Մեկ քայլ առաջ դեպի բովանդակային ներառականություն կրթության բնագավառում

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ԿԳՍՄ նախարարությանը վերանայելու առանձնահատուկ կրթության պայմանների գործիքակազմը և անհատական ուսուցման պլանների մշակման կարգն ու բովանդակությունը թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի երեխաների համար:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Guidlines developed by UNICEF.
UNICEF Armenia/2021/Galstyan
14 Մարտ 2022

Քովիդ- 19 համավարակը լուրջ ազդեցություն է ունեցել կրթության և հանրակրթության պլանավորման վրա։ 2020 թվականի մարտից սկսած՝ ուսուցումը բոլորի համար դարձավ հեռավար՝ մարտահրավեր նետելով թե՛ ծնողներին և խնամակալներին, թե՛ ուսուցիչներին, թե՛ երեխաներին և հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Շատերը համացանցի հասանելիություն կամ համապատասխան սարքավորումներ չունեին, այդ թվում նաև՝ անհրաժեշտ աջակցող սարքավորումներ։ Ուսուցիչներին այլ մեթոդներ էին անհրաժեշտ, որպեսզի կարողանային երեխաներին ներգրավել և այնպես անել, որ 45 րոպեի ընթացքում 30 աշակերտն էլ ընկալեին նոր դասը։ Ծնողներն էլ պետք է հետևեին երեխաների առցանց դասերին և նաև օգնեին նրանց օրվա տնային աշխատանքների հարցում։

2020թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ գործընկերությամբ ուսումնասիրեց այս խնդիրները և հնարավորություն գտավ ավելի լավ աջակցելու հանրակրթության գործընթացում ներգրավված բոլոր կողմերին: Դեկտեմբերին ԿԳՍՄ նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հանրապետական կենտրոնը կազմակերպեցին աշխատաժողով՝ ներկայացնելու Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային կոմիտեի աջակցությամբ ձեռքբերված մի շարք հաջողությունները։

Lusine Poghosyan, a mother of a child with disbaility, participating to the workshop.
UNICEF Armenia/2021/Galstyan

«Համավարակի սկզբից սկսած՝ մի շարք խնդիրներ ենք ունեցել․ երեխայի կրթություն, հոգեկան և ֆիզիկական առողջություն, թանկարժեք դեղորայքներ, օժանդակ սարքավորումների փնտրտուքներ։ Գալիս է պահ, երբ ծնողն ուժասպառ է լինում, ու չի իմանում՝ որտեղ դիմի, ում դիմի, ով կարող է մի քիչ թեթևացնել իր խնդիրները։ Իմ երեխան հաճախում է նաև հատուկ դպրոց, և ես ժողով կազմակերպեցի դպրոցում, որպեսզի ծնողներից բարձրաձայնած խնդիրները հնչեցնեմ այստեղ, որպեսզի միասին հասկանանք, թե ինչպես լուծել դրանք», -

աշխատաժողովին նշեց Լուսինե Պողոսյանը։

«Համավարակի առաջին օրերից ակնհայտ էր, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները դուրս են մնացել առցանց կրթության բոլոր հարթակներից։ Ծրագրի առաջին փուլով մենք բացահայտեցինք այն խնդիրները և մարտահրավերները, որոնց առնչվել են հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ծնողները։ Դուրս բերված խնդիրների հիման վրա՝ Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային կոմիտեի աջակցությամբ մշակեցինք երկու ուղեցույց՝ խորհուրդներ ուսուցիչներին և խորհուրդներ ծնողներին, որոնք կօգնեին ավելի լավ ներառել երեխաներին առցանց դասերին»,-

ասաց Ալվարդ Պողոսյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավարը։
Alvard Poghosyan, UNICEF Education Specialist.
UNICEF Armenia/2021/Galstyan

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև մշակել է 15 նոր գնահատման գործիքներ, որոնք թույլ կտան առավել ճշգրիտ և երեխայի կարիքներին առավել համապատասխանող գնահատում իրականացնել։ Մինչ այժմ, մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից երեխայի կրթական կարիքների գնահատումն իրականացվում էր ծնողի դիմումի հիման վրա, սակայն նոր փոփոխությունների համաձայն, այդ գնահատումը կդառնա պարտադիր՝ պաշտպանելով երեխայի լավագույն շահը և հնարավորություն տալով՝ վերհանելու համայնքային և մասնագիտական ընդհանրական կարիքները։

Կրթական կարիքների գնահատման ընթացքում սահմանվում են երեխայի զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև նրա հնարավորությունները: Այդ տվյալները հետագայում հիմք են դառնում անհատական կրթական պլանի մշակման համար։ Ճշգրիտ գնահատումը երկար գործընթաց է, որ հնարավորություն է տալիս ավելի իրատեսական և անհատականացված ուսուցման պլաններ ստեղծել, ինչն իր հերթին երեխաներին հնարավորություն է տալիս ստանալ անհրաժեշտ աջակցություն և առաջադիմել: Անհատական ուսումնական պլանների մշակման և բովանդակության կարգը վերանայվել է նաև միջազգային փորձագետների աջակցությամբ ավելի լավ որակ ապահովելու և հատուկ կրթական կարիքներ ունեցող ուսանողներին հնարավորինս լավ աջակցելու նպատակով:

Araksya Svajyan, Director of the Republican Psychological-Pedagogical Center.
UNICEF Armenia/2021/Galstyan

«Առանց ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության մենք չէինք կարող այս ծրագիրն իրականացնել։ Կարելի է ասել, որ միասին մեկ տարվա ընթացքում մի քանի տարվա գործ ենք արել։ Ես վստահ եմ, որ բազմաճյուղ աշխատանքի արդյունքը միասնական դաշտ է բերելու տեղական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) գործունեությունը», -

աշխատաժողովի ժամանակ նշեց Արաքսյա Սվաջյանը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենը։

«Երբ ուսուցիչները բախվում են բարդ փաստաթղթերի հետ, չեն իմանում՝ ինչ անել, հրաժարվում են աշխատել դրանցով։ Մշակված գործիքները, ուղեցույցները ու գործընթացներն ավելի պարզ են, ուստի հույս ունենք, որ ուսուցիչներն ավելի մոտիվացված կլինեն դրանցով աշխատել՝ ամրացնելով և արդիականացնելով դպրոց-ՏՄԱԿ համագործակցությունը, ինչը նպաստելու է հանրակրթական դպրոցներում երեխաների ավելի լավ ներառմանը»,-հավելեց Արաքսյա Սվաջյանը։

2021թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ 400 հատուկ մասնագետ վերապատրաստվել է։ Տարածաշրջանային մանկավարժահոգեբանական կենտրոնների նպատակներից մեկն է աջակցել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին երեխաների ուսումնառության կարիքները գնահատելու, անհատական ուսումնական պլանները մշակելու և ուսումնական պլանների հիման վրա հատուկ ծառայություններ մատուցելու հարցում: Համավարակի հետ կապված առանցքային հարցերից մեկը, որի պատասխանը Կենտրոնը պետք է գտներ ուսուցիչների հետ, այն էր, թե ինչպես ավելի լավ կազմակերպել հեռավար ուսուցման դասընթացները հաշմանդամություն ունեցող ուսանողների համար և նրանց ներգրավել կրթական գործընթացում:

In December, together with the Ministry of Education, UNICEF and the Republican Center organized a workshop to mark a number of important milestones reached.
UNICEF Armenia/2021/Galstyan

Այս և մի շարք այլ խնդիրներ լուծելու համար վերապատրաստվել են Հայաստանում մանկավարժահոգեբանական բոլոր տարածքային կենտրոնների մասնագետները` ավելի որակյալ առցանց մանկավարժական և հոգեբանական աջակցության ծառայություններ մատուցելու համար։ Դասընթացներն իրականացվել են ինտերակտիվ ձևով և մասնագետների ակտիվ մասնակցությամբ՝ զինելով նրանց ծնողների և երեխաների հետ աշխատելու նոր հմտություններով։

Ծրագրի հաջորդ փուլում այս մասնագետները նաև մեկօրյա առցանց վերապատրաստում են իրականցրել շուրջ 400 ծնողների համար՝ խորհուրդներ և աջակցություն տրամադրվելով ՔՈՎԻԴ-ով պայմանավորված տանը փակված լինելու պայմաններում իրենց երեխաների կրթության կազմակերպման գործընթացում։

«ՔՈՎԻԴ-19 համավարակը աննախադեպ փոփոխություններ է բերել մեր կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ կրթության ոլորտում։ Մեր հավաքական ջանքերի նպատակը մանկավարժական հոգեբանական աջակցության ծառայությունները բարելավելն է՝ ապահովելու կարիքների վրա հիմնված արձագանք և վերականգնում ճգնաժամի ժամանակ և դրանից հետո: Այս արտակարգ իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետք է հրատապ ներդրումներ կատարենք բարելավելու հեռավար ուսուցումը, որպեսզի յուրաքանչյուր աշակերտին, հատկապես՝ առավել խոցելի աշակերտներին հասանելի լինեն կրթական բոլոր հնարավորությունները»,-

աշխատաժողովին նշեց Սիլվիա Մեստրոնին՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալը։
Silvia Mestroni, UNICEF Deputy Representative in Armenia
UNICEF Armenia/2021/Galstyan

Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր 5-ամյա ծրագրի իրականացման ընթացքում մենք շարունակելու ենք համագործակցել կառավարության և այլ գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար որակյալ կրթությունը հասանելի լինի, և յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա հասնել իր ողջ ներուժին։