Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վերաբերյալ վերապատրաստում բուժաշխատողների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը շարունակում են պատվաստումների շուրջ բուժաշխատողների համար վերապատրաստումներ իրականացնել ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման շնորհիվ:

Գոռ Պետրոսյան
Հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ վերապատրաստումներ բուժաշխատողների համար:
UNICEF Armenia/2022/Ghazaryan
10 Հունիս 2022

Ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ համավարակը փոխեց բոլորիս կյանքը: Տողատակեր փնտրելու կարիք չկա՝ պետք է հասկանալ ուղիղ իմաստով. միջին վիճակագրական յուրաքանչյուր քաղաքացուց մինչև բժիշկ ու գիտնական, օբյեկտիվ իրականության պարտադրանքով, սովորեցին ապրել նոր կանոններով: Սկզբում խուճապ էր, մարդիկ կատարվողի բացատրությունն էին ուզում, հետո կասկած՝ արդյո՞ք կգտնվի այն միջոցը , դեղը, պատվաստանյութը, որը դուրս կբերի արդի քաղաքակրթության կյանքը «մեկ ակնթարթում» կաթվածահար արած փորձանքից, իսկ հետո՝ մի բան, որը բնորոշող մեկ բառ դեռ չեն հորինել. կորոնավիրուսային հիվանդության դեմ յուրաքանչյուր պատվաստանյութի հաստատմանը զուգընթաց՝ ոգևորության ալիքի կողքին մեզանում գլուխ էին բարձրացնում նույն հարցերը՝ ի՞նչ պատվաստանյութ է, արդյո՞ք գործուն է, արդյո՞ք վստահելի է, կողմնակի ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ, ո՞ւմ է հակացուցված... Պատվաստանյութերի մասին միֆերը տարածվում էին կայծակնային արագությամբ՝ թվում է, թե անանցանելի պատ կառուցելով ապացուցողական բժշկության, գիտական հանրության գնահատականների և հասարակության վախերի միջև:

ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիանա Հովակիմյանը
UNICEF Armenia/2021/Galstyan

«Միֆերին, արհեստականորեն տարածվող խուճապին կարելի է ու պետք է հակազդել մեկ միջոցով՝ հավաստի տեղեկատվությամբ, բայց էլ ավելի կարևոր է, թե ով է այդ տեղեկատվությունը տրամադրողը: Զանգվածային լրատվամիջոցները և սոցիալական ցանցերն, անշուշտ, ունեն կարևոր գործառույթ, բայց դրանք մարդ-մարդ շփման մրցակիցը չեն: Շատ կարևոր է, որ բուժհաստատություն դիմող քաղաքացին ստանա տեղեկատվության իր չափաբաժինն իր համար վստահելի ու հեղինակավոր «աղբյուրից»՝ բժշկից: Համավարակի թեժացման փուլերում և նոր պատվաստանյութերին առնչվող տեղեկատվության անսպառ հոսքի մեջ պետք էր նոր գիտելիքներով ու հաղորդակցման հմտություններով զինել նաև բուժաշխատողներին»,-

ասում է ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիանա Հովակիմյանը:

2021-2022 թթ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ն, ՀՀ առողջապահության նախարարության և Ազգային Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հետ համատեղ վերապատրրաստել են ավելի քան 10,000 բուժաշխատողի: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով դասընթացները սկզբում օնլայն տիրույթում էին, ինչը թեև շահեկան էր մասնակիցների քանակի առումով, բայց թույլ չէր տալիս նույն այդ մասնակիցներին ազատ մտնել դիսկուսի մեջ, ներկայացնել սեփական փորձը, տալ հուզող հարցերը:

Հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ վերապատրաստումներ բուժաշխատողների համար:
ՀՀ առողջապահության նախարարություն

«Համաճարակային իրավիճակի կայունացումը թույլ տվեց դասընթացներն օնլայն տիրույթից տեղափոխել օֆլայն, ինչը շատ ավելի արդյունավետ է: Թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում եռօրյա դասընթացները կազմակերպվում են մասնակիցների փոքր խմբերով, որպեսզի դասընթացավարները, բացի նախատեսած տեղեկատվության տրամադրումից, նաև պատշաճ ուշադրություն հատկացնեն յուրաքանչյուր մասնագետի հարցին, մտահոգությանը և կոնկրետ դեպքերին, որոնց հետ նրանք առերեսվել էին»,-

ասում է տիկին Սահակյանը:

Նա նաև նկատում է, որ նախորդ մեկ տարում դասընթացների բովանդակությունը փոփոխվել է՝ արձագանքելով կոնկրետ ժամանակահատվածի համար առաջնահերթ, հրատապ կամ ավելի կարևոր դարձած հարցերին.- «Կար ժամանակահատված, երբ դասընթացների գերխնդիրը առանձին պատվաստանյութերին առնչվող գիտելիքների փոխանցումն էր, որոշ ժամանակ մեր ուշադրության կենտրոնում ռիսկի խմբերին, ապա պատվաստումների շարժական կետերին վերաբերող հարցերն էին... »,- ընդգծում է Գայանե Սահակյանը: 

Այժմ բուժաշխատողների համար նախատեսված եռօրյա դասընթացի առանցքային կետերն են՝  հաղորդակցումը և իմունականխարգելման վերաբերյալ հիմնական ասելիքը, ինչպես նաև պատվաստանյութերը՝ տեխնոլոգիաներից մինչև կիրառման կանոններ և խթանիչ (booster) պատվաստումներ:

Երևանյան բուժհաստատությունները ներկայացնող մասնագետների հետ աշխատող դասընթացավարներից մեկը Բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն է:

Հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ վերապատրաստումներ բուժաշխատողների համար:
UNICEF Armenia/2022/Ghazaryan

«Մասնագետներն, ում հետ անձամբ շփվել եմ, հիանալի տիրապետում են պատվաստանյութերի տեսակներին, պահպանման ժամկետներին, ներմուծման եղանականերին, դեղաչափերին, հետպատվաստումային հնարավոր ելքերին առնչվող տեղեկատվությանը, բայց հաճախ նրանց հաղորդակցման հմտությունները թույլ չեն տալիս քաղաքացիներին այդ ամենը ճիշտ ներկայացնել: Ապատեղեկատվությունն այնքան շատ է, որ շատ բժիշկներ, երբ գործ են ունենում պատվաստման եկած, բայց դեռ կամ ու կացի մեջ գտնվող քաղաքացու հետ՝ շատ հաճախ՝ թե՛ ժամանակի սղության, թե՛ համբերության պակասի պատճառով գործն այդ կետից առաջ չեն տանում, ու քաղաքացին հեռանում է չպատվաստված: Ահա, թե ինչու է կարևոր բացատրել մեր մասնագետներին՝ ինչպես խոսել, ինչպես պատասխանել հարցերին, ինչի վրա կենտրոնացնել քաղաքացու ուշադրությունը: Այդ բոլորին կետ առ կետ անդրադառնում ենք մեր դասընթացների շրջանակում»,-

ասում է Տեր-Ստեփանյանը:

Բացի կորոնավիրուսային հիվանդություններից, դասընթացների ընթացքում մասնագետները հասցնում են խոսել նաև այլ հիվանդությունների ու դրանց դեմ առկա պատվաստումների մասին: Մերի Տեր-Ստեփանյանն ընդգծում է.- «Հատկապես հիմա՝ համավարակի պայմաններում, չի կարելի անտեսել պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված երեխաների պատվաստումները: Օրինակ Ուկրաինայում, որը ոչ հեռավոր անցյալում Պոլիոմիելիտից ազատ գոտի էր համարվում, արդեն փաստ է, որ գրանցվել են այդ հիվանդության դեպքեր, ի դեպ, Տաջիկստանում նույնպես նկատելի են նույն հիվանդության ակտիվացումներ: Հայաստանում չկան Պոլիոմիելիտի դեպքեր, բայց դա չի նշանակում, որ չեն կարող լինել: Թուլացնելով պատվաստումները՝ մենք կստեղծենք «բարենպաստ» շերտ ու հիվանդությունը կթափանցի նաև մեր երկիր»,- ասում է բժիշկը:

Հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ վերապատրաստումներ բուժաշխատողների համար:
UNICEF Armenia/2022/Ghazaryan

Մինչ Մերին խոսում է հաղորդակցման գործիքների մասին, հարևան սենյակում ընտանեկան բժիշկ, սրտաբան Սամվել Այրումյանը ներկայացնում և փաստական տվյալներով հաստատում է պատվաստանյութերին առնչվող վիճակագրական տվյալները, դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաները և ոչ միայն: Դասընթացն ինչ-որ պահի վերածվում է սուր քննարկման: Բուռն քննարկման ընթացքում մասնակիցներից ոմանք անդրադառնում են հիվանդների պատմություններին, ովքեր բավականին տատանվել են մինչև պատվաստվելու որոշումը կայացնելը:

Դասընթացների մասնակիցներ Եկատերինա Բեջանյանը և Կարինե Գևորգյանը մանկաբույժներ են, աշխատում են 9-րդ մանկական պոլիկլինիկայում: Գործընկերները տառացիորեն նույնն են պնդում՝ իմունիզացիան առաջնահերթություն է, որը հավասարապես կարևոր է անհատի, առողջապահական համակարգի և պետության համար:

Հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ վերապատրաստումներ բուժաշխատողների համար:
UNICEF Armenia/2022/Ghazaryan Եկատերինան և Կարինեն ձախից-աջ առաջին երկու կանայք են:

«Ի՞նչն է ավելի խելամիտ՝ կանխարգելել հիվանդությունները, թե՞ բուժել, պայքարել հետևանքների դեմ»,- հարցնում է տիկին Բեջանյանը, իսկ տիկին Գևորգյանը հավելում է.- «Երբեմն իսկապես ծնողների հետ բավականին լուրջ քննարկում ենք ունենում, խնդրում ենք նրանց ամեն ինչ հաշվի առնել, իսկապես ճիշտ գնահատել ռիսկերը: Հավատացեք, եղել են դեպքեր, երբ մեր սրտացավությունն ու ծնողի մտքին հասնելու ջանքերը տվել են արդյունք ու մարդիկ ճանապարհի կեսից հետ են եկել պոլիկլինիկա՝ պատվաստելու երեխաներին»,-

ասում է Գևորգյանն ու նկատում, որ դասընթացներն իմացածը վերհիշելու հիանալի հնարավորուն է:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է այս վերապատրաստումները մինչ 2022թ-ի սեպտեմբեր: Վերապատրաստումների հետ զուգահեռաբար ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ) է տրամադրել 3 սառցե սենյակ, ինչպես նաև 80 սառնարան և 285 սառցարան, որոնք տրամադրվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում։ Առաջիկա ամիսներին ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆԻՍԵՓ-ը կառաքեն ևս 210 սառցարան, այդ թվում՝ 5 գերձայնային սառցարան, և ևս 110 սառնարան:

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: