Կյանքը կորոնավիրուսի օրերին և դրանից հետո. մաս 2

«Միշտ ավելի շատ էի ցանկանում տալ երեխաներին, քան հասցնում էի։ Այս ընթացքում փորձում եմ երեխաներիս սովորեցնել ու տալ այն ամենը, ինչը կօգնի նրանց մեծանալ ու զարգանալ այնպես, ինչպես կցանկանայի»

Ժաննա Ուլիխանյան
Անուշը երեխաների սենյակում երեխաների հետ խաղում է, իսկ չորս բոլորը խաղալիքներ են թափված։
UNICEF Armenia/2020/Babajanyan
13 Մայիս 2020

Ասում են՝ ստեղծագործ մարդիկ ցրված են ու սավառնում են այլ իրականության մեջ։ Անուշի պատմությունը ինձ և ձեզ կհամոզի, որ թեև ստեղծագործ մարդիկ սիրում են սավառնել ու չեն սիրում սաhմաններ ու սահմանափակումներ, բայց կարող են լինել կազմակերպված ու հստակ տարանջատել կարևորը՝ անկարևորից։ Լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի հետ զրուցելիս՝ հարցնում եմ, թե արդյո՞ք դժվար չէ համատեղել աշխատանքը, տնային գործերն ու երեխաների դասերը, ասում է․ «Կարող էր դժվար լիներ, բայց ես դասավորում եմ օրվա անելիքս։ Ինքս ինձ վրա աշխատում եմ և ինքս ինձ չեմ մեղադրում, երբ մի բան չեմ հասցնում։ Եթե գործս այսօր չեմ կարողանում ավարտել, ոչինչ՝ վաղը կավարտեմ, եթե խոհանոցում ինչ որ բան չեմ հասցրել մաքրել, ոչինչ՝ հետո կանեմ, եթե երեխաների տնայիններից որոշները չհասցրինք անել, ոչինչ, համարում եմ, որ դա նույնպես նորմալ է։ Ուղղակի փորձում եմ առաջնահերթություններ սահմանել։ Մեր առաջնահերթություններն են՝ տանը առողջ մթնոլորտի ապահովումը, երեխաների վրա չբարկանալը, համակարգչային խաղեր խաղալու սահմանված ժամաքանակը չխախտելը, տնայինների մեծ մասն անելը»։

Իսկ չարություն անելու դեպքում Անուշը երեխաների վրա չբարկանալու իր բաղադրատոմսն ունի։ Նա նույն պահին շրջում է իրավիճակը և սկսում երեխայի հետ միասին խոսել խնդրի մասին ու վերլուծել այն։ Այդ պահին երեխաները կենտրոնանում են իրավիճակի վերլուծության վրա, քան այդ իրավիճակում գտնվելու վրա։ «Երեխաներս իրենց հիմնականում լավ են պահում, երկուսն էլ շատ են ինձ համար անհանգստանում ու եթե տեսնում են՝ ես ինչ որ բանից սկսում եմ տխրել, միանգամից փոխում են իրենց վարքը։ Նկատել եմ, որ շատ են անհանգստանում միմյանց և ինձ համար»։ Իսկական ընտանիք է, չէ՞։

Անուշը բազմոցին նստած համակարգչով աշխատում է, իսկ դուստրը նրա կողքի բազմոցին խաղում է։
UNICEF Armenia/2020/Babajanyan

Այս ընտանիքում օրվա օրակարգ սահմանելու կարիք կարծես չկա։ Օրակարգն ինքն իրեն սահմանվել է, առավոտյան նախաճաշում են, անում տնային աշխատանքները, հետո առցանց դասերն են սկսվում։ Այդ ընթացքում Անուշը տնային գործերով է զբաղվում և կերակուր է պատրաստում։ Առցանց դասերի ավարտից հետո երեխաները երկու ժամ ունեն անելու այն ամենը, ինչ ուզում են, իսկ այդ ընթացքում Անուշն աշխատում է։ Երեկոները կրկին միասին են անցկացնում։  

Անուշը լուսանկարիչ է և աշխատանքի բնույթից ելնելով՝ հաճախ է ճամփորդում։ Նա ընդունում է, որ միշտ չէր ստացվում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Համարում է, որ համավարակով պայմանավորված այս իրողությունը իրենց ընտանիքի վրա շատ դրական է ազդել։ «Արդեն մեկ ու կես ամիս կլինի՝ ես անընդհատ երեխաների հետ եմ։ Միշտ էլ ավելի շատ էի ցանկանում տալ երեխաներին, քան հասցնում էի։ Բայց շատ դժվար էր ակտիվ աշխատանքի հետ դա անելը։ Իսկ այս ընթացքում փորձում եմ երեխաներին սովորեցնել ու տալ այն ամենը, ինչը կօգնի նրանց մեծանալ ու զարգանալ այնպես, ինչպես կցանկանայի»։ Անուշի համար շատ կարևոր է զարգացնել երեխաների ստեղծագործ միտքը, երազելու կարողությունը, պատկերացումների և երազանքների մասին խոսելու, նպատակներ սահմանելու և դրանց հասնելու հմտությունները։ Արդյո՞ք սրանք 21-րդ դարի կարևորագույն հմտությունները չեն։

Անուշը դստերը գրկած քաղաքից դուրս բնության գրկում է, հետևում գեղեցիկ երևում է Արարատ լեռը, իսկ չորս կողմը գեղեցիք ծառեր են։
UNICEF Armenia/2020/Babajanyan

Այս օրերին Անուշի երեք հոգանոց ընտանիքին ամենաշատը պակասում է հարազատ մարդկանց, ինչպես նաև՝ ընկերների ու ընդհանրապես մարդկանց հետ իրական շփումը։

«Ես կարոտում եմ ճանապարհորդությունները։ Լուսանկարչի աշխատանքը նաև ընտրել եմ ու հաճույքով եմ անում հատկապես ճանապարհորդելու նոր հնարավորությունների և նոր մարդկանց հետ շփվելու համար»։Ավելի քան երեսուն երկիր այցելած Անուշը նեղվում է սահմանների փակ լինելուց․․․

Ֆիզիկական հեռավորության կանոնը կարծես ոչ մեկի սրտով չէ։ Հատկապես երեխաներին՝ Էլլային և Վաղարշակին, տխրեցնում է ընկերներից հեռու մնալն ու նրանց հետ չխաղալը իրական կյանքում, թե չէ թվային աշխարհում լավ էլ խաղում են (մեր զրույցի ընթացքում Վաղարշակը առցանց համակարգչային խաղ էր խաղում էր իր եղբոր հետ)։ Այսօր ամեն ինչն առցանց է՝ դպրոցի դասերը, ընկերների ու հարազատ մարդկանց հետ շփումը, նույնիսկ երաժշտական դպրոցի դասերն ու խաղերը։

Վաղարշակը առցանց մասնակցում է երաժշտության դասին։ Նա նվագում է կիթառ, իսկ ուսուցիչը նախապես հարմարեցված հեռախոսի տեսակապի շնորհիվ հետևում է նրան։
UNICEF Armenia/2020/Babajanyan

Վաղարշակը անձամբ է ընտրել կիթառը։ Գուցե որովհետև հայրը նույնպես երաժիշտ է ու կիթառ է նվագում, գուցե ուղղակի կիթառի հնչողությունն է շատ սիրել, երբ երաժշտական դպրոց ընդունվելուց առաջ մայրիկի հետ դպրոցում ծանոթացել է մի շարք գործիքների ձայնին։ Անուշն ասում է, որ տղային շատ է դուր գալիս առցանց երաժշտական դասերն ու հատկապես՝ քննությունը առցանց հանձնելու հնարավորությունը։ Լարվածությունն ավելի քիչ է, նվագում է, ձայնագրում, հետո ուղարկում քննական խիստ հանձնաժողովին։ Եթե լավ չի ստացվում, նորից է ձայնագրում, մինչև ինքն ու ուսուցիչը գոհ են մնում արդյունքից։

Իսկ դպրոցը Վաղարշակը կարոտում է՝ չնայած, որ հեռավար կրթության անցումը ավելի հեշտ է ստացվել, քանի որ երեխաների դպրոցում մինչև համավարակն էլ տնային աշխատանքներն առցանց էին անում և ուղարկում:

Անուշը և Էլլան նստած են սեցանի շուրջ և միասին պատրաստում են Էլլայի տնային աշխատանքները։
UNICEF Armenia/2020/Babajanyan

Բայց ամեն ինչ այդքան էլ սահուն չէ։ Օրինակ՝ Էլլան ավելի շատ է շեղվում առցանց դասերի դեպքում, դրա համար Անուշը նստում է նրա հետ ու մանրամասն գրում հանձնարարությունները, բացատրում նոր նյութը։ «Հիմա կարծես ուսուցիչները հանձնարարողի և ծրագիր կազմողի դերում են, մենք՝ ծնողներս՝ բացատրողի և ծրագիրն իրականացնողի դերում»։

Այսքան տարբեր գործերի հետ մեկտեղ՝ Անուշի լուսանկարչական շատ ծրագրեր չեղարկվեցին, բայց նա չդադարեց պայքարել, որովհետև ուժեղ կին է։ Վերջերս համավարակի ընթացքում ուսման մասին նկարելու ծրագիր գրեց և գրանտ ստացավ National Geographic ամսագրից։ «Ես փորձեցի ու կարողացա գտնել եկամուտի այլ աղբյուրներ։ Այդ իմաստով շատ չտուժեցի, գուցե տուժեի, եթե ոչինչ չանեի»,- ասում է Անուշը։

Էլլան բնության գրկում խատուտիկ է փչում։
UNICEF Armenia/2020/Babajanyan

Ընտանիքի համար ավանդույթ է դարձել միասին ուտելը՝ նախաճաշում ու ընթրում են անպայման միասին։ Հաջորդ սովորույթը քնելուց առաջ գիրք կարդալն ու կարդացածը քննարկելն է։ Առցանց զրույցի ժամանակ Անուշը թերթում է վերջին շրջանում նրանց սիրած գիրքն ու միանգամից երեխայի նման հրճվում դեռ չբացահայտված էջերից ու պատմություններից․«Օ՜հ, սա անպայման պետք է միասին կարդանք, Տիտանիկի պատմությունն է»։ Երեխաների ննջասենյակում պառկում ու կարդում են աշխարհի տարբեր անկյունների մասին, հետո Վաղարշակը վազում է քարտեզի վրա փնտրելու այդ տեղը, պարզում, թե ինչ դրոշ ունի այդ երկիրն ու քանի մարդ է այնտեղ ապրում։ Այս տանը գրեթե բոլոր սենյակներում քարտեզ կա։

Միայն թվում է, թե այս պահին աշխարհը հասանելի չէ, ամեն երեկո իրենց տան ննջարանից Անուշը, Վաղարշակը և Էլլան ճամփորդության են մեկնում։ Լավ ընտրված գրքերի և իսկական հարաբերությունների դեպքում սահմաններ չկան։ Փորձեք չհամաձայնվել ինձ հետ։