Հետքովիդյան համախտանիշ կամ երկարատև ՔՈՎԻԴ

Ներկայացնում ենք հետքովիդյան համախտանիշի վերաբերյալ ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները:

Մարիամ Ալիխանովա
Բժիշկը զննում է հիվանդին:
UNICEF Armenia/2021/Galstyan
17 Մայիս 2022

ՔՈՎԻԴ-19-ով վարակված մարդկանց մեծ մասը լիովին ապաքինվում է, սակայն, ըստ տվյալների, մարդկանց 10-20%-ի մոտ հիվանդությունից ապաքինվելուց հետո նկատվում են միջնաժամկետ կամ երկարաժամկետ հետևանքներ, որոնք հայտնի են որպես հետքովիդյան համախտանիշ կամ «երկարատև ՔՈՎԻԴ»։ Այս հարց ու պատասխանը կօգնի ձեզ ավելին իմանալ հետքովիդյան համախտանիշի մասին, ինչի շնորհիվ կկարողանաք կշռադատված որոշումներ կայացնել՝ ձեզ և ձեր մտերիմներին պաշտպանելու համար։ Կարևոր է հիշել, որ հետքովիդյան համախտանիշի մասին գիտական փաստերը դեռևս լիարժեք չեն։ Գիտնականներն շարունակում են հետևել երկարատև ՔՈՎԻԴ ունեցող հիվանդների իրավիճակը՝ ավելի լավ հասկանալու դրա պատճառները, հիմնական ախտանշաններն ու ազդեցությունները։  

Ի՞նչ է հետքովիդյան համախտանիշը կամ երկարատև ՔՈՎԻԴ-ը։

Հետքովիդյան համախտանիշը կամ երկարատև ՔՈՎԻԴ-ը երկարատև ախտանշաններ են, որոնք առաջանում են մարդկանց մոտ ՔՈՎԻԴ-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո։

Թեև ՔՈՎԻԴ-19-ով վարակված մարդկանց մեծ մասը լիովին ապաքինվում է, ոմանց մոտ առաջանում են միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ, ինչպիսիք են հոգնածությունը, շնչահեղձությունը և ճանաչողական դիսֆունկցիան (օրինակ՝ շփոթվածություն, մոռացկոտություն կամ անուշադրություն և ցրվածություն)։ Որոշ մարդկանց մոտ, որպես երկարատև ՔՈՎԻԴ-ի ախտանշան, դիտվում են նաև հոգեբանական ազդեցություններ։

Այս ախտանշանները կարող են պահպանվել հիվանդությունը սկսվելուն պես կամ զարգանալ ապաքինվելուց հետո։ Ժամանակ առ ժամանակ դրանք կարող են հայտնվել կամ վերանալ։ Երկարատև ՔՈՎԻԴ-ը կարող է ազդել անձի՝ առօրյա գործողություններ կատարելու ունակության վրա, օրինակ՝ աշխատանքում կամ տան գործերում։

Ինչպե՞ս է հետքովիդյան համախտանիշը բնորոշվում։

Հետքովիդյան համախտանիշը բնորոշվում է որպես հիվանդություն, որը դիտվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են հաստատված կամ հավանական SARS-CoV-2 վարակ, սովորաբար ՔՈՎԻԴ-19-ով վարակվելուց երեք ամիս անց, և որի ախտանշանները կարող են տևել առնվազն երկու ամիս։ Երկարատև ՔՈՎԻԴ-ի այս ախտանշանները և ազդեցությունները չեն կարող բացատրվել այլ ախտորոշմամբ։

Որո՞նք են հետքովիդյան համախտանիշի կամ երկարատև ՔՈՎԻԴ-ի ախտանշանները։

Երկարատև ՔՈՎԻԴ-ի ամենահաճախ հանդիպող ախտանշաններն են․

  • Հոգնածություն
  • Դժվարացած շնչառություն կամ շնչահեղձություն
  • Մտապահելու, կենտրոնանալու կամ քնի դժվարություններ
  • Պարբերական հազ
  • Կրծքավանդակում ցավ
  • Խոսելու դժվարություններ
  • Մկանային ցավեր
  • Համի և հոտառության կորուստ
  • Դեպրեսիա կամ անհանգստության զգացում
  • Ջերմություն

Ի՞նչ պետք է անեմ, եթե հիվանդացել եմ ՔՈՎԻԴ-19-ով, իսկ այժմ ունեմ ախտանշաններ, որոնք բնութագրվում են որպես հետքովիդյան համախտանիշ։

Եթե կարծում եք, որ ձեզ մոտ զարգացել է երկարատև ՔՈՎԻԴ, խորհրդակցե՛ք ձեզ սպասարկող բուժաշխատողի հետ։ Նա կախտորոշի ձեր վիճակը և կնշանակի համապատասխան խնամք՝ ախտանշանները վերահսկելու համար։

Ներկայում չկա երկարատև ՔՈՎԻԴ-ի հատուկ բուժում։ Այդուհանդերձ, ըստ առկա տվյալների, լավ խնամքը, այդ թվում՝ վերականգնողական, կարող է օգտակար լինել։ Հետազոտությունները շարունակվում են՝ պարզելու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ զարգանում այս համախտանիշը, որոնք են երկարատև ՔՈՎԻԴ-ի զարգացման մեխանիզմները, և ինչպես լավագույնս այն վերահսկել։

Ո՞վ է ամենաշատը ենթակա հետքովիդյան համախտանիշի զարգացման ռիսկին։

Կարծես թե կապ չկա ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու ժամանակ հիվանդության ծանրության և հետքովիդյան համախտանիշի զարգացման հավանականության միջև։ Ցանկացած մարդ, ով վարակվում է ՔՈՎԻԴ-19-ով, կարող է ապաքինվելուց հետո ունենալ երկարատև ՔՈՎԻԴ։ Աշխարհի բազմաթիվ գիտնականներ ուսումնասիրում են հետքովիդյան համախտանիշը, ինչի շնորհիվ դրա վերաբերյալ մեր գիտելիքներն աճում են։ Ներկայիս հետազոտությունները ցույց են տալիս, որ ՔՈՎԻԴ-19-ով վարակված մարդկանց 10-20%-ի մոտ զարգանում են երկարատև ախտանշաններ, որոնք կարող են վկայել հետքովիդյան համախտանիշի մասին։

Ե՞րբ են առաջանում երկարատև ՔՈՎԻԴ-ի ախտանշանները։

Երկարատև ՔՈՎԻԴ-ի ախտանշանները կարող են նկատվել հիվանդությունը սկսվելուն պես կամ առաջանալ ապաքինվելուց հետո։ Ախտանշանները ժամանակ առ ժամանակ կարող են անհետանալ կամ նորից հայտնվել։ Հետքովիդյան համախտանիշը սովորաբար ախտորոշվում է ՔՈՎԻԴ-19-ից երեք ամիս անց։ Սա թույլ է տալիս բուժաշխատողին բացառել հիվանդությունից հետո նորմալ վերականգնման ընթացքը: Ախտանշաններն ու ազդեցությունները տևում են առնվազն երկու ամիս։

Եթե ես ունեցել եմ հաստատված ՔՈՎԻԴ-19 և դեռևս ունեմ ախտանշաններ, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ ինձ մոտ ախտորոշվի հետքովիդյան համախտանիշ։

Ներկայում նվազագույն ժամանակը, երբ անձի մոտ ախտորոշվում է երկարատև ՔՈՎԻԴ, երեք ամիս է այն պահից ի վեր, երբ առաջին անգամ ի հայտ են եկել ՔՈՎԻԴ-19-ի ախտանշանները: Երեք ամիս ժամանակը թույլ է տալիս բացառել հիվանդությունից հետո նորմալ վերականգնման ընթացքը։

Որքա՞ն է տևում հետքովիդյան համախտանիշը։

Դժվար է կանխատեսել, թե որքան երկար կտևի հետքովիդյան համախտանիշը։ Դեռևս շատ բան անհայտ է, սակայն ներկայիս հետազոտությունները ցույց են տալիս, որ ՔՈՎԻԴ-19-ից հետո ախտանշանները կարող են տևել շաբաթներ կամ ամիսներ։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում հիվանդների մոտ նկատվում է վիճակի լավացում։

Ի՞նչ կարող եմ անել՝ երկարատև ՔՈՎԻԴ-ից պաշտպանվելու համար։

Երկարատև ՔՈՎԻԴ-ից պաշտպանվելու լավագույն եղանակն է անել հնարավոր ամեն ինչ՝ ՔՈՎԻԴ-19-ով չվարակվելու համար։ Դա ներառում է պատվաստվելը, առողջապահական և սոցիալական անվտանգության կանոններին հետևելը, որոնք կարող են նվազեցնել վարակվելու և վարակի տարածման հավանականությունը։

Պատվաստվելը կանխո՞ւմ է հետքովիդյան համախտանիշը։

Հետազոտություններն այս ուղղությամբ դեռևս շարունակվում են։ Պատվաստանյութի՝ հետքովիդյան համախտանիշը կանխելու կարողությունը կախված է առաջին հերթին նրա՝ ՔՈՎԻԴ-19-ը կանխելու կարողությունից։ Այսօր կիրառվող պատվաստանյութերն ուղղված են կանխելու հիվանդության ծանր ընթացքը և մահը։ Այնուամենայնիվ, ոմանք կարող են Քովիդ-19-ով հիվանդանալ անգամ պատվաստվելուց հետո:

Եթե ինձ մոտ առկա է երկարատև ՔՈՎԻԴ, ես կարո՞ղ եմ վարակել ուրիշներին։

Ո՛չ, երկարատև ՔՈՎԻԴ-ը չի կարող փոխանցվել ուրիշներին։ Հետքովիդյան համախտանիշը երկարատև վիճակ է, որն առաջանում է ՔՈՎԻԴ-19 հիվանդություն առաջացնող վիրուսով վարակվելուց հետո։


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: