Կրթության փորձագետները վերլուծում են Հայաստանում ուսուցման գնահատման ազգային համակարգը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի աջակցությամբ շարունակում են աշխատել կրթության ոլորտի զարգացման ուղղությամբ։

Արման Գասպարյան
Մեծ Մասրիկ գյուղի դպրոցում աղջնակը նստած ուշադիր լսում է դասը։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari
07 Հուլիս 2021

Ս․թ․ հունիսի 16-18-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով՝ «Ուսուցման գնահատման ազգային համակարգերի վերլուծություն գործիքակազմի կիրառումը Հայաստանում» (Analysis of national learning assessment systems - ANLAS) թեմայով՝ ազդարարելով մեկնարկը 12 հետազոտությունների, որոնք պետք է իրականացվեն «Կրթության ոլորտի զարգացման ծրագիր» դրամաշնորհի շրջանակում 2021 թ. հունիսից 2022 թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում:

Դրամաշնորհը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը տրամադրել է Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամը 2021 թ․ հունվարին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստանձնել է դրամաշնորհային գործակալի դերը` իրականացնելու այն՝ համաձայն հաստատված հայտի և Կրթության համաշխարհային գործընկերության ընթացակարգերի, նաև սերտորեն համագործակցելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համակարգող գործակալության և տեղական կրթական խմբի հետ, որոնք հիմնվել են դրամաշնորհի հայտերի ներկայացման ընթացքում` ապահովելու տեղական ներուժի զարգացումն ու սեփականության իրավունքը: Դրամաշնորհի նպատակն է ստեղծել վերլուծական նյութերի ամուր բազա, որը կհանգեցնի տվյալների վրա հիմնված, ոլորտային քաղաքականության մշակմանը և կրթական ծրագրերի ընդունմանը:

Աշխատաժողովին մասնակցում էին «Հավասարության և արդարության վրա հիմնված դասարանային գնահատման (classroom assessment) պրակտիկայի վերլուծություն՝ աշակերտների ուսումնառության վերջնարդյունքների բարելավման համար քաղաքական առաջարկությունների վերհանման նպատակով» և «Հայաստանում ուսուցման գնահատման համակարգի վերլուծություն» թեմաներով հետազոտություններ իրականացնելու համար հավաքագրված 10 անձից բաղկացած փորձագիտական երկու խմբեր:

Աշխատաժողովին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից (ԿԶՆԱԿ), Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից (ԿՏԱԿ), ինչպես նաև գործընկեր համալսարաններից և համակարգող գործակալություն Ասիական զարգացման բանկից:

Սեմինարը վարում էին փորձագիտական խմբերի ղեկավարներ Աննա Ալեքսանյանը և Հայկ Դավեյանը՝ ԿՀԳ-ի ուսուցման գնահատման խորհրդատու Մեջի Պիեռ-Լուիի աջակցությամբ: Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցներին ողջունեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին. «Յունիսեֆը ուրախ է աջակցելու այս կարևոր նախաձեռնությանը, որը հնարավոր կդարձնի կրթության ոլորտում իրականացվող փաստահեն քաղաքականությունների ու ծրագրերի համապարփակ վերանայումը»:

Դրամաշնորհին դիմելու ողջ ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍ նախարարությանը տրամադրել է փորձագիտական աջակցություն և այսօր էլ հպարտանում է այս գործընթացում դրամաշնորհի գործակալի դերը ստանձնելով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ կառուցելու ամուր և դիմակայուն կրթական համակարգ բոլոր երեխաների համար»:

Ռամյա Վիվեկանանդանը՝ Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի կրթության ավագ մասնագետը և ուսումնառության գծով ղեկավարը (ինչպես նաև ANLAS-ի համակարգողը), աշխատաժողովի վերջին օրը իր ելույթում արտահայտեց իր գոհունակությունը թիմ(եր)ին այս կարևոր նախաձեռնությունը ստանձնելու համար, որը նպատակաուղղված է գնահատելու ուսուցման ազգային համակարգը Հայաստանում, և հույս հայտնեց,  որ ANLAS-ը կօգնի երկրին՝ կատարելագործելու այս համակարգը, ինչը կարևոր քայլ է աշակերտների ուսումնառության վերջնարդյունքներն ավելի լավ մշտադիտարկելու և բարելավելու համար։

Դասընթացից հետո վերոհիշյալ փորձագիտական երկու խմբերը սկսել են իրենց հետազոտություններում կիրառվելիք մեթոդաբանությունների ամբողջացման աշխատանքները: Միաժամանակ, ակտիվորեն ընթանում է ևս երեք փորձագիտական խմբերի անդամների հավաքագրում. խմբերը կկազմավորվեն մինչև ընթացիկ ամսվա ավարտը։