Ինչ է նշանակում վերադառնալ դպրոց կորոնավիրուսի համավարակի ժամանակ

Ինչ պետք է իմանան ծնողները և խնամակալները կորոնավիրուսային համավարակի ժամանակ դպրոցների վերաբացման մասին

ՅՈՒՆԻՍԵՖ
Գյումրիի դպրոցներից մեկում տղան աստիճաններով բարձրանում է երկրորդ հարկ, իսկ պատին էլ պատկերված է գույնզգույն գրքեր՝ իրար վրա շարված։
UNICEF/Anush Babajanyan VII
30 Հունիս 2020

Կյանքը կորոնավիրուսի համավարակի ժամանակ հավասարապես դժվար է թե՛ ծնողների, թե՛ երեխաների համար։ Դպրոց վերադառնալը կարևոր և հույս ներշնչող մի քայլ է, բայց այդ քայլն անելուց առաջ հնարավոր է՝ դուք և ձեր երեխաները շատ հարցեր ունենաք։ Ներկայացնում ենք մի շարք հարցերի պատասխաններ, որոնք կարող են հուշել ձեզ՝ ինչ ակնկալել դպրոցների վերաբացումից և ինչպես պատրաստել երեխաներին։

Ե՞րբ և ինչպե՞ս կբացվեն դպրոցները։

Որքանո՞վ է անվտանգ դպրոց վերադառնալը երեխայի համար։

Վերաբացե՞լ, թե՞ ոչ ինչ խորհուրդ է տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Ինչպիսի՞ միջոցառումներ պետք է իրականացվեն դպրոցում, որպեսզի կանխարգելվի կորոնավիրուսի տարածումը։

Հիգիենայի պահպանման պայմանները ամենակարևորն են դպրոցները անվտանգ վերաբացելու համար։

Իսկ եթե դպրոցում ձեռքերը լվանալու հնարավորություն չկա՞։

Ի՞նչ հարցեր պետք է ուղղել երեխայի ուսուցչին կամ տնօրենությանը։

Ի՞նչ անել, եթե երեխան բաց է թողել դասերը։

Ի՞նչ պետք է անել, եթե երեխան դժվարանում է վերադառնալ «դպրոցական ռեժիմին»։

 

Ե՞րբ և ինչպե՞ս կբացվեն դպրոցները

Գիտենք, որ որոշ երկրներում հետզհետե ավելի շատ երեխաներ են վերադառնում դպրոց։ Ավելի քան 1 միլիարդ աշակերտ այսօր դպրոց չի հաճախում, քանի որ դպրոցները փակ են։ Միևնույն ժամանակ ավելի քան 70 երկիր հայտարարել են, որ ցանկանում են վերաբացել դպրոցները, իսկ ավելի քան հարյուր միլիոն աշակերտ վերջին շաբաթում արդեն վերադարձել են դպրոց (ս․թ․ հունիսի սկզբի դրությամբ)։

Իրավիճակի բարդությունը և բազմազանությունը հաշվի առնելով՝ տարբեր երկրներ այս պահին դպրոցների վերաբացման ժամկետի վերաբերյալ և դրան պատրաստվելու ուղղությամբ տարբեր ծրագրեր ունեն։ Այս որոշումը, ի վերջո, կայացնելու է երկրի կառավարությունը՝ իհարկե քննարկելով այն տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Բնականաբար, հաշվի է առնվելու նաև համաճարակային իրավիճակը, հանրության առողջությունը, կրթությանը սպառնացող վտանգները և վերաբացման առավելությունները։

Ավելին, պետք է դիտարկել բոլոր հետազոտությունները և երեխայի լավագույն շահը դնել այս որոշումների կենտրոնում:

Որքանո՞վ է անվտանգ դպրոց վերադառնալը երեխայի համար։

Դպրոցները պետք է բացվեն միայն այն ժամանակ, երբ դրանք աշակերտների համար անվտանգ են։ Հնարավոր է՝ դպրոցները բացվեն ինչ-որ ժամանակահատվածով, հետո գուցե կրկին փակելու որոշում կայացվի՝ այդ պահին երկրում համաճարակային իրավիճակի հետ կապված։ Այս իրավիճակից ելնելով՝ դպրոցների տնօրենությունն ու անձնակազմը պետք է ճկուն լինեն և պատրաստ՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի անվտանգությունը։

Եթե անգամ ձեր բնակության վայրում դպրոցները բացելու որոշում դեռ չի կայացվել, կարևոր է, որ նրանք սկսեն պլանավորել այս ամենը՝ ապահովելու աշակերտների, ուսուցիչների և այլ աշխատողների անվտանգությունը, երբ վերջիններս վերադառնան դպրոց։ Սա վստահություն կներշնչի ծնողներին ու խնամակալներին, և նրանք ավելի հանգիստ սրտով երեխաներին կուղարկեն դպրոց։

Վերաբացե՞լ, թե՞ ոչ ինչ խորհուրդ է տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը

Վերաբացել, բայց․․․։ Խիստ կանոններ են սահմանվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Մի շարք դեպքերում դպրոցները փակվել են առևտրի կենտրոններից, կինոթատրոններից և սրճարաններից առաջ։ Այս պահին մենք ավելի լավ ենք տեղեկացված, և արդեն ավելի շատ ապացույցներ կան, որ երեխաները և դպրոցները համավարակի հիմնական օջախը չեն։ Փաստացի, վարակի տարածման և դպրոցների փակ կամ բաց լինելու միջև ուղղակի կապ դեռ հայտնաբերված չէ։

Մյուս կողմից՝ ավելի շատ ապացույցներ կան, որ դպրոցների փակումը երեխաների ֆիզիկական և հոգևոր առողջության, սնուցման և կրթության վրա բացասական ազդեցություն է թողնում։ Այնպես որ, մենք կոչ ենք անում տարատեսակ հաստատություններ վերաբացվելիս առաջինը բացել՝ դպրոցները իհարկե խստորեն հետևելով անվտանգության բոլոր կանոններին։

Գյումրիի դպրոցներից մեկում աշակերտուհին գրում է հանձնարարությունը գրատախտակի վրա։
UNICEF/Anush Babajanyan VII

Ինչպիսի՞ միջոցառումներ պետք է իրականացվեն դպրոցում, որպեսզի կանխարգելվի կորոնավիրուսի տարածումը

Դպրոցների վերաբացումը բնականաբար պետք է համապատասխանի տվյալ երկրի պարետատան ցուցւմներին։ Ստորև կթվարկենք մի քանի օրինակներ․

  • Փոփոխել դասերը սկսելու և ավարտելու ժամերը։
  • Փոփոխել դպրոցում ճաշելու ժամերը։
  • Դասերը ժամանակավորապես այլ տարածքներում, կամ ավելի լավ է՝ բացօթյա տարածքներում անցկացնել՝ ուսումնական գործընթացի մասնակիցների միջև ֆիզիկական հեռավորություն ապահովելու նպատակով (եթե եղանակային պայմանները թույլ են տալիս)։
  • Սահմանել հերթափոխեր, դասարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։
  • Արգելել աշակերտների, ուսուցիչների, ծնողների մեծ կուտակումներ ենթադրող միջոցառումները։
  • Բացառել դպրոցական շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող աշակերտների ընդունումը և ճանապարհումն հերթով իրականացնել (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ դպրոց գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր ֆիզիկական հեռավորություն:

Հիգիենայի պահպանման պայմանները ամենակարևորն են դպրոցները անվտանգ վերաբացելու համար

Դպրոցի ղեկավարությունը պետք է բարելավի դպրոցի պայմանները, այդ թվում՝ ջրի և օճառի առկայություն, դպրոցի տարածքի, դասասենյակների, խաղահրապարակների, սպորտային դահլիճների, սանհանգույցների, ճաշարանի ամենօրյա ախտահանում և սանիտարական մաքրում, դասասենյակներում ֆիզիկական հեռավորության ապահովում, ամենօրյա ջերմաչափում և արդյունքների գրանցում:

Անհրաժեշտ կլինի նաև իրականացնել հանրային իրազեկման արշավներ, տրամադրել հուշաթերթիկներ հիգենիայի կանոնների պահպանման, այդ թվում՝ ձեռքերը լվանալու, հազալիս կամ փռշտալիս ֆիզիկական հեռավորություն պահելու վերաբերյալ:

Իսկ եթե դպրոցում ձեռքերը լվանալու հնարավորություն չկա՞

Վերջերս հրապարակված մեր ուղեցույցում հստակ նշվում է, որ ջուրը և հիգիենայի պահպանման պայմանները առաջնային են դպրոցների վերաբացման համար։ Բայց նաև գիտենք, որ մինչ համավարակն էլ շատ դպրոցներում բացակայում են հոսող տաք ջուրը, օճառն ու թղթե անձեռոցիկները։ Այս հիմնական կանախարգելիչ գործոնները, դպրոցի համընդհանուր մաքրության և ախտահանման հետ միասին, չափազանց կարևոր են դպրոցներն անվտանգ դարձնելու համար։

Ախտահանիչ նյութերի տրամադրումը և սանհանգույցների թվի ավելացումը ևս պետք է հաշվի առնել՝ նախքան դպրոցների վերաբացումը։

Երևանի դպրոցներից մեկում երկու դասընկեր նստած են իրենց գրասեղանի մոտ և ժպտում են։
UNICEF Armenia/2018/Sokhin

Ի՞նչ հարցեր պետք է ուղղել երեխայի ուսուցչին կամ տնօրենությանը

Ստորև նշված հարցերը կարող են օգտակար լինել՝

  • Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել աշակերտների անվտանգությունը ապահովելու համար։
  • Որտե՞ղ է դպրոցն ուղղորդելու այն երեխաներին, որոնք հատուկ մասնագիտական աջակցության կարիք ունեն կամ նրանց մոտ գրանցվելէ բարձր ջերմություն։
  • Ի՞նչպես է դպրոցը հոգալու երեխաների հոգեկան առողջության համար և պայքարելու վարակվածների հանդեպ ցուցաբերվող խտրականության և խարանի դեմ։
  • Ինչպե՞ս կարող եմ աջակցել դպրոցի վերաբացմանն ուղղված քայլերին անհատապես կամ որպես ծնողկոմիտեի անդամ։

Ի՞նչ անել, եթե երեխան բաց է թողել դասերը

Աշխարհի տարբեր երկրներում աշակերտներն անգամ այս բարդ իրավիճակում շարունակում են կրթություն ստանալ՝ շնորհիվ իրենց ծնողների և ուսուցիչների աջակցության։ Սակայն շատ աշակերտներ առանձին աջակցության կարիք կունենան, որպեսզի կարողանան լրացնել բաց թողնված դասերն ու պատրաստ լինեն դպրոցների վերաբացմանը։

Շատ դպրոցներ արդեն ծրագրում են, թե այս պարագայում ինչպես են աջակցելու երեխաներին։ Հնարավոր է՝ նոր ուսումնական տարին սկսեն կրկնություններ անելով կամ լրացուցիչ հանձնարարություններ տալով, որոնք երեխաները պետք է տանը կատարեն։ Հաշվի առնելով իրավիճակն այդ պահին՝ որոշ դպրոցներ հավանաբար ամբողջովին չեն բացվի կամ բոլոր դասարանները չեն ներառվի։ Հնարավոր է՝ ամեն դպրոց իր «խառը ուսուցման» մոդելը մշակի՝ առցանց ու առկա ուսուցման համակարգերի կիրառմամբ։

Կարող եք այցելել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքի առցանց դասերի բաժինը, որտեղ կգտնեք ուսումնական ծրագրի մի մասը՝ առանձնացրած դասարաններով, և օգտագործել այդ աղբյուրը երեխայի բաց թողած դասերը արձակուրդներին լրացնելու համար։

Շարունակեք աջակցել երեխային՝ ուսումնական գործընթացի ժամանակ նրա համար տանը դպրոցական սովորական ռեժիմ ստեղծելով։ Սա կարող է օգնել, եթե նա չի կարողանում կենտրոնանալ։ Կարող եք նաև զանգահարել երեխայի ուսուցչին և ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։ Անպայման ուսուցչին տեղեկացրեք, եթե երեխան խնդիր ունի, օրինակ ընտանիքի անդամի կորուստ, ընդգծված անհանգստություն և այլն։

Հետևեք, որ երեխան տեղեկացված լինի վարակից պաշտպանվելու կանոնների մասին և խստորեն պահպանի դրանք։ Ծնողի դերն այստեղ նույնչափ կարևոր է, որքան դպրոցում սահմանված կաննոների առկայությունն ու դրանց պահպանումը։ Ծնողները կարող են խրախուսել երեխային ոչ միայն անձամբ հետևել կանոններին, այլև՝ խրախուսել ընկերներին համապատասխան վարք դրսևորել։

Գեղարքունիքի դպրոցներից մեկում աղջիկները ֆիզկուլտուրայի դասին խաղումեն գնդակով։
UNICEF/Anush Babajanyan VII

Ի՞նչ պետք է անել, եթե երեխան դժվարանում է վերադառնալ «դպրոցական ռեժիմին»

Հիշեք, ձեր երեխան սթրեսին այլ կերպ է արձագանքում։ Պետք է աջակցող միջավայր ստեղծել նրա համար, անընդհատ դրական պատասխան տալ նրա հարցերին և, նրա հետ վերապրել իր զգացմունքները։ Անպայման երեխային ցույց տվեք, որ նրա կողքին եք, և հիշեցրե՛ք, որ անհանգստանալ ու բարկանալ ոչ միայն կարելի է, այլև՝ նորմալ է։

Օգնեք երեխային ռեժիմ ձևավորել և ուսուցումը խաղային տարերով համեմեք․ օրինակ ամենօրյա գործողությունների մեջ ներառեք միասին ուտեստ պատրաստելը, միասին կարդալը, խաղեր խաղալը և այլն։

Նաև կարող եք միանալ ծնողական խմբերին, գտնել ծնողների, ովքեր նույն խնդիրներն ունեն։ Կարող եք քննարկել և փորձով փոխանակվել նրանց հետ։


ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է ՀՀ կառավարության հետ աջակցելու դպրոցների վերաբացմանը, որպեսզի դրանք անվտանգ լինեն երեխաների համար։ ԱՀԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ մենք դպրոցների վերաբացման վերաբերյալ ուղեցույց ենք պատրաստել, որտեղ ներառված են այն հարցերը, որոնք պետք է հնչեցվեն, և այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն դպրոցների վերաբացմանն ընդառաջ և այդ ընթացքում, որպեսզի ապահովվի յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի, ինչպես նաև՝ նրանց ընտանիքների անվտանգությունը։