Ինչպես աջակցել երեխաներին կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) բռնկման պայմաններում. 6 խորհուրդ ծնողներին

Հոգեբանի խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարող եք օգնել ձեր երեխաներին հաղթահարել այն բազում հույզերը, որ կարող են առաջանալ այս օրերին:

ՅՈՒՆԻՍԵՖ
Մայրիկը իր դստերը գրկած է, և երկուսն էլ ժպտում է։
UNICEF Armenia/2019/Pizzoferatto
30 Մարտ 2020

Կորոնավիրուսն իր հետ բերել է այնպիսի զգացումներ, ինչպիսիք են տագնապը, սթրեսը և անորոշությունը: Գաղտնիք չէ, որ դրանք ավելի սուր են արտահայտվում բոլոր երեխաների մոտ։ Յուրաքանչյուր երեխա տարբեր կերպ է դրանց արձագանքում, և եթե ձեր երեխան առերեսվել է այնպիսի երևույթների, ինչպիսիք են դպրոցի փակումը, չեղարկված միջոցառումները, ընկերներին չհանդիպելը, նա պետք է զգա ձեր սերն ու աջակցությունը առավել, քան երբևէ։

Այս ամենի մասին խոսեցինք դեռահասների հոգեբանության մասնագետ, երկու երեխաների մայր Լիզա Դամուրի հետ (Dr. Lisa Damour)։ Նա «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր է և լավագույն վաճառք գրանցած գրքերի հեղինակ։ Նա մեզ խորհուրդներ տվեց այն մասին, թե ինչպես կարելի է տանը ստեղծել «սովորականի» մթնոլորտ, այս նոր (ժամանակավորապես) սովորական համարվող առօրյայում։

1․ Եղե՛ք հանգիստ և արձագանքե՛ք ժամանակին։

Ծնողները պետք է իրենց երեխաների հետ ժամանակին և հանդարտ զրույց ունենան կորոնավիրուսիմասին, ինչպես նաև այն կարևոր դերի մասին, որ կարող են երեխաները խաղալ առողջության պահպանման գործում։ Ասե՛ք նրանց, որ չի բացառվում, որ դուք կամ իրենք հիվանդության ախտանշանները զգան, որոնք շատ հաճախ նման են սովորական գրիպի ախտանշանների, և որ նրանք չպետք է դրանից վախենան»,- խորհուրդ է տալիս բժիշկ Դամուրը։ «Ծնողները պետք է խրախուսեն իրենց երեխաներին չլռել, եթե վատառողջ են կամ եթե վախենում են վիրուսից, որպեսզի ծնողները կարողանան օգնել նրանց։

«Մեծահասակները պետք է հասկանան, որ երեխաները ավելի լարված են և մտահոգված ՔՈՎԻԴ-19-ի պատճառով։ Վստահեցրե՛ք ձեր երեխաներին, որ ՔՈՎԻԴ -19-ով պայմանավորված հիվանդությունները սովորաբար թեթև են ընթանում, հատկապես՝ երեխաների և երիտասարդների դեպքում», - ավելացնում է նա։ «Կարևոր է նաև հիշել, որ ՔՈՎԻԴ-19-ը շատ դեպքերում բուժելի է։ Սրա մասին խոսելիս՝ մենք կարող ենք հիշեցնել նրանց, որ մի շարք արդյունավետ քայլեր գոյություն ունեն, որ մենք ինքներս կարող ենք անել՝ մեզ և մյուսներին անվտանգ պահելու համար, ինչպես օրինակ, հաճախակի ձեռքերը լվանալը, դեմքին չդիպչելը և սոցիալական հեռավորություն պահպանելը։

«Մեկ այլ բան, որ կարող եք անել՝ բացատրելն է, թե ինչպես է նա իր վարքով օգնում հոգ տանել մյուսների մասին,  ասելով՝ «Լսի՛ր, գիտեմ, որ իսկապես վախենում ես վարակվել կորոնավիրուսով, բայց պատճառներից մեկը, ինչի համար քեզ խնդրում եմ ձեռքերը լվանալ, տանը մնալ, այն է, որ դրանով մենք հոգ ենք տանում մեր համայնքի մասին։ Մենք նաև մտածում ենք մեր շրջապատի մարդկանց մասին։

2․ Առօրյա գործողությունների գրաֆիկ սահմանե՛ք և հետևե՛ք դրանց։

«Երեխաներին օրակարգ է հարկավոր»։ Վե՛րջ։ Եվ այն, ինչ մենք պետք է շատ արագ իրականացնենք՝ նրանց համար համապատասխան ռեժիմ ստեղծելն է, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք այս օրերի միջով անցնել», -ավելացնում է բժիշկ Դամուրը։ «Վստահաբար խորհուրդ եմ տալիս ծնողներին՝ օրվա գրաֆիկ սահմանել, որը կներառի խաղին հատկացվող ժամանակ, հեռախոսով զբաղվելու և ընկերների հետ կապ հաստատելու ժամանակ, առանց որևէ տեխնոլոգիաների ժամանակ, ինչպես նաև՝ ժամանակ, երբ երեխաները պետք է օգնեն տնային գործերի հարցերում։ Պետք է մտածենք այն մասին, թե ի՛նչ ենք արժևորում՝ ստեղծելով համապատասխան արժեհամակարգ։ Երեխաների համար մեծ օգնություն կլինի կանխատեսելի օր ունենալն ու հասկանալը, թե երբ պիտի աշխատեն, երբ՝ խաղան։

Նա նաև խորհուրդ է տալիս երեխաներին ներգրավել այս օրակարգի ստեղծման գործում։ 10-11 կամ ավելի բարձր տարիք ունեցող երեխաների դեպքում խնդրել նրանց՝ ինքնուրույն մշակել այդ համակարգը։ Ասե՛ք նրանց, թե ինչպիսի տարրեր պետք է ներառի այն, ապա աշխատե՛ք իրենց ստեղծածի վրա։ Ինչ վերաբերում է տարիքով փոքր երեխաներին, կախված այն բանից, թե ով է նրանց մասին հոգ տանում (հասկանալի է, որ ոչ բոլոր ծնողներն են տանը և կարող են սա կյանքի կոչել), օրը պլանավորե՛ք այնպես, որ վերջիններս հասկանան, որ մինչև հաջորդ քայլին անցնելը, նախ պետք մյուս գործերն ավարտին հասցնել՝ անել բոլոր տնայիններն ու պարտականությունները։ Որոշ ընտանիքների դեպքում օրը կարող է փոքր-ինչ ուշ սկսել՝ մի քիչ ավելի երկար քնելուց և ընտանիքով նախաճաշելու հաճույքը վայելելուց հետո։ Այն ծնողները, ովքեր չեն կարող օրվա ընթացքում հոգ տանել իրենց երեխայի մասին, պետք է խոսեն դայակի հետ այն մասին, թե ինչպես կարելի է լավագույնս կազմակերպել օրը։

3․ Թույլ տվե՛ք, որ ձեր երեխան արտահայտի իր զգացմունքները։

Դպրոցների փակմանը զուգընթաց, չեղարկվել են հանդեսներ, համերգներ, սպորտային միջոցառումներ, ինչի պատճառով երեխաները խորապես հիասթափվում են։ Չէ՞ որ նրանք ստիպված են բաց թողնել այդ ամենը կորոնավիրուսի պատճառով։ Բժիշկ Դամուրի թիվ մեկ խորհուդն է՝ թույլ տալ նրանց տխրել։ «Դեռահասի կյանքում սրանք մեծ կորուստներ են։ Դրանք ավելի մեծ են նրանց համար, քան մեզ, որովհետև մենք դատում ենք մեր կենսափորձից և տարիքից ելնելով։ Ամեն դեպքում, աջակցությունն ու կարեկցանքն այն է, ինչ հարկավոր է։

Աջակցե՛ք, պատրաստ եղե՛ք և սովորական համարե՛ք նրանց տխուր, շատ հիասթափված լինելն ու իրենց կորուստների համար վշտանալը։

4. Քննարկե՛ք նրանց հետ իրենց ստացած տեղեկատվությունը։

Կորոնավիրուսի մասին շրջանառվող ապատեղեկատվությունը շատ է։ Ճշտե՛ք, թե ինչ տեղեկություններ ունի ձեր երեխան, և ինչն է իրենց կարծիքով հավաստի։ «Նրանց պարզապես ստույգ տվյալներ տալը բավական չէ, որովհետև եթե նրանց ականջին են հասել բաներ, որոնք ստույգ չեն, և եթե դուք չգիտեք, թե ի՛նչ են նրանք մտածում այդ մասին, ապա նրանք ձեր տրամադրած նոր տեղեկատվությունը կարող են ընդունել ի լրումն իրենց ունեցած հին տվյալների, առանց հասկանալու որ սխալ է։ Ճշտե՛ք, թե արդեն ինչ գիտեն ձեր երեխաները և սկսեք այդտեղից, որպեսզի ճիշտ ուղղորդեք նրանց»։

Եթե նրա մոտ այնպիսի հարցեր են ծագում, որոնց դուք չեք կարող պատասխանել, ենթադրելու փոխարեն, օգտագործե՛ք այս հնարավորությունը և պատասխանը միասին գտեք։ Վստահելի տեղեկատվություն տրամադրող կայքէջերից օգտվե՛ք, ինչպիսիք օրինակ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի կայքէջերն են։

Շատ երեխաներ կորոնավիրուսի վարակի համատեքստում դպրոցներում կամ առցանց ենթարկվում են բուլիինգի։ Ձեր երեխաները պետք է վստահ լինեն, որ եթե ենթարկվել են բուլիինգի, դուք միշտ իրենց կողքին եք։ «Աջակիցներին դիմելը լավագույն ձևն է ցանկացած տիպի բուլիինգին արձագանքելու համար»,- ավելացնում է բժիշկ Դամուրը։ «Թիրախավորված երեխաները, չպետք է անձամբ դիմակայեն իրենց բուլիինգի ենթարկողներին; փոխարենը՝ մենք պետք է խրախուսենք նրանց աջակցության համար դիմել իրենց ընկերներին կամ մեծահասակներին»։

5. Շեղե՛ք նրանց հաճելի բաներով։

Երբ խոսքը վերաբերում է ծանր ապրումներին, «լսե՛ք ձեր երեխային և փորձե՛ք իրենց զգացմունքների մասին խոսելու և ինչ-որ շեղող բաներով զբաղվելու միջև գտնել ոսկե միջինը։ Այդ կերպ գուցե երեխան կարողանա հաղթահարել իրավիճակն ու թոթափել տխրությունը կենտրոնանալով այլ բանի վրա»։ Մի քանի օրը մեկ երեկոն անցկացրե՛ք՝ ընտանեկան խաղեր խաղալով կամ միասին կերակուրներ պատրաստելով։ Բժիշկ Դամուրն իր աղջիկների հետ մտերմիկ զրույցները վարում է ընթրիքների ժամանակ։ «Մենք որոշել ենք ընթրիքի համար թիմեր կազմել ամեն երեկո։ Զույգերով փոխվում ենք, որպեսզի ընթրիքն ընտանիքի համար հերթով պատրաստենք»։

Ինչ վերաբերում է էկրանների առջև ժամանակ անցկացնելուն, որոշակի ազատություն տվեք նրանց, բայց ոչ չափից շատ։ Բժիշկ Դամուրը խորհուրդ է տալիս ուղղակի ասել, որ շատ լավ հասկանում եք, որ հիմա նրանք ավելի շատ ազատ ժամանակ ունեն, բայց դա չի նշանակում, որ իրենք անվերջ պիտի էկրանին գամված լինեն կամ սոց․ ցանցերում ժամանակ անցկացնեն։ «Հարցրե՛ք ձեր երեխային, թե ինչպես պիտի այդ խնդիրը լուծեք, ասելով՝ ինչ-որ լուծում գտի՛ր և ինձ ասա։ Ես էլ կասեմ, թե ինչ կարծիք ունեմ այդ մասին»։

6. Հետևե՛ք ձեր վարքագծին։

«Անհերքելի է, որ ծնողները ևս տագնապած են, իսկ մեր երեխաները մեզնից կարող են ընդօրինակել մեր վարքագիծը»,- բացատրում է բժիշկ Դամուրը։ «Ես ծնողներին կխնդրեի հնարավորինս տնօրինել իրենց անհանգստությունը և դրա մասին անընդհատ չպատմել երեխաներին։ Սա նշանակում է՝ զսպել հույզերը, ինչը, բնականաբար, շատ դեպքերում հեշտ բան չէ, հատկապես, եթե այդ հույզերը շատ սուր են արտահայտվում։

Երեխաներն ապավինում են իրենց ծնողներին անվտանգություն և ապահովություն տրամադրելու հարցերում։ «Պետք է հիշենք, որ մեքենայում նրանք ուղևորներ են, իսկ մեքենայի ղեկը մեր ձեռքին է։ Այնպես որ, եթե նրանք անհանգստացած են, մենք չենք կարող թույլ տալ, որ ապահովության և անվտանգության զգացումը լքի նրանց»։