Ձորագյուղի աշակերտները՝ արհեստավարժ և ձեռնարկատեր քաղաքացիներ
Ձորագյուղի դպրոցում ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի աջակցությամբ շուտով կբացվի տեխնոլոգիական սենյակ, որտեղ աշակերտները կսովորեն արհեստներ ու հետագայում կկարողանան լուծել նաև զբաղվածության հարցը:

- Հայերեն
- English
Ներկի սուր հոտը տարածվել է դպրոցով մեկ: Առաջին հարկի՝ վաղուց չօգտագործվող դասարանի նորոգումը շուտով կավարտվի։ Օրը շաբաթ է, բայց Սիրակն ու ընկերներն առավոտից դպրոցում են. եկել են տեխնոլոգիական սենյակի պատերն ու հատակը ներկելու։
«Մեր տեխնոլոգիայի սենյակը լավ վիճակում չէ, պայմաններ չկան: Տեխնոլոգիան դասարանում ենք անում՝ գիրքը կարդում, մեկնաբանում։ Բայց հիմա կարի մեքենա, տարբեր հաստոցներ, փայտամշակման գործիքներ կլինեն, դասերն ավելի հետաքրքիր կանցնեն»,-ասում է 7-րդ դասարանցի Սիրակ Գաբրիելյանը։

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքում զբաղվածության, աշակերտների հմտությունները զարգացնելու ու նրանց մոտիվացնելու խնդիր կա. ֆիզիկայի ուսուցիչ Սլավիկ Ալավերդյանը սա նկատել էր դեռ 2 տարի առաջ, երբ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրով տեղափոխվել էր Ձորագյուղ։ Գործընկերների հետ քննարկել ու որոշել էր՝ ֆիզիկայի կամ քիմիայի լաբորատորիայից առավել՝ գյուղն ունի տեխնոլոգիական սենյակի կարիք։ Արհեստների միջոցով համայնքային ներազդեցությունն ավելի զգալի կլինի։

«Տեխնոլոգիայի դասագրքերում յուրաքանչյուր թեմայի համար աղջիկ կամ տղա է պատկերված, ինչից պարզ է դառնում, թե թեման ում համար է նախատեսված: Տղաները պիտի փայտի մշակում անցնեն, աղջիկները՝ կար ու ձև, խոհանոցային տեխնոլոգիաներ: Ես հասկացա, որ պետք է այնպիսի ծրագիր իրականացնեմ, որը միաժամանակ կնպաստի գենդերային հավասարությանը: Հատկապես գյուղական համայնքներում կան կարծրատիպեր, որոնք խանգարում են համայնքի զարգացմանը, աշակերտների ինքնադրսևորմանը: Մեր նոր սենյակում միաժամանակ լինելու են և՛ փայտի մշակման գործիքներ, և՛ կարի մեքենա, արդուկ, ասեղնագործության պարագաներ, որոնք նախատեսված են տղաների ու աղջիկների համար»։

Սլավիկի ներկայացրած «Արհեստավարժ և ձեռնարկատեր քաղաքացի»-ն մեկն է այն 8 նախագծերից, որն իրականացնում է ՅՈւՆԻՍԵՖ-ը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։
«Երեխան ինքնության ձևավորման առանցքային 12 տարիների արթմնի ժամանակի մեկ հինգերորդ մասը անց է կացնում դպրոցում: Ակնհայտ է, թե որքան կարևոր դեր ունի ուսուցիչն ու դասավանդման որակը: Վերջինը հնարավորինս զերծ պիտի լինի կարծրատիպերից ու աջակցի տղաներին և աղջիկներին գնալ իրենց երազանքների հետևից»,-

«Էստեղ սովորելու ենք լինել արհեստավարժ, աշխատել կարի մեքենայով, փայտի գործիքներով ինչ-որ բան պատրաստել։ Անպայման փայտամշակում էլ կփորձեմ, որովհետև շատ նման է քանդակագործությանը, իսկ դա աղջիկ-տղա չի հարցնում»,-
Նա դեռ չգիտի՝ ինչ է դառնալու, բայց կարծում է, որ նոր հմտությունները կօգնեն մասնագիտական կողմնորոշման հարցում։
Աննան մի քանի ամսից արդեն Ձորագյուղում չի լինի։ 14-ամյա աղջիկն ուսումը շարունակելու է Դիլիջանի վարժարաններից մեկում։ Իր ճանապարհն Աննան արդեն ընտրել է։ Բայց, ասում է, դասընկերներից ու համագյուղացիներից ոմանք դպրոցն ավարտելուց հետո ուսումը չեն շարունակում, ու որևէ արհեստի տիրապետելը նրանց համար կարևոր այլընտրանք է։ Քանի դեռ գյուղում է, ինքն էլ կփորձի փայտամշակման հմտությունները զարգացնել։
«Ես սիրում եմ էդպիսի գործեր կատարել: Օրինակ՝ ճագարներ էի պահում ու նրանց բների համար փայտից հարմարանքներ, կերի ամաններ եմ պատրաստել։ Պապիկս է խորհուրդներով օգնել, բայց ամեն ինչ ինքնուրույն եմ արել»։

Լիլիթ Ղուկասյանը միջանցքից հետևում է՝ ինչպես է իր 10-ամյա տղան ներկում հատակը։ Ասում է՝ Ռոլանդը շատ ոգևորված է, արհեստների ու ձեռքի աշխատանքի նկատմամբ մեծ սեր ունի։ Իրենից սովորել է կարել, հյուսել, թխվածքներ պատրաստել։ Հիմա անհամբեր սպասում է փայտամշակման խմբակին։
«Փոքրուց տանը անընդհատ իմ կողքին է եղել, իրեն ինչ դուր է եկել, թույլ եմ տվել, որ փորձի։ Հիմա կարողանում է պիցցա, աղցաններ պատրաստել ու, ամենակարևորը, մեծ հաճույքով, առանց սխալվելու։ Ասեղնագործություն է անում, երեկոյան շյուղերով գործում էի, ասաց՝ տուր, ես էլ փորձեմ։ Հետաքրքրվում է ամեն ինչով, արհեստներ շատ է սիրում»։
Ներկի երկրորդ շերտը քսել-ավարտելուց հետո Սլավիկը որոշում է աշակերտներին ցույց տալ փայտամշակման գործիքները։ Ամեն մեկը փայտի մի կտոր վերցնում, ու ով ինչպես հաջողացնում, փորագրում է, մեկն՝ իր անունը, մյուսը՝ խաչ, իսկ Ռոլանդը՝ պարահանդեսային զգեստով աղջիկ։

«Սենյակը պատրաստ լինելուց հետո ծրագիրը շարունակվելու է։ Դասընթացներ են լինելու, երեխաները սովորելու են իրենց արտադրանքը գովազդելու, փաթեթավորելու, շուկայում առաջ մղելու և իրացման ծավալը մեծացնելու հմտություններ: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ հետո աշակերտներից մի քանիսը կմիավորվեն և կստեղծեն սեփական ձեռնարկություն՝ այդ կերպ զարգացնելով իրենց համայնքը»,-
Ծրագրով նախատեսված է նաև տեխնոլոգիայի ուսուցիչների ու խմբակավարների վերապատրաստում։
Շուտով նորոգումը կավարտեն, կգնեն պակասող գործիքները ու որպես առաջին աշխատանք՝ իրենց ձեռքով կհավաքեն սենյակի կահույքը։
Ծրագիրը հնարավոր է դարձել Շվեյցարիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային կոմիտեի շնորհիվ։