Մեդիագրագետ երիտասարդությունը իրավագիտակից հասարակության գրավականն է
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ամփոփեցին «Ես եմ մեդիան» երիտասարդական ֆորումը։

Մեդիագրագիտությունն այսօր ժամանակակից կրթության ամենաանհրաժեշտ բաղադրիչներից է։ Համացանցից անվտանգ օգտվելու այդ անչափ կարևոր հմտությանը պետք է տիրապետի յուրաքանչյուր ոք՝ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր դեռահաս և երիտասարդ, և իհարկե, յուրաքանչյուր մեծահասակ: Մեդիագրագետ երեխան ինքնին տեղեկացված քաղաքացի է, որն իր որոշումները կայացնում է գիտակցված և տեղեկատվական հոսքերից կարողանում է քաղել այն, ինչ իրեն պետք է և օգտակար: Համացանցի ամենախոցելի խումբը՝ երեխաները և դեռահասները պետք է իմանան, թե ինչ աղբյուրներից է պետք օգտվել, ինչպես է պետք պաշտպանվել սխալ ու վնասող բովանդակությունից, և ինչպես ստուգել ու հետևել մեդիաբովանդակությանը, որպեսզի այն վնասակար չլինի առողջությանը:
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին և ԿԳՍՄ նախարարությանը՝ նոյեմբերի 11-ին կազմակերպելով «Ես եմ մեդիան» երիտասարդական ֆորում, որտեղ երիտասարդ հանրությանը ճանաչելի բլոգերներն իրենց լսարանին ներկայացրեցին սեփական խորհուրդներն ու պատմեցին իրենց մեդիապատմությունները։

«Հատկապես ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված՝ երիտասարդները սկսել են ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել թվային աշխարհում, ուրեմն ավելի ու ավելի են շատանում վտանգները ու ավելի հրատապ է դարձել երեխաներին ու երիտասարդներին, ինչպես նաև նրանց ծնողներին, այդ վտանգների մասին ու դրանցից պաշտպանվելու մեխանիզմների մասին իրազեկելը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է հատուկ տեղեկատվական հոդվածներ պատրաստել՝ օրինակ՝ «10 կանոն համացանցում անվտանգ լինելու համար», «Ինչ կարող են անել ծնողները երեխաներին թվային աշխարհում պաշտպանելու համար», «Ինչ պետք է իմանալ կիբերբուլիինգի մասին» և այլն, իսկ այս տարի դեռահասներին ուղղված 12 հիմնական, շատ պարզ ու մատչելի քայլ ենք մշակել, որոնց հետևելն ուղղակի պարտադիր է: Միևնույն ժամանակ, փորձում ենք սերտորեն համագործակցել երիտասարդների հետ, խրախուսել նրանց բարձրաձայնել համացանցում իրենց խնդիրների մասին, օգնել ընկերներին ավելի պաշտպանված լինել, տարբերակել ապատեղեկատվությունը և իրենց հասանելի գործիքներով պայքարել դրա դեմ։ Մեդիագրագետ երիտասարդությունը իրավագիտակից հասարակության գրավականն է»:

«Մեդիագրագիտության մեր կրթական ծրագրերը հիմնականում ուղղված են դպրոցներին։ Մեր ծրագրերի առաջին շահառուն ուսուցիչներն են, որովհետև իրենց միջոցով մենք հասնում ենք երեխաներին։ Մեր նպատակն է հատկապես կրթական դաշտի ուշադրությունը բերել այս թեմայի վրա։ Այս տարի հետաքրքրությունն ավելի մեծ էր, քանի որ մեդիագրագիտությունը դարձավ հանրակրթական չափորոշիչ: Թվային և մեդիա կարողունակությունը սահմանում է, որ երեխան տիրապետի մեդիագրագիտության և անվտանգության հիմնական կանոններին՝ հասկանալով դրանց հետ կապված վտանգները։ Մասնավորապես՝ ավագ խմբի երեխան պետք է կարողանա նշել իրական և մեդիա միջավայրերի տարբերությունները՝ մեդիայից ստացված տեղեկատվությունը համադրելով իրական կյանքին»,- նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը:

«Լսողի հետևից մի՛ ընկիր, ընկի՛ր որակի և կոնտենտի հետևից»
Քրիստիան Գինոսյան
«Իմ լսած փոդքասթները կրթական են՝ ճանաչողական առումով։ Վերջերս թութակների մասին էի լսում, ու մինչև թութակ պահելն ինձ համար կարևոր էր կրթվելը: Կրթության ամենահարմար միջոցն ինձ համար փոդքասթն է, որը ես լսում եմ մարզվելու ժամանակ, փողոցում քայլելուց, տրանսպորտի մեջ։ Աղբյուրին վստահելու առումով շատ կարևոր է ճշտել՝ ո՞վ է փոդքասթերը։ Իմ դեպքում, օրինակ, փոդքասթերները թութակ պահողներ էին, ովքեր ունեին հինգ տարվա փորձ։ Կարևոր է նաև հետևել, թե լսածդ փոդքասթներն ինչ վարկանիշ ունեն և ինչ դիտումներ. ըստ դրա հասկանում ես՝ վստահե՞լ, թե՞ ոչ»:
Լրագրող Քրիստիանը «Ես, լոքդաունն ու մեդիան» թեմայով պատմում էր, թե ինչպես կարանտինի ժամանակ ստեղծեց «Ձայնամեկուսացում» փոդքասթը, ինչպես փոդքասթի թողարկումներից մեկը ստացավ «Թվապատում» մրցանակ, և թե ինչպես է փոդքասթ վարելը դարձել իր ամենասիրելի աշխատանքը։

«Պետք է պատասխանատվություն վերցնել սեփական մեդիապրոդուկտի նկատմամբ»
Տաթիկ Մկրտչյան
«Գիտությունը հասկանալի դարձնելու համար, մատուցվող նյութը պետք է դարձնել այնպիսին, որ հարցեր չառաջանան։ Աստղաբանությունն, օրինակ, պսևդոգիտություն է, իսկ աստղագիտությունը՝ գիտություն։ Շատ կարևոր է մեր կարդացած գիտական հոդվածները ստուգել ճանաչված գիտական աղբյուրներից: Յուրաքանչյուր պսևոդոգիտական նյութ պետք է ճշտել՝ փորձելով հակառակն ապացուցել: Երբ մարդիկ հարյուրամյակներ շարունակ միայն սպիտակ կարապ են տեսել, ենթադրել են, որ բոլոր կարապները սպիտակ են։ Եվ հանկարծ, հայտնվում է սևը, և ամբողջ սպիտակ կարապների հիպոթեզը քանդվում է։ Սա ոչ գիտական մեթոդ է, երբ հիպոթեզը ենթարկվում է ինդուկցիայի, այսինք բոլոր կարապները սպիտակ են, որովհետև մարդիկ միայն սպիտակ կարապ են տեսել։ Իսկ դեդուկցիայի մեթոդով դու փորձում ես այդ հիպոթեզը ժխտել՝ ասելով, որ բոլոր կարապները կլինեն սպիտակ միայն այն դեպքում, եթե մարդիկ սև կարապ չտեսնեն»:
Տաթևիկ Մկրտչյանը ֆիզիկոս և բլոգեր է, որ ֆորումի ժամանակ լսարանին պատմեց, ինչպես խուսափել պսևդոգիտական բովանդակությունից և ինչպես ստուգել գիտական հոդվածների ճշգրիտ լինելը։ Այո, այո, գիտական հոդվածները նույնպես կեղծում են։

«Աշխարհում ամենակարևոր ռեսուրսը ուշադրությունն է, մենք պետք է հետևենք, թե ինչ բովանդակության վրա ենք սպառում մեր այդ կարևոր ռեսուրսը»
Սոնա Ավագյան
Սոնան իր լսարանին հայտնի է Տիկտոկ հարթակից։ Ինչպես պահպանել մեդիադիետա՝ չվնասելով ֆիզիկական և հոգեկան առողջությունը, այս մասին էր նա պատմում իր լսարանին ֆորումի ընթացքում։
Մեդիադիետայի՝ Սոնայի բաղադրատոմսն է՝ լինել զբաղված, սահմանափակել համացանցում անցկացրած ժամանակը, կրճատել աղբյուրներն ու երբեմն դադար վերցնել:

Կարևոր է երկա՜ր մտածել՝ ինչ բառեր ես օգտագործում ու ինչպես դա կարող է ազդել լսարանի վրա»
Լուսինե Զաքարյան
«Իմ երկրորդ աշխատանքը նկարելուց մտածում էի՝ ինչ բառեր պետք է օգտագործել, քանի որ շատ զգայուն թեմայի մասին էր։ Ֆիլմը դաշտանի մասին էր, թե ինչպես է մայրն առաջին անգամ իր երեխային բացատրում, թե ինչ է այն։ Իմ աշխատանքը վավերագրական ձայնագրություն էր, այսինքն իրական մամա, իրական երեխա խոսում էին։ Ինձ համար վախենալու էր, թե այդ թեման Հայաստանում ինչպես պետք է ներկայացնել ու ես ամեն մանրուքի մասին մտածում էի, որ չվնասեմ ինչ որ մեկին ու հիմնական մեսիջս հասցնեմ լսարանին։ Ֆիլմը մասնակցեց տարբեր փառատոնների և մրցանակի արժանացավ»:
Լուսինե Զաքարյանը երիտասարդ կինոռեժիսոր է, հասցրել է երկու վավերագրական ֆիլմ նկարել: Ֆորումի ընթացքում Լուսինեն պատմում էր, թե ինչ ազդեցություն են ունեցել մեդիայի տեսակները կինոյի վրա ու թե որքան բազմաժանր է դարձել այսօր կինոն դրա արդյունքում։ «Եթե տասը տարի առաջ մարդիկ ուղղայահաց ֆիլմ նկարեին, կծիծաղեին, իսկ հիմա կան ուղղահայաց նկարված ֆիլմերի համար հատուկ կինոթատրոններ»,- ամփոփեց նա իր ելույթը։

«Եղեք մեդիագրագետ, որ ձեր գլխին չբերեք աղետ»
Նարեկ Օհանյան
«Մարդկանց գրավելու այլընտրանքային միջոցներ պետք է օգտագործենք, ներկայացնենք մեր պատմությունը, մենք ինքներս օրինակ ծառայենք և անկեղծ լինենք լսարանի հետ։ Մեդիագրագիտությունն իմ արշավի կարևոր կետերից է, որովհետև եթե մենք խոսում ենք էկոլոգիայից, ուրեմն պետք է ճիշտ գիտական աղբյուրներից օգտվենք, զերծ մնանք ապատեղեկատվությունից և գրագետ մեթոդներով և ոչ թե խուճապ առաջացնող վերնագրերով պահենք մեր լսարանի ուշադրությունը»:
Ֆորումի ամենաերիտասարդ մասնակիցը Նարեկ Օհանյանն է՝ բնապահպան-ակտիվիստ, որն իր բլոգի միջոցով փորձում է լսարանի մոտ էկոխիղճ արթնացնել և դրդել բոլորին 0 աղբ կենսակերպ վարել ու ավելի կանաչ ապրել ու նաև այդպես հոգ տանել հայրենիքի մասին։

«Ես համացանցն օգտագործում եմ կարծրատիպեր կոտրելու և մոտիվացնելու համար»
Ագնես Խերանյան
«Անձամբ եմ զգում, թե ինչպես կարող է սոցիալական մեդիան ազդել հոգեկան առողջության վրա։ Այդ պատճառով Յութուբի և Ինստագրամիս հարթակները սկսեցի օգտագործել՝ բարձրաձայնելով խնդիրների մասին: Երբ կիսվում ես քո խնդիրներով, տեսնում ես, որ այդ հարցում դու մենակ չես, ավելին՝ հասարակության շրջանում այդ հարցերը նորմալիզացվում են։ Անկեղծ լինեմ՝ շատ բարդ է անձնական խնդիրներով լսարանիս հետ կիսվելը։ Բայց մինչև ինչ որ փոստ անելը, տասն անգամ մտածում եմ՝ ինչ տարածել, ինչ բառեր ընտրել»:
Բլոգեր Ագնեսը շարունակեց անկեղծանալ՝ նշելով, որ սոցիալական ցանցերը, հաճախ, ստիպում են մտածել, որ ինչ-որ բան կիսատ ենք անում, շատ չենք աշխատում, ավելի պակաս ենք ապրում, ավելի վատ արտաքին ունենք: Ասաց, որ պետք է հաշվի առնել, որ ինչ տեսնում ենք համացանցում, հաճախ իրական չի, ու այդ ամենը չպետք է ազդի մեր ինքնագնահատականի ու տրամարդության վրա։ Շատ կարևոր է հետևել սեփական հոգեկան առողջությանը։

«Օգտագործել համացանցը կրթվելու ու կրթելու համար»
Լիլիթ Բրոյան
«Երբ մարքեթինգի մասին վիդեոներ եմ անում, միշտ կարդում եմ, որ ճիշտ իմֆորմացիա տամ։ Ես մեկ -երկու ժամ նյութեր եմ կարդում՝ 15 վայրկյանում այն ներկայացնելու համար: Ստացվում է՝ երբ սովորեցնում ես, նաև սովորում ես։ Եվ դա հրաշալի է»:
Լիլիթ Բրոյանը լսարանին հայտնի է, որպես մարքետինգի մասնագետ, որը Տիկտոկ հարթակում կիսվում է իր գիտելիքներով։ Նա տեղեկացրեց Տիկտոկում մի քանի հայտնի կրթական էջերի մասին և ցույց տվեց, թե որքան պահանջված են կրթական տեսանյութերը Տիկտոկում՝ ի հեճուկս բոլորի կարծիքի, թե Տիկտոկը միայն ժամանցի հարթակ է։ Վերջում նա շեշտադրեց, որ շատ ավելի կարևոր է, թե ինչի վրա ես ժամանակ ծախսում համացանցում, քան թե քանի ժամ ես անցկացնում համակարգչի, հեռախոսի դիմաց։
Ի դեպ, եթե դուք էլ մի լավ խորհուրդ ունեք մեդիագրագիտության և/կամ համացանցում անվտանգ լինելու մասին, անպայման ուղարկեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջին: