Կրծքով կերակրումը խթանելը բոլորիս աշխատանքն է
Կրծքով կերակումը միայն մայրիկի գործը չէ. բոլորս դեր ունենք այս կարևոր քայլը խթանելու հարցում

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կրծքով կերակրումը կյանքի ավելի առողջ սկիզբ է ապահովում երեխայի համար: Կրծքի կաթը երեխայի առաջին պատվաստանյութն է, որ խթանում է երեխայի ուղեղի զարգացումը և պաշտպանում մայրիկի առողջությունը: Երբ մայրիկը կրծքով է կերակրում, բոլորն են շահում: Կրծքով սնուցումը նաև նվազեցնում է հանրային առողջապահական ծախսերը, ընտանքիներին ավելի առողջ է դարձնում և հետագայում առավել աշխատունակ աշխատուժ ունենալու հիմք է հանդիսանում: Մինչդեռ աշխարհում երեխաների ընդամենը քառասուն տոկոսն է մինչ վեց ամսականը բացառապես կրծքով կերակրվում:
Կրծքով կերակումը միայն մայրիկի գործը չէ. բոլորս դեր ունենք այս կարևոր քայլը խթանելու հարցում, այդ թվում՝ բժիշկները, ընտանիքի անդամները, գործատուները, քաղաքականություն մշակողները, հանրային վայրերի և ժամանցի կենտրոնների ղեկավարները՝ հանձին այգիների, ռեստորանների և մոլերի: Այս ցուցակն անվերջ է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ ստեղծվել է Կրծքով սնուցման գլոբալ նախաձեռնությունը ՝ բարձրացնելու կրծքով կերակրումը խթանող քաղաքական պարտավորվածությունը՝ համարելով, որ դա պետության կողմից իրականացվող ամենախելացի ներդրումներից մեկն է: Այս նախաձեռնությամբ փորձ է արվում բարձրացնել կրծքով վաղ սնուցման, բացառապես կրծքով կերակրման և երեխայի մինչև երկու տարեկանը լրանալը կրծքով կերակրման մակարդակը:
Մենք կոչ ենք անում բոլորին՝ հովանավորներին, կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և քաղհասարակությանը՝
- Բյուջե հատկացնել՝ երկրում կրծքով կերակրման մակարդակը բարձրացնելու նպատակով:
- Ընդունել և վերահսկել «Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման մասին» միջազգային օրենսգիրքը:
- Երեխայի խնամքի արձակուրդ տրամադրել ծնողներին և աշխատավայրում ապահովել կրծքով կերակրելու համար պայմաններ և համապատասխան ընդմիջումներ՝ հաշվի առնելով Աշխատանքի համաշխարհային կազմակերպության մշակած չափորոշիչները:
- Ծննդատներում իրականացնել հաջող կրծքով կերակրման տասը քայլերը՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով կրծքի կաթ, Նույնը անել նաևանառողջ և խոցելի երեխաների դեպքում:
- Հասանելի դարձնել կրծքով կերակրման մասնագիտական խորհրդատվական ծառայությունները բոլոր ծննդատներում և պոլիկլինիկաներում:
- Կապը ու հաղորդակցություն ապահովել առողջապահական հաստատությունների և ընտանիքների միջև:
- Ուժեղացնել մշտադիտարկման համակարգերը, որպեսզի հնարավոր լինի հետևել և հաշվարկել քաղաքականության, ծրագրերի և ներդրումների թե՛ հաջողությունները ու թե՛ հատկապես անհաջողությունները:
Կրծքով կերակրման մակարդակի բարձրացման շնորհիվ կարելի է՝
- Տարեկան փրկել ավելի քան 820,000 մինչև հինգ տարեկան երեխաների կյանք:
- Կանխարգելել կրծքի քաղցկեղի պատճառով 20,000 մահ:
- Խնայել հարյուր միլիոնավոր դոլարներ, որ ուղղվում են առողջապահական ոլորտի ծախսերին:
- Հավելյալ 302 միլիարդ դոլար եկամուտ առաջացնել:
Կրծքով կերակրման կարևորության, միֆերի, ճիշտ դիրքերի, ինչպես նաև խնդիրների մասին կարող եք կարդալ Բեյբիսեֆում:
Կրծքով կերակրումը խրախուսելու և մայրիկներին աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև Կրծքով կերակրման տեսահանրագիտարան է թողարկել: Այս տեսանյութերից մայրիկները կարող են տեղեկանալ կրծքով կերակրման կանոնների և առավել հաճախ հանդիպող խոչընդոտները հաղթահարելու ուղիների մասին: