Հայաստանում հեռավար ուսուցման առկա իրավիճակն և ինչպես է ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքում ՔՈՎԻԴ-19-ին

Զրուցել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի հետ

Ժաննա Ուլիխանյան
Ալվրադ Պողոսյանը դասախոսություն է կարդում EDcamp Armenia 2019-ի կրթական հարթակում։
UNICEF Armenia
23 Ապրիլ 2020

Հարց 1. Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ այս համավարակը երեխաների կրթության և ուսումնառության վրա Հայաստանում։

Ալվարդ։ Կորոնավիրուսի տարածումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը թե՛ամբողջ աշխարհի, թե՛ Հայաստանի կրթական համակարգի համար դարձավ իսկական մարտահրավեր։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավարներն անմիջապես հայտարարեցին, որ աշխարհն այսօր առերեսվում է ոչ միայն առողջապահական, այլ նաև՝ կրթական լուրջ ճգնաժամի հետ, որը խորացնելու է առանց այդ էլ գոյություն ունեցող անհավասարությունները և խտրականությունը։ Փաստացի, մի այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ առկա ուսուցում այլևս հնավոր չէր իրականացնել։ Պետք էր այս խնդրին շատ արագ լուծում տալ և ապահովել յուրաքանչյուր աշակերտի կրթության շարունակականությունն այլընտրանքային մոտեցումներով: Հայաստանի պարագայում մարտահրավեր էր ապահովել 1403 դպրոցներում սովորող 391 143 աշակերտների ուսումնական գործընթացը 38 167 ուսուցիչների և առկա ռեսուրսների կիրառմամբ:

Այստեղ օգնության եկան տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները: Օգնեց նաև այն, որ Հայաստանում վերջին 10 տարիներին ստեղծվել էին բավականաչափ ռեսուրսներ, ինչպես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ այնպես էլ ոչ պետական կազմակերպությունների և անհատների կողմից: Ավելին՝ ԿՏԱԿ-ը իրականացրել էր հեռավար ուսուցման փորձնական ծրագիր երկու հեռավոր գյուղական դպրոցներում, որտեղ առկա էր առարկայական ուսուցիչների պակաս: Ու հետաքրքիր էր նաև, որ բոլորովին վերջերս էր հաստատվել հեռավար կրթության կանոնակարգը, որում նախատեսվում էր հանրակրթական հաստատությունների նման մասշտաբի փակման դեպքում հեռավար կրթության անցնելու հնարավոր տարբերակ:։ Ինչպես ասում են, ամեն ճգնաժամի մեջ պետք է փնտրել հնարավորություններ: Այս համաճարակը, իր ողջ բացասական հետևանքներով հանդերձ, կարծես դարձավ հեռավար ուսուցման լայնածավալ փորձարկումը Հայաստանում։

Խոսելով խնդիրների մասին՝ մենք չենք կարող չխոսել վաղ ուսումնառության ու նախադպրոցական կրթության դադարի մասին։ Այսօր փակ են բոլոր մանկապարտեզներն ու նախադպրոցական հաստատությունները ևս, իսկ երեխաները, փաստորեն, բաց են թողնում իրենց զարգացման համար այդքան կարևոր կրթությունը։ Մասնավոր մանկապարտեզները փորձում են իրականացնել պարապմունքները հեռավար ռեժիմով, բայց հետագայում անհրաժեշտ է հեռավար պարապմունքներ մշակել նաև այս տարիքի երեխաների համար, հատկապես նախադպրոցական խմբի՝ նրանց սահուն անցումը տարրական դպրոց ապահովելու համար։

Հարկավոր է նաև մոնիտորինգի մեխանիզմներ մշակել, որպեսզի հետագայում կարողանանք հաշվարկել, թե երեխաների ո՛ր մասը չվերադարձավ դպրոց և ինչու։

Երևանի դպրոցներից մեկում դասաժամ է։ Գրասեղանի մոտ նստած տղան խաղում է իր գրիչով։
UNICEF Armenia/2018/Sokhin

Հարց 2. Որո՞նք են հիմնական խնդիրներն ու երեխաների ամենախոցելի խմբերը։

Ալվարդ: Ճիշտ է, շնորհիվ արդեն իսկ իրականացրած փորձարկումների, Հայաստանում շատ արագ կազմակերպվեց հեռավար ուսուցումը, սակայն հենց սկզբից ի հայտ եկան հետևյալ խնդիրները։

  1. Հայաստանում բնակվող ամենախոցելի երեխաները, ովքեր չունեն համակարգչային սարքավորումներ կամ հեռախոս, ինտերնետ հասանելիություն, դուրս են մնում կրթությունից։ Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներին։ Նախարարությունը փորձեց արագ լուծում տալ խնդրին և նախաձեռնեց համակարգիչների հավաքագրում, այնուհետև դրանց տրամադրում այս խմբին։ Սակայն դեռ կան հազարավոր երեխաներ և ուսուցիչներ, ովքեր համակարգչի և համացանցի հասանելիություն չունեն։ Կազմակերպվեց նաև դասերի հեռարձակում հանրային և մարզային հեռուստաալիքներով, հեռահաղորդակցության բոլոր օպերատորները տրամադրեցին անվճար հասանելիություն առցանց դասերի և ռեսուրսների համար:
  2. Երկրորդ խնդիրը, որ ի հայտ եկավ անմիջապես, կրթության առանձնահատուկ պայմանի կարիքներ ունեցող երեխաների համար հեռավար ուսուցման  մասնագիտական աջակցության կազմակերպումն էր։ Ամբողջ աշխարհում այս երեխաների համար հատուկ տեխնոլոգիաներ գոյություն ունեն, իսկ մեզ մոտ այսպիսի մոտեցումը կրկին փորձնական ծրագրերի մակարդակով է իրականացվել և երբեք չի դարձել կրթական քաղաքականության մաս՝ հնարավորություն չտալով այս երեխաներին իրացնել իրենց կրթության իրավունքը։
  3. Ունենք նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար առցանց կրթության հասանելիության ապահովման խնդիր։ Հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես կարող են լինել կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների շարքում, եթե իրենց հատուկ տեխնոլոգիաներ չեն տրամադրվում, ինչպիսին են, օրինակ, տեսողության խնդիր ունեցող երեխաների համար խոսող գրքերը կամ լսողության խնդիր ունեցող երեխաների համար սուրդո թարգմանությունը։ Սկզբնական շրջանում հեռուստատեսային դասերը, ցավոք, առանց սուրդո թարգմանության են նկարահանվում, քանի որ շեշտը դրված է արագության վրա։ Առաջնահերթությունը տրվել է ավելի մեծ խմբերի համար հասանելիության ապահովմանը։ Սակայն վերջերս որոշ դասեր արդեն մատչելի են հայերեն ժեստերի լեզվով: Առկա են նաև խոսող գրքեր՝ տեսողության խնդիր ունեցող երեխաների համար:
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացման լուրջ խնդիր կա։ Թե՛ ուսուցիչները և թե՛ աշակերտները տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու խնդիր ունեն։ Այս իրավիճակը ցույց տվեց, որ ճիշտ չէ այն կարծիքը, թե աշակերտները ավելի հմուտ են տեխնոլոգիաներից օգտվելու հարցում։ Ուսանելու համար թվային սարքավորումներից օգտվելուն նրանք, բնավ, պատրաստ չէին։ Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներին։

Թվային տեխնոլոգիաների և հեռավար դասերի հետ համատեղ առաջ է գալիս կիբերանվտանգության՝ համացանցից անվտանգ օգտվելու խնդիրը։ Հեռավար կրթության անցման առաջին օրերին շատ մեծ էր ոգևորությունը և ուսուցիչները, ծնողները, երեխաները անմիջապես սկսեցին նկարներ տարածել, թե ինչպես են երեխաները առցանց դասին մասնակցում։ Երեխաները նաև սկսեցին գրանցվել տարբեր հարթակներում՝ բացեիբաց տեղադրելով իրենց բոլոր անձնական տվյալները։ Սա խնդիր է, որն առանձին կրթություն և տեղեկացվածություն է պահանջում։

Փոքրիկ տղան, որ հաշմանդամություն ունի, մասնակցում է շախմատի դասին։
UNICEF Armenia/2018/Sokhin

Հարց 3: Ինչպե՞ս է աջակցում ՅՈՒՆԻՍԵՖ-ը հեռավար կրթության զարգացմանը Հայաստանում

Ալվարդ: Աշխատում ենք հետևյալ չորս ուղղություններով.

1. Որակյալ դասերի պատրաստում և բոլոր երեխաների համար դրանց հասանելիության ապահովում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծեց հեռավար դասընթացների նկարահանման երկրորդ հագեցած տաղավարը, որը թույլ է տալիս, առաջին տաղավարին զուգահեռ, իրականացնել դասերի նկարահանում։ Պատրաստ լինելուն պես՝ դասերը տեղադրվում են ԿԳՄՍՆ Յութուբյան ալիքում և տրամադրվում հեռուստատեսությանը։

Հիմնականում նկարահանվում են 1-9 դասարանների դասերը։ Առանձին աշխատանք է իրականացվում ուսուցիչների հետ, որպեսզի դասերը ինտերակտիվության տարրեր պարունակեն և երեխաների համար ավելի գրավիչ ու հասկանալի լինեն։

Ի դեպ, աջակցում ենք նաև ուսուցիչների տեղեկատվական հմտությունների զարգացմանը։ Անընդհատ կա ուսուցիչների հետ փոխադարձ կապ, որը թույլ է տալիս հնարավորինս բարելավել այս դասերի որակը։

Այս պահին ամեն ինչ արվում է , որ դասերը համապատասխանեն այսօրվա պետական ծրագրին։ Այսինքն, եթե երեխաները գնային դպրոց, հենց այդ թեմաները պետք է յուրացնեին։ Հաջորդիվ անպայման աշխատելու ենք այս դասերի հասանելիության բաղադրիչի վրա։ Մեզ համար սկզբունքային է, որ այս դասերը հասանելի լինեն բոլոր երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Ինչպես արդեն նշեցի, որոշ դասեր արդեն մատչելի են հայերեն ժեստերի լեզվով,

2. Ուսուցիչների վերապատրաստում և մանկավարժության նոր բլոկի ձևավորում։ Մենք գիտակցում ենք, որ առցանց ուսուցումը միայն տեղեկատվական տեխնոլոգիաները չեն։ Այն մանկավարժության առանձին բլոկ է։ Ցյուրիխի մանկավարժական համալսարանի հետ դասընթաց է մշակվել ուսուցիչների համար, որի կենտրոնում հեռավար կրթության կազմակերպման հմտություններն են։ Ծրագիրը մշակվել է Հարվարդի համալսարանի ու Ֆրանսիական հետազոտությունների և նորարարական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Մենք առաջարկելու ենք մեր ուսուցիչներին, ովքեր աշխատում են առցանց դասերի նկարահանման վրա, մասնակցել այս առցանց դասընթացին։ Ցավոք, դասընթացը կլինի անգլերեն ու հասանելի կլինի սահմանափակ թվով ուսուցիչների համար։ Սակայն հետագայում մենք փորձելու ենք այս փաթեթը թարգմանել հայերեն։

3. Հեռավար ուսուցման ուղեցույց և առցանց կրթության ազգային ծրագիր։ Մենք առաջարկել ենք մշակել առցանց կրթության ազգային ծրագիր։ Առցանց ուսուցումը պետք է դառնա առկա ուսուցման բաղկացուցիչ մասը։ Ամբողջ աշխարհն է այդ ուղությամբ գնում: Մենք չպետք է հետ մնանք, առավել ևս, երբ արդեն տեսանք, որ ունենք մարդկային ռեսուրսների, անհրաժեշտ ծրագրերի և մի շարք այլ բաղկացուցիչների և՛ առկայություն, և՛պակաս։ Դրա համար պետք է իրականացնել ներկայինս հարկադրված լայնամասշտաբ հեռավար կրթության իրականացվող ծրագրի վերլուծություն, գնահատել, թե ինչը աշխատեց, ինչ բացեր կան և մշակել հեռավար և առցանց ուսուցման ռազմավարություն և կանոնակարգել առկա ռեսուսները՝ դրանք համապատասխանեցնելով կրթության պետական չափորոշչի պահանջներին, սովորողների տարիքային զարգացման և ուսումնառության առանձնահատկություններին:

Պետք է հետևողական լինել, որպեսզի այս դասերը ունիվերսալ դիզայն ունենան և հասանելի լինեն բոլոր երեխաների համար։ Այս դասերից կկարողանան օգտվել ու կշահեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող, այլև՝ ցանկացած երեխա, քանի որ դրանք հատուկ մշակված են ու ավելի գրավիչ են երեխաների համար։

4. Աջակցություն դպրոցների վերաբացմանը։ Երբ արտակարգ դրությունը ավարատվի, մենք պետք է լուրջ աշխատենք դպրոցները մաքրելու և ախտահանելու ուղղությամբ։ Թարգմանվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԿԽ և ԱՀԿ-ի ուղեցույցները, որտեղ հստակ տեղեկատվություն կա, թե քայլեր է պետք նախաձեռնել համաճարակի ժամանակ և մինչև ավարտը դպրոցներում երեխաների անվատանգությունը ապահովելու համար, ինչ հաճախականությամբ և ինչ նյութով պետք է ախտահանել դպրոցները, վերահսկել որ ջերմություն ունեցող և հիվանդ երեխաները, ուսուցիչները և դպրոցի աշխատակիցները մնան տանը։ Դպրոցների վերաբացումից հետո մենք շարունակելու ենք աջակցել նախարարությանը, տրամադրել մշակված ուղեցույցները և մատակարարել անհրաժեշտ հիգիենայի պարագաները, որպեսզի երեխաների համար դպրոց վերադառնալը անվտանգ լինի։

Մենք նաև առաջարկում ենք դպրոցներին սկսել գրանցել և դիտարկել երեխաների մասնակցությունը հեռավար դասերին, և այն երեխաների համար, ում հաճախելիությունը ցածր է, հետագայում կազմակերպել արագացված դասընթացներ՝ գուցե ամառային դպրոցների կամ խտացված դասընթացների ձևով, գոնե հիմնական նյութը յուրացնելու համար։ Առանց այն էլ մենք զիջում ենք շատ երկրներին թե՛ ֆունկցիոնալ մաթեմատիկական գիտելիքների, թե՛ ֆունկցիոնալ գրագիտության, թե՛ ֆունկցիոնալ տեղեկատվական տեխնոլոգիաների հմտությունների հարցում։ Եթե այս ուղղությամբ աշխատանքներ չտարվեն, հետագայում խնդիրը ավելի կխորանա։