Հույսը երեխաների աչքերում ավելին անելու ուժ է տալիս
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով Լոռու մարզի հեռավոր անկյուններում երկու նոր այլընտրանքային նախակրթարաններ իրենց դռները բացեցին փոքրիկ լոռեցիների համար

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Լոռու մարզում երկրորդ անգամ էի, բայց ամառային արևոտ եղանակը, կանաչի առատությունը Լոռվա ձորում ու ակնկալվող մանկական ժպիտների սպասումը կարծես փոխել էր սովորական օրվա ընկալումը: Գիտեի, որ արտասովոր բան ենք անում և որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքի անդամ, հպարտ էի դրանով:

Երկու փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղերում՝ Անտառամուտում և Գեղասարում, որոնց իրարից գրեթե 60 կիլոմետր է բաժանում, ՅՈՒՆԻՍԵֆ-ի այլընտրանքային մոդելի վրա հիմնված նախակրթարաններ էինք բացելու Եվրոպական միության աջակցությամբ: Այս երկու գյուղերին միավորում էր ոչ միայն Լոռվա չնաշխարհիկ բնությունը, այլև այն, որ նույնիսկ խորհրդային տարիներին այստեղ մանկապարտեզներ չեն եղել: Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր երկու գյուղերի բնակչությունն առանձնապես մեծ չի եղել, ռեսուրսները՝ սակավ, հետևաբար՝ ավանդական մանկապարտեզ հիմնելու հնարավորություն և ոչ էլ նպատակահարմարություն չի էլ եղել:
Այսօր արդեն, երբ մեր այլընտրանքային մոդելը փորձարկվել է, ապացուցել իր պիտանելիությունը և ունի պետական շարունակականություն, բնակավայրերի փոքրիկներին վաղ մանկական ուսումնառություն տրամադրելը դարձել է ժամանակի հրամայական: Գաղտնիք չէ, որ կյանքի առաջին տարիներին երեխայի ուղեղը երկու անգամ ավելի ակտիվ է, քան չափահասի ուղեղը՝ յուրաքանչյուր վայրկյան ձևավորելով ավելի քան մեկ միլիոն նոր կապեր նյարդաբջիջների միջև: ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք ասում ենք, որ սա «հնարավորությունների յուրահատուկ պատուհան» է՝ ձևավորելու ուղեղի կառուցվածքը: Դա է պատճառը, որ ջանք ու եռանդ չենք խնայում Հայաստանում յուրաքանչյուր փոքրիկի համար կյանքի սկիզբը լավագույնս ապահովելու համար...
Ճանապարհը ինձ ու գործընկերներիս նախևառաջ բերեց սարի լանջին արմատներ գցած Անտառամուտ: Այստեղ նախակրթարանի տարիքի փոքրիկներ ունեցող ընտանիքների թիվը փոքր էր, ընդամենը ութ ընտանիք, բայց հուսադրողն այն էր, երիտասարդ զույգեր ևս կային, և նրանցից մի քանիսը իրենց առաջնեկներին էին սպասում...
Բնակավայրում հիրավի ցնծություն էր, նախակրթարանի բացումը՝ տոն: Գյուղի թե՛ մեծահասակները, թե՛ փոքրիկները հավասարապես ոգևորված էին: Առաջին անգամ Անտառամուտի փոքրիկ բնակիչները հնարավորություն էին ստանալու վառ ու գունեղ միջավայրում նախադպրոցական կրթություն ստանալու, որ հետագայում, վստահաբար նպաստելու է նրանց կրթական առաջադիմությանն ու կյանքում ավելի շատ հնարավորություններ ունենալուն:

Ընդամենը մի քանի օր էր, ինչ նախակրթարանի փոքրիկ սաները՝ Մոնթեն, Արփին, Անին, Արայիկը, Միշան, Դավիթը, Մենուան ու Արտակը նախակրթարան էին հաճախում, բայց արդեն փոքրիկ բանաստեղծություններ էին սովորել և շարք կանգնած, ամոթխած ու հուզված, բայց օրվա կարևորությունը գիտակցող սիրունիկ դեմքերով խոսքը իրար էին փոխանցում:


Այստեղ էր, որ հանդիպեցի երեսունհինգամյա Սոնային, որ երեք փոքրիկի մայր էր: Նրա ավագ որդին՝ Նարեկը արդեն յոթ տարեկան էր և փոխադրվում էր միջնակարգ դպրոցի երկրորդ դասարան: Նա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չի ունեցել, քանի որ երբ հարևան Վահագնի գյուղից տեղափոխվել է Անտառամուտ, պարզվել էր, որ այստեղ վաղ մանական ուսումնառության համար որևէ հնարավորություն չկա: Նույնն այսօր չի կարելի ասել հնգամյա ժիր Արփիի մասին, որ գրավեց բոլորիս սրտերը. մանկապարտեզի բացման առիթով նա հատուկ սանրվածք էր արել ու ոգևորությամբ այս ու այն կողմ էր վազում:
«Կներեք, հուզմունքս իսկապես մեծ է,- շփոթված ասում էր Սոնան, - այնքան ուրախ եմ, որ Արփիս հետաքրքիր առօրյա է ունենալու, ոտանավորներ է սովորելու... իսկ երբ առաջին դասարան գնա, կաշկանդված չի լինի: Ախր, մինչև այսօր առանց ինձ որևէ քայլ անգամ չէր անում: Չէի էլ կարող երազել այս ամենի մասին ...Դե մենք էլ՝ ծնողներս, ավելի հանգիստ ենք, որ երեխաներն ապահով ձեռքերում են ու զբաղմունք ունեն: Բոլորին եմ շնորհակալ, բոլորին, բոլորին»,- շարունակաբար կրկնում էր Սոնան:
Մյուս ծնողները ևս հավասարապես ոգևորված էին և հուզված, հավանաբար ավելին, քան իրենց փոքրիկները, որովհետև վստահաբար գիտակցում էին, թե գյուղի առօրյայում տեղի ունեցած այս փոքրիկ միջամտությունը, որքան օգուտներ է բերելու:

Անտառամուտում, նախակրթարանի հարևանությամբ, բացվեց նաև մանկական խաղահրապարակ: Երեխաների ուրախ ճիչերն ամենուր էին, թե՛ սահարանների վրա, թե՛ ճոճանակների: Ես ինքս ոգևորված էի փոքրիկների ոգևորությամբ, սակայն շատ տխրեցի երբ իմացա, որ շատերի համար սա սահարանի վրա առաջին սահելն էր, մագլցելու հարմարանքի վրա մագլցելու առաջին փորձերը... Բայց երբ տեսա, թե ինչպես է Արփին ոգևորված իր եղբորը՝ Նարեկին օգնության ձեռք մեկնում, շարունակեցի փոքրիկների հետ միասին վայելել խաղահրապարակում տիրող անցուդարձը:


Սոնան, որ նաև ընդամենը տասնմեկ ամսական Սուրեն անունով փոքրիկ ուներ, առավել քան երախտապարտ ու հպարտ էր: Գյուղում Սուրենի ապագայի հանդեպ նա ավելի լիահույս էր դարձել: Լիահույս էին նաև մյուս ծնողները: Իսկ մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմով և մյուս գործընկերներով հույսով լի, որ նման հույս առաջիկայում պարգևելու ենք Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի փոքրիկների ծնողներին...
Անկասկած, այս ամենը կարողացել էինք կյանքի կոչել միայն համատեղ ջանքերով: Գործին նվիրվածությունն ու համագործակցությունը սարեր կարող են շուռ տալ: Անտառամուտի նախակրթարանի և խաղահրապարակի բացումը հնարավոր էր դարձել Եվրոպական միության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, տեղական իշխանությունների ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Մինչև տարեվերջ ևս 25 բնակավայրերի բնակիչներ հնարավորություն են ունենալու նույն ցնծությունն ապրելու, այս անգամ նաև Արգենտինահայության աջակցության շնորհիվ:
Սրտի մեծ թեթևությամբ հեռացանք Անտառամուտից: Խորդուբորդ ճանապարհը, որ մինչև գյուղ հասնելն այդքան երկար ու դժվարանցանելի թվաց, չգիտես ինչու, այլևս այդքան խորդուբորդ ու երկար չթվաց: Գաղտնիք չէ, որ ցանկացած նոր բանի սկիզբը կարող է խոչընդոտներով լեցուն լինել, բայց երբ այդ խոչընդոտները հաղթահարված են ու արդյունքն այդքա՜ն շոշափելի, ավելին անելու ցանկությունը կրկնապատկվում է, իսկ միջոցները՝ գտնվում:
Առջևում մեզ սպասում էին Գեղասարի փոքրիկները, բայց դա արդեն այլ պատմություն է...