Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին

«Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» ծրագրի առաջին փուլում Հայաստանի 4 մարզերից 600 մայրիկ և 60 մանկաբույժ է մասնակցել

Ժաննա Ուլիխանյան
Փոքրիկը կուրծք է ուտում:
UNICEF Armenia/2015/Kirakosyan
04 Հունիս 2018

Ի՞նչ է նշանակում լինել մայր: Համոզվել, որ երեխայիդ գիտական, զգացմունքային, հոգեբանական, ֆիզիկական, սնուցման, սոցիալական և բոլոր այլ պահանջմունքները բավարարված են: Զգույշ լինել, որ հանկարծ չափազանց շատ ճնշում չգործադրես, միևնույն ժամանակ աչքդ վրան պահես: Նրանց համար ապահովել առողջ սնունդ, որ օգտակար լինի, հանկարծ ԳՄՈ չպարունակի, պլաստմասսայի մեջ չլինի: Երեխաների համար ապահովել դրական ու հավասարազոր միջավայր՝ միևնույն ժամանակ դաստիարակել ու լինել հեղինակություն, բայց ուշադիր լինել, որ նրանց անկախությունից չզրկես: Գնել միայն բամբակից հագուստ, հանկարծ սինթեթիկ չլինի, գտնել ամենաբնական հիգիենայի պարագաները: Հետևել երեխայի ռեժիմին, հանկարծ՝ չխախտվի. օրական երկու անգամ զբոսանք, սնունդ, քուն, գիրք կարդալ, խաղալ միասին, տանել մանկաբույժի մոտ, հետևել պատվաստման օրացույցին: Ունենալ բազմալեզու տուն, լավ կլինի բակ էլ լինի, մի քանի երեխա, որոնց միջև տարբերությունն ամենաշատը 2 տարի լինի, հա՛, ու չմոռանալ մրգի ու բանաջարեղենի մասին: Ու նաև անպայման աշխատանք գտնել ու աշխատել՝ քո անձնական զարգացումն ապահովելու ու նաև կայանալու համար:

Դե արի ու այսքանից հետո էլ հետևիր երեխաների խնամքի ու դաստիարակման նոր մեթոդներին և տեղեկատվության այս բազմազանության մեջ գտիր ամենավստահելին ու ամենաստույգը:

Այս ամենը հաշվի առնելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների հետ այնպիսի վերապատրաստում էր կազմակերպել, որտեղ ծնողներին և մանկաբույժներին երեխայի խնամքի ու առողջության վերաբերյալ ամենավերջին ու ամենաստույգ տեղեկատվությունն էր փոխանցվում: «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» ծրագրի առաջին փուլում Հայաստանի 4 մարզերից 600 մայրիկ և 60 մանկաբույժ է մասնակցել: Անին մասնակից մայրիկներից մեկն է: Նա ապրում է Արարատի մարզում, ունի 3 տարեկան աղջիկ: Անին նաև աշխատող մայր է: Նրա հետ խոսելիս հարցրինք, թե ինչպես է մասնակցելու ժամանակ գտել, և նա պատասխանեց հետևյալը.

«Երբ մանկաբույժս ասաց այս ծրագրի մասին, և որ այն կազմակերպվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, անպայման որոշեցի մասնակցել, քանի որ որպես երեխաների վերաբերյալ տեղեկատվության աղբյուր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին շատ եմ վստահում»:

Անի
Անին ծրագրի ամփոփման մրցույթի ժամանակ:
UNICEF Armenia/2018/Mkhitaryan

Անին ավելացրեց, որ այստեղ շատ բան է սովորել, իսկ ճիշտ իմացածն էլ ավելի է ամրապնդվել ու որ հիմա իր երեխայի հետ պատահած խնդիրների պատճառներն ավելի լավ է հասկանում:

«Մինչև 9 ամսական ես բալիկիս բացառապես կրծքի կաթով եմ կերակրել: Քանի որ լավ թմբլիկ էր, համարեցի, որ պետք չէ հավելյալ սնուցումը սկսել հենց 6 ամսականից: Սկսեցի հավելյալ սնունդ առաջարկել 9 ամսականից, և միայն 1.1 տարեկանում հաջողվեց երեխայի սննդակարգ ներմուծել այլ սնունդ: Վերապատրաստման ընթացքում նաև երկար խոսեցինք հավելյալ սննդի բաղադրիչների մասին և թե որքան կարևոր է այն սկսել հենց 6 ամսականում, դրանից ո՛չ ուշ և ո՛չ էլ շուտ»:

Հիմա Անիի դստրիկը երկաթ-անբավարարություն ունի: Անին ասաց, որ հիմա շատ ավելի լավ է հասկանում, որ եթե հավելյալ սնունդը ճիշտ ժամանակին առաջարկեր, այս խնդիրը չէր լինի: Նա նաև ասաց, որ այս վերապատրաստումները շատ կարևոր էին մանկաբույժների ներկայության ու նրանց հետ համագործակցող մթնոլորտի ստեղծման համար:

Մարին էլ ծրագրին մասնակցող մանկաբույժներից է: Նա ամբողջ ընթացքում մարզից մարզ է գնացել և մայրիկների հետ տարբեր հարցեր քննարկել: Մարին մեզ հետ զրույցում ասաց, որ այս վերապատրաստումը մանկաբույժների համար կարևոր էր ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերման տեսանկյունից, այլ նաև՝ մայրիկի և մանկաբույժի միջև վստահության ձևավորման համար:

«Առաջին հանդիպմանը ծնողները երեխայի խնամքի, սնուցման և առողջության վերաբերյալ հարցաշար են լրացնում: Հետո վերցնում էինք պատահական մեկ թեստ ու պատասխանում բոլոր հարցերին: Այս թեստերը հնարավորություն էին տալիս հասկանալ յուրաքանչյուր խմբի գիտելիքի բացերը ու թիրախել դրանք»:

Մարի
Մարին ծրագրի ամփոփման միջացառման ժամանակ:
UNICEF Armenia/2018/Mkhitaryan

Այնուամենայնիվ մոտ 1200 ծնողների գիտելիքների գնահատումից պարզ է դառնում, որ բացերը շատ են ու դեռ գիտելիքի պակաս կա: Հետաքրքիր է, որ խնդիրները տարբեր էին մարզ առ մարզ: Օրինակ՝ Լոռվա մարզում ծնողների մեծամասնությունը ճիշտ չէր պատասխանել պատվաստումների հարցերին, Տավուշում՝ երեխայի քաշի ու օրգանիզմում յոդի անբավարարության հարցերին, մինչդեռ Կոտայքում բնակվող մայրերի մոտ բաց էր կրծքով կերակրումն ու նորածիններին բարուրելու թեման, իսկ Արարատում՝ նորածինների խնամքն ու մաշկը մաշկին շփումը:

Մայիսի 31-ին ծրագրի առաջին փուլի ամփոփմանը, երբ մասնակից 60 ծնողների համար գիտելիքների ստուգման խաղ էր կազմակերպվել, հիմնականում բոլոր հարցերին ճիշտ պատասխան էր տրվում: Այսօր արդեն ուրախ ենք փաստել, որ այս ընտանիքներում ապրող և ապագայում ծնվող յուրաքանչյուր երեխա ապահով ձեռքերում է:

Մնում է հավելել, որ մինչև 2018թ.-ի ավարտը, ծրագրի աշխատանքները կկենտրոնանան Հայաստանի այլ մարզերում ևս՝ ծնողների և մանկաբույժների գիտելիքի նորացման և մանկաբույժ-ծնող համագործակցության ամրապնդման արդյունքում ապահովելով ոչ միայն այդ ընտանիքների երեխաների առողջությունը, այլ նաև նրանց հարևանների, ընկերների ու բարեկամների երեխաների առողջությունը: Չէ՞ որ ծրագրին մասնակցելուց հետո նրանք համարվում են երեխայի առողջության դեսպաններ: