Հղիության վարումը կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) համավարակի պայմաններում

Մասնագետ մանկաբարձը՝ ինքներդ ձեզ և ձեր մանկիկին լավագույնս պաշտպանելու մասին

Մենդի Ռիչի
Հղի կինը հիվանդանոցի իր սենյակում համակարգչի առջև է նստած։
UNICEF Armenia/2018/Sokhin
29 Ապրիլ 2020

Հղիությունը առանձնահատուկ ժամանակաշրջան է՝ լի հուզումնալից պահերով ու սպասումներով: Սակայն կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) բռնկման պայմաններում ապագա մայրերի կյանքի այդ երջանիկ ժամանակահատվածը ստվերվում է վախի, տագնապի ու անորոշության զգացումներով: Կանանց և նրանց փոքրիկների պաշտպանության եղանակների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար մենք զրուցեցինք Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Ֆրանկա Քադեի հետ:

ՔՈՎԻԴ-19-ը նոր վիրուս է, և այն դեռևս հետազոտման փուլում է: Նոր տեղեկատվություն ստանալուն պես՝ մենք կթարմացնենք սույն հոդվածը:

Ապահո՞վ են արդյոք պրենատալ հետազոտությունները:

Բազմաթիվ ապագա մայրեր վախենում են այցելել մասնագետներին՝ նախազգուշական այնպիսի միջոցառումների բերումով, ինչպիսիք են տանը մնալը կամ դրսում գտնվելիս ֆիզիկական հեռավորություն պահպանելը: «Այսօր աշխարհում շատ բան է արվում իրավիճակին հարմարվելու ուղղությամբ, ինչը ստիպում է, որ մանկաբարձները խորհրդատվությունը տրամադրեն կամ հանդիպումներն անցկացնեն հեռախոսով, որպեսզի երեխայի և նրա աճի դիտարկումը հնարավորինս կարճ տևի», - ասում է Քադեն: «Ես հուսով եմ, որ հղի կանայք իրենց բժշկին ավելի հազվադեպ են հանդիպում, որպեսզի իրենց և այդ մասնագետին զերծ պահեն վարակվելուց և դեմառդեմ հանդիպեն միայն անհրաժեշտության դեպքում»: Առանձին հատուկ ժամադրություններ կարող են նախատեսվել որոշ բուժառուների համար՝ կախված նրանց վիճակից, օրինակ՝ ցածր կամ բարձր ռիսկայնության հղիությունների դեպքում:

Քադեն մայրերին խորհուրդ է տալիս պարզել, թե ինչ տարբերակ կարող է առաջարկել իրենց սպասարկող բուժաշխատողը՝ իրենց իսկ համայնքում: «Ձեր մասին հոգ տանող բուժաշխատողը քաջատեղյակ է ձեր և ձեր կարիքների մասին, ուստի, ձեզ սպասարկող մանկաբարձը կամ գինեկոլոգը այս հարցում կարող են լավագույնս օգտակար լինել»:

Երեխայի ծննդից հետո կարևոր է նաև շարունակել պրոֆեսիոնալ աջակցություն և ուղղորդում ստանալ, այդ թվում՝ պլանային իմունականխարգելումը: Ձեզ սպասարկող բուժաշխատողի հետ քննարկե՛ք և ընտրե՛ք ձեզ և ձեր երեխայի համար այդ այցերը կազմակերպելու ամենաապահով եղանակը:

 

Եթե ես կորոնավիրուսային հիվանդություն ունեմ , դա կարո՞ղ է արդյոք փոխանցվել իմ երեխային:

Մենք առ այսօր չգիտենք՝ վիրուսը կարո՞ղ է հղիության ընթացքում մորից փոխանցվել մանկանը, թե՝ ոչ: «ՔՈՎԻԴ-19 վիրուս չի հայտնաբերվել հեշտոցային հեղուկի, պորտալարային արյան կամ կրծքի կաթի մեջ», - ասում է Քադեն, թեև սա դեռևս վերջնական պնդում չէ: Մինչ օրս ՔՈՎԻԴ-19 չի հայտնաբերվել պտղաջրերում կամ ընկերքում:

Լավագույնը, որ կարող եք անել՝ ձեզ ՔՈՎԻԴ-19 վիրուսով ախտահարվելուց խուսափելուն ուղղված նախազգուշական միջոցներ ձեռնարկելն է: Այդուհանդերձ, եթե հղի եք կամ նոր եք ծննդաբերել և տկարություն եք զգում, ապա պետք է անհապաղ դիմեք բուժօգնության և հետևեք բուժաշխատողի ցուցումներին:

 

Ես պատրաստվում էի ծննդաբերել ծննդատանը կամ առողջապահական կլինիկայում: Սա լա՞վ տարբերակ է արդյոք:

«Կանայք իրենց մանկաբարձին (կամ բուժաշխատողին) պետք է հարցնեն, թե նրանց կարծիքով՝ որն է ամենաապահով վայրը ծննդկանների համար, և թե նախազգուշական ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն այս կամ այն իրավիճակում», - խորհուրդ է տալիս Քադեն: «Դա կախված է հենց կնոջից, նրա վիճակից և տվյալ երկրի առողջապահական համակարգից»:

«Հուսանք, որ առողջապահական հաստատությունների մեծամասնությունում տարբեր մասնաշենքեր կան, որոնցից մեկը նախատեսված է ՔՈՎԻԴ-19 վիրուսով վարակվածների, իսկ մյուսը՝ մնացածների համար: Սակայն որոշ դեպքերում դա ուղղակի հնարավոր չէ», - ասում է Քադեն: «Բարձր եկամուտ ունեցող որոշ երկրներում, ինչպես, ասենք՝ իմ հայրենի Նիդերլանդներում, գործում է մի համակարգ, որի պայմաններում տնային ծնունդը համակարգի մաս է կազմում: Ուստի, համակարգի ներսում իրականացվող տնային ծնունդը ապահով է, իսկ տանը ծննդաբերող կանանց թիվը գնալով ավելանում է, սակայն սա իրողություն է միայն փոքրաթիվ երկրներում: Նիդերլանդներում մանկաբարձները անգամ որոշակի հյուրանոցներից են օգտվում, որպեսզի կանայք կարողանան ծննդաբերել իրենց համար ապահով պայմաններով համալրված հյուրանոցում՝ առանց ծննդատուն գնալու: Սակայն այս ամենը մեծապես կախված է տվյալ երկրի իրողություններից»:

Ձեզ համար ամենաապահով տարբերակին հանգելու համար կարևոր է զրուցել հղիության և ծննդաբերության ողջ ընթացքի համար պատասխանատու բուժաշխատողի հետ:

 

Իմ զուգընկերը կամ ընտանիքի անդամը կարո՞ղ է կողքիս լինել ծննդաբերության ժամանակ:

Թեև այս հարցում քաղաքականությունը տարբեր երկրներում տարբեր է, Քադեն հավատացած է, որ կանանց կողքին պետք է լինի աջակցող մեկը՝ նախազգուշական այնպիսի պատշաճ միջոցներ ձեռնարկելու պայմանով, ինչպիսիք են ծնարանում գտնվելիս դիմակ կրելը և ձեռքերը լվանալը: «Մենք պարզել ենք, որ որոշ երկրներում այլ մարդկանց թույլ չեն տալիս գտնվել կնոջ կողքին, և դա մտահոգում է ինձ: Ես կարող եմ հասկանալ, որ ուզում եք նվազագույնի հասցնել ծննդաբերության պահին կնոջ մոտ գտնվողների թիվը, որովհետև ձգտում եք նվազեցնել շփումը, և դա միանգամայն տրամաբանական է, սակայն եկե՛ք ապահովենք, որ ծննդաբերության պահին որևէ մեկը, սպասարկող բուժանձնակազմից բացի, լինի կնոջ կողքին. լինի դա նրա զուգընկերը, քույրը, մայրը (կամ ամենամտերիմ անձը՝ ծննդկանի ընտրությամբ): Նաև խնդրում ենք նորածիններին թողնել մայրերի մոտ»:

«Եկե՛ք կարեկից լինենք և յուրաքանչյուր իրավիճակ ընդունենք այնպես, ինչպիսին այն կա, իսկ բուժաշխատողները, ծննդկանի ընտանիքի անդամների հետ միասին, պետք է իրենցից կախված ամեն ինչ անեն, ողջախոհություն դրսևորեն և լսեն մեկմեկու: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է. դա նշանակում է, որ մենք գործում ենք որպես համայնք»:

 

Ես սարսափելի մտահոգված եմ ծննդաբերությանս հարցով: Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել այդ վիճակը:

Ծննդաբերության հետ կապված պլան ունենալը կարող է թեթևացնել տագնապի զգացողությունները, որովհետև այն ձեզ կհաղորդի իրավիճակը վերահսկողի զգացողություն: Միաժամանակ պետք է հասկանալ, որ տվյալ իրավիճակի կանխատեսելիությունը կախված է ձեր բնակության վայրից: «Այդ պլանը կարող է պարունակել հետևյալ տեղեկությունները. այն անձը (անձի կոնտակտային տվյալները), ում ծննդկանը զանգահարելու է ծննդաբերությունը սկսելիս, ո՞վ է աջակցելու ծննդաբերության ընթացքում, որտե՞ղ է տեղի ունենալու ծննդաբերությունը: Պարզեք, թե ինչ սահմանափակումներ կարող են լինել ծննդատանը ծննդաբերելիս՝ կապված աջակցող անձանց և ընտանիքի անդամների հետ», - խորհուրդ է տալիս Քադեն:

Նա նաև խորհուրդ է տալիս տանը զբաղվել թեթև ու հանգստացնող բաներով. «օրինակ՝ կատարել շնչառական վարժություններ, հարկ եղած դեպքում զանգահարել մանկաբարձին»: Կենտրոնացե՛ք ինքներդ ձեր մասին առավելագույնս հոգ տանելու մասին: «Լա՛վ սնվեք, ճիշտ և բավականաչափ հեղուկներ խմե՛ք, ձեռքերը դրեք փորիկին և վայելեք հղի լինելու հաճույքը»:

 

Թոարիկը կուրծք է ուտում՝ ուշադիր նայելով մայրիկին:
©UNICEF Armenia/2015/Kirakosyan

Ի՞նչ հարցեր պետք է տամ ինձ սպասարկող բուժաշխատողին:

Քադեն ընդգծում է բուժաշխատողի հետ վստահության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու կարևորությունը: «Ձեզ և ձեր առողջությանը վերաբերող բոլոր հարցերը պետք է տաք առանց վարանելու: Եթե անկեղծ հարաբերություններ ունեք ձեր բուժաշխատողի՝ մանկաբարձի, գինեկոլոգի հետ, նրանք անկեղծորեն կքննարկեն այդ հարցերը և կպատասխանեն դրանց: Այդ ամենն իմանալը ձեր իրավունքն է, որովհետև դա ձե՛ր մարմինն է, և ձե՛ր երեխան»:

«Ինչպես բժիշկների ու բուժքույրերի պարագայում, մանկաբարձների ծառայությունների պահանջարկը գնալով ավելանում է, և այդ պահանջների բավարարումը փոքր-ինչ ավելի ժամանակ է պահանջում», - նշում է Քադեն: Նա առաջարկում է համակարգել համապատասխան բուժաշխատողի հետ կապվելու եղանակն ու ժամանակը: Օրինակ, կազմակերպել այցերի պլանավորումը, նախատեսել անհետաձգելի օգնության դեպքում նրա հետ կապ հաստատելու եղանակը: Կարող է օգտակար լինել խնամք տրամադրողների հետ նախապես պայմանավորվելը՝ բժշկական փաստաթղթերի պատճենը ստանալու հարցում, այդ թվում՝ նախածննդյան խնամքի մասին փաստաթղթերը՝ ծառայությունների ընդհատման կամ փոփոխման դեպքում:

Ինչ վերաբերում է ծննդաբերության հետ կապված ձեր պլանին, ապա կարևոր է առաջադրել բոլոր այն հարցերը, որ հարկ եք համարում: Քադեն առաջարկում է հետևյալը.

  • Այս տարածքում կորոնավիրուսային հիվանդությունը ինձ սպառնո՞ւմ է, թե՝ ոչ: ՔՈՎԻԴ-19-ով վարակված որևէ մեկը եղե՞լ է այստեղ.
  • Ինչպե՞ս եք ՔՈՎԻԴ-19-ով վարակված անձանց առանձնացնում չվարակվածներից.
  • Բուժաշխատողների համար բավարար թվով պաշտպանիչ հանդերձանք առկա՞ է արդյոք.
  • Կարո՞ղ է որևէ մեկը ուղեկցել ինձ: Եթե ոչ՝ ինչո՞ւ.
  • Կարո՞ղ եմ փոքրիկիս ինձ մոտ պահել: Եթե ոչ՝ ինչո՞ւ.
  • Կարո՞ղ եմ կրծքով կերակրել փոքրիկիս: Եթե ոչ՝ ինչո՞ւ.
  • Կարո՞ղ եմ ծննդաբերել բնական ճանապարհով, թե՝ ավելի շուտ կեսարյան հատում կառաջարկեք: Եթե վերջինը՝ ինչո՞ւ:

 

Ծննդատուն գնալիս ի՞նչ պետք է իրենց հետ վերցնեն կանայք՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության բռնկումը:

«Չեմ կարծում, թե կանայք հավելյալ ինչ-որ բան պիտի վերցնեն, բայց նրանք պետք է շատ լուրջ վերաբերվեն նախազգուշական միջոցներին», - խորհուրդ է տալիս Քադեն:

Ըստ նրա, որոշ հիվանդանոցներ կարող են կանանց ավելի վաղ տուն ուղարկել, եթե նրանք առողջ են, քան սովորաբար: «Կրկին, այս ամենը կարող է տարբեր լինել տարբեր վայրերի, կանանց և հիվանդանոցների պարագայում», - ասում է նա՝ ծննդկաններին խորհուրդ տալով «իրենց մանկաբարձի կամ գինեկոլոգի հետ խորհրդակցել, թե ինչն է առավել նպատակահարմար իրենց դեպքում»:

 

Ծննդաբերելուց հետո ի՞նչ կարող եմ անել՝ իմ նորածնին ՔՈՎԻԴ-19 վիրուսից պաշտպանելու համար:

Լավագույնը, որ կարող եք անել՝ ամեն ինչ չբարդացնելն է. շփվե՛ք միայն ձեր ընտանիքի հետ և առժամանակ այցելուներ մի՛ ընդունեք: «Ապահովե՛ք նաև, որ ձեր մյուս երեխաները չշփվեն այլ երեխաների հետ: Ապահովեք, որ ձեր ընտանիքի անդամները լվանան ձեռքերը և հոգ տանեն իրենց մասին», - ասում է Քադեն:

Չնայած դժվարին ժամանակներին՝ նա խորհուրդ է տալիս ընդունել այս ժամանակահատվածի դրական կողմերը ևս, որն ընտանիքի հետ կապն ամրապնդելու հնարավորություն է ընձեռում: «Երիտասարդ մայրերն ու հայրերը երբեմն կարող են շատ ժամանակ ծախսել մեծ թվով հյուրեր ընդունելու համար: Վայելե՛ք ձեր ընտանիքի ամենամոտիկ անդամների հետ լինելու այս բացառիկ ժամանակահատվածը: Շատ յուրահատուկ զգացողություն է ձեր իսկ երեխայի հետ մենակ մնալը, այդ նոր մարդ արարածին բացահայտելը և այդ զգացողությունը վայելելը»:

 

Ես հղի եմ: Ի՞նչ պետք է անեմ՝ ՔՈՎԻԴ-19 վիրուսի բռնկման ժամանակ իմ անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ հետազոտությունների, հղի կանայք ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու ռիսկի ենթակա են ոչ ավելի, քան մարդկանց այլ խմբերը: Այդուհանդերձ, իրենց մարմիններում և իմունային համակարգերում տեղի ունեցող փոփոխությունների բերումով հղի կանայք հղիության վերջին ամիսներին կարող են ձեռք բերել ծանր շնչառական վարակներ, ուստի, կարևոր է նախազգուշական միջոցներ ձեռնարկել:

«Ես գիտեմ, որ հղի կանանց համար կարող է իսկապես դժվար լինել, քանի որ նրանք հոգ են տանում իրենց և իրենց փոքրիկների մասին՝ (եթե այլ երեխաներ ևս ունեն), սակայն, որքանով մեզ հայտնի է, հղի կանայք ռիսկերի ենթակա են ոչ ավելի, քան այլ մարդիկ, այդ իսկ պատճառով նրանք պետք է վարվեն մյուսների նման», - պարզաբանում է Քադեն: Նա խորհուրդ է տալիս փորձել ֆիզիկական հեռավորություն պահպանելու հետևյալ միջոցները.

  • Խուսափել կորոնավիրուսային հիվանդության սիմպտոմներ ունեցող որևէ մեկի հետ շփվելուց.
  • Հնարավորության սահմաններում խուսափել հանրային տրանսպորտից.
  • Աշխատել տնից, եթե դա հնարավոր է.
  • Խուսափել հանրային վայրերում, հատկապես՝ փակ կամ մեկուսի տարածքներում մեծուփոքր հավաքներից.
  • Խուսափել ընկերների և հարազատների մասնակցությամբ հավաքներից.
  • Մանկաբարձի, գինեկոլոգի կամ կարևոր այլ ծառայությունների աշխատողների հետ շփվելու համար հնարավորության դեմքում օգտվել հեռախոսից, տեքստային հաղորդագրություններից կամ առցանց ծառայություններից:

Լրացուցիչ պաշտպանիչ միջոցներից են՝ ձեռքերը օճառով ու ջրով հաճախակի լվանալը, տանը հաճախակի շփման մակերևույթների կանոնավոր մաքրումը և ախտահանումը, ՔՈՎԻԴ-19-ին բնորոշ ախտանշանների ինքնադիտարկումը և առանց հետաձգելու առողջապահական ծառայությանը դիմելը:

 

Կարո՞ղ եմ առանց անհանգստանալու կրծքով կերակրել երեխայիս:

«Որքանով գիտենք, կրծքով կերակրումը շարունակելը միանգամայն անվտանգ է», - ասում է Քադեն: «Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ՔՈՎԻԴ-19 վիրուսը չի փոխանցվում կրծքի կաթի միջոցով, այսինքն, մայրը կարող է կերակրել կրծքով. դա ամենալավ բանն է, որ նա կարող է անել իր մանկիկի համար»:

Եթե կասկած ունեք, որ վարակված եք ՔՈՎԻԴ-19-ի վիրուսով, կարևոր է արագ դիմել բուժօգնության և հետևել ձեզ սպասարկող բուժաշխատողի ցուցումներին: Կրծքով կերակրելու համար նույնպես մայրերը պետք է ձեռնարկեն նախազգուշական միջոցներ, այդ թվում՝ առկայության դեպքում դիմակ կրեն, երեխային դիպչելուց առաջ և հետո լվանան ձեռքերը և մաքրեն ու ախտահանեն մակերևույթները: Եթե տկարությունը թույլ չի տալիս կրծքով կերակրել, կթեք կաթը և մաքուր բաժակով կամ գդալով կերակրեք երեխային՝ ողջ ընթացքում հետևելով նախազգուշական նույն միջոցներին:

 

Ի՞նչ պետք է անեմ, եթե ապրում եմ մարդաշատ վայրում:

Աշխարհում շատ կանայք ապրում են խիտ բնակեցված վայրերոմ, ինչը զգալիորեն բարդացնում է ֆիզիկական հեռավորություն պահպանելը: Նման վայրերում «ես ողջ համայնքին կխնդրեի՝ հոգ տանել իրենց հետ ապրող հղիների մասին», - հորդորում է Քադեն: Նա մարդկանց խորհուրդ է տալիս հնարավորինս մեծ հեռավորություն պահպանել հղիներից և նախատեսել հատուկ զուգարաններ՝ միայն նրանց գործածության համար:

Եվ մի՛ մոռացեք ձեռքերը լվանալու կարևորության մասին: «Ձեռքերը լվանալը հենց այնպես չէ, որ կարևորվում է: ՔՈՎԻԴ-19-ը և օճառը հակառակորդներ են: Ձեռքերը լվանալը պարզ միջոց է, որը կարող է մեծ բարիք գործել», - ասում է նա: «Ես, իրոք, հուսով եմ, որ անկախ նրանից, թե մարդիկ ինչ իրավիճակի են բախվում, համայնքը և առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալները կապահովեն այնպիսի համակարգ, որը ապահով ու անվտանգ է հղի կանանց համար, ովքեր, ի վերջո, ծնում են մեր ապագան: Նրանց հարկավոր է փայփայել՝ ինչպես անգին գանձը»:

 

 


Հարցազրույցը և հոդվածը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի թվային նյութերի հեղինակ Մենդի Ռիչի.

Լուսանկարը՝ 2019 թվականի հունվարի 1-ի, Իսպանիա. նորածին աղջնակ Սոֆյա Կարապետյանը իր մոր՝ Լիլիթ Գրիգորյանի հետ՝ Բարսելոնայի Vall dHebron Barcelona հիվանդանոցային համալիրում: