Ծանոթանալով Սյունիքում խոցելի երեխաների իրավիճակին
Մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին այցելեցի Սյունիքի մարզկենտրոն՝ տեղում ծանոթանալու խոցելի և դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայություններին։
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Առավոտյան ժամը 8-ին Երևանից ճանապարհ ընկանք․ գիտեինք, որ շատ անելիքներ ենք պլանավորել, շատ հանդիպումներ պիտի հասցնեինք մեկ օրում և նպատակ ունեինք հնարավորինս վաղ հասնել Կապան։ Ճանապարհը երկար էր, տեղ-տեղ բարդ, բայց անասելի գեղեցիկ էր՝ ձյունապատ լեռներ, որ կարծես ուս-ուսի շարվել ու հսկում են ճանապարհը։ Իրոք, որ հայկական լեռնաշխարհը շատ գեղեցիկ է․․․
Կապանի պոլիկլինիկայի ծնողավարման սենյակում հանդիպեցի մայրիկների հետ։
Ուշացած, բայց հասանք Կապանի պոլիկլինիկա, որտեղ հնարավորություն ունեցա հանդիպել մի խումբ մայրիկների հետ և նրանց հետ միասին մասնակցել ՅՈՒՆԻՍԵֆ-ի հիմնադրած ծնողավարման սենյակում կազմակերպված թեմատիկ քննարկմանը։ Ինքս էլ երեք տարեկան երեխայի մայր եմ ու ինձ համար էլ կարևոր էր լսել, թե որ վտանգների ժամանակ պետք է դիմել բժշկի, ինչին ուշադրություն դարձնել, երբ կարելի է երեխային ջերմիջեցնող տալ և այլն։
Մայրիկներն ինձ պատմեցին, թե այս փոքրիկ անկյունը որքան կարևոր է իրենց համար․ գալիս են այստեղ երեխայի քնի, սնուցման, զարգացման մասին մասնագիտական տեղեկություն ստանալու համար, երբեմն գալիս են ուղղակի զրուցելու, երբեմն օրվա թեմայից շեղվում են և քննարկում այլ թեմաներ, որոնք այդ պահին ավելի հրատապ են։
Ուրախացա, որ տեսա, թե որքան պահանջված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահական նյութերը և ուրախ եմ, որ անգամ եթե ՔՈՎԻԴ-19-ի պատճառով հանդիպումները հնարավոր չեն լինում, մենք ունենք նաև Բեյբիսեֆ կայքը, որտեղ մասնագետների կողմից տրամադրվող միայն վստահելի ու ճիշտ տեղեկություն է, որ կօգնի ծնողներին ամենաբարդ՝ ծնողավարման գործում՝ հնարավորություն տալով նրանց ավելի առողջ ու ավելի խելացի երեխա մեծացնել։ Ժամանակի հետ համընթաց քայլելու համար պետք է մտածենք նաև այլ տարբերակների մասին, որպեսզի ամեն պահ, ամեն խնդրի դեպքում կարողանանք օգնել ծնողներին ամենակարևոր՝ երեխաների խնամքի և դաստիարակման աշխատանքում։
Ծանոթացա Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի աշխատանքին:
Կապանի պոլիկլինիկա այցից հետո սկսվեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ մեր համատեղ հանդիպումների շարքը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկար տարիներ աշխատում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ․ համատեղ մի շարք ձեռքբերումներ ենք գրանցել երեխայի իրավունքների պաշտապնության ոլորտում։
Սկզբից Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելեցինք Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, ծանոթացանք երեխաների կրթության ու դաստիարակության համար նախատեսված պայմաններին։ Շրջեցինք դպրոցում և տեսանք, թե ինչպես են այստեղ աշխատում երեխաների հետ։
Ուրախ էի լսել, որ այստեղ քիչ երեխաներ են մշատպես բնակվում, միայն այլ քաղաքներում կամ գյուղերում ապրող երեխաներն են գիշերում մինչ ուրբաթ և հետո վերադառնում տուն։ Մեզ համար շատ կարևոր է անհրաժեշտ հնարավորություններ ստեղծել, որպեսզի երեխաներն ապրեն իրենց ընտանիքներում, իսկ նման կենտրոնները մնան և օգնեն երեխաներին ու նրանց ընտանքիներին հաղթահարել առաջացած դժվարություններ։
Կապան համայնքի Մանկական կենտրոնում քննարկեցինք դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնդիրները:
Հաջորդ կանգառը Կապան համայնքի Մանկական կենտրոնն էր, որտեղ այցելեցինք Կապանի փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ։ Կենտրոնի տնօրեն Մայա Միրզոյանի, մանկավարժների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ քննարկեցինք մինչև 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու ապրելակերպին վերաբերող աշխատանքները։
Ուրախ էի տեսնել կենտրոնի մասնագետների սրտացավ մոտցումը։ Տնօրենը ներկայացրեց, որ կենտրոնն ամենից շատ մասնագիտական վերապատրաստումների կարիք ունի, քանի որ աշխատում են տարբեր իրավիճակում հայտնված երեխաների հետ․ արդարադատության հետ խնդիր ունեցող երեխաների, հաշմանդամություն կամ զարգացման հապաղում ունեցող երեխաների, աղքատության մեջ ապրող ընտանիքների երեխաների, և այլ տարբեր բարդ իրավիճակում հայտնված երեխաների հետ։ Քանի որ պրոֆեսիոնալ և վճարովի վերապատրաստումները թանկ են, կենտրոնը չի կարողանում առկա միջոցներով կազմակերպել դա, մինչդեռ որքան պրոֆեսիոնալ են մասնագետները, այդքան ավելի շահում է երեխան։
Իհարկե, գիտենք նաև, որ նման կենտրոններում ընթացիկ աշխատանքը կազմակերպելու համար միշտ էլ սարքավորումների վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, նոր նյութերի և նոր ուղեցույցների կարիք ևս կա։ Քննարկման ժամանակ բացահայտեցինք օրենսդրական որոշ բացեր, որոնք հնարավորություն չեն տալիս երեխային տեղում տրամադրել այս կամ այն ծառայությունը, ինչպես նաև ֆիքսեցինք, որ երեխաներին կենտրոններ ուղղորդման համակարգված մոտեցման կարիք կա։ Ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատում է երեխայի պաշտպանության ոլորտի օրենսդրական փաթեթի և քաղաքականության լրամշակման վրա, և մենք շարունակելու ենք այս աշխատանքը։
Սոցիալական աշխատող Սվետլանա Մանասյանը պատմեց, որ այսօր երեխաների խնդիրները շատ են ու բազմազան։ Պատերազմից հետո ավելացել են այն երեխաների թիվը, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Կան երեխաներ, որոնք վախենում են տնից դուրս գալ, կան երեխաներ, որոնք ամեն մի բարձր աղմուկից վախենում և թաքնվում են։ Մտահոգիչ է նաև որոշ երեխաների դպրոց չհաճախելը։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Կապանում հաստատված ընտանքիներ կան, որոնք առօրյա խնդիրների մեջ այլևս չեն կարողանում կազմակերպել երեխաների կրթությունը, երեխաները չեն հաճախում դպրոց, չնայած, որ գրանցված են այս կամ այն դպրոցում։ Սա իսկապես խնդիր է, քանի որ դպրոցն այն անվտանգ միջավայրն է, որը կօգնի երեխային վերադառնալ սովորական առօրյա և շարունակել կրթություն ստանալ․ սա իսկապես կարևոր է։
Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում շփվեցի երեխաների հետ:
Մեկժամյա քննարկումից հետո ճանապարհ ընկանք։ Հաջորդիվ պետք է այցելեինք Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն: Ի ուրախություն ինձ, այստեղ երեխաների հետ շփվելու հնարավորություն ունեցա։ Այստեղ նույնպես շրջայց կատարեցինք, ծանոթացանք կենտրոնի աշխատանքին, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսակներին։ Ցերեկային խնամքի ծառայություններին զուգահեռ՝ այն նաև ծառայում է որպես ճգնաժամային կենտրոն։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին արձագանքման ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերից մեկի շրջանակում արդեն հասցրել էինք վերակահավորել այս կենտրոնի մի քանի սենյակներ։ Ուրախ էի տեսնել, որ այդ սենյակներն ակտիվորեն օգտագործվում են և իրենց նպատակին են ծառայում։ Դասասենյակում երեխաները մանկավարժների օգնությամբ լրացնում էին բաց թողնված դասերը, փափուկ սենյակում երեխաների հետ աշխատում էր հոգեբանը։ Այսօր նա երեխաներին էր ներկայացնում հույզերի թեման։
Մենք նույնպես մասնակցեցինք դասի առաջին մասին, երբ խաղի միջոցով պետք էր բացահայտել և անվանել մի շարք հույզեր։,Կարդացինք թղթի վրայի հույզն ու փորձեցինք ցույց տալ, որպեսզի երեխաները գուշակեին, թե դա ինչ հույզ է։ Մի լավ ծիծաղեցինք, լացեցինք, բարկացանք, զարմացանք և ուրախացանք․․․
Այցելեցի նաև ճգնաժամային կենտրոն, դիտարկեցինք պայմանները, ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան կարևոր է երեխաների համար ունենալ խնամքի բազմազան այլընտրանքային ծառայություններ։ Այսօր, փաստացի, տասը երեխա հայտնվել է դժվարին իրավիճակում, մնացել առանց ծնողական խնամքի, և Կապանի այս կենտրոնը երեխաների համար դարձել է ժամանակավոր տուն, մինչ նրանց համար ավելի լավ տարբերակ կգտնվի։
Ծանոթացա հինգ տարեկան Սուսաննայի հետ, որ բոլոր երեխաներից ամենաակտիվն էր․միանգամից եկավ ծանոթացավ և ամենաջերմ ձևով գրկեց ու փաթաթվեց ինձ։ Շատ հուզիչ ու ջերմացնող պահ էր։
Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Հովհաննիսյանը և կենտրոնի ողջ անձնակազմն ամեն ինչ արել էր, որ կենտրոնում ջերմ միջավայր հաստատվի, միջավայր, որտեղ երեխաներն իրենց տան նման կզգան, որտեղ կգան և կանեն այն, ինչ իրենց դուր է գալիս և այն ինչ իրենց պետք է ու կօգնի ավելի լավ ապագա կառուցելու հարցում։ Այստեղ մասնագետները ուշիուշով հետևում են երեխաների կարիքներին և փորձում բավարարել դրանք։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս կենտրոնի հետ տարիներ շարունակ աշխատել է և շարունակելու է աշխատել՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության հետ համատեղ՝ հանուն այն երեխաների, ում բախտն այդքան էլ չի բերել, ում իսկապես օգնություն է պետք։
Ամփոփելով օրն ու սահմանելով առաջիկա նպատակները:
Արդեն մութ էր, երբ վերադարձանք Գորիս։ Հաջորդ օրը մեզ մեկ այլ հագեցած օր էր սպասվում, պետք է պատրաստվեինք։ Բայց մինչ վաղվան անցնելը, դեռ խորհում էի օրվա հանդիպումների, տեսածի և լսածի մասին։
Գոհ էի, որ կարողացա շփվել Կապանում բնակվող մայրիկների և երեխաների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին։
Ուրախ էի տեսնել կառավարության և հասարակական կազմակերպությունների կարևոր աշխատանքը՝ հանուն երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցության։
Զգացված էի՝ տեսնելով համայնքների դիմադրողականությունը և տարվող աշխատանքը՝ վերացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները։
Նպատակադրված էի Հայաստանում և հատկապես Սյունիքում շարունակելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը մեր բոլոր՝ թե՛ ազգային և թե՛ միջազգային գործընկերների հետ՝ հանուն երեխաների պաշտպանության և առողջ ու անվտանգ միջավայրում մեծանալու նրանց իրավունքի իրացման։