Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ ԿԳՍՄ նախարարությունը նախաձեռնել են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների զարգացման ծրագիր

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Child in a wheelchare is learning togetehr with teacher in the Source Foundation's center.
UNICEF Armenia/2020/Grigoryan
03 Փետրվար 2021

ՔՈՎԻԴ-19 համավարակը աննախադեպ իրավիճակ ստեղծեց կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթական: Համավարակով պայմանավորված հեռավար կրթությանն անցնելու հրամայականն առավել ընդգծեց այդ ուղղությամբ անհապաղ ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը ոչ միայն ապագայում հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ դրա կիրառման նպատակով, այլ նաև՝ գալիք ամիսներին յուրաքանչյուր աշակերտի կրթության կազմակերպման համար լայն հնարավորությունների ստեղծման տեսանկյունից:

Հեռավար ուսուցմանն անցման առաջին շաբաթից հետո ամբողջ աշխարհում ակնհայտ դարձավ, որ առավել խոցելի աշակերտները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, կրթությունից դուրս մնալու ռիսկի խմբում են գտնվում: Ճգնաժամը բացահայտեց հրատապ լուծումներ պահանջող որոշ հիմնախնդիրներ, , որպեսզի բոլոր խոցելի խմբերի երեխաները ստանան իրենց կարիքներին համապատասխան աջակցություն և շարունակեն ուսումնառությունը:

Այս հարցերի լուծմանը Հայաստանում անդրադառնալու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը 2020 թվականի նոյեմբերին նախաձեռնեցին երեխաների՝ համավարակով պայմանավորված կրթական կարիքների գնահատում, որի արդյունքները կհրապարակվեն սույն թվականի մայիսին: Գնահատման կարիքներից ելնելով՝ մեկամյա համատեղ ծրագիրը կներառի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ ողջ երկրի թե՛ նախակրթարաններում, թե՛ դպրոցներում: Ընդհանուր նպատակն է՝ զարգացնել հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կարողությունները և ապահովել արտակարգ իրավիճակներում և դրանցից հետո կարիքների վրա հիմնված արձագանքն ու վերականգնումը: Նախաձեռնությանը աջակցել է Շվեցարիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային կոմիտեն:

«Լիահույս ենք, որ այս ծրագրի արդյունքում կհաջողենք ամրապնդել մանկավարժահոգեբանական կենտրոնների և ծնողների միջև համագործակցությունը, ինչպես նաև նպաստել Հայաստանում նախադրպրոցական կրթության ներառականությանը», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը: «Սկզբնական փուլում գնահատվելու ենք նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնառության և զարգացման կարիքները և ապա մշակելու ենք աջակցության գործընթացն ու աշխատելու ներդրման ուղղությամբ»:

Նպատակն այն է, որ գործընկերներ մասնագետները հեռավար կրթության ռեսուրսներն ու ուղեցույցները հասանելի դարձնեն յուրաքանչյուր աշակերտի համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների: Բացի այդ, կմշակվի աջակցող տեխնոլոգիաների կատալոգ, որից օգտվելով, Հայաստանում դպրոցները ավելի գրավիչ և իմաստալից ուսումնական գործընթաց կկարողանան ապահովել հաշմանդամություն ունեցող աշակերտների համար:

«Ծրագրել ենք վերապատրաստել հանրապետության բոլոր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 300 մասնագետներին, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրել ավելի քան 6500 դպրոցահասակ երեխաների, ովքեր կկարողանան օգտվել հեռավար կրթության մատչելի ռեսուրսներից», - նշում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն տիկին Արաքսյա Սվաջյանը:

Համավարակով պայմանավորված՝ ուսուցիչների և հաշմանդամություն ունեցող աշակերտների առջև ծառացած խնդիրներից մեկն այն էր, որ հեռավար կրթության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել երեխաների անհատական ուսուցման պլանների իրագործումը: Ծրագրի շրջանակում այս հարցը ևս լուծում կստանա՝ հնարավորություն տալով ապահովել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխայի կրթության շարունակականությունը համաձայն անհատական պլանի:

Պլանների մշակման և թարմացման գործընթացը կբարելավվի և կներդրվեն նոր ցուցիչներ, որոնցով մասնագետները կկարողանան հետևել և գնահատել, որպեսզի հաշմանդամություն ունեցող աշակերտների անհատական ուսուցման պլանները ճիշտ մշակվեն և համապատասխանեն երեխաների կարիքներին: