միշտ ուղեկցում են, իսկ արդեն համեմատաբար մեծերին թողնում են ինքնուրույն գնալ ու գալ՝ երեխաների մոտ ինքնուրույնություն ձևավորելու նպատակով:

Այսօր չորսամյա Անին մանկապարտեզ չի գնացել. չի ցանկացել, թերևս իմացել է, որ հյուրեր են գալու: Իսկ տան մեծերը այսօր երեխայի ցանկությամբ են շարժվել: Երբ հասանք փոքր տուն, Անին ընկեր Արմինեի հետ դիմավորեց մեզ ու սկսեց վազվզել այգում: Փոքր տան այգին իսկապես հրաշք է՝ դեպի երկինք ձգվող բարձր արծաթափայլ եղևնիներ, հյութեղ կանաչով ներկված ու այգով մեկ փռված գիհիներ, շարքով տնկած դեղին կակաչներ ու նարգիզներ: Այգու մյուս անկյունում երկու տաղավարներն են ու փոքր աղյուսներով շարված գեղեցիկ բուխարին:

Այգուց Անին քաղում է դեղին խատուտիկներն ու վազում տուն: Ես հետևում եմ նրան ու միասին հասնում ենք խոհանոց: Նա հետևում պահած ծաղիկները նվիրում է ընկեր Արմինեին: Արմինեն ժպտացող աչքերով շնորհակալություն է հայտնում ու գրկում նրան: Ոգևորված՝ Անին վազում է այգի ու կրկին ծաղիկներ քաղում, այս անգամ արդեն ծաղիկներն ընկեր Աիդայի համար են: Երբ ծաղիկները տալիս է ընկեր Աիդային, նա նույնպես ժպտալով շնորհակալություն է հայտնում ու մաքրած գազար է տալիս Անիին:
«Երեխաները շուտով դպրոցից գալու են, պետք է հասցնեմ ճաշ եփել ու աղցան պատրաստել,-ասում է Աիդան՝ մաքրելով գազարները»: Հարցիս՝ այսօր ինչ են ուտելու, ընկեր Աիդային հերթ չտալով, գազարը բերանին՝ պատասխանում է ճարպիկ ու անչափ ակտիվ խարտիշահեր գեղեցկուհի Անին: «Այսօր գրեչկայով փլավ է, խինկալի, մեկ էլ՝ գազարով ու կաղամբով աղցան»:


Մինչ մենք զրուցում էինք, եկավ ժամը 13:00-ը: Ընկեր Արմինեն ու Անին դուրս եկան՝ դպրոց գնալու ու Ալեքսին դիմավորելու համար: Դպրոցի աստիճաններից քամու նման ներքև է վազում կապուտաչյա Ալեքսը ու ընկեր Արմինեին հանձնում իր պատրաստած գունավոր խզբզած ծրարը: Արմինեն բացում է անփութորեն փակված ծրարն ու միջի փոքրիկ կարմիր թղթիկը ժպտալով ինձ է պարզում:
Բոլորով գնում ենք հետ՝ տուն: Ալեքսը վազելով մեզնից առաջ է անցնում ու մինչ մենք զրուցելով կհասնենք տուն, նա արդեն տնային հագուստով օգնում է ընկեր Աիդային աղցան պատրաստել: Ալեքսը շատ է սիրում խոհանոցը ու միշտ օգնում է մեծերին:


Հետո ընկեր Էրիկը Ալեքսի հետ դպրոց է շտապում՝ Արթուրին դիմավորելու: Երբ Ալբերտն էլ է վրեադառնում տուն՝ ժամը 2:00-ին, բոլորով՝ երեխաներն ու մեծերը միասին, նստում են մեկ սեղանի շուրջ ու ճաշում: Այստեղ ընդունված չէ լուռ ճաշել, ասում-խոսում-ծիծաղում են, քննարկում են դպրոցական առօրյան ու օրվա հետագա պլանները: Ճաշելուց հետո յուրաքանչյուրը իր ափսեն դնում է լվացարանում ու գնում վերևի հարկ: Ընկեր Վիկտորիան է եկել, այսօր դեկորատիվ արվեստ են պարապելու ու էլի գունավոր թղթերով գեղեցիկ բաներ են պատրաստելու: Այլ օրերին այլ ուսուցիչներ են գալիս ու բոլորովին անվճար պար, երգ, մաթեմատիկա դասավանդում երեխաներին:
Անին մի քիչ նկարելուց հետո կրկին իջնում է ներքև՝ բողոքելով, որ այսօր ոչինչ չի ուզում պատրաստել: Ընկեր Արմինեն այս անգամ էլ Անիի ցանկությամբ է շարժվում, ինչի համար արժանանում է Անիի ջերմ ու սրտանց պաչիկին:


Դեկորատիվ արվեստի դասն ավարտելուց հետո երեխաները իրենց պատրաստած նկարներով վազում են ցած՝ բոլորին ցույց տալու իրենց ձեռի աշխատանքները:
Բոլորով ընթրում են ու ընկեր Արմինեն նստում է Ալբերտի մոտ, ընկեր Աիդան՝ Արթուրի ու Ալեքսի մոտ՝ երեխաներին օգնելու պատրաստվել վաղվա դասերին:
Երեկոյան մոտ 7:30 ավարտում են տնայիններն ու կեցցե՛ ազատությունը: Յուրաքանչյուրն զբաղվում է նրանով, ինչով ցանկանում է: Արթուրը վազում է իր սիրելի փազլով խաղալու, Ալեքսը բացում է իր ամենասիրած խաղը, բայց այդպես էլ չի խաղում դրանով. փոխարենը վազվզում է տնով մեկ: Ալբերտն ու Անին էլ ուզում են հեռուստացույց դիտել, դե, իհարկե, ինչ օր առանց մուլտֆիլմ: Միացած հեռուստացույցը բոլորին հավաքում է իր շուրջ: Միասին նստում են բազմոցին ու արդեն որերորդ անգամ դիտում նույն մուլտֆիլմը. Անին այդ մուլտֆիլմը շատ է սիրում: Տան փոքրն է, բոլորն են նրան հարմարվում:
Վանաձորի այս փոքր տունը հիմնադրվել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից Բուլղարիայի կառավարության ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ: Անին իր երեք հարազատ եղբայրների՝ Ալբերտի, Ալեքսի ու Արթուրի հետ ապրում է այս փոքր տանը, քանի որ նրանք չորսով մնացել են առանց ծնողական խնամքի: Իսկ ինչպիսի՞ն կլիներ նրանց օրը մանկատանը:
