Մանկական աղքատությունը վերացնելը երազանք չէ

Երեխաներին անհրաժեշտ պայմաններ տրամադրելով՝ կօգնենք, որ նրանք հասնեն իրենց ողջ ներուժին

Ագնեսա Թոփուզյան
Stepan, 14 with his mother Kristine live in extreme poverty in the outskirts of city of Vanadzor.
UNICEF Armenia/2018/Sokhin
01 Նոյեմբեր 2018

Մարտի 8-ին, երբ երկրագնդի մեր հատվածում շատերը նշում էին կանանց միջազգային օրը, ուղևորվել էինք Վանաձոր` գործընկեր մի կազմակերպություն լուսանկարներ անելու: Այստեղ էր, որ հանդիպեցինք 14-ամյա Ստեփանին, ով,անձրևախառը ձյան միջով, տուն էր շտապում մորը ինչ-որ հարցով օգնելու համար: Քանի որ նրա տունը մեր ճանապարհին էր, առաջարկեցինք մեզ հետ գալ:

Այն, ինչի ականատեսն եղանք, արթնացրեց վաղուց արդեն մարդկանց հիշողություններում մարող 1988-ի երկրաշարժի հիշողությունները: Այն ժամանակ բնակարանը կորցրած մարդկանց ժամանակավոր կացարաններ էին տրամադրում, այսպես կոչված՝ տնակներ՝ հետագայում նոր բնակարան ստանալու ակնկալիքով: Սակայն այստեղ, կարծես թե, ոչինչ չէր փոխվել, կարծես երկրի տնտեսական աճն ու ներդրումները այս թաղամասի կողքով էին անցել:

Իր կյանքով արդեն 30 տարի ապրող տնակային ավան էր, ուր հասնելը նույնիսկ ամենագնացով, ցեխին և անձրևին, բարդ էր: Մայրն էր՝ Քրիստինեն՝ 32 տարեկան, որ անհամբեր սպասում էր 14 ամյա որդու վերադարձին: Խոնավ էր, ցուրտ, անհրաժեշտ էր փայտի վառարանը վառել՝ տնակին օջախի շունչ հաղորդելու և պարզապես ցրտահար չլինելու համար:

Ստեփանը փայտ է գցում վարառանի մեջ
UNICEF Armenia/2018/Sokhin
Ստեփանն իր մայրիկի հետ ապրում է Վանաձորի երկաթե տնակենրից մեկում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ընտանիքների վերամիավորմանը՝ընտանիքին աջակցություն ցուցաբերելով և երեխային հաստատություններից ընտանիք վերադարձնելով:

Մեր պատմությունն էլ՛ ավելի տխուր դարձավ, երբ ի հայտ եկան ընտանեկան մի քանի հանգամանք ևս՝ երբ տղայի քայլվածքը հուշեց խորացող հաշմանդամության մասին, որն օրեցօր բարդանում էր, երբ նրա աչքերում արտացոլվեցին թե՛ գիշերօթիկ դպրոցում և թե՛ հատուկ դպրոցում անցկացրած տարիները… և երբ վերջապես հասկացանք, թե որքան դժվար է լինելու կոտրել ընտանիքը տասնյակ տարիներ օղակող աղքատության շրջանը: Հենց այդ շրջանն է, որ Ստեփանի համար դարձել է բազմաթիվ զրկանքների՝ այդ թվում՝ առողջապահության, կրթության, սննդի, ջրի, հիգիենայի, բնակարանային պայմանների բացակայության պատճառ:

Հիշում եմ, թե բավարարվածության ինչ զգացումով էր պատմում մայրն այն մասին, որ ինքն ու որդին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր «Առավոտ» հ/կ-ի կողմից շուրջ մեկ տարի աջակցություն են ստացել սննդի և կոմունալ վճարումների հոգսերը հոգալու համար: Սակայն նմանատիպ աջակցությունը հարցի կայուն լուծում չէ: Աղքատության վարակիչ շրջանը կոտրելու համար բոլո՛րս պիտի գործենք՝ թե՛ ազգային կառավարությունը, թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ հետազոտողները, թե՛ քաղաքացիներն ու հենց իրենք՝ երեխաները: Եվ սա երազանք չէ:

Երազանք չէ, արդեն որովհետև այս պատմության մեր հերոսը՝ Ստեփանը, չնայած հոգսաշատ լինելուն, շարունակում է դպրոց հաճախել՝ անելով առաջին էական քայլը աղքատության շրջանից դուրս գալու համար: Ի լրումն, նա նաևաջակցություն է ստանում հասարակական կազմակերպության կողմից դասապատրաստման գործում: Այս աջակցությանը, թեև կարևոր, բայց մի կաթիլ ջուր է օվկիանոսում: Երեխաների աղքատության հաղթահարման գործում կարևոր է՝

1. Ամենախոցելի երեխաների համար ապահովել առողջապահական, կրթական, սնուցման որակյալ ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը՝ աղքատության հետևանքները մեղմացնելու նպատակով այս երեխաների բազմաչափ աղքատությունը: Այս ծառայությունների միջոցով երեխաների համար անհրաժեշտ պայմաններ տրամադրելով՝ կօգնենք, որ նրանք հասնեն իրենց ողջ ներուժին և մեծանալուն զուգընթաց դուրս գան աղքատության շրջանից:

2. Աջակցել ընտանիքներին և տնային տնտեսություններին՝ ունենալու նվազագույն եկամուտ, և ապահովել, որ ֆինանսական խոչընդոտները չխաթարեն երեխայի զարգացումը:

Ստեփանն իր մայրիկի հետ գրկված նստած են տան բազմոցին ու ժպտում են միմյանց:
UNICEF Armenia/2018/Sokhin
Ամենախոցելի երեխաների համար ապահովել առողջապահական, կրթական, սնուցման որակյալ ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը:

Տարիների զրկանքը չէր ազդել մայր ու որդու հարաբերությունների վրա, և չէին անհետացել իրենց հոգում և սրտում ապրող հույսն ու հավատը: Հավատը, որ մի օր կյանքն ավելի թեթև կդառնա և հանապազօրյա հացն այլևս խնդիր չի լինի, իսկ Ստեփանի ապագա ընտանիքը կմեծանա ավելի բարեկեցիկ պայմաններում: