Ինչ է հարկավոր իմանալ կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) դեմ պատվաստանյութի մասին

Անդրադառնում ենք պատվաստանյութի ստեղծման մասին առավել հուզող հարցերին

ՅՈՒՆԻՍԵՖ
Nurse holding disposable vaccine syringe
UNICEF/UNI77059/Holmes
18 Նոյեմբեր 2020

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը կարող է կարևոր գործիք դառնալ համավարակի վերահսկողության և կանխարգելման գործում՝ զուգորդվելով արդյունավետ փորձարկումներով և արդեն իսկ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների հետ: Ողջ աշխարհում մասնագետներն աշխատում են անվտանգ պատվաստանյութի ստեղծումն ու արտադրությունը հնարավորինս արագ կազմակերպելու ուղղությամբ:

Հատկապես երեխաների դեպքում կորոնավիրուսը բացառապես ֆիզիկական առողջությանը սպառնացող վտանգ չէ: Շարունակական արգելափակումների հետևանքով սահմանափակվում է առողջապահական ծառայությունների հասանելիությունը, ինչը կարող է սպառնալիք դառնալ երեխաների մի ամբողջ սերնդի առողջության և ապագայի համար: Ստորև ներկայացնում ենք կորոնավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ ծնողներին հետաքրքրող՝ հարցերն ու մասնագետների պատասխանները։

Ե՞րբ պատրաստ կլինի ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը:

Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը ժամանակ է պահանջում: Ներկայումս շուրջ 200 արտադրողներ պատվաստանյութերի ստեղծման աշխատանքներ են իրականացնում: Դրանց մի մասն արդեն կլինիկական փորձարկումներ են անցնում, որոշներն էլ գտնվում են III փուլի կլինիկական փորձաշրջանում. սա պատվաստանյութի հաստատումից առաջ ավարտական փուլն է: Հաշվի առնելով այն սեղմ ժամանակացույցը, որի շրջանակներում աշխատում են մասնագիտական կառույցները՝ ակնկալվում է, որ որոշ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները կավարտվեն և կհաստատվի դրանց կիրառումը 2021 թվականին համար:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ պատվաստանյութի մշակումից մինչև լիցենզավորում, մեծածավալ արտադրություն և լայնորեն կիրառություն՝ երկարատև գործընթաց է: Բոլոր այս փուլերն անցնելուց հետո այն պետք է հասանելի դարձնել ըստ համապատասխան ժամանակացույցի և հավասար սկզբունքներով, որպեսզի պատվաստանյութը նախ հասնի ամենաշատը դրա կարիքն ունեցողներին: Այստեղ է, որ կարևորվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործընկերների աշխատանքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կօգտագործի իր եզակի փորձառությունը որպես պատվաստանյութերի ամենախոշոր գնորդն աշխարհում՝ համագործակցելով Առողջապահության համաամերիկյան կազմակերպության (PAHO) Revolving հիմնադրամի հետ և ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի համաշխարհային հասանելիությունը ապահովող COVAX կառույցի հետ, ինչն, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամեծ ծավալով և ամենասեղմ ժամկետում պատվաստանյութերի ձեռքբերման ու մատակարարման գործընթացն աշխարհում։

Տղան ստանում է իր պատվաստումը։
UNICEF Armenia/2016/Pirozzi

Ինչպե՞ս է ստեղծվում ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը:

Պատվաստանյութերը նմանակում են հարուցչին՝ վիրուսներ, մանրէներ կամ այլ միկրոօրգանիզմներ, որոնք կարող են հիվանդություն առաջացնել: Սա մեր իմունային համակարգին «սովորեցնում» է արագ և արդյունավետ կերպով պայքարել հիվանդության դեմ:

Ավանդաբար, պատվաստանյութերը ներմուծում են հարուցչի թուլացած ձև, որը թույլ է տալիս մեր իմունային համակարգին հիշողություն ձևավորել դրա նկատմամբ: Այսպիսով, մեր իմունային համակարգը հետագայում կարող է արագ ճանաչել այն և պայքարել դրա դեմ, նախքան հարուցիչը կհասցնի հիվանդություն առաջացնել: Ահա թե ինչպես են ստեղծում ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը ներկայիս որոշ արտադրողներ։

Որոշ արտադրողներ կիրառում են նոր մոտեցումներ. դրանք կոչվում են ՌՆԹ և ԴՆԹ պատվաստանյութեր: Հակածին (անտիգեն` նյութ, որ ստիպում է իմունային համակարգին հակամարմիններ արտադրել) ներմուծելու փոխարեն, ՌՆԹ և ԴՆԹ պատվաստանյութերը օրգանիզմին են փոխանցում անհրաժեշտ գենետիկական կոդ, որը թույլ է տալիս մեր իմունային համակարգին արտադրել հենց այդ հակածինը: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՀԿ-ի և Նոր պատվաստանյութեր ավելի անվտանգ աշխարհի համար կայքէջերը:

Արդյո՞ք կորոնավիրուսային պատվաստանյութը անվտանգ կլինի։

Նախքան լայն կիրառություն ստանալը պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն ամեն երկրում հսկում են տվյալ երկրի համապատասխան կանոնակարգող մարմինները: Աշխարհում ԱՀԿ-ն համակարգում է մի շարք անկախ մասնագիտական մարմինների աշխատանքը, որոնք ստուգում են պատվաստանյութերի անվտանգությունը դրանց ներմուծումից առաջ և նույնիսկ դրանից հետո: Եթե պատվաստանյութը հաստատվել է ԱՀԿ-ի կողմից, նշանակում է, որ այն արդեն իսկ անցել է ստուգման մի քանի աստիճան և կլինիկական փորձարկումներ, ապացուցված է, որ անվտանգ և արդյունավետ է հիվանդությունների վերահսկման գործում: Չնայած ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը ստեղծման հնարավորինս արագ գործընթացով են իրականացվում, դրանք կգրանցվեն միայն այն դեպքում, եթե համապատասխանեն անվտանգության և արդյունավետության խստագույն չափանիշներին:

Ի՞նչ է COVAX-ը։

COVAX-ը համաշխարհային համագործակցություն է՝ ուղղված ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի ստեղծմանն ու հավասար բաշխմանը. Այն է ստեղծվել է նպաստելու ամենասեղմ ժամկետներում պատվաստանյութի ստեղծմանն ու արտադրությանը և երաշխավորելու դրա հավասար բաշխումը աշխարհի յուրաքանչյուր երկրում։

Կառույցն արտադրողներին խրախուսում է ընդլայնել կարողությունները նախքան պատվաստանյութերը կգրանցվեն։ Սա արվում է այն պատճառով, որ, սովորաբար, արտադրողները դժկամորեն են մեծ ներդրում անում, արտադրական միավորումների ծավալը մեծացնում, մինչև պատվաստանյութի գրանցումը։ Սակայն, համավարակի տարածման ներկա պայաններում, դա կարող է ուշացումների պատճառ դառնալ և հանգեցել պատվաստանյութի պակասի։ COVAX-ի մասին ավելին կարող ենք կարդալ այստեղ։

Փոքրիկը ջղային հայացքով նայում է իրեն պատվաստող բժկին:
UNICEF Armenia/2018/Sokhin

Ե՞րբ ՔՈՎԻԴ- 19 պատվաստանյութը հասանելի կլինի մեր երկրում:

Երբ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի ներկայիս տարբերակներից որևէ մեկը հաջողությամբ անցնի բոլոր կլինիկական փորձարկումները, ապացուցվի, որ այն և՛ անվտանգ է, և՛ արդյունավետ, այն կգրանցվի, հասանելի չափաբաժինները կտրամադրվեն COVAX կառույցի մասնակից բոլոր երկրներին՝ օգտագործելով ստանդարտ տեղաբաշխման բանաձև, որը համամասնական է բնակչության ընդհանուր թվին:

Համաշխարհային մեծածավալ պահանջարկի պատճառով ոչ բոլորը կկարողանան միաժամանակ պատվաստվել: Աշխարհում բոլորի համար պատվաստանյութի բավարար չափաբաժիններ ստեղծելու գործընթացը կտևի ամիսներ, նույնիսկ տարիներ: Առաջնահերթություն է լինելու առողջապահական և սոցիալական ոլորտների աշխատակիցների պատվաստվելը՝ սահմանափակելու կորոնավիրուսի ազդեցությունը առողջապահական և սոցիալական համակարգերի գործունեության վրա:

Պատվաստանյութերի հաջորդ չափաբաժնով մասնակից երկրները կարող են պատվաստել բարձր ռիսկային խմբերում գտնվողներին, այդ թվում՝ տարեցներին և այնպիսի առողջական խնդիրներ ունեցողներին, ովքեր կորոնավիրուսի հետևանքով լուրջ հիվանդություն ձեռք բերելու կամ մահվան ավելի մեծ ռիսկի խմբում են։ Յուրաքանչյուր փուլում տրամադրվող քանակը կախված կլինի տվյալ երկրի որդեգրած որոշումից։ Խորհուրդ ենք տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության վերջին թարմացումներին և ցուցումներին:

Ո՞վ կարող է պատվաստվել:

COVAX-ի շրջանակներում հիմնական նպատակն է մինչև 2021 թ. ավարտը հասանելի դարձնել պատվաստանյութի 2 միլիարդ չափաբաժին: Դա պետք է բավարարի առողջապահական և սոցիալական ոլորտների աշխատողներին, ինչպես նաև լուրջ հիվանդության կամ մահվան առավելագույն ռիսկի տակ գտնվողներին պաշտպանելու համար աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Սա հսկայական ձեռքբերում կլինի, բայց, հավանաբար, առաջին մի քանի տարիների ընթացքում ավելի լայնածավալ կիրառման համար բավարար չափաբաժիններ չեն լինի: Դա նշանակում է, որ կարևոր կլինի շարունակել ձեռնարկել այլ նախազգուշական միջոցներ ձեզ, ձեր ընտանիքին և ձեր համայնքին պաշտպանելու համար, այդ թվում՝ պահպանել ֆիզիկական հեռավորություն, կանոնավոր կերպով ձեռքերը լվանալ և դիմակներ կրել:

Woman holding her baby while nurse vaccinates
UNICEF/Armenia2016/Pirozzi

Արդյո՞ք իմ երեխան պետք է պատվաստվի ՔՈՎԻԴ-19-ի դեմ։

Քանի որ COVAX ծրագրի համաձայն, պատվաստանյութերի սկզբնական չափաբաժինները նախատեսված են առողջապահության, սոցիալական ոլորտների աշխատողների, ինչպես նաև վիրուսի հետևանքով ծանր հիվանդություն ձեռք բերելու ռիսկի տակ գտնվող անձանց համար, քիչ հավանական է, որ կտրամադրվեն երեխաներին: Այդ խմբերին առաջնահերթություն է տրվել, որպեսզի նվազեցվի հիվանդության տարածումը և պաշտպանվեն առողջապահական համակարգերը, որոնք ծառայում են բոլորին:

Ժամանակի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության մասին ավելին իմանալու դեպքում ուղեցույցը և բաշխման վերաբերյալ տվյալները կարող են թարմացվել, ուստի, ճիշտ է ժամանակ առ ժամանակ կարդալ համապատասխան նյութեր այնպիսի վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են ԱՀԿ-ն և առողջապահության նախարարությունը:

Կարևոր է, սակայն, վստահ լինել, որ ձեր երեխան շարունակում է ստանալ պլանային պատվաստումները: Թե ինչպես դա անել հնարավորինս անվտանգ, կարող եք կարդալ այստեղ (պատասխան 18):

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ ընտանիքը, քանի դեռ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը պատրաստ չէ:

Ահա որոշ նախազգուշական միջոցառումներ, որոնք դուք և ձեր ընտանիքը կարող եք ձեռնարկել՝ վարակից խուսափելու համար.

  1. Խուսափե՛ք մարդաշատ վայրերից, վատ օդափոխվող փակ տարածքներից և փորձե՛ք հասարակական վայրերում առնվազն 1 մետր ֆիզիկական հեռավորություն պահել այլ մարդկանցից:
  2. Ժամանակին դիմե՛ք բժշկի, եթե դուք կամ ձեր երեխան ջերմություն, հազ կամ շնչառության դժվարություն ունեք կամ կորոնավիրուսի որևէ այլ ախտանշան։
  3. Կրե՛ք դիմակ հասարակական վայրերում:
  4. Ձեռքերը հաճախակի լվացե՛ք օճառով կամ ախտահանե՛ք ալկոհոլային հիմքով ախտահանիչով։
  5. Սենյակային բոլոր տարածքները լա՛վ օդափոխեք։

>> Կարդացե՛ք Կորոնավիրուս (COVID-19). Ի՞նչ պետք է իմանան ծնողները։

Այս հոդվածը կշարունակվի թարմացվել՝ արտացոլելով վերջին տեղեկությունները: