Մայրանալու, փոքրիկի ծնունդից հետո աշխատանքի վերադառնալու և «նոր իրականությանը» հարմարվելու մասին

Պատմում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար և Արեգի մայրիկ Հասմիկ Ալեքսանյանը

Հասմիկ Ալեքսանյան
Հասմիկն աշխատում է, իսկ փոքրիկ Արեգը, նստած նրա գրկին, ձեռքերը պարզել է դեպի համակարգիչը։
UNICEF Armenia/2020/BiaynaMahari
24 Սեպտեմբեր 2020

Միշտ մտածել եմ, որ ընտանիք կազմելիս, առավել ևս երեխա ունենալուց առաջ, պիտի պայմանավորվել, որ ծնողները հավասար են ու հավասար պարտականություններ ունեն։ Դեռ մանկուց էի դրանով ապրում, ինչ-որ իդեալական կետեր ունեի, որոնց պիտի հետևեի։ Բայց, իհարկե, էս ամենը փոխվեց. որոշ կետեր կորան ավելի հասուն դառնալու հետ, որոշները՝ ավելացան։ Բայց այն կարևոր մոտեցումը, որ պիտի երեխայի խնամքի և դաստիարակության հարցում հայրը ներգրավված լինի, իհարկե մնաց ու ավելի հստակ ուրվագծեր ստացավ։ Էս դեպքում օգնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Երբ աշխատում ես այդ միջավայրում, ուրիշ տարբերակ չունես, քան ինֆորմացիա ու գիտելիքներ կուտակելը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ինձ օգնեց գիտակցել՝ ինչքան կարևոր է երեխայի համար սերը, հանգիստ ընտանեկան միջավայրը, ծնողների հավասար ներգրավվածությունը, խաղը երեխայի հետ, ու դե իհարկե՝ ճիշտ սնուցումը։

Պիտի անկեղծանամ ու ասեմ, որ սկզբում շատ դժվար էր պարտականությունները կիսելը, կամ որոշ պարտականություններ զուգընկերոջը վստահելը։ Բայց ժամանակի ընթացքում սկսում ես սովորել ու երկուսիդ համար էլ հեշտ է դառնում պարտականությունները հանձնել-ընդունելը։ Կուզեմ խորհուրդ տամ նույնիսկ հորդորեմ կանանց՝ չփորձել ամեն ինչ իրենց ուսերին վերցնել ու մտածել, թե երեխայի խնամքով ու դաստիարակությամբ միայն մայրն է զբաղվում։

Այո՛, երեխայի խնամքով պետք է զբաղվի և՛ հայրը, և՛ մայրը։ Սա ոչ միայն կարևոր է մոր հոգեկան ու հուզական առողջության համար, բայց նաև երեխայի և հոր միջև փոխադարձ կապն ամրապնդելու համար։

Հայրը և մայրը խաղում են Արեգի հետ։
UNICEF Armenia/2020/BiaynaMahari

Ամբողջ ձմեռ պլանավորում էի ամռանը ճամփորդել ընտանիքով։ Տոմսերն էի պատրաստվում գնել արտերկիր մեկնելու համար: Բայց ինչպես և շատերը, ես էլ մնացի առանց արտերկիր մեկնելու հնարավորության: Համավարակի առաջին ամիսներին շատ խիստ պահպանում էինք կանոնները, տնից դուրս էինք գալիս միայն հույժ կարևոր դեպքերում: Բայց մի քանի ամիս այդպես ապրելով՝ հասկացա, որ պետք է մի փոքր փոխել առօրյան, քանի որ երկար ենք փակված մնալու՝ անխոս, հնարավորինս պահպանելով անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Որոշեցինք ընտանիքով ճամփորդել Հայաստանի հեռավոր մի քանի վայր. իրականում լավ հնարավորություն էր Հայաստանը նորովի ճանաչելու ու վայելելու: Մի քանի օրով եղանք Արփի լճի ափին գտնվող մի գողտրիկ հյուրատանը, մի քանի օր՝ Հալիձորում գտնվող հրաշալի մի վայրում, վերջերս էլ նորովի հայտնաբերեցինք Լոռվա հեռավոր ձորերը: Արեգն իհարկե շատ սիրեց ճամփորդելը, հատկապես հեռու վայրեր գնալը: Ես էլ երևի ցանկացած ծնողի նման, անհանգիստ էի ու չէի պատկերացնում երեխայի հետ ճամփորդելը, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ դա լավագույնն է թե՛ երեխայի տոկունության, թե՛ ծնողի համար: Առնվազն դա այդպես էր մեր ընտանեկան «եռանկյունու» համար։

Արեգը նստած է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկի՝ Տաթևի բարձունքում։
UNICEF Armenia/2020/Aleksanyan

Աշխատանքի վերադառնալու մասին

Գրելիս հեշտ է հնչում մայրական արձակուրդից աշխատանքի վերադառնալը, բայց պիտի խոստովանեմ՝ շատ դժվար է: Երեխայի ծնվելուց հետո այնքան խառը էմոցիաներ ու փոփոխություններ ես նկատում ինքդ քո մեջ, որ կարծում եմ երկար ժամանակ է անհրաժեշտ այդ ամենին սովորելու համար: Բայց կարևոր եմ համարում նաև աշխատանքի վերադառնալը, քանի որ այն օգնում է քեզ անհատ մնալ, չմխրճվել միայն ընտանեկան հոգսերի ու երեխայի խնամքի մեջ:

Եթե ժամանակին դուրս չգաս այդ հորձանուտից, երևի հետո ավելի ծանր կլինի աշխատանքի անցնելը: Վստահ եմ՝ երեխայի համար կարևոր է ինքնաբավ, գոհ ու երջանիկ ծնող ունենալը: Ծնող, ով ունի սիրելի զբաղմունք, ով թեկուզ հոգնած, բայց դրական լիցքերով է վերադառնում տուն՝ ընտանիքի մոտ:

Արեգը, ինչ ծնվել էր, պատրաստվում էի աշխատանքի վերադառնալուն։ Անհամբեր սպասում էի՝ երբ է լրանալու 6 ամսականը: Չնայած որ երեխայի ծնվելուց հետո առաջին մի քանի ամիսն այնքան բարդ ու անսովոր են, որ քեզ թվում է` մոռանում ես ամեն բան ու փորձում ծնողի դերը լավագույնս կատարել․ միևնույն է՝ ինձ համար աշխատանքից կտրված լինելը տանջանքի նման մի բան էր։

Մտովի պատկերացնում էի երեխայի համար դայակ գտնելու կամ տատիկի հետ թողնելու պրոցեսը, պլանավորում ամեն մի մանրուք, ճաշի ու քնելու օրակարգ կազմում ու մեկ էլ պարզվեց՝ չէ, կորոնավիրուս է, ու պիտի տնից աշխատեմ։

Արեգը խաղում է լեգոներով՝ նստած հատակին մայրիկի և հայրիկի հետ։
UNICEF Armenia/2020/BiaynaMahari

Չեմ թաքցնի՝ սկզբից ուրախացել էի. տանը կլինեմ, երեխայի հետ, ամուսինս կօգնի, ամեն ինչ կհասցնեմ, իհա՜րկե։ Բայց արի ու տես, որ բարդ շրջան էր, փակուղու էր նման...

Մի կողմից ուզում ես աշխատել, գործդ լավ անել, մյուս կողմից՝ հասցնել մամա լինել, կին, ինքդ դու լինել, կատվի մասին չմոռանալ, մեկ-մեկ տնից դուրս գալ: Էս ամենը միաժամանակ անելը սկզբում անհնար է թվում, հետո վարժվում ես, հետո պահ է գալիս՝ թևաթափ ես լինում, հոգնում, սկսում տրտնջալ։ Տրտնջալն, իհարկե, 2 րոպե է տևում, հետո հավաքվում ես ու նույն շրջանը անցնում 2-րդ, 3-րդ, 4-րդ անգամ...

Իհարկե, ամեն ինչ ավելի էմոցիոնալ ու դժվար է դառնում, երբ երկրում արտակարգ իրավիճակ է, հետն էլ ապրում ես պայմաններում, որոնց մեջ հայտնվելու մասին երբևիցե չես էլ մտածել։ Առօրյա գործերը, արտակարգ իրավիճակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը կառավարությանը` արագ արձագանքում, հիգիենայի պարագաների, կորոնավիրուսի թեստերի ու առողջապահական սարքավորումների գնում, քո փոքրիկ լուման այս ամբողջ գործընթացում… Ամեն ինչ բարդացնում էր այն, որ համավարակն ամբողջ աշխարհում էր, ու առաջին շաբաթների ընթացքում պահանջվող հիգիենայի պարագաներն ու սարքավորումները Հայաստանում գտնելու խնդիր ունեինք: Բայց լարվածության ու հոգնած լինելու հետ ինքդ քո կարևորության գիտակցման զգացում կա: Գիտես, որ փոքր-ինչ օգտակար ես հայրենիքիդ: Ու շատ արագ այս ամենը դառնում է սովորական, ու չես էլ հասկանում՝ ինչպես։

Նմանատիպ խնդիրներ ունեին աշխարհի բոլոր երկրները. մատակարարները չէին հասցնում բավարար քանակ ապահովել: Սա տասնապատիկ անգամ բարդացնում ու սահմանափակում է հնարավորություններդ: Փորձում էինք հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել. Մի մասը գնում էինք տեղի գործընկերների միջոցով, մյուս մասը՝ պատվիրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կոպենհագենում գտնվող մատակարարման կենտրոնի օգնությամբ: Իհարկե կրկին գրեթե անհնար էր համապատասխան պարագաները գտնել, դրա համար օր ու գիշեր համակարգչի մոտ էինք, որպեսզի որևէ հնարավորության դեպքում պայմանագիրն անմիջապես կազմեինք և այդ իրերը Հայաստան բերեինք: Հիշում եմ՝ Արեգին էի կերակրում, որ քնացնեմ, հանկարծ հաղորդագրություն ստացա գործընկերոջիցս, որ պետք է շտապ պայմանագիր կազմել համակարգում: Կիսապառկած, երեխային կերակրելով, մի ձեռքով միացրել եմ համակարգիչս ու սկսել: Սա է ինձ համար համավարակի շրջանում աշխատելու տիպիկ պատկերը։

Հասմիկն աշխատում է համակարգչով, նստած բազմոցին, իսկ Արգեը նրան «օգնում է»։
UNICEF Armenia/2020/BiaynaMahari

Այս իրավիճակում փորձում էի օգտակար լինել նաև գործընկերներիս: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարբեր գրասենյակներում կամավորներ կան, ովքեր համաձայնում են «ունկնդիր» դառնալ իրենց գործընկերների համար։ Սա հոգեբանական խորհրդատվություն չէ, բայց օգնում է գործընկերոջդ խոսել, կիսվել,  մտահոգություններ արտահայտել։ Պատասխանատու գործ է ու կարևոր, բայց բարդ էր, քանի որ դու ինքդ խճճված ես ու սթրեսի մեջ, և կան հարցեր, որոնց պատասխանները ինքդ էլ չունես։ Չգիտեմ՝ ինչքանով եմ հաջողել լավ «ունկնդիր» լինել, բայց գոհունակության զգացումը կա, երբ գիտակցում եմ, որ գոնե մեկ հոգու լսել եմ ու միգուցե՝ կարողացել նրա սթրեսը փոքր-ինչ նվազեցնել՝ թեկուզ միայն համբերատար լսելով նրան: Շատ հաճախ մենք թաքցնում ենք մեր խնդիրները, փորձում ինքներս հաղթահարել՝ թերագնահատելով սթրեսի հետևանքները: Գիտեմ՝ հոգեկան առողջությունն այնքան էլ չենք կարևորում, մտածում ենք՝ կանցնի: Սակայն այն ավելի բարդ առողջական խնդիրների կարող է հանգեցնել: Եվ շատ կարևոր է նման իավիճակում գտնել որևէ հաճելի զբաղմունք, հոբբի, փորձել ավելի շատ քնել, հանգստանալ, զրուցել մտերիմների հետ:

Բայց ամենակարևորը՝ սովորել ՈՉ ասել տարատեսակ խնդրանքներին, պահանջներին, եթե դրանք հաճելի չեն ձեզ, ավելի շատ լարվածություն են առաջացնում կամ պարզապես ժամանակ չունեք դրանցով զբաղվելու։ ու: Դե, իսկ ընկերների հետ զբոսնելն ու մի գավաթ սուրճ խմելն իմ լավագույն օգնականն է: Մեզնից լավ ոչ ոք չի կարող հոգ տանել մեր մասին:  

Արեգը կատվի հետ է խաղում։
UNICEF Armenia/2020/BiaynaMahari

Նոր ձեռքբերումների ու հնարավորությունների մասին

Այս ընթացքում նաև աշխատանքային փոփոխություն ունեցա, որը կարևոր խթան ու մոտիվացիա է ինձ համար։ Անկեղծ ասած՝ երկար ժամանակ էի սպասում դրան: Երկար ժամանակ էր սպասում նաև հայրս, ով ինձ միշտ ոգենշնչում էր ու խրախուսում՝ առաջ շարժվել:  Ցավոք, հայրս չհասցրեց ուրախանալ ինձ հետ այս անգամ, սակայն վստահ եմ՝ հպարտանում է ինձնով:

Մի քանի տարի է՝ բացի առողջապահության ծրագրում իմ հիմնական աշխատանքից, պատասխանատու էի նաև դեռահասների և երիտասարդների ծրագրերի համար: Ու բոլորովին վերջերս, մինչ փորձում էի գլուխ հանել տուն, երեխա, աշխատանք խառնաշփոթից, հասցրեցի նաև մասնակցել մրցույթին և աշխատանքային առաջընթաց գրանցել: Դժվար է թողնել նախորդ աշխատանքը, բայց նաև հաճելի ու պատասխանատու է նոր ձեռքբերումը, հատկապես՝ երբ դրան հասել ես շատ դժվար ու լարված շրջանում:

Երիտասարդների հետ աշխատելիս, սկսեցի ավելի շատ կարևորել դեռահասության շրջանում ստացած գիտելիքներն ու հնարավորությունները: Սա այն շրջանն է, երբ ցանկացած տեղեկատվություն, դրական վերաբերմունք, ցանկացած ոգևորիչ ու աջակցող խոսք կարող է մեծ հետք թողնել երիտասարդի հետագա ուղու վրա:

Ի վերջո, դեռահասն այսօրվա և ապագայի քաղաքացին է: Դպրոցում ստացած կրթությանն ի լրումն, դեռահասներին պետք են արդի հմտություններ, որպեսզի նրանք կարողանան ֆորմալն ու ոչ ֆորմալը համատեղելով, գիտելիքների մի ընդհանրական պաշար հավաքել և կերտել իրենց աշխատանքային (և ոչ միայն) ապագան:

Այսօրվա սերունդը պատրաստ է անընդհատ զարգանալ ու նոր հմտութուններ զարգացնել: Եվ հենց այսօրվա սերունդն է մեր երկիրը հզորացնող և այն ավելի լավը դարձնող «ռեսուրսն» ու շարժիչ ուժը: Ես էլ հպարտությամբ իմ փոքրիկ ներդրումը կունենամ Հայաստանի երիտասարդների կայացման, ոգեշնչման և ավելի «մեծ երազելու» գործում։