Կյանքը կորոնավիրուսի օրերին․ մաս 3

Կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը Մարինան իր ընտանիքի համար միայն «դրական» է գնահատում, իսկ կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվարություններն ու խնդիրները՝ նոր լուծումներ և նոր բացահայտումներ գտնելու ևս մեկ առիթ

Ժաննա Ուլիխանյան
Անահիտը նստած է բազմոցին Մարինայի գրկին, իսկ հեռվում Տարոնը դաս է սովորում՝ համակարգչի առջև նստած։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan
06 Հուլիս 2020

Տասը տարի առաջ ծնվեց Անահիտը և Մարինայի ընտանիքի կյանքը փոխվեց. ամեն ինչ սկսվեց պտտվել մեկ հարցի շուրջ․ ինչ անել, որ Ռետտի համախտանիշ ունեցող երեխայի կյանքը հնարավոր լինի կազմակերպել Հայաստանում։

«Եթե տղայիս դեպքում ես գիտեի, որ նա ծնվել է և ամեն ինչ ունի՝ դպրոց, մանկապարտեզ, աղջկաս դեպքում ես գիտեի, որ նա ոչինչ չունի, և պետք է ամեն ինչ զրոյից կառուցել»։ Մարինան հասկացել էր, որ ինքնամփոփվելով ու միայնակ դա հնարավոր չէր լինի անել։ Նա քաջ գիտակցում էր, որ երբ մարդիկ համախմբվում են, կարող են լուծել անգամ ամենաբարդ խնդիրները։ Համախմբելով ընկերներին, այլ երեխաների ծնողներին, համախոհներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր կարող էին խորհուրդ տալ, աջակցել կամ պարզապես ոգեշնչել ու թևեր տալ՝ Մարինան հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար ստեղծեց «Սորս հիմնադրամը» (Source Foundation, source - աղբյուր)։

Այսպես վարվում են միայն իսկական մարտիկները, ուժեղ ընտանիքներն ու կյանքի իրական արժեքները գնահատողները։ Այսպես վարվում են միայն լավատեսորեն տրամադրված ու լավատեսություն ճառագող մարդիկ։ Դրա համար էլ կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը Մարինան միայն «դրական» է գնահատում, իսկ կորոնավիրուսի առաջացրած դժվարություններն ու խնդիրները՝ նոր լուծումների ու նոր բացահայտումների ևս մեկ հնարավորություն։

Տարոնը բալկոնում նստած գիրք է կարդում, իսկ ետևում Մարինան նստած է բազմոցին Անահիտի հետ։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Մարինայի 13-ամյա տղան՝ Տարոնը, շատ հեշտ է անցել առցանց դասերին, հարմարվել է և անգամ հասկացել է, որ այդպես ավելի լավ է ստացվում սովորելը։ Տղայի դասղեկը նույնիսկ իր ազատ ժամանակն է տրամադրել երեխաներին և յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր ընտանիքի հետ առանձին խոսել է խնդիրների մասին, հուշել դրանք հաղթահարելու ճանապարհը։ «Անձամբ ականատես եղա, թե անհատական վերաբերմունքի շնորհիվ ինչպես է հնարավոր հաղթահարել բարդ փորձառությունը»։

«Հասկացա, որ պետք չէ դիտարկել հեռավա՞ր, թե՝ առկա ուսուցում։ Կարելի է համադրել երկուսն ու համապատասխանեցնել երեխայի անհատականությանը»։ Երբ նախկինում Տարոնն առավոտյան խուճապահար արթնանում էր, արագ նախաճաշում, վազում դպրոց, կիսաքուն նստում դասերին, հոգնած վերադառնում և չէր կարողանում սկսել սովորել դասերը, այսօր արդեն հեշտորեն, առանց սթրեսի, ամեն ինչ սահուն իրար հետևից անում է։

«Բոլորս իրականում այնքան էինք հոգնել այդ դրսի կյանքից ու վազքից։ Ինքնամեկուսացումը հնարավորություն տվեց մի փոքր ինքնամփոփ կյանքով ապրել, որին ես անձամբ շատ էի կարոտել», - պատմում է Մարինան։  

11-ամյա Անահիտը նույնպես հանգիստ է եղել այս շրջանում, քանի որ շրջապատված է եղել ընտանիքով և նրանց ուշադրությամբ։ Երբ մայրն առավոտյան ստիպված դուրս չի վազում, տանը հանգիստ միջավայր է ստեղծում ու փորձում է տնից ակտիվ աշխատել՝ չկորցնելով հանդարտությունը, այն փոխանցվում է երեխաներին, ու նրանք էլ հանգիստ են լինում։

Անահիտը նստած է գրասեղանի մոտ և ջրաներկով նկարում է։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Անահիտի առօրյան սկսվում է դայակի հետ միասին, հետո համակարգչով մասնագետները սկսում են աշխատել նրա հետ, և դա նրան անչափ ուրախացնում է․ անպայման ժպտում է և արտահայտում իր էմոցիաները։

Այսօր ֆիզիկական միջավայրն այլևս խնդիր չէ, եթե ֆիզիկական միջավայրը հարմար չէ երեխային դուրս բերելու, կենտրոններ տանելու համար, հիմա այդ ամենը հնարավոր է կազմակերպել նաև տնից՝ համակարգչի և համապատասխան հարթակների շնորհիվ։

Այդպես է նաև կազմակերպվել կենտրոնի բոլոր սաների առօրյան։ Մեծ աշխատանք է տարվել, ու հենց վարակի տարածման սկզբից, ուսումնասիրելով միջազգային փորձը, կենտրոնի մասնագետները կազմել են անհատական զարգացման պլաններ երեխաների համար և թվային աշխարհում կազմակերպել երեխաների պարապունքները՝ հիմնվելով ամենամեծ ուժի՝ համագործակցության վրա․ չէ՞ որ մեկ անգամ չէ, որ հաջողել են՝ կիրառելով այդ մոտեցումը։

Հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման գրավականը նաև համագործակցությունն է՝ ծնողների, ծնողի և մասնագետի, կենտրոնների և պետության, ծնողի և պետության միջև համագործակցությունը։ «Կենտրոնում էլ ենք այդպես անում, երեխայի հետ աշխատող 4-5 մասնագետները կարծես էստաֆետան միմյանց, հետո ծնողին հանձնելով, փորձում են հաջողության հասնել»։ Բացի այդ, այս շրջանում կենտրոնից որոշ սարքավորումներ տրամադրվել են ընտանիքներին, որպեսզի տանը հնարավորինս որակյալ կազմակերպվի երեխաների հետ աշխատանքը։  

Մարինան համակարգչով աշխատում է, իսկ Տարոնը գիրք է կարդում Անահիտի համար։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Հետաքրքրվեցի, թե ինչպես է հնարավոր այդքան զբաղված լինելով՝ հասցնել ժամանակ տրամադրել նաև երեխաներին, հանդարտ ու ջերմ միջավայր ապահովել տանը։ Ասաց, որ բախտը բերել է, քանի որ Անուլկան (այդպես են նրան դիմում ծնողները) հրեշտակ է․ նա վատ վարք չի դրսևորում, եթե վատ է, ուրեմն ֆիզիկապես է վատ, եթե արտահայտվում է, ուրեմն անպայման պետք է արձագանքել։ Տղայի դեպքում նույնպես Մարինան աշխատում է չխրատել, քանի որ այն, ինչ իր համար «վատ» է, տղայի համար գուցեև վատ չէ։

«Կարևոր է միշտ հիշել, որ եթե երեխան արտահայտվում է, պետք է փորձել լսել, որքան էլ զբաղված լինենք, որքան էլ դա դժվար լինի։ Եթե կա սխալ վարք, ուրեմն կա պահանջ, պետք է լսել այդ պահանջը ու հասկանալ՝ որքանով է այն իրագործելի է և երեխայի հետ կոնսենսուսի գալ»։  

Որքան էլ զբաղված լինի, օրվա մեջ անպայման փորձում է խաղալ ու զբաղվել երեխաների հետ։ Տղայի հետ միասին հաճախ են գիրք կարդում Անուլկայի համար կամ միասին առցանց շփվում են բարեկամների և հարազատների երեխաների հետ։ Երկու դեպքում էլ Անահիտը շատ է ուրախանում, քանի որ ուշադրության կենտրոնում է լինում, իսկ երեխաները, ինչու չէ, նաև մեծերը, շատ են սիրում այդ զգացողությունը։

«Ուշադրություն, խաղ, վերաբերմունք, մոտիվացիա՝ ահա այն ամենն, ինչ պետք է երեխային։ Երեխաներիս որպես անհատի վերաբերվելով, իրենց հետ խաղալով, բայց այնպես, որ ողջ ուշադրությունը կենտրոնացնեմ իրենց վրա, ու նաև զարգանալու, նոր քայլ, նոր շարժում, նոր բառ սովորելու մոտիվացիա տալով եմ առաջ շարժվում»։

Մարինան, Անահիտը և Տարոնը միասին բալկոնում համակարգչով ֆիլմ են դիտում։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Այս ընտանիքում սովորույթ կա․ տարեվերջն ու տարեմուտը միայն ընտանիքով հեռու և լուռ մի տեղ անցկացնել։ Առանց վազքի և առանց աշխատանքի՝ մի քանի օր միմյանց սեր ու ջերմություն տալ, ամբողջ օրը շփվել միմյանց հետ և վայելել միմյանց ուշադրությունը, դրանից ուժ հավաքել և այդ ուժը միայն բարի նպատակների համար օգտագործել։

«Ընտանիքը այն օդն է, այն միջավայրը, որը կերտում է մարդուն։ Ցանկացած էակին ընտանիք է անհրաժեշտ։ Իսկ երեխայի դեպքում ընտանիքին ոչինչ երբեք չի փոխարինի»․- ասում է Մարինան և շարունակում․ «Հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները, առանց այդ էլ, մի փոքր ավելի շատ խնդիրներ ունեն։ Նրանց եռապատիկ ավելին է պետք, որպեսզի երջանիկ լինեն և ոչ միայն սովորեն ինքնաբավ լինել, այլև վայելեն իրենց կյանքը։ Անգամ ամենաբարդ խնդրով երեխայի հետ կարելի է լիարժեք ապրել և վայելել կյանքը միասին»։

Կասեք՝ յուրահատուկ ընտանիք է, «յուրահատուկ» երեխաներ ունեն, կասեմ՝ սիրով լի ընտանիք է, երջանիկ երեխաներ ունեն։

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: