Ինչպես մեղմել համավարակի երկարաժամկետ ազդեցությունը Ձեր երեխայի հոգեկան առողջության վրա

Փորձառու հոգեբանի խորհուրդը, թե ինչպես աջակցել Ձեր երեխային

ՅՈՒՆԻՍԵՖ
Մայր ու աղջիկ:
UNICEF Armenia/2021/Malkhasyan
06 Հունիս 2022

Հիմնական եզրակացություններ

  • Համավարակի ամբողջ ընթացքում երեխաները զրկված են եղել բնականոն զարգացման հնարավորություններից։
  • Նրանց սոցիալական հմտությունները գործնականում չեն կիրառվել, և հնարավոր է, ծնողները ստիպված լինեն ավելի շատ ուղղորդել երեխաներին, քան նախկինում։
  • Համավարակի արդյունքում երեխաների հիասթափված լինելը բնական արձագանք է։
  • Հարկավոր է ուշադրություն դարձնել հատկապես այն երեխաներին, ովքեր համավարակի արդյունքում դարձել են չափազանց ինքնամփոփ և ունեն կրթական նշանակալի բացթողումներ։

ՔՈՎԻԴ-19 համավարակը հատուկենտ բարդ ժամանակահատված է եղել հենց երեխաների համար։ Համավարակը նրանց կյանքից շատ ավելին է խլել, քան մեծահասակներից: Ընկերների հետ առկա ուսուցման և դեմ առ դեմ հաղորդակցության պակասը որոշիչ հետք է թողել շատերի կյանքում։ Համավարակի էջը թերթելիս վախն ու անորոշությունը անցյալում թողնելը դժվար է լինելու ինչպես շատ մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։

Մենք զրուցել ենք դեռահասների հարցերով փորձագետ-հոգեբան, «Նյու Յորք Թայմսի» մշտական թղթակից և երկու երեխաների մայր դոկտոր Լիզա Դամուրի հետ այն մասին, թե ինչպես կարելի է աջակցել և ուղղորդել երեխաներին հետքովիդյան իրականությունում։

 

Ինչպե՞ս է համավարակն ազդել երեխաների զարգացման վրա։

Համավարակի պատճառով ամբողջ աշխարհում երեխաները զրկված են եղել բնականոն զարգացման հնարավորություններից։ Դեռահասների աճի, զարգացման և ուսման մեջ մեծ դեր ունեն տարբեր ծանոթ և հոգատար մեծահասակների հետ հարաբերությունները, հասակակիցների հետ ժամանակ անցկացնելը և հետաքրքիր ու նոր բաներով զբաղվելը։ Թե՛ երեխաները, թե՛ պատանիները հավասարապես մեծ կորուստներ են ունեցել համավարակի պատճառով։ Նրանց կյանքը սահմանափակվել է նեղ շրջապատով և զուտ ընտանեկան շփումներով։ Թեև այդ սահմանափակումները պաշտպանել են նրանց ՔՈՎԻԴ-19-ից, միաժամանակ, անկասկած, նաև զրկել են կյանքի բազմազանությունից և բազմաշերտությունից, որոնք անհրաժեշտ են նրանց զարգացման համար։

 

Ինչպե՞ս է համավարակն ազդել երեխաների սոցիալական հմտությունների վրա։

Երեխաները չեն ունեցել սոցիալական հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություն։ Երեխաները ուրիշների հետ հաղորդակցվել մասամբ սովորում են նրանց հետ ժամանակ անցկացնելով, ընկերանալով, ինչպես նաև լինելով նույնիսկ այն մարդկանց կողքին, ում հետ միշտ չէ, որ կգերադասեին շփվել։ Ուստի մենք, անկասկած, որոշ երեխաների շրջանում սոցիալական հմտությունների զարգացման հապաղման նշաններ կնկատենք։ Սա սպասելի է և հնարավոր է շտկել։

Ամենակարևորը, երեխաներին հստակ բացատրելն է, թե ինչպես եք ցանկանում, որ նրանք հաղթահարեն իրենց հանդիպած մարտահրավերները։ Օրինակ, եթե երեխան մեկ ուրիշ երեխայից խլում է խաղալիքը, դուք կարող եք ասել. «Իհարկե, դու ուզում ես խաղալիքը։ Գիտե՞ս՝ ինչ պետք է անել. կարող ես ասել՝ երբ վերջացնես խաղալը, կարո՞ղ եմ ես էլ խաղալ»։ Մի՛ բարկացեք ձեր երեխայի վրա այն բանի համար, որ նա միշտ չէ, որ գիտի շփման համապատասխան ձևերը։ Մենք չպետք է ակնկալենք, որ երեխաները կկարողանան ինքնուրույն գլուխ հանել։ Այժմ մենք պետք է ավելի շատ սովորեցնենք ու ավելի հստակ ցուցումներ տանք երեխաներին, քան նախկինում։

 

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է համավարակն ազդել երեխաների հոգեկան առողջության վրա։

Համավարակն, անշուշտ, մեծ սթրեսի է ենթարկել երեխաներին և նրանց ընտանիքներին։ Երեխաները շատ տխուր են, անհանգիստ և նույնիսկ շատ բարկացած այն ամենի պատճառով, ինչի միջով անցնում են։ Ուստի հնարավոր է՝ մոտ ապագայում տեսնենք, որ հուզական առումով սովորականից փոքր-ինչ ավելի փխրուն են։ Մենք կարող ենք օգնել նրանց, եթե լինենք համբերատար, օգնենք, որ խոսեն իրենց զգացմունքների մասին կամ այլ կերպ արտահայտեն, ինչպես, օրինակ՝ արվեստի միջոցով, ինչպես նաև փորձենք մխիթարել և ապրումակցել։

Առավել կարևոր է հոգեբանական սթրեսի մեջ լինելը հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ չշփոթելն է։ Համավարակը սթրեսի է ենթարկել բոլորին, և վերջին երկու տարիների պատճառով նեղված լինելը բնական է։ Եթե ձեր երեխան արտասվում է, քանի որ շատ բան է բաց թողել կամ դժվարություններ ունի, դա միանգամայն ճիշտ արձագանք է ճիշտ ժամանակին: Արտասվելն օգնում է նրան արդյունավետորեն հաղթահարել այդ զգացմունքնե: Ձեր սերը, մխիթարանքն ու աջակցությունը ևս կօգնի:

Այլ բան, եթե առկա է հոգեկան առողջության խնդիր, և երեխան չի կարողանում հաղթահարել զգացմունքները, հարմարվել նոր իրականությանն ու չվնասել ինքն իրեն։ Եթե նա տխուր է այս ամենի պատճառով, չի կարողանում ստանալ կամ գտնել միջոցներ, որ կօգնեն իրեն բարելավելու ինքնազգացողությունը, անում է այնպիսի բաներ, որոնք վնասակար են ուրիշների կամ հենց իր համար, կամ այնքան է տխրում, որ դա սկսում է խանգարել նրան հաճույք ստանալու այլ բաներից կամ մատնում է հուսահատության, ապա հարկավոր է դա դիտարկել որպես հոգեկան առողջության խնդիր և ապահովել երեխայի համար անհրաժեշտ մասնագիտական աջակցություն:

Աուտիզմ ունեցող երեխան թերապիայի ժամանակ
UNICEF Armenia/2016/Pirozzi

Ի՞նչ կարող է անել ծնողը, եթե նա մտահոգված է բարդ զգացմունքներին իր երեխայի արձագանքով։

Կարծում եմ՝ առաջինը, որ միշտ պետք է անել, երեխաների զգացումներն ընդունելն է. «Քո զգացողությունները տեղին են և բնական: Սա պատմականորեն աներևակայելի դժվար ժամանակաշրջան էր, և դու անցել ես դրա միջով»։

Երկրորդ քայլն է հասկանալ՝ խնդիրը զգացմո՞ւնքն է, թե՞ դրա արտահայտումը։ Դուք կարող եք ասել. «Դու, իհարկե, վշտացած ես, բայց այն, թե ինչպես ես զգացածդ արտահայտում, լինի դա շրջապատիդ հանդեպ անբարյացակամ վերաբերմունքի, թե անկողնուց դուրս գալ չկարողանալու միջոցով, խանգարում է քեզ կամ վնասում ուրիշներին։ Ուստի պետք է օգնության դիմենք, որպեսզի կարողանաս զգացմունքներդ արտահայտելու և դրանք հաղթահարելու առողջ ուղիներ գտնել»։

 

Ինչպիսի՞ երկարաժամկետ հետևանքներ կարող է համավարակը թողնել երեխաների հոգեկան առողջության վրա: Ի՞նչ կարող են անել ծնողները դրանք մեղմելու համար:

Կարծում եմ՝ հետևանքներից մեկը, որ պետք է փորձենք կանխել, դա երեխաների չափազանց զգուշավոր կամ մեկուսացած դառնալն է։ Ցանկալի չէ, որ նրանք շարունակեն խիստ կաշկանդված լինել, երբ դա այլևս անհրաժեշտ չէ, քանի որ դա նրանց կզրկի կյանքի բազմազանությունից, ինչը նպաստում է նրանց զարգացմանն ու բարեկեցությանը։

Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել կրթական բացթողումներին։ Դրանց պետք է լուծում տրվի, իսկ բաց թողած ուսումնական կարիքները պետք է լրացվեն: Ես անհանգստանում եմ, որ կան երեխաներ, որոնց ուսումնական կյանքը շեղվել է բնականոն ուղուց, և որոնք սոցիալական, հուզական և կրթական աջակցության կարիք ունեն՝ խելամիտ տեմպերով իրենց ուսումնառության բացթողումները վերականգնելու համար:

Այս հետևանքները կանխելու առաջին միջոցը երեխաների շարունակական քաջալերումն էու վստահության ներշնչումն է: Մենք կարող ենք հիշեցնել նրանց, որ չպետք է ամեն ինչ միանգամից անեն: Նրանք կարող են առաջ շարժվել փոքր քայլերով։ Հարկավոր է հիշել, որ ժամանակի ընթացքում խուսափողականությունը սրում է անհանգստության զգացումը։ Երեխաները ստիպված են եղել խուսափել շատ բաներից հանուն ֆիզիկական առողջության: Բայց հանուն հոգեկան առողջության կարևոր է, որ նրանք վերադառնան մանկությանն ու պատանեկությանն իրենց բնականոն ընթացքին։

Ինչ վերաբերում է կրթական մարտահրավերներին, ապա անելու շատ բան կա՝ հասկանալու, թե յուրաքանչյուր երեխա ինչ է ստացել և ինչ չի ստացել դպրոցում, քանի որ յուրացրածի ընդգրկումը՝ նույնիսկ մեկ դասարանում, շատ տարբեր է: Շատ երեխաներ իսկապես դժվարությամբ էին սովորում համավարակի ընթացքում, նույնիսկ նրանք, որոնք, ի տարբերություն մյուսների, առցանց ուսուցման հնարավորություն ունեին:

Ուստի առաջիկայում հարկավոր է պարզել, թե երեխաներն ինչ են սովորել և ինչ չեն սովորել, և գտնել ուղիներ՝ լրացնելու բացթողումները, որպեսզի համավարակի ժամանակ բաց թողած բովանդակության պատճառով չխոչընդոտվի նրանց հետագա ուսումնական առաջընթացը։

 

Իսկ ի՞նչ անել, եթե ծնողն է համավարակի արդյունքում առավել զգուշավոր դարձել։

Կարծում եմ՝ պետք է խոստովանենք, որ ծնողների գործն էլ է մի քիչ բարդացել: Մինչ համավարակը երեխաները տարիքի հետ աստիճանաբար անկախություն են ձեռք բերել: Համավարակի, լոքդաունների, տանը սովորելու և տնից աշխատելու արդյունքում ծնողներն այժմ սովոր են, որ իրենց երեխաները մշտապես իրենց կողքին են: Հեշտ չէ այս ամենից հետո, երեխային միանգամից «բաց թողնել»: Սակայն հարկավոր է օգնել երեխաներին իրենց տարիքին համապատասխան անկախություն ձեռք բերել և ինքնաբավ լինել:

Քանի որ այդ գործընթացը հեշտ չէ, դուք նույնպես աջակցության կարիք կունենաք: Կարող եք ձեր երեխայի տարիքի երեխաներ ունեցող այլ ծնողների հետ զրուցել: Պարզեք, թե նրանց 10-ամյա, 13-ամյա կամ 16-ամյա երեխան որքան անկախություն ունի տանը կամ շրջապատում: Եվ հիշե՛ք, երբ ծնողը վստահ է, որ երեխան կարող է ինքնուրույն գլուխ հանել, դա ամրապնդում է երեխայի ինքնավստահ և ինքնաբավ լինելու զգացումը: