Հասնել յուրաքանչյուր երեխային. աշխարհում գրեթե 13 մլն երեխա պատվաստում չի ստացել

Եթե պատվաստումներին առաջնահերթություն չտրվի, բոլորից մեկուսացած երեխաների որոշ մասը բաց կթողնի պատվաստում ստանալու իր իրավունքը, ինչը նրանց համար կարող է կյանք արժենալ

ՅՈՒՆԻՍԵՖ
Փոքրիկը պատվաստում ստանալիս:
UNICEF Armenia/2016/Pirozzi
27 Ապրիլ 2018

Պատվաստումները փրկում են երեխաների կյանքը` պաշտպանելով նրանց վարակիչ հիվանդություններից: Այնուամենայնիվ, 2016թ. մինչև 5 տարեկան մոտ 1.4 միլիոն երեխա մահացել է պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդություններից: Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացության դեպքերի գրեթե մեկ քառորդի պատճառը թոքաբորբը, փորլուծությունը և կարմրուկն է եղել, մինչդեռ դրանք հեշտությամբ կարելի էր կանխարգելել պատվաստումների միջոցով: Աշխարհում մոտ 19 միլիոն երեխա կամ յուրաքանչյուր 7 երեխայից 1-ը չի ստանում բոլոր հիմնական պատվաստումները: Այդ երեխաներից 13 միլիոնը ընդհանրապես չի պատվաստվել` վտանգի ենթարկելով թե՛ իրենց անձնական և թե՛ իրենց համայնքում ապրողների կյանքը: Պատվաստումների ցածր ծածկույթը վտանգի է ենթարկում առողջապահության մյուս բոլոր ոլորտներում մայրերի և երեխաների համար ձեռքբերված հաջողությունները: Պատվաստումների կարիքն ամենաշատը ունեցող ամենաաղքատ և խոցելի երեխաները ավելի քիչ հավանական է, որ կստանան դրանք:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների հետ աշխատում է հանուն յուրաքանչյուր երեխայի պաշտպանության: Սակայն, եթե պատվաստումներին առաջնահերթություն չտրվի, բոլորից մեկուսացած երեխաների որոշ մասը բաց կթողնի պատվաստում ստանալու իր իրավունքը, ինչը նրանց համար կարող է կյանք արժենալ:

 

Պատվաստման կաթիլը ձեռքին աղջկա իլյուստրացիա:
UNICEF Armenia

Չնայած այս մարտահրավերներին՝ պատվաստումներն առավել քան երբևէ փրկում են ավելի մեծ թվով երեխաների կյանք: Այս արտակարգ հաջողությունը բուժաշխատողների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Երեխաներին պատվաստելու համար նրանք գյուղից գյուղ են գնում՝ հաղթահարելով իրենց վախն ու կասկածը:

«Միայն նախորդ տարի պատվաստանյութերը ավելի քան 3 միլիոն երեխայի կյանք են փրկել: Այդ 3 միլիոն ապագա բժիշկները, ուսուցիչները, արվեստագետները, համայնքի ղեկավարները, մայրերն ու հայրերը կենդանի են այսօր շնորհիվ առաջնագծում գտնվող միլիոնավոր բուժաշխատողների, ովքեր հեռավոր վայրերում ապրող յուրաքանչյուր երեխային հասնելու համար հարյուրավոր կիլոմետր ճանապարհ են անցնում»,-ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվաստումների ծրագրի ղեկավար Ռոբին Նանդին (Robin Nandy): «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը կառավարությունների հետ նույնիսկ հակամարտությունների գոտիներում՝ աջակցելով մարդկանց կյանքը փրկելու համար այս չափազանց վտանգավոր աշխատանքն իրականացնողներին»:

Պատվաստում ստացող տղայի իլյուստրացիա:
UNICEF Armenia

6 հիմնական փաստ պատվաստումների մասին

1. 1988թ. պոլիոմիելիտի 350,000 դեպք է գրանցվել: Այդ ժամանակից ի վեր շուրջ 2.5 միլիարդ երեխա է պատվաստվել այս վարակիչ հիվանդության դեմ: Այսօր աշխարհը, առավել քան երբևէ, մոտ է պոլիոմիելիտի ոչնչացմանը: Այսպես, նախորդ տարի գրանցվել է հիվանդության 22 դեպք՝ երկու երկրներում: Իսկ այս տարի ավելի քան 400 միլիոն երեխա կպատվաստվի այս հիվանդության դեմ:

2. 2000–2016թթ. միջև ընկած ժամանակահատվածում շուրջ 20 միլիոն երեխայի կյանք է փրկվել կարմրուկի դեմ պատվաստումների միջոցով:

3. 2017թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխարհի երեխաների 45 %-ի համար գնել է 1.3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 2.4 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ:

4. Պատվաստումների շնորհիվ նորածինների և հղիների համար մահացու համարվող փայտացումը վերացվել է գրեթե բոլոր երկրներում՝ բացառությամբ 15 երկրի: Իսկ 2017թ-ին հիվանդությունը վերացվել է նաև Եթովպիայում, Հայիթիում և Ֆիլիպիններում:

5. Պատվաստում չստացած երեխաների երկու երրորդն ապրում է խոցելի երկրներում կամ հակամարտությունների գոտիներում: Սիրիայում գրանցվել է պատվաստում չստացած երեխաների ամենացածր ցուցանիշը. այստեղ 2000–2016թթ. միջև ընկած ժամանակահատվածում պատվաստման ծածկույթը նվազել է 38 տոկոսով: Երկրորդ ամենամեծ՝ 33 տոկոսանոց անկումը գրանցվել է Ուկրաինայում:

6. Աշխարհում պատվաստում չստացած երեխաների կեսն ապրում են հետևյալ 6 երկրներում՝ Նիգերիա (18%), Հնդկաստան (15%); Պակիստան (7%); Ինդոնեզիա (5%), Եթովպիա (4%) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (3%):