Ծնվի՛ր առողջ, ապրի՛ր առողջ
Մանկական մահերի 70 տոկոսը բաժին է ընկնում նորածիններին: Ինչու՞
- Հայերեն
- English
Այսօր Լոռու մարզի Ամրակից գյուղի նոր բնակիչ ծնվեց՝ Շուշանիկը: Ամենից առաջ այս փոքրիկի համար ամենակարևորը վստահելի ձեռքերն են՝ բժշկի, բուժքրոջ ու մայրիկի վստահելի ձեռքերը: Շուշանիկն ու բոլոր այն երեխաները, ովքեր ապրում են գյուղական համայքներում, անապահով ընտանիքներից են և նրանք, ում մայրն ունի միայն հիմնական կրթություն, ավելի մեծ վտանգի առջև են կանգնած, որ չեն ապրի մինչև իրենց առաջին տարեդարձը: Իսկ Հայաստանի գյուղերում յուրաքանչյուր օր 40 բալիկ է ծնվում:
Մանկական մահերի 70 տոկոսը բաժին է ընկնում նորածիններին: Ինչու՞
Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում նշանակալի արդյունքների է հասել՝ կիսով չափ կրճատելով մանկական մահերը: Սակայն վերջին մի քանի տարվա ընթացքում առաջընթացը դանդաղել է: Վիճակագրությունը փաստում է, որ մանկական մահերի 70 տոկոսը բաժին է ընկնում նորածիններին: Իսկ նորածնային մահերի մեծ մասի պատճառներն են վաղաժամ ծննդաբերությունը, բնածին հիվանդությունները, թոքաբորբը, շնչահեղձությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Առողջապահության նախարարության և Ամերիկյան համալսարանի Առողջության հետազոտությունների կենտրոնի հետ, 2017թ-ին խորքային հետազոտություն է իրականացրել՝ գնահատելու ծննդատներում, մանկական հիվանդանոցներում և պոլիկնինիկաներում նորածիններին տրամադրվող խնամքը:
Հետազոտությունը վեր հանեց հետևյալ խնդիրները.
- Մարզերում որակյալ աշխատուժի անհավասար բաշխում և/կամ դրա բացակայություն:
- Մարզերում նորածիններին անհրաժեշտ վերակենդանացման խնամքի տրամադրման ցածր կարողություն:
- Հղիներին և նորածիններին հատուկ բուժման ուղղորդման ոչ էֆեկտիվ համակարգ:
Հայաստանի մարզերում բարձրորակ նորածնային և մանկական խնամքի ծառայությունները սահմանափակ են: Ու չնայած երկրում բուժաշխատողների տնային այցի համակարգը գործում է՝ դրա արդյունավետությունը նվազեցնում են մի քանի կարևոր գործոններ՝ բուժաշխատողների ոչ բավարար գիտելիքը և հմտությունները, ոչ բավարար վերահսկողությունը և այլն: Իմիջիայլոց, Հայաստանում նորածինների մեծամասնությունը՝ 62 տոկոսը, մարզի բնակիչ է:
Նոր ռազմավարություն և «Յուրաքանչյուր նորածին» գործողությունների ծրագիրը.
Հետազոտության արդյունքների և վերհանած բացերի հիման վրա նորածնային մահերը նվազեցնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը մշակել են կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջարկող ռազմավարություն՝
- Տնայցերի գործող համակարգը հզորացնելու ռազմավարություն և գործողությունների ծրագիր:
Ինչպես նաև դրան հարող հետևյալ ուղեցույցները՝
- Կլինիկական ձեռնարկ և ուղեցույց համայնքներում նորածինային հիվանդությունների վերահսկման վերաբերյալ,
- Ուղեցույց և գործիքակազմ մայրական բուժքույրերի համար:
- Ուղեցույց տնայց կատարող բժշկի և սոցիալական աշխատողի համար:
Հետազոտության արդյունքներն օգնեցին նաև ձևավորել ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերապատրաստումների հիմնական թիրախները:
«Չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ էի մասնակցել այսպիսի վերապատրաստման: Միշտ թարմացնում ենք մինչև 5 տարեկան բալիկների բուժման և խնամքի վերաբերյալ մեր գիտելիքը, սակայն 0-2 ամսակաների խումբը բաց է մնում, մինչդեռ հենց այստեղ փոքրիկ սխալը կարող է ճակատագրական հետևանք ունենալ»:
Բժշկի հմուտ ձեռքեր
Արմինե Սաքանյանն արդեն 36 տարի է՝ աշխատում է Լոռու մարզի Ստեփանավանի պոլիկնինիկայում:
Հայաստանի մարզերից ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած 5-օրյա վերապատրաստամանը մասնակցել են 650 մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ և բուժքույրեր: Վերապատրաստման ծրագրի հիմքում դրվել են նորածնային հիվանդությունների վարումը հենց տեղում՝ համայնքում ժամանակին հոսպիտալացման հիմնական սկզբունքները, ինչպես նաև հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորածնի առողջական վիճակի և զարգացման ճիշտ գնահատման սկզբունքները: Ավելացնենք, որ այս վերապատրաստումը ընդգրկվել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական կրթական ծրագրում և կազմում է բուժաշխատողների լիցենզավորման մաս, ինչն ապահովում է նորածնային խնամքի նոր մոտեցումների կիրառման կայունությունը:
Տկն Սաքանյանը վերապատրաստմանը մասնակցած մանկաբույժներից մեկն է: Իր երկարարամյա փորձից բացի՝ նա վերապատրաստումը բավական ինֆորմատիվ համարեց՝ կարևորելով նոր գիտելիքներն ու հիվանդությունների վարման ճշգրտության ու հստակության նոր հմտությունները:
«1,5 ամսական մի բալիկի երկարատև ստացիոնար բուժում էին նշանակել: Քանի որ իմ ծանոթների բալիկն էր, բերեցին՝ ես էլ գնահատեմ վիճակը: Դասընթացից միանգամից վերհիշեցի, որ պետք է դիտարկել ամբողջական պատկերը՝ մի բանի վրա կենտրոնանալու փոխարեն: Իսկ ամբողջական պատկերը լրիվ այլ էր: Ու չնայած շատ պատասխանատու էր՝ բալիկին տեղում բուժում նշանակեցինք և բուժեցինք»,-հպարտությամբ ու ժպտալով պատմեց մեզ նա: «Մի դեպք էլ հիշեցի: Տնայցերից մեկի ժամանակ նկատեցի բալիկի անհանգիստ վիճակը: Նախնական գնահատումից հետո հասկացա, որ բալիկին շտապ բուժօգնություն է անհրաժեշտ: Ու թեև տանն այդքան էլ համաձայն չէին, կարծում էին՝ մի քանի օրից կանցնի, համոզեցի՝ չհապաղեն: Մի շաբաթ անց բալիկն արդեն առողջ էր: Ա՛յ այդքան կարևոր են լավ վերապատրաստումները, որոնք քեզ ոչ միայն գիտելիք են տալիս, այլ նաև վստահություն քո աշխատանքի ու որոշումների նկատմամբ»:
Մայրական հմուտ ձեռքեր
Նորածնի խնամքի հաջորդ և գուցե կարևորագույններից կարևորագույն պատասխանատուն ծնողներն են: Ուստի երեխայի առողջության և խնամքի հարցերում անհրաժեշտ ու պարտադիր է ընդգրկել նաև ծնողներին: Հայաստանի մարզերից 5,000 հղի կանայք և ծնողներ ու խնամակալներ մասնկացեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծնողավարման դասընթացին, որն այս անգամ շեշտադրել էր նորածնային հիմնական խնամքը, հնարավոր խնդիրներն ու վտանգավոր նշանները, որոնք պետք է նկատել ու անմիջապես դիմել բժկի: Այս դասընթացները հնարավորություն տվեցին նաև ներգրավված մանկաբույժներին զարգացնել իրենց գիտելիքներն ու նոր հմտություններ ձեռք բերել՝ յուրաքանչյուր մանկանը և նրա մայրիկին անհատական մոտեցում ցուցաբերելու հարցում: Նորածին Դավիթի մայրիկն ու մանկաբույժը նույնպես մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած վերապատրաստումներին: Իր բժշկի և մոր հմուտ ձեռքերի շնորհիվ Դավիթը կհաղթահարի մանկան համար ամենավտանգավոր համարվող առաջին տարին:
Ծնվի՛ր առողջ, ապրի՛ր առողջ, Շուշանի՛կ ջան: