Ինչպես աջակցել գենդերային բռնություն վերապրած անձանց: Քայլ առ քայլ ուղեցույց:

Ուղեցույցի հայերեն տարբերակն այժմ հասանելի է բջջային հավելվածի միջոցով:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հավելվածի հիմնական նկարը, որի վրա գրված է, որ այն հասանելի է 7 լեզուներով։
UNICEF
08 Հունվար 2021

Կորոնավիրուսային համավարակը աննախադեպ մարտահրավեր է նետելև ճնշում է գործադրել ոչ միայն առողջապահական համակարգի, այլ նաև ուսուցիչների, սոցիալական աշխատողների, հոգեբանների, ինչպես նաև կանանց, երեխաներին և հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի խմբերին ծառայություններ մատուցող կազմակերպությունների վրա։ Հիմնականում հենց կանայք են տուժում։ Հաղորդվում է, որ լոքդաունին (ինքմեկուսացմանը) հաջորդող մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գենդերային բռնության դեպքերն աճել են 30 տոկոսով։

«Այս ծանր ժամանակներում հաճախ ավելի է դժվարանում կյանքի բարդ իրավիճակներում հայտնված կամ սթրես ու տրավմա վերապրած մարդկանց պատշաճ կերպով աջակցելու գործը: Խնդրից ելնելով նախաձեռնեցինք «Գենդերային բռնություն» միջազգային ուղեցույցի հայերեն թարգմանությունը, որպեսզի հայաստանյան հումանիտար ոլորտի աշխատակիցներին տրամադրենք լրացուցիչ տեխնիկական խորհրդատվություն և առաջարկցենք գործնական քայլեր առ այն, թե ինչպես աջակցեն գենդերային բռնությունից տուժած անձանց», - նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը։

GBV pocket guide app infographic
trello.com

Ուղեցույցի հայերեն տարբերակն այժմ հասանելի է էլեկտրոնային ներբեռնման համար կամ որպես բջջային հավելված iOS և Android համակարգերի համար:

Այն ստեղծվել է 2018-2019 թթ. Գենդերային բռնության հիմնահարցերը համակարգող խմբի կողմից, որի կազմում են «Ճգնաժամի պայմաններում վերարտադրողական առողջության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը», Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Գենդերային հիմքով բռնության հարցերով իռլանդական միացյալ կոնսորցիումը, ՄՄԿ-ն, «Օքսֆամ»-ը, ՄԱԲՀ-ն, ՄԱԿ ՓԳՀ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Վորլդ Վիժն», Պարենի համաշխարհային ծրագիրը, Փախստականների հարցերով կանանց հանձնաժողովը և այլ կազմակերպություններ:

Հասանելի են հավելվածի արաբերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, ռուսերեն և իսպաներեն տարբերակները, իսկ ներբեռնելուց հետո ամբողջությամբ հասանելի է ցանցից դուրս տարբերակը: Ուղեցույցը քայլ առ քայլ ցուցումներ և գործիքներ է տրամադրում հումանիտար ոլորտի մասնագետներին, թե ինչպես աջակցել գենդերային բռնությունից տուժածներին, երբ տվյալ տարածքում չկան այս հարցերով մասնագիտական ծառայություններ, ուղղորդման հնարավորություններ կամ պատասխանատուներ: Այն հիմնված է բռնությունից տուժած անձանց առանց հավելյալ վնաս պատճառելու հիմնական աջակցություն և տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ համընդհանուր չափորոշիչների վրա:

Ուղեցույցը հումանիտար ոլորտի մասնագետներին խորհուրդ է տալիս նախ զրուցել գենդերային բռնության հարցերով մասնագետի հետ՝ իմանալու, թե ինչ ծառայություններ կան ձեր տարածքում: Հայաստանում կարող եք դիմել տարբեր մասնագետների՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ (24/7, թեժ գիծ՝ +37499-88-78-08), «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ (10:00 – 20:00, թեժ գիծ՝ +37410-54-28-28, +37443-01-02-92), «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ (24/7, թեժ գիծ՝ +37477-99-12-80) կամ «Հույս և օգնություն» ՀԿ (վստահության հեռախոս՝ 0800-80801):

Հարկավոր է տեղյակ լինել ձեր տարածքում առկա այլ ծառայությունների մասին, օրինակ՝ առողջապահական, հոգեբանական աջակցության, կացարանի և ոչ պարենային ապրանքների տեսքով: Նկատի՛ ունեցեք եկեղեցու, կանանց կամ հաշմանդամություն ունեցող անձանց հիմանահարցերով զբաղվող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները:

Հիշե՛ք ձեր դերը և իրավասությունները: Լսե՛ք ուշադիր, առանց գնահատականներ տալու: Հասանելի ծառայությունների վերաբերյալ տրամադրե՛ք ճշգրիտ, թարմ տեղեկություններ: 72 ժամվա ընթացքում որակյալ բժշկական օգնություն ստանալը կարող է կանխել սեռավարակների փոխանցումը, իսկ 120 ժամվա ընթացքում՝ անցանկալի հղիությունը: Թո՛ւյլ տվեք, որ վերապրած անձը ինքնուրույն ընտրություն կատարի: Նախքան ուղղորդելը հարցրե՛ք նրա թույլտվությունը:

Ցուցաբերե՛ք հարգանք վերապրած անձի նկատմամբ, ապահովե՛ք անվտանգություն, գաղտնիություն և բացառե՛ք խտրականությունը: Այս ամենի մասին ավելին, ինչպես նաև համապատասխան գործողություններ իրականացնելու և պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործնական քայլերի մասին տե՛ս բջջային հավելվածը։

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի և դրանց հետ կապված ռիսկերի վաղ շրջանում հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է սոցիալական ծառայությունների և ոստիկանության աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը Հայաստանում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի օժանդակությամբ գործում է Երեխայի պաշտպանության շուրջօրյա թեժ գիծ՝ +3744-086-111, որը սպասարկում է վերապատրաստում անցած սոցիալական աշխատողներ: Կազմակերպությունը նաև համագործակցում է հոգեբանների տարբեր խմբերի հետ` երեխաներին և ծնողներին տրամարդելու հոգեբանական աջակցություն անհատական և խմբային դասընթացների միջոցով, ինչպես նաև ամրապնդելու դրական ծնողավարման հմտությունները ծնողների շրջանում: