Կողեսի աշակերտներն ունեն իրենց երազած մարզադահլիճը

Լոռու մարզի Կողես համայնքի դպրոցն արդեն ունի նորոգված ու կահավորված մարզադահլիճ ՅՈւՆԻՍԵՖ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի աջակցությամբ:

Լուսինե Ղարիբյան
Աղջիկներն ու տղաները պարան են ձգում։
UNICEF Armenia/2021/Vahan Stepanyan
16 Հուլիս 2021

Կողեսի հիմնական դպրոցի աշակերտներն անհամբեր ու հետաքրքրությամբ բացում են նոր վերանորոգած մարզադահլիճի դուռը: Ցուրտ ու անբարեկարգ դահլիճը տարիներ շարունակ գրեթե չէր գործածվում: Տաք եղանակին ֆիզկուլտուրայի դասերն անում էին դպրոցի բակում, ցրտերն ընկնելուն պես՝ բավարարվում էին դասարանում առողջ ապրելակերպի մասին զրույցներով: 

Խաչիկը դասընկերների հետ մասնակցել է նորոգման աշխատանքներին, բայց ամբողջությամբ հարդարված ու կահավորած՝ մարզադահլիճն առաջին անգամ է տեսնում:

Լոռու մարզի Կողես համայնքի աշակերտները մարզվում են դպրոցի վերանորոգված մարզադահլիճում և փորձարկում նոր մարզական գույքը:
UNICEF Armenia/2021/Vahan Stepanyan

«Ես սիրում եմ սպորտ, տանը երկաթներից «գանտելներ» եմ սարքել, պարապում եմ: Հիմա արդեն հավեսով կգանք դահլիճ՝ մարզվելու»,-

ասում է 13-ամյա Խաչիկը:

Լոռու մարզի Կողես համայնքի դպրոցում 19 աշակերտ է սովորում: Այս տարի՝ մեկ շրջանավարտ, նոր ուսումնական տարում էլ, հավանաբար, 5 առաջին դասարանցի կունենան: Գյուղում խմբակներ չկան, երեխաների ու պատանիների հիմնական զբաղվածությունը դպրոցն է ապահովում։ Երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համայնքային ներազդեցության ծրագրերի մրցույթ հայտարարեցին, ռուսերենի ուսուցչուհի Դոնարա Մանուկյանը ներկայացրեց «Սպորտ՝ առանց սահմանափակումների» նախագիծը։

Կողեսի դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Դոնարա Մանուկյանն է՝ մարզադահլիճի նորոգման ու կահավորման ծրագրի նախաձեռնողը:
UNICEF Armenia/2021/Vahan Stepanyan

«Ծրագրի գլխավոր նպատակն է սպորտով զբաղվելու հավասար հնարավորություն ստեղծել բոլորի համար՝ անկախ սեռից, սոցիալական պատկանելությունից, բնակության վայրից։ Մեր դպրոցում տղաներն ավելի շատ են, և սպորտում ու այլ նախաձեռնություններում ավելի ներգրավված են նրանք, քան՝ աղջիկները։

Սա միայն գյուղի խնդիրը չէ։ Ես Վանաձորից եմ, և նույնը նաև մեր դպրոցում էր, բայց պատճառն այն չէր, որ հնարավորություն չկար, այլ մենք ինքներս ոգևորված չէինք, կար կարծրատիպ, որ սպորտը աղջիկների համար չէ»,-

ասում է Դոնարան, որն արդեն 2 տարի տեղափոխվել է Կողես՝ դասավանդելու։

Ծրագրով նախատեսվածի պես՝ մարզադահլիճը վերանորոգել ու կահավորել են։ Աշխատանքներն ամբողջությամբ աշակերտներն ու համայնքի անդամներն են արել։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Վարոսյանը երեխաներից պակաս ոգևորված չէ։ Ասում է՝ Կողեսում ու մոտակա գյուղերում մարզադպրոցներ չկան, և երեխաները սպորտի հետ հիմնականում առնչվում են դպրոցում։ Ափսոսանքով է հիշում աղջիկներին ու տղաներին, որ չնայած տաղանդին՝ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու հնարավորություն չունեցան։

Կողեսի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Վարոսյանն է, որը պատրաստվում է սպորտային խմբակներ բացել աշակերտների ու համայնքի մյուս անդամների համար:
UNICEF Armenia/2021/Vahan Stepanyan

«Փորձում ենք օգնել երեխաներին՝ բացահայտել իրենց ֆիզիկական որակները և աշխատել այդ ուղղությամբ։ Հասարակության մեջ կարծրատիպ կա, որ սպորտը տղաների համար է: Զարմանալի է, բայց մեր գյուղում այդպիսի մոտեցում չկա: Բազմաթիվ աշակերտներ ենք ունեցել, որ շատ սիրել են որևէ մարզաձև ու փորձել են զբաղվել դրանով, առնվազն՝ հետաքրքրվել են: Եթե չի ստացվել, շատերը պարի են գնացել, հնարավորինս սպորտին մոտ ոլորտ են ընտրել»,-

ասում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը և հավելում․

«Սպորտի հանդեպ մեր աղջիկների հետաքրքրությունը ոչ մի բանով չի զիջում տղաներին։ Օրինակ՝ Մերին, տղաներից լավ թե՛ վազում է, թե՛ ձգումներ է անում, սպորտի ասպարեզում հաստատ լավ ապագա կունենա»։

Մերին ավագ եղբայրների հետ մարզական նոր գույքն է փորձարկում՝ ծանրաքարերը, սեղանի թենիսը, օղակները: Երբ դահլիճում պարապելու հնարավորություն չկար, 9-ամյա աղջիկը մարզասարքեր ու պարապելու համար պայմաններ էր ստեղծել տանը:

«Ես սիրում եմ «գանտելներով» պարապել, երբ տանն եմ լինում, գետնի վրա «ժիմ» եմ անում, ծառերից եմ կախվում՝ «տուռնիկի» նման։ Ես ինքնուրույն եմ որոշել մարզվել՝ առողջ լինելու համար, համ էլ սիրում եմ: Ֆուտբոլ էլ եմ սիրում, բոքս, կարատե, միշտ հեռախոսով նայում եմ»։

Մերին ու դասընկերները մարզվում են դպրոցի վերանորոգված մարզադահլիճում և փորձարկում նոր մարզական գույքը:
UNICEF Armenia/2021/Vahan Stepanyan

«Ֆիզիկական դաստիարակությունը հավասարապես կարևոր է տղաների և աղջիկների համար։ Թիմային մարզաձևերն օգնում են աղջիկներին բարձրացնել ինքնագնահատականը, հաղթահարել անհանգստությունը, և, որ ավելի կարևոր է, հնարավորություն են տալիս հասնելու իրենց նպատակներին: Մենք գիտենք՝ այն երեխաները, որոնք դպրոցում սպորտով զբաղվելու հնարավորություն ունեն, պակաս հավանական է, որ կթողնեն դպրոցը։ Ընդհակառակը՝ նրանք կրթությունը շարունակելու ավելի մեծ ձգտում կունենան։ Պատճառն այն է, որ սպորտն ու համայնքային խաղերը ոչ միայն օգնում են բոլոր տարիքի երեխաներին բարելավել առողջությունն ու ինքնավստահ դառնալ, այլև օգնում են դպրոցին ու համայնքին՝ զարգացնել թիմային ոգին»։

ասում է ՅՈւՆԻՍԵՖ-ի գենդերային հավասարության  հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը։

Մինչ մարզադահլիճի վերանորոգումը կավարտեին, սպորտի կարևորության մասին սեմինարներ են ունեցել դպրոցում, հյուրընկալել սամբոյի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին ու ֆուտբոլիստ Աննա Դալլաքյանին: Հատկապես Աննայի պատմությունը, թե ինչպես է բոլորի կարծիքին դեմ գնալով դարձել ֆուտբոլիստ, ոգևորել էր աշակերտներին: 11-ամյա Նվարդ Նալբանդյանն ասում է՝ դժվարությունները հաղթահարելի են, կարևորը՝ նպատակիդ հետևից գնաս։

11-ամյա Նվարդ Նալբանդյանը ցանկանում է կարատեով զբաղվել:
UNICEF Armenia/2021/Vahan Stepanyan

«Մինչ այս, սպորտով չէինք զբաղվում, բայց քանի որ արդեն կան էս պարագաները՝ թռչելու, թենիսի, «շտանգա», հիմա ավելի շատ կմարզվենք ու կկոփվենք։ Ես շատ եմ սիրում գլուխկոնծի տալ, ուժեղ լինելու համար շատ կուզեի կարատեի նման մի սպորտով զբաղվել»։

Ֆիզկուլտուրայի դասերից բացի, մարզադահլիճում նաև սպորտային խմբակներ են լինելու ոչ միայն աշակերտների, այլև՝ Կողեսի բնակիչների համար: Լաուրան, թեև դպրոցն ավարտել ու հիմա Ստեփանավանում է սովորում, բայց գյուղի ու դպրոցի անցուդարձին լավ տեղյակ է: Ասում է՝ երբ գյուղում լինի, անպայման կօգտվի մարզադահլիճից։

Լոռու մարզի Կողես համայնքի աշակերտները մարզվում են դպրոցի վերանորոգված մարզադահլիճում և փորձարկում նոր մարզական գույքը:
UNICEF Armenia/2021/Vahan Stepanyan

Մարզադահլիճի բացումը Կողեսում տոնի են վերածել, սպորտլանդիա են կազմակերպել ու հարևան գյուղերի՝ Յաղդանի, Ագարակի, Լոռի Բերդի ու Մղարթի աշակերտներին հրավիրել մասնակցելու։

5 համայնքների աշակերտները մասնակցում են Կողեսի դպրոցի բակում կազմակերպված սպորտլանդիային:
UNICEF Armenia/2021/Vahan Stepanyan