Ինչպես խոսել ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի մասին ընկերների և ընտանիքի հետ

Հուշումներ՝ սիրելիների հետ դժվարին զրույց վարելու համար

ՅՈՒՆԻՍԵՖ
Տղամարդը պատվաստվում է ՔՈՎԻԴ-ի դեմ։
UNICEF Armenia/2021/Grigoryan
24 Մայիս 2021

Պատվաստանյութերը տարեկան 2-ից 3 միլիոն կյանք են փրկում և դա արդի բժշկության ամենամեծ ձեռքբերումներից է:

ՔՈՎԻԴ-19-ի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի մշակումը հսկայական առաջընթաց է համավարակին վերջ դնելու՝ մեր համաշխարհային ջանքերի առումով:

Սա հիանալի լուր է, սակայն, դեռևս կան մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերում գիտության առաջընթացին։ Հավանաբար, դուք էլ եք ճանաչում նման մարդկանց, գուցեև ձեր ընկերախմբից կամ ընտանիքից:

Եթե չգիտեք ինչ ասել պատվաստանյութերի հանդեպ թերահավատ մարդկանց հետ պատվաստանյութերի մասին զրուցելիս, ապա իմացեք, որ այդ հարցում դուք միայնակ չեք: Զրուցել ենք Յեյլի համալսարանի համաշխարհային առողջության ինստիտուտի տնօրեն դոկտոր Սաադ Օմերի հետ  այդ դժվարին քննարկումների ժամանակ թույլատրելի և անթույլատրելի հարցերի մասին:

>> Ինչ պետք է իմանալ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի մասին

Ըմբռնումով մոտեցեք նրանց արժեքներին

Եթե անգամ հիասթափության զգացում ունեք, կարևոր է՝ էմպատիկ լինել: «Նրանց լսված լինելու զգացողություն փոխանցեք», - խորհուրդ է տալիս Օմերը: Փորձեք ըմբռնումով մոտենալ նրանց խորքային հույզերին: Օրինակ, եթե նրանք հոգնել են ՔՈՎԻԴ-19-ի պատճառով այս կամ այն բանից ձեռնպահ մնալուց, նրանց հետ խոսեք այն մասին, որ իրենց սիրած վայրերը կվերաբացվեն, եթե բոլորս պատվաստվենք հիվանդության դեմ: Նա առաջարկում է խոսել ՔՈՎԻԴ-19-ի, ինչպես նաև այն մասին, թե որքան կործանարար էր այն: Եթե խոսեք միայն պատվաստանյութերի մասին, ապա «դա չի արտացոլի ամբողջական պատկերը, և հաջողության հասնելու հավանականությունը ցածր կլինի», - պարզաբանում է նա: Երբ քննարկումը վերադառնում է ՔՈՎԻԴ-19-ի շուրջ, ուշադրությունը կենտրոնանում է այն բոլոր զիջումների ու զրկանքների վրա, որոնց բոլորս ենք առերեսվել համավարակի ընթացքում՝ սկսած անվտանգության կաննոներին հետևելուց մինչև սովորական առօրյայից զրկվելը:

 

Մի՛ ընդհատեք

Ոչ մի դեպքում մի՛ ընդհատեք սիրելիին, մի՛ ճնշեք և մի՛ կտրեք նրա խոսքը: Լսե՛ք ձեր զրուցակցին և ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին կա: «Դուք պարտավոր չեք համաձայնելու որևէ կեղծ տեղեկատվության հետ, բայց պարտավոր եք էմպատիա դրսևորել և շարունակել գործընթացը, այլ ոչ թե վերջ դնել ձեր հարաբերություններին կամ դադարեցնել զրույցը», - ասում է Օմերը:

Գոտեպնդե´ք և քաջալերե՛ք նրանց

Շատերը հիմա ընկճված են կամ սպառված են իրենց զգում։ Համավարակը լիովին վերափոխել է մեր կյանքը: Օմերը առաջարկում է քաջալերող լինել զրուցակցի հանդեպ. դու ևս կարող ես պայքարել այս վարակի դեմ: Հիշեցրեք նրան, որ պատվաստվելով ինքը կարող է այս համավարակի ժամանակ  փոխել իր և իր սիրելիների կյանքը՝ կանխելով հիվանդության ծանր ընթացքն ու մահը: «Ձեր զրուցակիցը կարող է իր ներդրումն ունենալ այս պայքարում, քանի որ պատվաստանյութերն արդյունավետ են: Դրանք «աշխատում» են»:

Մի´ կենտրոնացեք միֆերի և ապատեղեկատվության վրա

«Խուսափեք թյուրընկալման մասին չափից ավելի ուղիղ արտահայտվելուց», - ասում է Օմերը: Քննարկումը չպետք է ամբողջությամբ կամ մեծամասամբ վերաբերվի այս կամ այն առասպելին (միֆին), որովհետև միշտ էլ ի հայտ կգան այլ միֆեր ևս: Ուշադրությունը որևէ միֆի վրա կենտրոնացնելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ միֆը դարձնելով ավելի հիշարժան, քան փաստերը: Սակայն ապատեղեկատվությանը չանդրադառնալը միշտ չէ, որ հնարավոր է: Նման իրավիճակում, Օմերն առաջարկում է հետևյալ մոտեցումը. փաստ, նախազգուշացում, փաստ: Ահա թե ինչպես է դա աշխատում.

  • Սկսեք փաստից. ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը ծայրաստիճան անվտանգ են և արդյունավետ.
  • Զգուշացրեք՝ նախքան առասպելին անդրադառնալը. ասացեք՝ «այսպիսի ապատեղեկատվություն, որ ______».
  • Ավարտեք փաստով. խոսեք այն մասին, թե առասպելն ինչու ճշմարիտ չէ:

Ամենակարևորը «ապատեղեկատվությունը ճշմարիտ տեղեկատվությամբ փոխարինելն է», -բացատրում է Օմերը:

Ենթադրենք, թե նրանք պատրաստվում են պատվաստվել

Ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին պարզապես ասեք. «Արի՛ գնանք պատվաստվելու»: Այս մեթոդը կոչվում է ենթադրական հաղորդակցություն: «Հայտարարելու մոտեցումը կամ ենթադրական մոտեցումը ապացուցել է իր կլինիկական հաջողվածությունը, և, հավանաբար, կարող է հաջողվել միջանձնյա հաղորդակցության մեջ ևս», - ասում է Օմերը: Դուք չեք խլում որևէ մեկի ինքնուրույնությունը. դուք ընդամենը բանավոր առաջարկ եք անում:

Թևաթափ մի՛ եղեք

Պատվաստանյութերին դեմ անձին հակառակը համոզելը երկարատև գործընթաց է: «Դա չափազանց բարդ է», - ասում է Օմերը: Հիշե՛ք, որ պատվաստանյութերին խիստ դեմ մարդկանց կարծիքն, ամենայն հավանականությամբ, մեկ զրույցի ընթացքում չի փոխվի: Այդ դեպքում ի՞նչն է կարևոր. «նրանց հետ կապը պահպանելը»:

ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութեր. ինչպես տարանջատել փաստը կեղծիքից

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: