Կյանքը կորոնավիրուսի օրերին և դրանից հետո

Պանդեմիայի «շնորհիվ» որոշ ընտանիքների հաջողել է միասին ավելի շատ ժամանակ անցկացնելն ու ավելի մտերիմ և ավելի ջերմ հարաբերություններ ձևավորելը

Ժաննա Ուլիխանյան
Դանին մաքրում է ատամները, իսկ հայրիկը հայելու միջից նկարել է նրան։
UNICEF Armenia/2020/Gevorgyan
06 Մայիս 2020

Օրը լուսանկարիչ Արթուր Գևորգյանի տանը վաղ է սկսվում։ Աչքերը բացելուն պես` փոքրիկ տղան՝ յոթամյա Դանիելը կամ, ինչպես նրան կարճ դիմում են ծնողները՝ Դանին, միանգամից գալիս է ծնողների սենյակ։ Միասին մի քիչ զրուցում են, «թավալ գալիս» ու վեր կենում։

Այս ինքնամեկուսացման օրերին, երբ բոլորը տանն են ու շտապելու կարիք չկա, ժամը 7:00-ին այս տան բոլոր բնակիչները արդեն ոտքի վրա են։ Հետո Արթուրը կամ կինը՝ Անժելան, նախաճաշ են պատրաստում Դանիի համար և բոլորով իջնում են տան բակ՝ սուրճ խմելու։ Դե, քանի որ շտապելու տեղ չկա, բակում հայր ու որդի մի քիչ խաղում են գնդակով կամ խնամում են այգու նոր տնկված ծառերը։

Արթուրը տղայի հետ ֆուտբոլ է խաղում իրենց տան բակում։
UNICEF Armenia/2020/Gevorgyan

Հետո սկսվում է աշխատանքային օրը, և ինչպես այս օրերին գրեթե բոլորը, Արթուրը նույնպես աշխատում է տնից։ Իսկ առաջին դասարանի սան Դանիելն առանձնանում է տան մի անկյունում՝ մասնակցելու իր առցանց դասին։

Ծնողները սկզբից փորձել են աջակցել երեխային, որպեսզի նա հարմարվի թե՛ առցանց դասերին ու թե՛ այս նոր ռեժիմին։ «Ամենասկզբում ես կամ կինս նստում էինք երեխայի կողքին ու հետևում նրան, որ լսեր դասը ու չշեղվեր, բայց հիմա արդեն ինքնուրույն է նստում, էլ մեր կարիքը չկա»։

Հարկադրված այս «ազատ» ժամանակը Արթուրն օգտագործեց երեխայի ձեռագրի շտկման համար։ «Քանի որ ուսուցիչը միշտ բողոքում էր տղայիս ձեռագրից, որոշեցի, որ տանը փակված լինելու ժամանակը կօգտագործեմ, և երեխայիս հետ միասին սկսեցինք աշխատել իր ձեռագրի վրա ու հաջողեցինք․ նա հիմա ավելի ընթեռնելի է գրում»,- հպարտանում է Արթուրը։

Մեկ սեղանի շուրջ նստած՝ հայրն աշխատում է համակարգչով, իսկ որդին իր համակարգչով մասնակցում է առցանց դասին։
UNICEF Armenia/2020/Gevorgyan

Պանդեմիայի «շնորհիվ» որոշ ընտանիքների հաջողել է միասին ավելի շատ ժամանակ անցկացնելն ու էլ ավելի մտերմանալը։ Արժեքները փոխվում են, և մենք ուզում ենք հավատալ, որ միայն դրական ուղղությամբ։ Արթուրի խոսքը կարծես հաստատում է վերապահումով արված այս պնդումը․ «Ինքնամեկուսացման այս օրերին ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքի հետ, երեխայի հետ ավելի շատ եմ զբաղվում, օր-օրի ավելի եմ կապվում նրա հետ։ Վերադառնալով նորմալ կյանքին՝ վստահ եմ, որ նոր ձեռքբերած սովորույթների մեծ մասը կմնան»։

Ամեն օր Արթուրը նկատում ու զգում է, թե որքան բան է երեխան վերցնում ընտանիքի առօրյայից։ Նա հավատացած է, որ եթե օրինակ, ընտանիքում ավելի առողջ են սնվում, վաղ թե ուշ այդ օգտակար սովորույթը ձևավորվում է նաև երեխայի մոտ։

Խոսեցինք կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի դրական կողմերի մասին, բայց հանուն արդարության, պետք է խոսենք դրա բացասական կողմերի մասին ևս։

Արթուրը տղայի հետ խոհանոցում մրգեր է կտրտում, իսկ Դանին նարինջ է ուտում։
UNICEF Armenia/2020/Gevorgyan

Ինչպես գրեթե բոլոր ընտանքիների համար, այս ընտանիքի համար նույնպես, եկամուտի բացակայությունը կամ դրա նվազումը մեծ խնդիր է։ «Դժվարը ֆինանսական գիծն է, որ բոլորի մոտ, ինչպես նաև մեզ մոտ, սպառվում է։ Դժվար է հասկանալ, թե ինչ ենք անելու հետագայում, եթե այս իրավիճակը երկար շարունակվի։ Այս պահին ամեն ինչ փակված է, բոլոր աշխատանքները հետաձգվում են, բոլոր աշխատանքային զարգացման նախագծերը՝ սառեցվում։ Դժվարությունը դա է, մնացածը կարելի է հաղթահարել»։

Գուցե ավելի լուծելի, սակայն խնդիր է նաև ընկերների հետ շփման պակասը։ Մեծահասակները կարոտում են իրենց կյանքը, իրենց ընկերներին, երեխաները՝ իրենց դպրոցն ու ընկերներին։ Այս խնդրից խոսելիս, Արթուրն ասաց, որ մի քանի օր առաջ Դանիելը հուզված ձայնով ասել է․ «Ես այս տարի փաստորեն էլ դպրոց չեմ գնալու, ախր ընկերներիս շատ եմ կարոտել»։ «Փորձեցի նորից խոսել հետը, նկարագրել իրավիճակը, ուշադիր լսեցի նրա բոլոր անհանգստությունները, փորձեցինք համատեղ լուծումներ գտնել։ Կարծես աշխատեց, կարողացա երեխային հանգստացնել ու քնեցնել»։

Դանիի սենյակում Արթուրը հեքիաթ է կարդում նրա համար։
UNICEF Armenia/2020/Gevorgyan

Իսկ Դանին քնում է, երբ հայրիկը հեքիաթ է կարդում նրա համար, և երբ հեքիաթի ավարտից հետո, միասին ընտրում են հաջորդ օրվա հեքիաթը։ «Ու նրան չես կարող շփոթեցնել, այնքան լավ է հիշում, թե նախորդ օրը ինչ հեքիաթ ենք ընտրել»,- ծիծաղում է Արթուրը։

Հարցին, թե ինչու է նա քնեցնում երեխային, ինչու է նրա համար ինքը նախաճաշ պատրաստում, ինչու է աշխատում նրա ձեռագրի շտկման վրա, օգնում ատամները լվանալ, պատասխանեց, որ ամեն ինչ սկսվել է հենց սկզբից, երբ ծննդաբերելուց հետո Անժելան որոշ ժամանակ թույլ է եղել, որոշել է, որ ինքն է գիշերներն արթնանալու ու երեխային խնամելու։ Ասել է, արել ու շարունակում է անել։

«Ես խնամում եմ իմ երեխային, որովհետև ինձ հետաքրքիր է այդ գործընթացը, որովհետև ուզում եմ ամուր կապ ունենալ երեխայիս հետ, որովհետև ուզում եմ օգնել կնոջս, որովհետև կարգն այդպես է ու որովհետև այդպես արդար է»։