Կյանքի առողջ սկիզբ
Ինչպես հաղթահարել երեխայի ճիշտ խնամքի հետ կապված տարածված սխալներն ու թյուր կարծիքները:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Որպեսզի երեխան մեծանա առողջ ու երջանիկ, չափազանց կարևոր է, որ ծնողներն իմանան՝ ինչպես ճիշտ կազմակերպել նրա խնամքը կյանքի առաջին իսկ օրվանից։ Սակայն, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ծնողների շրջանում կա երեխայի ճիշտ խնամքի հետ կապված գիտելիքի պակաս, տարածված սխալներ ու թյուր կարծիքներ։
Օրինակ, Կոտայքի մարզում ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերապատրաստմանը մասնակցած ծնողների մեծ մասը սխալ էր պատասխանել երեխայի կրծքով սնուցման վերաբերյալ բոլոր հարցերին։
Լոռու և Տավուշի մարզերում ծնողների շրջանում տարածված սխալները հիմնականում վերաբերում էին պատվաստմանն ու երեխայի օրգանիզմում յոդի պակասի կանխարգելման եղանակներին։
Շիրակի մարզում ծնողների մեծ մասը չգիտեր, թե, օրինակ, երբ է անհրաժեշտ միսն ավելացնել երեխայի սննդակարգում, արդյոք կարելի է նրան քաղցր կոմպոտ տալ, իսկ ամենատարածված թյուր պատկերացումները վերաբերում էին փոքրիկին բարուրելու սովորությանը։
Երեխայի խնամքի հետ կապված այս և տարածված այլ սխալներ ու արմատացած միֆերը վեր են հանվել ու քննարկվել ծնողների հետ տեղեկատվական մի շարք հանդիպումների ժամանակ 2018 թվականի ընթացքում, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել էր Առողջապահության նախարարության հետ համատեղ «Յուրաքանչյուր նորածին» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է օգնել ծնողներին ճիշտ կազմակերպել երեխայի խնամքը, իսկ մանկաբույժներին՝ թարմացնել մասնագիտական գիտելիքներն ու առօրյայում օգտագործվող հմտությունները, ինչպես նաև ամրապնդել ծնող-մանկաբույժ համագործակցությունն ու փոխվստահությունը։

Սաթենիկի կրտսեր դուստրը՝ Էվելինան, մեկ տարեկան և երկու ամսական է: Նա մասնակցել է հանդիպումներին Գյումրիում. «Հանդիպումներից շատ բան իմացանք երեխայի խնամքի մասին: Թեև որոշ բաներ կարող են պակաս կարևոր թվալ առօրյայում, բայց չպետք է անտեսել դրանք: Օրինակ, պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ խաղալիք ենք տալիս երեխային։ Կան խաղալիքներ, որ կարող են վտանգավոր լինել նրա առողջության համար՝ հատկապես շատ փոքր հասակում»։
«Իմացանք նաև սննդակարգի կարևորության մասին, հատկապես, թե որ մթերքներն են ավելի հարուստ վիտամիններով, երկաթով ու երեխաների ճիշտ զարգացման համար կարևոր այլ նյութերով»,-ավելացնում է նա: «Դասընթացից հետո սկսեցինք ավելի շատ ուշադրություն դարձնել, թե ինչպես ենք դաստիարակում երեխային: Հիմա ավելի շատ ենք զբաղվում նրա հետ՝ խոսում ենք, խաղում միասին, հեքիաթներ ենք կարդում նրա համար»,-նշում է Սաթենիկը ու ավելացնում, որ մանկաբույժի այցերն արդեն ոչ թե պարտականություն են, որ կատարվում են միայն հիվանդությունների ժամանակ, այլ անհրաժեշտություն, որ հնարավորություն են տալիս հետևել երեխայի ճիշտ զարգացմանը վստահելի անձի օգնությամբ:

Ծնողների հետ հանդիպումներին զուգահեռ ՅՈՒՆԻՍԵՖը նաև կազմակերպել է մասնագիտական դասընթացներ Հայաստանի մոտ 30 համայնքներում, որոնց մասնակցել է 650 մանկաբույժ, ընտանեկան բժիշկ ու բուժքույր:
Գյումրիից մանկաբույժ Նարինե Ալեքսանյանը հաճույքով է հիշում վերապատրաստման մասին և հավելում, որ հնարավորության դեպքում նորից կմասնակցի նման դասընթացի։ «Կարևոր է, որ մենք ոչ միայն բուժենք, այլ նաև տեղեկացնենք ծնողներին՝ ինչպես կազմակերպել երեխայի ճիշտ խնամքը, որպեսզի նրանք կանխարգելեն հնարավոր հիվանդությունները և իմանան՝ որ դեպքում անմիջապես դիմեն բժշկի»։

«Շատ կարևոր է մանկաբույժների հոգեբանական պատրաստվածությունը, որպեսզի նրանք տիրապետեն ծնողների ու հարազատների հետ շփման բոլոր նրբություններին», — ասում է «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, դասընթացավար Գոռ Պետրոսյանը և ավելացնում. «Կարևոր է, որ համայնքներում մանկաբույժի հեղինակությունը բարձր լինի, որպեսզի նրան վստահեն և նրա մասնագիտական խորհրդով առաջնորդվեն նորածնի խնամքն իրականացնելիս»։
«Հաճախ հազար ու մի կասկածելի աղբյուրից եկող տեղեկատվությունը կարող է դառնալ վճռորոշ, եթե մանկաբույժի հեղինակությունը ցածր է, և նրա նկատմամբ վստահությունը՝ խաթարված», — իր մտահոգություններով է կիսվում Գոռը։
Երեխայի խնամքը, թերևս, ամենահաճելի, բայց և ամենակարևոր ու բարդ առաքելություններից է, որի համար պետք է համատեղ աշխատեն երեխային շրջապատող բոլոր անձիք ու հատկապես ծնողներն ու բուժաշխատողները:
Նորածինների և մինչև երկու տարեկան երեխաների սնուցման հիմունքներին կարող եք ծանոթանալ babycef.am կայքում:
Կրծքով կերակրման կանոններին և խոչընդոտները հաղթահարելու խորհուրդներին կարող եք ծանոթանալ Կրծքով կերակրման տեսահանրագիտարանի միջոցով: