Կիբերանվտանգ վարքագիծը՝ բռնությունից պաշտպանվելու միջոց
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարզային հանդիպումների ընթացքում իրազեկում է դեռահասներին կիբերվտանգների մասին՝ ներկայացնելով պաշտպանվելու անհրաժեշտ գործիքներն ու մոտեցումները:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
17-ամյա Մարիաննա Ստեփանյանն այն ակտիվ դեռահասներից մեկն էր, որ Վանաձորում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կազմակերպած քննարկման ժամանակ հաճախ էր հարցեր ուղղում բանախոսներին, որոնք խոսում էին համացանցում հնարավոր բռնության և անվտանգ վարքի մասին:
«Ես մի բան հաստատ գիտեմ. ինստագրամում մեր նկարները, մեր փոստերը մեր մասին շա՜տ բան են ասում: Ես իսկապես սկսում եմ շատ արագ վստահել բոլորին, մտածում եմ՝ եթե ես լավն եմ ու բարի, ուրեմն դիմացինս էլ է այդպիսին: Այսօր համոզվեցի, որ առցանց տիրույթում «վստահիր, բայց ստուգիրը» նույնպես կարևոր մոտեցում է», - ասում է Մարիաննան:

Լավ մտածել գաղտնաբառ հորինելիս և ոչ ոքի այն չտրամադրել, չտարածել բնակության հասցեն, դպրոցի տվյալները և այլ անձնական տեղեկություն. Վանաձորի պոլիտեխնիկական ավագ դպրոցի 15-ամյա աշակերտներ Նարեկն ու Սարգիսը թվարկում են, թե ինչ գիտեն կիբերանվտանգության մասին:
«Ես իմ գաղտնաբառերը չեմ փոխի, կարծում եմ՝ ահագին բարդ գաղտնաբառեր եմ հորինել», - ասում է Սարգիսը և հայացքն ուղղում Նարեկին: «Իսկ ես կներբեռնեմ SafeYou հավելվածը՝ ավելի պաշտպանված լինելու համար», - ասում է Նարեկը:

«Կիբերտարածքի ռիսկերի մասին մենք թերի պատկերացումներ ունենք և պետք է կարողանանք այդ բացերը լրացնել, պետք է իրազեկենք երեխաներին, մանավանդ, դեռահասներին այս ամենի մասին։ Կարևոր է նաև, որ երեխաների հետ աշխատող մասնագետները լինեն իրազեկված և նրանց սովորեցնեն կիբերտարածքում բոլոր կարելի-ների և չի կարելի-ների մասին», -
«Կիբերտիրույթը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ կրոն, ոչ ազգություն։ Այստեղ կարող եք լինել պաշտպանված կամ չպաշտպանված։ Վիրտուալ տարածքում մենք կրթվում ենք խաղում ենք, դասընթացների ենք մասնակցում։ Այս ամենը մեզ տանում է նրան, որ մենք հայտնվում ենք կիսամութ տիրույթում և պետք է լավ զինված լինենք՝ ինքներս մեզ պաշտպանելու համար»,-

Նա նաև հավելեց, որ այժմ մեծ տարածում են գտել խաղերը, որոնք ունեն նամակագրության հատված, որտեղ երեխաները և դեռահասները շփվում են խաղի մյուս՝ անանուն մասնակիցների հետ: Այսպիսով, տարատեսակ հարցերի միջոցով երեխայից կորզում են գաղտնի տեղեկատվություն՝ որտեղ են աշխատում ծնողները, ընտանիքի ֆինանսական կարողությունը, հոգեբանական իրավիճակը և այլն և այլն: Այսպիսով, երեխաներն իսկապես կասկածի տակ են դնում իրենց անվտանգությունը։

Կիբերանվտանգության նորմերը պարտադիր է բոլորի համար, բայց իհարկե, ինչպես իրական աշխարհում, այնպես էլ թվային աշխարհում երեխաներն ավելի անպաշտպան են: Ուստի, այդ նորմերը պետք է սովորեցնել նախ երեխաներին, մասնավորապես, դեռահաս աղջիկներին և տղաներին, որոնք վիրտուալ տարածքում առանձին վտանգներ ունեն, ինչպիսիք են սեռական ոտնձգության ենթարկվելու, կամ մտացածին անձնավորության հետ հարաբերություններ սկսելու և հետո սեռական բռնության ենթարկվելու հնարավոր վտանգները:
«Միշտ պետք է հիշել, որ այն ինչ անծանոթին պատմել չեմ կարող, գուցեև ընդհանրապես պետք չէ հրապարակել. գրառում կատարելիս երկար է պետք մտածել: Ճիշտ այնպես, ինչպես մենք պաշտապնված ենք փողոցում, եթե տիրապետում ենք երթևեկության կանոններին, այդպես էլ պետք է իմանանք համացանցում պտտվելու կանոնները, որպեսզի խուսափենք վտանգավոր իրավիճակներից»,-
SafeYou հավելվածն այն գործիքներից էր, որը ներկայացվեց Վանաձորում կայացած քննարկման ժամանակ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և այլ գործընկերների հետ աշխատում է հավելվածը նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ: Բացի այդ, եթե հանկարծ գտնվեք վտանգավոր իրավիճակում, հավելվածը եզակի հնարավորություն է տալիս անմիջապես ազդանշան ուղարկել ոստիկանությանը և սոցիալական ծառայություններին: Անցած մի քանի ամիսների ընթացքում հավելվածում մի շարք նոր հոդվածներ են հրապարակվել կիբերբռնության և կիբերանվտանգ վարքագծի մասին:

«SafeYou հավելվածում ներառված են բռնության կանխարգելման և պաշտպանության մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանցի տվյալները: Շարունակաբար ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ բջջային հավելվածում կավելանան կանանց և դեռահաս աղջիկների համար նախատեսված, տարիքին համապատասխան հոդվածներ՝ բարձրացնելու գենդերային բռնության կանխարգելման և պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ նրանց իրազեկվածության մակարդակը»,-
Կիբերտիրույթում ճիշտ նավարկելու համար պետք է տիրապետենք կիբերհիգիենային, որը վիրտուալ տիրույթում ճիշտ հմտությունների կարողությունն է։
Ահա մի քանի վստահելի աղբյուր, որ պարտավոր ենք դիտարկել և ծանոթանալ՝ ինքներս մեզ պաշտպանելու համար.
- Ներբեռնեք SafeYou հավելվածն այսօր և ծանոթացեք նրա բոլոր ֆունկցիաներին և կիբերանվտանգույթնա վերբարյալ նյութերին:
- Երեխայի առցանց գործունեությունը դրական և ապահով դարձնելու 5 միջոց:
- Ինչ կարող են անել ծնողները իրենց երեխաներին թվային աշխարհում պաշտպանելու համար:
- 10 պարզ կանոն, որոնք կօգնեն միջին և ավագ դասարանցիներին համացանցում ավելի անվտանգ լինել:
Համացանցն ամենուր է, դրա վտանգերը՝ նույնպես։ Մեկ անգամ ծանոթանալով կարևոր պաշտպանության նորմերին՝ ամենուր կարող ես ավելի պաշտպանված լինել:
Ծրագիրը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) COVID-19-ի արձագանքման և հետևանքների վերացման բազմագործընկերային նպատակային հիմնադրամի (COVID-19 MPTF) կողմից: