Ինչպես արդյունավետ զրուցել երեխայի հետ արտակարգ իրավիճակի մասին

Ցանկալի է, որ արտակարգ իրավիճակներում երեխայի հետ խոսի նրա համար մտերիմ որևէ մեծահասակ, որն ի վիճակի է անկեղծ ու հանգիստ, առանց ավելորդ հուզականության զրուցելու և պատրաստ է արձագանքելու երեխայի տարբեր հուզական դրսևորումներին ու պատասխանելու նրա հարցերին:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Մայրիկը հանգիստ զրուցում է աղջկա հետ, ով նստած է դպրոցի լուսամոտագոգին։
UNICEF Armenia/2019/Pizzoferatto
07 Հոկտեմբեր 2020

Ցանկալի է, որ արտակարգ իրավիճակներում երեխայի հետ խոսի նրա համար մտերիմ որևէ մեծահասակ, որն ի վիճակի է անկեղծ ու հանգիստ, առանց ավելորդ հուզականության զրուցելու և պատրաստ է արձագանքելու երեխայի տարբեր հուզական դրսևորումներին ու պատասխանելու նրա հարցերին: Զրույցի համար անհրաժեշտ է ստեղծել ապահով և վստահելի միջավայր, որտեղ երեխան կարող է ազատ արտահայտել իր մտքերը, հարցեր տալ և այլն: Երեխայի համար կարևոր է զգալ և տեսնել, որ մեծահասակը կենտրոնացած է իրենց զրույցի վրա, զբաղված չէ այլ գործերով: Այդ նպատակով անհրաժեշտ է երեխայի հետ տեսողական կապ հաստատել՝ նայել աչքերի մեջ՝ ընդունելով բաց ու հավասար դիրք (օրինակ՝ նստել այնպես, որ ապահովվի երեխայի աչքերի մակարդակին հավասարությունը, կամ էլ նրան բարձրացնել):

Եթե երեխան դեմ չէ, կարելի է նաև գրկել նրան, ձեռքը բռնել և այլն: Զրույցը կառուցել երեխայի արձագանքների հիման վրա՝ «գնալով երեխայի հետևից», առանց նրան շտապեցնելու: Այժմ նկարազարդ օրինակների միջոցով դիտարկենք այն գործնական հմտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել նման զրույցների ընթացքում:

1․ Զրույցի ընթացքում շատ կարևոր է լսել ու ընդունել երեխայի մտքերն ու պատկերացումները երևույթի վերաբերյալ՝ առանց դրանք քննադատելու, գնահատելու, մերժելու կամ արժեզրկելու:

 

Իլուստրացիա, որտեղ պատկերված է զրւոյց երեխայի և մոր միջև։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ
Իլուստրացիա, որտեղ մայրը զրուցում է երեխայի հետ։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ

Ի տարբերություն առաջին իրավիճակի, որտեղ ծնողը չի ընդունում երեխայի ասածը և սահմանափակում է զրույցը, երկրորդ իրավիճակում ծնողը լսում և ընդունում է նրա ասածը: Սա կարևոր հիմք է խոսակցությունը կառուցողաբար շարունակելու համար:

 

2. Որպեսզի երեխան իրեն լսված և հասկացված զգա, կարևոր է պարբերաբար արձագանքել նրա հույզերին և ցանկություններին:

Իլուստրացիա, որտեղ զրույց է մոր և աղջկա միջև։
Իլուստրացիա, որտեղ մայրիկը զրուցում է աղջկա հետ։
Իլուստրացիա, որտեղ մայրը զրուցում է աղջկա հետ։

Ինչպես երևում է նկարում, երկրորդ իրավիճակում ծնողն արձագանքում է երեխայի հույզերին ու զգացմունքներին, ինչի շնորհիվ երեխան սովորում է ճանաչել դրանք ու իրեն հասկացված է զգում:

3. Ցույց տալ, որ լսում և հասկանում ենք երեխային՝ օգտագործելով երեխայի հնչեցրած մտքի հակիրճ վերաձևակերպումներ ու երեխայի օգտագործած  բառերի կրկնություններ։ Վերաձևակերպել զրուցակցի միտքը նշանակում է այլ բառերով, առավել հակիրճ հնչեցնել այն:

Օրինակ.

— Ես ճի՞շտ հասկացա, որ դու հիմա ցանկանում ես…,

— Ուզում ես ասել, որ բարկացած ես:

Կիրառել կրկնություն նշանակում է կրկնել դիմացինի մտքի որևէ կարևոր հատված, բառ կամ բառակապակցություն: Օրինակ.

— Տարօրինա՞կ։

— Այլևս նման բան չե՞ս անի:

Իլուստրացիա, որտեղ հայրը խոսում է որդու հետ։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ
Իլուստրացիա, որտեղ հայրը զրուցում է որդու հետ։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ

Նկարից երևում է, որ կրկնությունների և վերաձևակերպումների միջոցով ծնողը ցույց է տալիս երեխային, որ լսում և հասկանում է նրան, ինչի արդյունքում երեխան ընդունում է իրականությունն ու լուծում գտնում:

 

4. Երեխայի հարցին հիմնավոր պատասխան տալուց առաջ կարևոր է ճշտել, թե երբ ու ինչպես է առաջացել այդ հարցը և ինչ է երեխան մտածում դրա մասին: Ուստի երեխայի պատկերացումները տվյալ երևույթի, իրավիճակի մասին հասկանալու համար մենք կարող ենք օգտագործել բաց հարցեր՝ «իսկ դու ի՞նչ ես կարծում», «քո կարծիքով՝ ինչո՞ւ է այդպես» և այլն:

Իլուստրացիա, որտեղ մպատկերված է զրույց մոր և երեխայի միջև։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ
Իլուստրացիա, որտեղ պատկերված է զրույց մոր և երեխայի միջև։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ

Նախապես հասկանալով երեխայի պատկերացումները տվյալ հարցի մասին՝ մենք կարողանում ենք նրան իր պատկերացումներին առավել համարժեք պատասխան տալ:

5. Հիմնվելով հարցի վերաբերյալ երեխայի պատկերացումների, նրա տարիքային և անհատական առանձնահատկությունների վրա՝ անհրաժեշտ է խոսել երեխայի հետ պարզ ու հստակ, առանց բարդ եզրույթների: Ընդ որում անհրաժեշտ է տալ միայն իրականությանը համապատասխանող, հավաստի տեղեկություններ և այնպիսի բովանդակությամբ ու ծավալով, որոնք երեխան ի վիճակի է լսելու և հասկանալու, ներկայացնել նաև ռիսկերն ու վտանգները, սակայն առանց երեխային վախեցնելու և ավելորդ լարելու:

Իլուստրացիա՝ զրույց երեխայի և մոր միջև։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ
Իլուստրացիա՝ զրույց մոր և աղջկա միջև։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ

Օրինակի երկրորդ արձագանքում ծնողը երեխային ներկայացնում է իրականությունը՝ միաժամանակ չծանրաբեռնելով նրան բացասական տեղեկություններով: 

 

6. Խոսել երեխայի հետ նաև ՁԵՐ զգացմունքներից, ասել, թե ինչ եք դուք զգում իրավիճակի հետ կապված:

Իլուստրացիա՝ զրույց հոր և դստեր միջև։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ
Իլուստրացիա՝ զրույց հոր և դստեր միջև։
ՅՈՒՆԻՍԵՖ, Ծնողի դպրոց ՀԿ

Այս օրինակում ծնողը նույնպես կիսում է երեխայի հետ իր զգացողությունները: Նման իրավիճակում կարելի է նաև երեխայի հետ երազել, երևակայել այն մասին, թե ի՛նչ կարող են իրենք անել, երբ կարելի լինի նորից դուրս գալ, շփվել, տարբեր տեղեր գնալ և այլն:

Լինել լավատես՝ շեշտը դնելով իրավիճակի դրական կողմերի վրա: Սա օգտակար է և՛ ձեզ համար, և՛ երեխայի․ այդպես դուք անգամ բարդ ու անկայուն իրավիճակում կգտնեք դրական արդյունքներ ու լավ կողմեր և ցույց կտաք դրանք երեխային, որոնք գուցե նա մենակ չէր կարողանա տեսնել կամ գիտակցել:

Իլուստրացիա՝ զրույց մոր և որդու միջև։

Երեխայի և նրան շրջապատողների դրական տրամադրվածությունը շատ կարևոր է նման իրավիճակների հաղթահարման համար:

Այսպիսով՝ արտակարգ իրավիճակում և դրանից հետո երեխաները կարող են տարբեր հարցեր ունենալ: Անկախ հարցի բնույթից ու դրդապատճառից՝ կարևոր է անպայման արձագանքել երեխայի հարցին՝ կա՛մ պատասխանելով հենց այդ պահին, կա՛մ հետաձգելով պատասխանը որոշակի ժամկետով (այս պարագայում անպայման վերադառնալ զրույցին խոստացված ժամկետում): Այն դեպքում, երբ դժվարանում եք պատասխանել հարցին, կարող եք ասել. «Ես ինքս էլ ամեն ինչ չէ, որ գիտեմ այս մասին, սակայն կփորձեմ պատասխանել քո հարցին այնպես, ինչպես կարող եմ…»:

Երեխաների հարցերը և մեր պատասխանները շատ բազմազան կարող են լինել: Անկախ հարցի բովանդակությունից՝ վերոհիշյալ սկզբունքների կիրառումը կօգնի ավելի արդյունավետ դարձնելու ծնող-երեխա փոխհարաբերությունները:

Արտակարգ իրավիճակ․ Ինչպես և ինչ խոսել երեխայի հետ

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան, Ծնողի դպրոց ՀԿ

Սույն նյութը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Բովանդակության համար պատասխանատու է «Ծնողի դպրոց ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացվող գործընկերների տեսակետները։